Հոդվածների ցուցակագիր

Հայաստան, որտեղ մենք ապրում ենք

Մեր ձախողման պատճառը ժողովրդի` իշխանություն ձեւավորելու ու հաստատելու անկարողությունն է, որի պատճառով քաղաքացին իրեն սեփական հայրենիքի տեր չի զգում: Վարչախմբերին ու իշխող կուսակցություններին առավել շահեկան է եղել ճորտ եւ մուրացիկ, քան թե քաղաքացի ունենալը: Քաղաքացու աղքատությունը դարձել է իշխանությունների ուղեկիցը, իսկ կենցաղային ու սոցիալական բազմաբնույթ խնդիրները` քաղաքացու խիղճն ու քվեն փողով, «բարեգործությամբ», պետական ուղղահայացով, վարչական ռեսուրսներով, ուժային կառույցներով խեղելու, կողոպտելու եւ իշխանությունը պահելու երաշխիք:

Կառավարությունը կոալիցիա է ձեւավորում` նպատակ հետապնդելով իր քաղաքացուն պահել աղքատության մեջ, որպեսզի շարունակաբար վերարտադրի ինքն իրեն իբրեւ իշխանություն: Դատապարտելի է, որ կառավարող կոալիցիան որոշ դեպքերում կառավարության եւ հանրային ռեսուրսները, մի շարք դեպքերում էլ` չվճարված հարկերից գոյացած հիմնադրամներն օգտագործում է սեփական ժողովրդին նվաստացնելու համար` ընտրություններից առաջ սկսելով նրանց տալ փող, բժշկական օգնություն, սնունդ եւ այլն: Փաստացի պետբյուջեից ու ժողովրդից գողացվում են միլիոններ եւ վերջինիս վերադարձվում գրոշներ, որպեսզի մայրաքաղաքից մինչեւ ծայրամաս կոալիցիոն քաղաքական ուժերը «վերանվաճեն» երեւանցիների, շիրակցիների, լոռեցիների, տավուշցիների, գեղարքունիքիցների, կոտայքցիների, արագոծտնեցիների, արմավիրցիների, արարատցիների, վայոցձորցիների, սյունեցիների արժանապատվությունը:

Անհնարին է ունենալ ժամանակակից պետություն եւ իշխանությունների տարանջատում` առանց ազնիվ, թափանցիկ եւ արդար ընտրությունների: Սակայն հասարակությունն այդպես էլ չի դարձել իշխանության ձեւավորման սուբյեկտ եւ համատարած կերպով ընտրությունները չի ընկալում որպես իշխանության ձեւավորման միակ լեգիտիմ մեխանիզմ: Չինովնիկական ապարատն ամբողջությամբ տիրապետել է ընտրությունների մեխանիզմին եւ այն ծառայեցնում է իշխանության վերարտադրությանը:

Հենց իշխանությունն ամեն գնով պահելու ու վերարտադրելու ազգակործան մարմաջից է երկրի կառավարումը դարձել օլիգարխիկ նախագահակենտրոն, գրվել ու փոփոխվել երկրի Սահմանադրությունը: Նախագահի ինստիտուտը բռնազավթել է իշխանության բոլոր ճյուղերի առանցքային լիազորությունները` նրանց զրկելով ինքնուրույնությունից եւ անկախությունից, միմյանց վերահսկելու ու հակակշռելու կարողականությունից եւ վերածելով նախագահի, նրան հնազանդ օլիգարխիկ խմբերի կամքի դակիչի կամ կամակատարի:

Հայաստանում տեղի է ունեցել գիտակցված հրաժարում իշխանությունների իրական տարանջատման` ժամանակակից պետության կարեւորագույն սկզբունքից: Իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն իրենք իրենց նույնացնում են պետության հետ եւ ներկայացնում են ոչ թե հասարակությունը, այլ մի փակ կորպորացիա, որը գործում է որպես մենաշնորհային եւ չվերահսկվող բիզնես- ընկերություն:

Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր հիմնահարցն օրենքի առջեւ քաղաքացիների հավասարության բացակայությունն է: Օրենքի առջեւ բոլորի հավասարությունը ժամանակակից ժողովրդավարական իրավական պետության հիմնարար տարրն է եւ ունի կենսական նշանակություն: Առանց իրավական պետության ժողովրդավարություն չի կարող գոյություն ունենալ:
Իրավական պետության բացակայությունը Հայաստանի զարգացումն արգելակող համակարգային պատճառն է:

Գործադիր իշխանությունը չի վերահսկվում ոչ խորհրդարանի, ոչ դատական կամ դատախազության կառույցների, ոչ էլ` հասարակության կողմից: Կեղծված ընտրություններով ձեւավորված խորհրդարանը ոչ թե ներկայացնում է հասարակությանը, այլ սպասարկում է նույն կառավարական կորպորացիային` ընդունելով մերձիշխանական խմբերի համար բարենպաստ պայմաններ ապահովող օրենսդրական ակտեր: Արդյունքում հասարակական շահերը պաշտպանող իրավական նորմերը հետեւողականորեն դուրս են մղվում օրենքներից` փոխարինվելով այնպիսի նորմերով, որոնք պաշտպանում են իշխող վարչակարգի խմբային շահերը:

Հասարակության կյանքում ավելի են ուժգնանում զարգացումն արգելակող, կործանարար միտումները, որոնք նպաստում են երկրի աստիճանական անկմանը: Աճում է անկառավարելիությունը, երկիրը համակված է կոռուպցիայով, իշխանությունն ի վիճակի չէ լուծելու ամենակենսական` քաղաքացիների կենսապահովման եւ անվտանգության խնդիրները: Լուծում չեն ստանում եւ ավելի են խորանում բնապահպանական հիմնախնդիրները:

Կոռուպցիան այլեւս համակարգային բնույթի է, պարտադրված ու համատարած: Քաղաքական կոռուպցիայի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը եւ ազգային հարստությունը յուրացված է օլիգարխիկ կլանների կողմից: Վարչական կոռուպցիան դարձել է քաղաքացիներից համատարած դրամաշորթության միջոց, որը հանգեցրել է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակության քրեականացմանը: Պետական ու համայնքային հաստատությունները ծառայում են իշխանությանը, այլ ոչ թե ժողովրդին:

Քաղաքացիական ծառայողը, պաշտոնյան, պետական մարմինը դեմքով ուղղված չեն դեպի քաղաքացին, այլ գտնվում են վերադասի անձնական կամ կուսակցական թելադրանքի ներքո: Քաղաքացիական ու հանրային ծառայողները վարձատրվում են քիչ եւ անգամ այդ աշխատանքը չկորցնելու հեռանկարից դրդված` հաճախ ստիպված են կատարել վերադասի կուսակցական ու անձնական քմահաճույքները: Քաղաքացիական ծառայությունը թաքնածածուկ կամ բացահայտ կուսակցականացված է:

Բարեփոխումների կեղծումները, քաղաքական համակարգի ձեւախեղումը հանգեցրել են հասարակության ապաարդիականացմանը, ժամանակակից սոցիալական շուկայական տնտեսության փոխարեն Հայաստանում ձեւավորվել է օլիգոպոլիային սպասարկող հետամնաց գավառական կապիտալիզմ: Նման համակարգում իշխանությունը չի կարող որեւէ լուրջ խնդիր լուծել ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական ոլորտներում:

Երկիրը չի զարգանում, տնտեսությունը լճանում է, երկրի երբեմնի արդյունաբերական հզորությունը մասամբ ոչնչացված է, արդյունաբերական հսկաներում պահանջված աշխատակիցները գործազուրկ են կամ «վերամասնագիտացել» են սպասարկման ու առեւտրի ոլորտում: Քաղաքացիների եկամուտները բաշխվում են ծայրաստիճան անհամաչափ, եւ բնակչության մեծ մասն ապրում է խրոնիկ աղքատության սահմանագծում: 

Քայքայվում են կրթությունը, մշակույթը, գիտությունը, առողջապահությունը, սոցիալական պաշտպանությունը, օր օրի ահագնանում է արտագաղթը:
Ազգաբնակչության մեծամասնության համար անմատչելի են բուժսպասարկումը, կրթությունը, մշակույթը, կենցաղային ծառայությունները, հանգիստը:

Օլիգարխիկ վարչակարգը շարունակում է խորացնել իշխանության եւ հասարակության միջեւ առկա խզումը, զրկում է քաղաքացիներին ոչ միայն իշխանության ձեւավորման վրա ազդելու հնարավորությունից, այլեւ սահմանափակում է նրանց հիմնարար ազատությունները: 

Մարդու իրավունքների խախտումը համատարած է` ընտրական տեղամասում, հանրահավաքում ու բողոքի ակցիայում, փողոցում, ոստիկանական բաժանմունքում, դատարանում, հանրային բակում կամ անձնական սեփականություն հանդիսացող տարածքում, գործարար կյանքում, ավտոմեքենա վարելիս, խանութում, աշխատանքի վայրում, բանակում, դպրոցում, մարզում ու համայնքում, անգամ` ընտանիքում:

Հայաստանի կառավարման ներկայիս համակարգը ոչ միայն իրավունքի, հացի ու այն վաստակելու դժվարություն է առաջացրել աղքատության մեջ հայտնված շերտերի համար, այլեւ արժանապատվության խնդիր` բոլորի համար: Բոլորիս արժանապատվությունը ոտնահարվում է յուրովի, բայց` համատարած:

Մեր հայրենակիցներից շատերը, այդ թվում` երիտասարդները, սեփական երկրում չունեն պատշաճ աշխատանք գտնելու, բնակարան ձեռք բերելու, ընտանիք կազմելու եւ/կամ այն պահելու հնարավորություն, ուստի հարկադրված արտագաղթում են: Համատարած գործազրկության պայմաններում միջին եւ ավագ տարիքի քաղաքացիներից շատերն աշխատանք փնտրելիս ենթարկվում են թաքնված տարիքային ու սեռային խտրականության, քանի որ գործատուներից շատերը նախընտրում են երիտասարդ տարիքի աշխատողների: 

Ընտանիքներից շատերը տրոհված են կամ կանգնած են քայքայման եզրին ընտանիքի կերակրողի` արտագնա աշխատանքի մեկնելու եւ երեխաների դաստիարակության ծանր բեռը կողակիցներին կամ տարեց ծնողներին թողելու պատճառով: Ընտանիքը, դպրոցը, ուսումնական հաստատությունը ավելի քիչ դերակատարություն ունեն մատաղ սերնդի դաստիարակության համար, քան փողոցը` իր լայնորեն «փառաբանված, գովազդված ու գայթակղիչ» հասարակական անբարո եւ ցոփ բարքերով:

Դպրոցը լիարժեք չի կատարում քաղաքացի կրթելու, դաստիարակելու իր առաջնային գործառույթը: Ցածր աշխատավարձերը երբեք չեն խթանելու ուսուցիչին, մանկավարժին, դասախոսին` աշխատելու թե´ իր զարգացման վրա, թե´ նաեւ աշակերտին գիտելիք փոխանցելու առումով: Կրթական հաստատություններում բռնության դեպքեր են արձանագրվում ինչպես մանկավարժների կողմից, այդ թվում` խոցելի խավին պատկանող աշակերտների հանդեպ հաճախ սեռական բնույթի ոտնձգությունների տեսքով, այնպես էլ մանկավարժների հանդեպ` աշակերտների, ուսանողների ծնողների կողմից:

Բարձրագույն ուսումնական համակարգում շարունակում է ծաղկել կոռուպցիան, իսկ կրթության պահանջը փոխակերպվել է դիպլոմի պարզունակ պահանջի: Կրթության համակարգի հետեւողական քայքայումը տանում է երիտասարդության մտավոր եւ բարոյական մակարդակի անկման, մինչդեռ այսօրվա երիտասարդության ակտիվությունից եւ հասարակական-քաղաքական որակներից ուղղակիորեն կախված են լինելու մեր երկրում տեղի ունեցող զարգացումները մոտակա տասնամյակներում:

Ցածր վարձատրվող բժիշկը, բուժաշխատողը, մանկավարժը իրենց առաքելությունը կատարելու փոխարեն հարկադրված են հայացքն ուղղել ծնողի, հիվանդի գրպանին: Մտավորականներն ու արվեստագետները իրենց ստեղծագործական մտքի արգասիքը հանրությանը հասցնելու համար պարտադրված են ապավինել մեծահարուստի “բարեգթությանը”: 

Մտավորականները պահանջված չեն արժեքային համակարգի խեղաթյուրման, ստեղծագործելու նորմալ պայմաններից զրկված լինելու պատճառով: Ստեղծագործելու պայմաններ ու միջոցներ են ստեղծվում եւ պարգեւներ սահմանվում գերազանցապես իշխանություններին սպասարկող յուրային մտավորականների համար: Իրական եւ բարձր արվեստն ու մշակույթը իրենց տեղը զիջել են ցածրորակ, հաճախ գռեհիկ ինքնագործունեությանը:

Գիտությունը, որին տարիներ շարունակ պետության կողմից չնչին գումարներ են հատկացվում, մղվել է լուսանցք: Գիտնականները մնացել են բախտի քմահաճույքին կամ, իբրեւ բարձրակարգ աշխատուժ, մեկընդմիշտ մեկնում են արտերկիր հեղինակավոր գիտական կենտրոնների հրավերով: Երբեմնի գիտական կաճառներն ու հաստատությունները կամ դժվարությամբ գոյություն են պահպանում, կամ նրանց շինությունները կառավարական «միջնորդություններով ու զարգացման ծրագրերով» մասնավորեցվել ու վերածվել են արտադրամասերի եւ այլ հաստատությունների:

Անկախության տարիներին Հայաստանին այդպես էլ չհաջողվեց ձեւավորել լիարժեք միջին խավ, իսկ դրա համար անհրաժեշտ միջոցներն ուղղվեցին միանգամայն այլ սոցիալական խմբի` օլիգարխիայի (իշխանության հետ օրգանապես կապված գերխոշոր սեփականատերերի), ստեղծմանը: Պետության կառավարման կարեւորագույն լծակներն այսօր էլ մնում են օլիգարխիկ խմբերի ձեռքերում: Օլիգարխիան` «քչերի իշխանությունը», կարիք չունի, որ բոլորը հավասար լինեն օրենքի առջեւ, ընդհակառակը` նրան անհավասարություն է պետք: Այդ իսկ պատճառով ընդունվում են որոշումներ, որոնք արգելակում են ժամանակակից միջին խավի՝ որպես իրական ժողովրդավարության եւ արդիականացման մեջ շահագրգիռ գլխավոր սոցիալական ուժի, ձեւավորումը: 

Գործարարը զրկված է հավասար մրցակցության հնարավորությունից, իր ունեցվածքը պահպանելու համար պարտադրված է մշտապես լինել իշխանության կողքին: Խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն իրենց կարողությունները պահպանելու, բազմապատկելու նպատակով սեփական շահերի իրացման գործիք են դարձնում ոչ միայն կուսակցություններին` պատսպարվելով նրանց թիկունքում կամ շարքերում, այլեւ պետական մարմիններին: Գործարարության համար ռիսկերը` սկսյալ պետական ռեկետից, հարկային ծանր բեռից ու խճողված վարչարարությունից եւ վերջացրած անկայուն, անազատ, մենաշնորհային ու քիչ տարողունակ շուկայով, չափազանց մեծ է: Արտերկրի օտարազգի ու ծագումով հայ ներդրողներն ավելի ու ավելի հաճախ են կանգնում Հայաստանում իրենց բիզնեսը փակելու, տեղացի «ամենակարողների» կողմից սնանկանալու կամ ունեզրկվելու վտանգների առջեւ:

Գյուղացին կատարելապես միայնակ է իր տնտեսությունը կազմակերպելու համար: Պետական աջակցությունն անհավասարաչափ է, հաճախ` կուսակցական պատկանելության կամ տոհմացեղային հիմքի վրա խարսխված: Պետական աջակցությունն ու օգնությունը շատ հաճախ չեն հասնում գյուղացուն` հայտնվելով այն բաժանելու կոչված պաշտոնյայի կամ նրա շրջապատի տրամադրության տակ: Բնական աղետների դեպքում պետությունը ոչ մի կերպ չի փոխհատուցում գյուղացու կրած վնասները: Մեծաթիվ գյուղական համայնքների բնակիչներ, տնտեսական ակնկալիքներով բանկերից վերցրել են վարկեր, որոնք տարբեր պատճառներով վճարել չեն կարողանում եւ հայտնվել են գրավադրված ունեցվածքը կորցնելու հեռանկարի առջեւ: 

Աղքատության կամ սոցիալական կարիքի մեջ հայտնվածները հաճախ են հարկադրված լինում մարզերում ու մայրաքաղաքում առկա սակավաթիվ հաստատություններում աշխատանքի անցնել` իրենց աշխատուժը ստրկաբար շահագործման պայմաններով: Աշխատավորների իրավունքները պաշտպանված չեն շատ գործատուների կողմից, իսկ արհմիություններն էլ տակավին չեն պաշտպանում նրանց իրավունքները: Աշխատանքային օրենսգիրքը հարմարեցված է գործատուի շահերին, իսկ աշխատողի իրավունքների մասով չի գործում:

Չնայած հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանն ուղղված մի շարք օրենքների ընդունմանը, նրանց վիճակը շարունակում է ծանր մնալ: Դա պայմանավորված է ընդունված ծրագրերի ֆինանսավորման պակասով, օրենքների չկիրառմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությունից մեկուսացվածությամբ, ինչպես նաեւ նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքով: Հայաստանում բավարար զարգացած չեն ենթակառուցվածքները, որոնք կապահովեին հաշմանդամություն ունեցող անձանց գործունեությունը հասարակությունում ոչ հաշմանդամ մարդկանց հետ հավասար պայմաններում: Հաշմանդամություն ունեցող մարդ` չի նշանակում անկարող մարդ, նրանք ունեն հզոր ներուժ, որն այսօր մեր երկիրն անտեսում է եւ չի օգտագործում: Նրանցից շատերը հայտնվել են տնային կալանքի տակ, բայց ոչ թե օրենքի պահանջով, այլ դրա չգործելու հետեւանքով:

Սոցիալապես խոցելի խավերը դառնում են բռնությունների, մարդկային առեւտրի կամ կազմակերպված հանցավորության զոհեր: Մանկատներում, հատուկ դպրոցներում կամ պարզապես փողոցում են հայտնվում ոչ միայն ծնողազուրկ, այլեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, ովքեր այդ հաստատությունների փակ լինելու եւ արմատացած արատավոր բարքերի պատճառով ենթարկվում են շահագործման ու բռնությունների, շեղվում են կյանքի բնականոն ճանապարհից: Մանկատների շրջանավարտների համար բնակարան ձեռք բերելու նպատակով պետության հատկացրած գումարները, ինչպես պարզվեց անցած տարիներին, փոշիացվել կամ պարզապես յուրացվել են: Փողոցում հայտնվելով` նրանք դառնում են ներունակ իրավախախտ, հանցագործ` վտանգ դառնալով ողջ հասարակության համար:

Պակաս ծանր չէ շարքային ազատամարտիկների ու նրանց ընտանիքների վիճակը: Հայրենիքին անձնուրացաբար ծառայած այս մարդիկ այսօր չեն արժանանում պատշաճ հոգածության եւ ուշադրության:

Օրեցօր աճում է հանցավորությունը: Քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են դատապարտյալներով, որոնցից շատերի վերաբերյալ դատարանների կայացրած դատավճիռները խոցելի են օրինականության տեսանկյունից: Հանցավորության հանդեպ ոստիկանության արձագանքն անբավարար մակարդակում է, իսկ հանցագործությունների հետաքննությունն ու բացահայտումը հաճախ ուղեկցվում են խոշտանգումներով: Տարիների ընթացքում ոստիկանությունը «մասնագիտացել» եւ զբաղված է գերազանցապես քաղաքական միջոցառումներն ու բողոքի ակցիաները ճնշելով, քան հանցագործություններ բացահայտելով:

Հասարակական մեծ վստահության ու ազգային անվտանգության աղբյուր հանդիսացող հայոց բանակում ինքնասպանության դեպքերն ավելի սահմռկեցուցիչ ու մտահոգիչ են, քան սպանությունների դեպքերը; Ինքնասպանություն` նշանակում է զինվորի համար անելանելիություն, երբ չկա մեկը, ով փրկության ձեռք կմեկնի: Բանակի հեղինակությանը մեծ հարված հասցրին նաեւ ընտրական ու հետընտրական ժամանակաշրջաններում նրան քաղաքական եւ ընտրական գործընթացներում ներգրավելու, օգտագործելու անխոհեմ քայլերը:

Ազգային անվտանգության մակարդակը նվազած է երկրի` այլեւս տեսանելի ժողովրդագրական ճգնաժամի, պետական ինքնիշխանության կրճատման, պաշտպանունակության թուլացման, արտաքին թելադրանքների ու ազդեցությունների ցածր դիմադրողականության եւ այլ պատճառներով:

Ազգային շահը մնացել է անպաշտպան կամ լքված: Երկրի ահազանգող վիճակի պատճառով երբեմն լսում ես ազգային իրավունքներից հրաժարվելու, ազգային շահի ու արժանապատվության հաշվին զիջումներ կատարելու մասին թեկուզ փոքրամասնական, բայց մտահոգիչ տեսակետներ:

Ովքեր չեն ընդունում պետության ու քաղաքացու միջեւ այսպիսի խեղված հարաբերությունները` մարդկային արժանապատվությունը վիրավորող ապասոցիալական միջավայրով ու ապաքաղաքացիական կարգավիճակով կամ չեն ցանկանում հավերժ այդպիսին մնալ, խռոված լքում են այդպես էլ չկառուցված հայրենիքը` օտար երկրներում իրենց նոր կյանքը կառուցելու կամ բախտի անորոշ փնտրտուքով: 

Հայաստանի զարգացման առավել բանական ուղղությունը եվրոպական տիպի ժամանակակից ժողովրդավարական սոցիալական պետության կերտումն է: Նման պետությունն արտացոլում է քաղաքացիական հասարակության շահերը, վերահսկվում է նրա կողմից եւ ապահովում է մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:

Հայաստանն այսօր վերստին գտնվում է բախտորոշ փոփոխությունների շեմին. կամ ապրել հին ձեւով, կամ բերել Նոր Հայաստանը: Մենք համոզված ենք, որ Հայաստանի հասարակությունն ունի արդիականացման ներուժ եւ ի զորու է պատմականորեն կարճ ժամանակահատվածում կերտել ժամանակակից պետություն:

ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ ՓՈԽԵԼՈՒ ԲՈԼՈՐԻՍ ԿՅԱՆՔԸ, ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԵՎ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

Մեր երկրին օդ ու ջրի նման անհրաժեշտ են արագ, համակարգային փոփոխություններ, ընդ որում` փոփոխություններ այսօր եւ ոչ թե վաղը, տեսանելի գործերով ու արդյունքներով, եւ ոչ թե խոսքերով:

Մենք ճակատագրապաշտ չենք եւ չեն համարում, որ մեր ապագան վերուստ այսպես է կանխորոշված եւ անհնար է ինչ-որ բան փոխել: Մենք հավատում ենք մեր եւ քաղաքացու համադրված ուժին:

Տարիներ շարունակ հրապարակներից մինչեւ խորհրդարան, քաղաքական կյանքում ու քաղաքացիական տիրույթներում գործելով ժողովրդի աչքի առջեւ եւ ժողովրդի համար` մենք գալիս ենք ժողովրդի հետ միասին իրացնելու քաղաքացու իրավունք-պետական ինքնիշխանություն-ազգային շահ եռամիասնությունը: