Էջ 12, 16-ից
Արվեստի եւ մշակույթի զարգացում
Մշակույթը ցանկացած ազգի ոգին է եւ առաջնակարգ դեր ունի նրա կյանքում` ոչ միայն ընդհանուր քաղաքակրթական մակարդակի, այլեւ ազգապահպանության առումով: Հետեւաբար` պետության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի օրենսդրական համապատասխան դաշտի ձեւավորման եւ գործնական քայլերի միջոցով ազգային մշակույթի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը:
Անհրաժեշտ է.
- ընդունել մշակութային քաղաքականության հստակ ռազմավարություն` առանձնացնելով առաջնահերթություններն ու հեռանկարային ծրագրերը եւ ձեռնամուխ լինելով դրանց իրականացմանը,
- քաղաքացու մշակութային դաստիարակությունը սկսել նախադպրոցական ու դպրոցական տարիքից` սեր սերմանելով նախեւառաջ բարձր մշակույթի հանդեպ,
- հատուկ ուշադրության արժանացնել թանգարաններն ու գրադարանները` որպես նոր սերնդի դաստիարակության եւ մշակութային արժեքների պահպանության կենտրոններ, ինչպեսեւ պայմաններ ստեղծել երաժշտական եւ թատերական արվեստի զարգացման համար, քանի որ մշակույթի այս բնագավառներն արագ զարգացող ու հաղորդակցական են,
- աջակցել ստեղծագործական միություններին, մշակութային հասարակական կազմակերպություններին,
- պետական եւ հասարակական ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների եւ մշակութային այլ արժեքների պահպանումն ու վերականգնումը,
- գործուն միջոցներ ձեռնարկել հարեւան երկրներում, ինչպեսեւ արտերկրի այլ կենտրոններում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման, դրանց ուսումնասիրության, հաշվառման, չափագրման, վերականգնման եւ այլ հարթություններում:
Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր
- Օրենսդրական պայմաններ ստեղծել մշակույթի ազատ զարգացման համար, վերանայել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» եւ այլ առնչվող օրենքները:
- Նկատի ունենալով Հայաստանի պարբերական մամուլի եւ գրահրատարակչության փոքր տպաքանակներն ու ցածր շահութաբերությունը, ինչպեսեւ Հայաստանում բնակվող մյուս ազգությունների մշակույթի զարգացման անհրաժեշտությունը, պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ազատել ավելացված արժեքի հարկից:
- Պետական համապատասխան նոր կառույցի միջոցով խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային առնչությունները, միաժամանակ ընդարձակել եւ ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը: Հայաստանի բոլոր դեսպանատներում ստեղծել մշակութային կցորդի ինստիտուտ:
- Վերականգնել եւ արդիականացնել համայնքային, առավելապես գյուղական բնակավայրերի մշակույթի տների համակարգը` դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող կենտրոններ եւ ապահովել դրանց լիարժեք գործունեությունը:
- Իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը եւ արտերկրում դրա քարոզմանը, այդ թվում` համացանցով, ուղղված համալիր ծրագրեր:
- Ապահովել մշակութային, կրթական եւ գիտական կյանքի ապակենտրոնացումը մայրաքաղաքից դուրս գտնվող օջախներում, խրախուսել նորերի ստեղծման նախաձեռնությունները, մեծացնել մշակութային հաստատությունների նկատմամբ պետական հոգածությունը: