«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Հայոց պետականությունը՝ վերականգնումից 21 տարի անց
Անկախության հռչակումից 21 տարի անց էլ մեր երկրի ու սերնդի առջեւ ծառացած գերխնդիրը մնում է իրապես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացումը, որտեղ մարդու արժանապատվությունը եւ հիմնարար իրավունքները բարձրագույն արժեք են, իսկ ազգային շահը սերտորեն միահյուսված է քաղաքացու երաշխավորված իրավունքի ու պետության ինքնիշխանության հետ. այնպիսի պետության կայացումը, որտեղ քաղաքացին իրեն կզգար երկրի լիարժեք տեր, կապրեր արժանապատիվ, հպարտ, հացի ու աշխատանքի խնդիր չէր ունենա, օրենքի առջեւ հավասար կլինեին բոլորը:
Մեր այդ հավաքական ձախողման պատճառը ամենեւին պետականության երիտասարդ տարիքը կամ ժամանակի սղությունը չէ, ինչպես «արդարացել» են իշխանությունները: Այս գլոբալացվող ու արագացած աշխարհում բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ ժողովրդավարության ու բարեկեցության հասել են նույնքան կամ ավելի կարճ ժամանակում: Ըստ որում` նրանց դա ոչ թե տրվել է, այլ իրենք են նվաճել` այդ ուղղությամբ ամենօրյա հետեւողական ու նվիրված աշխատանքով:
Մեր անիրավ վիճակի կամ քաղաքացու դժվար ապրուստի հիմնական մեղավորը հարեւանների հետ հարաբերությունների կարգավորված չլինելը չէ, ինչպես ակնարկում են: Հայաստանի շրջափակման վերացումը կամ Արցախի հարցի լուծումը կարող են բարեկեցության նոր հորիզոններ ստեղծել, բայց երբեք չեն լինի համընդհանուր բարեկեցության բավարար պայման, քանի դեռ երկրի ներսում չկան իրավունք, արդարություն եւ արդար վերաբերմունք բոլոր քաղաքացիների հանդեպ: Արժանապատիվ կյանք, օրինականություն եւ իրավունքի գերակայություն չեն լինի նաեւ ազգային իրավունքներից հրաժարվելու գնով կամ ազգային արժանապատվության ոտնահարման հաշվին:
Այս վիճակի պատճառ չէ նաեւ մեր փոքր ազգ ու պետություն լինելը. մենք ազգովին ապացուցել ենք, որ ունակ ենք հերոսաբար լուծելու անգամ անլուծելի թվացող խնդիրները, ինչպես Սարդարապատում կամ Արցախում, տարբեր բնագավառներում անհատական ու հավաքական հաղթանակի ցանկացած թատերաբեմում, երբ գործել ենք վճռական տրամադրված, հավատով, հավաքական կամքով, միակամ ու իրար թիկունք կանգնելով:
Մեր ձախողման առաջնային պատասխանատուն, անշուշտ, իշխանություններն են, որոնք չեն ձեւավորվում ժողովրդի կողմից ու ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Իշխանության գլուխ եկածները շարունակաբար խոստումներ են տվել, թե կփոխեն մեր կյանքը, բայց, չկարողանալով կամ չցանկանալով դա անել, անհաջողության կամ տապալման մեղավոր են ցուցանել ամենքին ու ամեն ինչ, բայց ոչ երբեք իրենց: Նրանք անթույլատրելիորեն չարաշահել են ժողովրդի վստահությունը, հարստահարել նրա ունեցվածքը, ապա կողոպտել նրա ձայնն ու կամքը, լլկել քաղաքացու իրավունքը: «Երկրի ու հասարակության կառավարման» նրանց ծրագրերը, ընդունած օրենքներն ու որոշումները, որպես կանոն, առավելապես եղել են իրենց, բայց ոչ ժողովրդի բարեկեցության մասին` խեղելով սոցիալական արդարությունը, օրենքը, քաղաքացու իրավունքը, վտանգելով պետության ինքնիշխանությունը եւ անտեսելով ազգային շահը: