ԾՐԱԳԻՐ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
2005թ.
(2019թ. փոփոխություններով եւ լրացումներով)
«Ժառանգություն» կուսակցությունը (այսուհետ՝ «Ժառանգություն») ակունքներով ազգային, գաղափարախոսությամբ՝ ազատական, կառավարման ժողովրդավարական համակարգի ջատագով քաղաքական ուժ է, որն առաջնային խնդիր է համարում Հայաստանի Հանրապետության կայացումը՝ որպես ժողովրդավարական, իրավական, իր ներքին եւ արտաքին քաղաքականությունն ազգային-պետական շահերի վրա կառուցող, զարգացած պետություն։
«Ժառանգությունը» հեռանկարում Հայաստանը տեսնում է իբրեւ մի պետություն, որտեղ՝
- բարձրագույն արժեքը մարդն է, նրա իրավունքներն ու ազատությունները.
- պետական կառույցները ծառայում են ժողովրդին, միջոց են նրա ինքնակազմակերպման ու իղձերի իրականացման համար, եւ նրանց գլխավոր խնդիրը մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների իրականացման ապահովումն է.
- քաղաքացին պետության հիմքն է, ժողովուրդը՝ իշխանության աղբյուրը, ազգը՝ պետականության խարիսխը, իսկ նրանց ազատությունը՝ ինքնիշխանության գրավականը.
- ժողովրդավարությունը երաշխավորված է Սահմանադրությամբ, օրենքներով, քաղաքացիական հասարակությամբ, պետության կառավարման բյուրեղացած ժողովրդավարական եղանակներով.
- յուրաքանչյուր ոք եւ քաղաքական ուժ գիտակցում է անցյալի, ներկայի եւ ապագայի համար իր պատասխանատվությունը։
«Ժառանգության» գաղափարական սկզբունքները
- Մարդու արժանապատվության, հոգեւոր եւ նյութական ազատության, բարեկեցության, մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման, կառավարման համակարգի առողջ եւ արդյունավետ գործունեության երաշխիքը ժողովրդավարությունն է։ Պետական եւ ազգային շահի կրողը ժողովուրդն է, որն ազատ ու արդար ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման միակ աղբյուրն է։
- Հայ ժողովուրդն առաջին հերթին պետք է ապավինի իր սեփական ուժերին։
- Ազգային իղձերի իրականացման նախապայմանը անկախ ու արդյունավետ պետությունն է եւ, հաշվի առնելով հայության աշխարհասփյուռ վիճակը, ազգի բոլոր հատվածների փոխգործակցությունն ապահովող համազգային կառույցների ձեւավորումը։
- Պետական իշխանությունն իր քաղաքացիների կյանքի, սոցիալական պաշտպանության եւ մարդկային իրավունքների ապահովության իրականացնողն է:
- Տնտեսության զարգացման, անհատի ընդունակությունների առավելագույն դրսեւորման աղբյուրը ազատականությունն է, ինչը պետությանը չի ազատում սոցիալական պարտավորություններից։
- Հայ մարդը, ով օտար ափերում տնտեսության զարգացման լուրջ գործոն է ու ապրում է բարեկեցիկ կյանքով, իր հայրենիքում չպետք է ապրի աղքատ:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու հարստության աղբյուրը պետք է լինի իր բնատուր ստեղծագործական աշխատանքը, ինչի իրացման նպատակով անհրաժեշտ է ստեղծել գործարարության հավասար եւ ստեղծագործելու համար նպաստավոր պայմաններ:
- Յուրաքանչյուր մարդ Հայաստանում իր ողջ կյանքի ընթացքում պետք է ապրի արժանավայել, առանց նվաստացման եւ ստորացման:
- Ելակետային անհավասար ու խոցելի վիճակում հայտնված խմբերն իրենց տրված հավասար իրավունքները ազատորեն իրացնելու գործում պետք է զգան պետության անհրաժեշտ օժանդակությունը:
«Ժառանգության» մոտեցումները Հայաստանի հիմնախնդիրների լուծման նկատմամբ
Երկրում առկա խնդիրները լուծելու համար «Ժառանգությունը» ելնում է հայտնի պատճառահետեւանքային հիմնարար կապից։
- Ինչպես սոցիալական (աղքատության բարձր մակարդակ, չքավորություն, եկամուտների ծայրահեղ բեւեռացում, արտագաղթ, գործազրկություն, բուժսպասարկման անմատչելիություն եւ ցածր որակ, մասնավոր սեփականության անպաշտպանվածություն եւ այլն), այնպես էլ հումանիտար (այդ թվում՝ կրթության մատչելիություն, գիտության զարգացում ու համաշխարհային առաջատար գիտական համակարգին սերտաճման անհրաժեշտություն, մշակույթի պահպանություն ու հարստացում) ոլորտների խնդիրների եւ տնտեսական ոլորտի (տնտեսության զարգացում, աշխատատեղերի ստեղծում ու արժանապատիվ աշխատանք եւ աշխատավարձ) խնդիրների լուծումները փոխկապակցված են․
- իսկ տնտեսական ոլորտի հիմնահարցերի (սակավաբյուջե, կլանային եւ ստվերային տնտեսություն, ազատ եւ արդար մրցակցության բացակայություն, հարկային բեռի ծանրացում եւ կոռուպցիայի բացասական ազդեցություն փոքր ու միջին ձեռներեցության իրականացման վրա, գյուղացու անպաշտպանվածություն, բնական պաշարների անարդյունավետ օգտագործում եւ փոշիացում, ազգային հարստության մաս կազմող պետական գույքի անարդյունավետ, կեղեքիչ սեփականաշնորհում ու օտարում) կարգավորումը միարժեքորեն կախված է քաղաքական եւ հոգեւոր-մշակութային խնդիրների (ավտորիտար համակարգի մնացուկներից ձերբազատում եւ լիարժեք անցում դեպի ժողովրդավարական ու իրավական համակարգի, ներհասարակական համերաշխության, սոցիալական պատասխանատվության եւ փոխօգնության արժեքների տարածում եւ արմատավորում) լուծումներից։
Դրանով իսկ «Ժառանգության» ծրագրային բոլոր խնդիրներն ու առաջնահերթությունները փոխկապակցված են։ Ազգային-համամարդկային արժեքների վրա խարսխված ժողովրդավարական ու իրավական պետություն կառուցելու նպատակով կարեւորվում են՝
- մարդու իրավունքների եւ ազատությունների ճանաչումը, հարգումը, պաշտպանությունն ու իրականացման ապահովումը.
- մասնավոր սեփականության պաշտպանվածությունը,
- տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը, անկախության ապահովումը եւ զարգացումը.
- քաղաքացիական հասարակության ձեւավորումը.
- խոսքի ազատության եւ լրատվական դաշտում մրցակցության ապահովումը.
- հովանավորչության, կոռուպցիայի դեմ իրական եւ արդյունավետ պայքարը, կլանային ու ստվերային տնտեսությունից ձերբազատումը.
- ազգային հարստության արդյունավետ ու նպատակային կառավարումն ու բազմապատկումը,
- արդարացի ու արդյունավետ ընտրական համակարգի ձեւավորումը.
- պետական վարչակազմի արդիականացումը եւ արդյունավետության բարձրացումը, ստվերային կառավարումից ձերբազատումը, պետական իշխանության իրականացման ժողովրդավարական եղանակների հետեւողական արմատավորումը.
- Կարճաժամկետ կտրվածքում՝ ազատ մրցակցային, իսկ երկարաժամկետում՝ համագործակցային տնտեսական համակարգի ձեւավորումը, բնական մենաշնորհների արդար եւ արդյունավետ կարգավորումը, արհեստական մենաշնորհների դեմ պայքարը.
- եկամուտների արդարացի վերաբաշխումը եւ սոցիալական բեւեռացման մեղմումը.
- մշակույթի եւ ստեղծարարության առաջընթաց զարգացումը․
- ազգային ժառանգության պահպանումը եւ զարգացումը.
- գիտության, գիտատար արտադրության զարգացումը.
- կրթական համակարգի համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին.
- շրջակա միջավայրի պահպանությունը.
- բնական պաշարների արդյունավետ ու նպատակային օգտագործումն ու կառավարումը.
- մատչելի եւ որակյալ բուժսպասարկման ապահովումը, մարդու առողջությանը սպառնացող համաճարակների կանխարգելումը.
- ժողովրդագրական վիճակի բարելավումը.
- մայրության, մանկության եւ ընտանիքի պաշտպանությունը.
- ներքին եւ արտաքին անվտանգության ապահովումը.
- ազգային ու պետական շահի վրա հիմնված արտաքին ճկուն քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով բարիդրացիական հարաբերությունների հաստատման ոգով.
- Արցախի անկախության միջազգային ճանաչման կամ Հայաստանի հետ նրա վերամիավորման ապահովումը.
- Տարածաշրջանային զարգացումներում Հայաստանի գործուն ներգրավումը, համագործակցության ու անվտանգության նախաձեռնությունների կենսագործումը, քաղաքական, տնտեսական եւ հաղորդակցական ծրագրերին մասնակցությունը.
- աշխատանքի միջազգային բաժանմանն ակտիվ ու արդյունավետ մասնակցությունը.
- Հայաստանի միջազգային դերի ու վարկի բարձրացումը.
- Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը.
- Սփյուռքի հետ արդյունավետ եւ բազմակողմանի կապերի խորացումը, Սփյուռքում հայապահպանությանը նպաստելը.
- Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի կտրուկ նվազեցումը.
- հայրենադարձության խթանումը: