«Ժառանգությունը» ԵԺԿ համաժողովում եւ բրյուսելյան հանդիպումներում

9 սեպտեմբերի, 2013թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Ուկրաինայի “Դեմոկրատական դաշինք” եւ “Բատկեւշչինա”, Մոլդովայի “Լիբերալ-դեմոկրատական”, Վրաստանի “Միացյալ ազգային շարժում” եւ Բելառուսի “Միացյալ քաղաքացիական” կուսակցությունների ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 2-5-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ եւ ԵԺԿ հաստատությունների ղեկավարության եւ պատասխանատուների հետ: Սեպտեմբերի 5-ին եւ 6-ին Սաֆարյանը որպես «Ժառանգության» պատվիրակ մասնակցել է ԵԺԿ քաղաքական վեհաժողովի աշխատանքներին:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Ջոն Պոմերշեյմի հետ

5 սեպտեմբերի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Կովկասյան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն պարոն Ջոն Մարկ Պոմերշեյմի հետ:

Քննարկման ընթացքում հանգամանալից անդրադարձ եղավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի անվտանգությանն ու դրանում ԱՄՆ-ի մոտեցումներին, ինչպես նաեւ ԼՂՀ-ի ինքնիշխանությանը վերաբերող մի շարք հարցերի:

ՊԱՐՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Գուբեռնատորի կարգավիճակ ինքնակոչ ստանձնած Սերժ Սարգսյանը պետք է հեռանա:

Հակապետական հայտնի արձանագրություններից, կազմակերպված հանցագործությամբ գողացված ընտրություններից, հակաքաղաքացիական շարունակվող բռնաճնշումներից, իսկ հիմա էլ Կրեմլում մեր Հանրապետության ինքնիշխանության դեմ միանձնյա արձակած որոշումից հետո՝ Հայաստանի սահմանադրությունն ու ազգային շահը ստեղծված արտակարգ դրությունից այլ ելք չեն հանդուրժում:

Թող Արեւելքը շատ չոգեւորվի, ոչ էլ Արեւմուտքն անտեղի բողոքի. մեղսակից են բոլորն էլ:

Ես այլեւս կոչ չեմ անի. պարզապես անհրաժեշտ է, որ գիտակից բոլոր քաղաքացիներն ու ուժերը՝ Հայրենիքում եւ Սփյուռքում, հաղթահարեն սեփական վիճակն ու փոխադարձ մեղադրանքը եւ, վերջապես, սահմանադրական կարգի հաստատման վճռականությամբ կազմեն Համազգային միացյալ ճակատ:

Երկրի ու ժողովրդի արժանապատիվ կյանքի եւ համբերության հնարավոր բոլոր պաշարներն արդեն սպառվել են:

Հանուն Հայաստանի ու մեր ապագայի, մեր անկախության, արդարության եւ ազգային անվտանգության՝ նա պետք է ազատի իր գրաված աթոռը:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
4 սեպտեմբերի 2013
Երեւան

«Ժառանգության» թեկնածուի  քարոզարշավը Մեղրիի տարածաշրջանում

3 սեպտեմբերի 2013թ., Կապան: Սեպտեմբերի 2-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը ընթացել է Մեղրիի տարածաշրջանի Լիճք, Տաշտուն, Վանք-Կալեր, Վարդանիձոր, Թղկուտ, Լեհվազ, Ալվանք գյուղական համայնքերում և Մեղրի քաղաքում: