1. ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Իրավակարգի կատարելագործման հարցում կարեւորվում են՝
- սահմանադրական բարեփոխումները.
- անկախ եւ անաչառ դատական իշխանության ու դատախազական համակարգի կայացումը.
- տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերի զարգացումը.
- կուսակցությունների դերի բարձրացումը.
- ընտրական օրենսդրության արդիականացումը.
- պետական կառավարման համակարգի բարեփոխումները։
Սահմանադրական բարեփոխումներ
«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի բազմաթիվ խնդիրներ պայմանավորված են նաեւ գործող եւ նախորդ երկու սահմանադրությունների անկատարությամբ, ինչը հրամայական է դարձնում սահմանադրական բարեփոխումները։ Մասնավորապես գործող Սահմանադրության մեջ են ավտորիտար այնպիսի դրսեւորումների արմատները, ինչպիսիք են իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ վարչապետի ձեռքում, սոցիալական ծայրահեղ բեւեռացումը, խորհրդարանի ու կուսակցությունների դերի ցածր մակարդակը, չկայացած տեղական ինքնակառավարումը եւ այլն։
«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ գործող ՀՀ Սահմանադրությունը չի ընդունվել ՀՀ քաղաքացիների կողմից եւ ենթակա է լուրջ փոփոխությունների ու նոր համաժողովրդական քվեարկության:
Սահմանադրության տարբերակը, որը կներկայացնի «Ժառանգություն» կուսակցությունը, մասնավորապես կամրագրի՝
- իշխանությունների տարանջատման, զսպումների եւ հակակշիռների հստակ մեխանիզմ, արդյունավետ կառավարման համակարգ, դատական անկախ իշխանություն, դատախազական անկախ համակարգ, իրական տեղական ինքնակառավարում եւ, ընդհանուր առմամբ, պետական կառավարման իշխանության հավասարազոր բաշխում պետական համակարգի երեք ճյուղերի միջեւ, իսկ տարածքային առումով՝ դրա ապակենտրոնացում ու խորհրդարանական կառավարման (պառլամենտարության) տարրերի աստիճանական ուժեղացում։ Այս տեսանկյունից սահմանադրական բարեփոխումների հիմնարար մոտեցումներից են՝
- որպես նպատակակետ՝ խորհրդարանական ընտրությունների 100%-անոց համամասնական ընտրակարգ.
- պետական ծառայողի կարգավիճակի օրենսդրական կարգավորում, ինչը կհստակեցնի նրա իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը.
- քաղաքացիական ծառայողի համակարգի բարեփոխում, ինչի արդյունքում դրանք իրապես կերաշխավորեն քաղաքացիական ծառայողների ընտրության ազնիվ մեխանիզմներ, քաղաքացիական ծառայողին իրապես կպաշտպանի վերադասի կամայականություններից եւ կերաշխավորի նրա պաշտոնավարությունը՝ անկախ կառավարման վերին օղակում քաղաքական ուժերի փոփոխությունից, միաժամանակ կսահմանի համապատասխան պաշտոնին ներկայացվող մասնագիտական գիտելիքների ու փորձի պահանջները, ինչպեսեւ պատասխանատվությունը պաշտոնական դիրքի չարաշահումների եւ օրինազանցությունների համար.
- անմիջական ժողովրդավարության ինստիտուտի ընդլայնում.
- ՀՀ ազգային ժողովի բոլոր մշտական հանձնաժողովների փոխնախագահների պաշտոնների համամասնորեն վերապահում խորհրդարանական ընդդիմությանը.
- Վերահսկիչ պալատի ղեկավար կազմի ձեւավորման իրավունքի վերապահում բացառապես քաղաքական ընդդիմությանը.
- Մարդու իրավունքների պաշտպանի նշանակման իրավունքի վերապահում քաղաքական ընդդիմությանը.
- ՀՀ Գլխավոր դատախազի երկու տեղակալների պաշտոններից մեկի վերապահում խորհրդարանական ընդդիմությանը, իսկ մյուսի` արտախորհրդարանական ընդդիմության՝ վերջին խորհրդարանական ընտրություններին առավել շատ ձայն ստացած երեք ուժերին.
- տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ընդլայնում` ի հաշիվ իշխանության կենտրոնական մարմինների լիազորությունների.
- մարզերում ներկայացուցչական մարմինների ինստիտուտների ամրագրում, մարզպետների ուղղակի կամ անուղղակի ընտրությունների սահմանում.
- ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության դուրսբերում Վարչապետի ուղիղ ենթակայությունից, դրանց կարգավիճակի բարձրացում մինչեւ նախարարություններ եւ ենթակայեցում Ազգային ժողովին․
- մունիցիպալ ոստիկանության ինստիտուտի սահմանում:
Սահմանադրական բարեփոխումների՝ այդ հիմքերի վրա պատրաստված տարբերակը, ինքնին չլինելով անհրաժեշտ ու բավարար երաշխիք, բարենպաստ հիմք կստեղծի առկա բացասական երեւույթները մեղմելու եւ աստիճանաբար վերացնելու համար։
Անկախ եւ անաչառ դատական իշխանության կայացում
Դատական իշխանության անկախության բացակայությունը մեծագույն վտանգներից է՝ հասարակության մեջ եւ ողջ երկրում օրինականության խաթարման, քաղաքացիական վարքաբանության խոտորման, հասարակության բարոյալքման, սեփական երկրի հեռանկարի ու զարգացման նկատմամբ հավատի կորստյան եւ, ի վերջո, սեփական երկրից օտարման առումով։ Ուստի դատական իշխանության բարեփոխումն առաջնային է, իսկ նրա անկախության ու անաչառության, միայն օրենքով առաջնորդվելու գրավականը իշխանական ու խմբային ցանկացած ազդեցությունից, պատվերից ու ներգործությունից դատավորների անկախության ապահովումն է։
Դատաիրավական բարեփոխումների նպատակը պետք է լինի արդարադատության մատչելիությունը, անկախ ու անաչառ դատական իշխանության ստեղծումը, որն ի զորու է ապահովելու ժողովրդավարության կայացումն ու տնտեսական բարեփոխումները։
Այդ նպատակով անհրաժեշտ է՝
- խստացնել դատավորներին ներկայացվող պահանջները.
- դատական իշխանությունն ազատել գործադիր իշխանության եւ դատախազության ազդեցությունից.
- բացառությամբ Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի դատավորների, մյուս ատյանների դատավորներին ընտրել ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով` 3 տարի ժամկետով: Մշակել եւ ներդնել դատավորների ընտրության ու հետկանչի հստակ ընթացակարգերն ու հիմքերը.
- ստեղծել դատական ակտերի տեղեկատվական բանկ.
- մշակել դատավորների պաշտոնազրկման հստակ ընթացակարգերն ու հիմքերը.
- սահմանել անձի՝ փաստաբան ունենալու իրավունքը քննչական բոլոր գործողությունների ժամանակ՝ ներառյալ խուզարկությունը եւ ձերբակալությունը, ցուցմունք կամ բացատրություն տալը.
- փոփոխություն կատարել Փաստաբանական գործունեության մասին օրենքում. քաղաքացուն պետք է պետության միջոցներով փաստաբանական անվճար ծառայություն մատուցվի նաեւ այն դեպքերում, երբ քաղաքացին վիճարկում է պետական կառույցի գործունեությունը կամ անգործությունը՝ կապված մարդու իրավունքների հետ։
Դատախազության բարեփոխումներ
ՀՀ օրենսդրությունը փաստորեն դատախազությանը վերապահել է իշխանության չորրորդ ճյուղի լիազորություններ՝ այն քաղաքական իշխանությունների ձեռքին դարձնելով հակառակորդներին թուլացնելու կամ վերացնելու գործիք։ Դատախազության ընդհանուր հսկողության լիազորությունը, որը խորհրդային համակարգի վերապրուկ է, օրենքով նախատեսված չլինելու պարագայում եւս, իներցիայի ուժով շարունակում է մնալ եւ շպարվել դատախազության՝ «դատարաններում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու» լիազորության քողով, ինչը մասնավորապես դրսեւորվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին անհարկի միջամտությունների տեսքով։ Այս պատճառով կաթվածահար է լինում դատախազության գործունեությունը, խոչընդոտվում է ձեռներեցությունը։ Նման աշխատաոճի պարագայում բնական են եւ հանցավորության ավելացումը, եւ չբացահայտված հանցագործությունների մեծ թիվը։
Դատախազության բարեփոխումները ենթադրում են՝
- դատական իշխանության համակարգից դատախազության համակարգի դուրսբերում.
- քննչական մարմինների վերադարձ դատախազության համակարգի ներքո․
- անկախ դատախազական համակարգի ձեւավորում, որի իրավասությունների մեջ կմտնի պետական ու հասարակական շահի ոտնահարման դեպքերում քրեական գործերի հարուցումը.
- դատախազության համակարգի ձեւավորմանը խորհրդարանի մասնակցություն.
- արդարադատության խորհրդից դատախազության դուրսբերում.
- դատախազների թեկնածուների առաջադրման, առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ օժտված անկախ մարմնի ստեղծում.
- դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու լիազորության վերացում.
- քրեական դատավարությունում պատժաչափի վերաբերյալ դատարանին միջնորդություն ներկայացնելու լիազորության բացառում.
- դատաքննության ժամանակ դատախազի եւ փաստաբանի լիազորությունների միջեւ հավասարության ապահովում։
Տեղական ինքնակառավարում եւ տարածքային կառավարում
Պետության առաջնային բջիջը համայնքն է, առանց որի հնարավոր չէ խոսել բարեկարգ ու զարգացած երկրի մասին։ Տեղական ինքնակառավարման համակարգը ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության հիմնաքարն է։ Միայն այդ համակարգի զարգացմամբ է հնարավոր կառուցել-շենացնել մեր գյուղերն ու քաղաքները։ «Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ ինքնաբավ, ուժեղ համայնքը ուժեղ եւ ինքնիշխան պետության հիմքն է: Այդ ամենի համար մասնավորապես անհրաժեշտ է՝
- ապահովել համայնքների քաղաքական ու ֆինանսատնտեսական անկախությունը. այն է՝ բացառել ինչպես կառավարության, այնպես էլ ցանկացած այլ մարմնի կողմից համայնքի ղեկավարին եւ ավագանու անդամներին պաշտոնանկ անելու իրավունքը եւ հետեւողականորեն իրականացնել ապակենտրոնացման գործընթացը, այսինքն՝ համայնքներին փոխանցել համայնքներին առնչվող հիմնական լիազորությունները եւ դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Ընդունել Տեղական ինքնակառավարման մասին նոր օրենք, որով հնարավոր կլինի համայնքների բյուջե ուղղվող գումարները հասցնել պետական բյուջեի 30-40 տոկոսին, դրանով աշխուժացնել գյուղական եւ քաղաքային համայնքների կյանքը.
- տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումն ապահովելու նպատակով վերամշակել «Տեղական տուրքերի ու վճարների մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքները.
- բարեփոխել տարածքային կառավարման համակարգը:
Քաղաքական կայունություն
«Ժառանգության» համար քաղաքական կայունությունը նախեւառաջ ժողովրդավարական հանրակարգերի կայունությունն է` նրանց աշխույժ գործունեության պայմաններում։ Ճահճացումը, տեղում դոփելը չեն կարող ցանկալի կայունություն համարվել։
Հասարակական համաձայնության վրա հիմնված իրական քաղաքական կայունության ապահովման համար անհրաժեշտ է.
- ապահովել իշխանությունների պատասխանատվությունը հասարակության առջեւ, ինչը դրսեւորվում է նրա փոփոխելիության մեջ.
- բացառել ընտրակեղծիքներով, ընտրողների փոքրամասնության քվեն ստացած ցանկացած իշխանության ձեւավորում.
- ապահովել ժողովրդավարական, բաց, հրապարակային ու արդար ընտրությունների անցկացում, որոնց արդյունքները կասկածի տակ չեն առնվի, ընտրություններից հետո հասարակության տարբեր շերտերի միջեւ առճակատման առիթ չեն դառնա.
- հասարակության մեջ առկա հակասությունները լուծել փոխհամաձայնությունների եւ հանդուրժողականության հենքի վրա.
- երաշխավորել քաղաքական ընդդիմության իրավունքները, մասնավորապես ԶԼՄ-ների մատչելիությունը.
- սահմանել քաղաքացիական վերահսկողություն ուժային կառույցների նկատմամբ, օրենքով սահմանել նրանց գործառույթները, խնդիրները, կազմը.
- ապահովել ԶԼՄ-ների իրական անկախություն.
- արմատապես ու էապես վերամշակել ազգային անվտանգության ռազմավարությունը, պետական կառավարման հանրապետական, տարածքային, այդ թվում ուժային կառույցների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը կառուցել այդ ռազմավարության հիման վրա։
Քաղաքական համակարգում կուսակցությունների դերի բարձրացում
Ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում կարեւոր տեղ ունեն կուսակցությունները։
Ցանկացած պետություն, այդ թվում նաեւ Հայաստանը, կարող է հզորության եւ կայունության հավակնել, եթե ունենա քաղաքական հզոր եւ կայուն կուսակցություններ։ Միայն քաղաքական ուժեղ կուսակցությունների առկայությունը կարող է երկիրը զերծ պահել անակնկալներից ու քաղաքական տարերային ցնցումներից։ Պետությունը պետք է նպաստի ուժեղ կուսակցությունների կայացմանը։ Ուժեղ կուսակցությունները ուժեղ պետության նախապայմանն են։
Պետությունները հզոր կուսակցություններ ստեղծելու հարցում մեծ կարեւորություն են տալիս կառավարման եւ ընտրական համակարգերին։
- Անհրաժեշտ է վերացնել խորհրդարանական ընտրությունների վարկանիշային համակարգը՝ անցում կատարելով լիակատար համամասնական ցուցակների։ Ապահովել ազատ, արդար ընտրություններ, որոնց շնորհիվ տեղի կունենան քաղաքական կուսակցությունների վերասերում ու խոշորացում։
- Ընդդիմության կայացմանը նպաստելու, հետեւաբար՝ քաղաքական համակարգում կայունություն ու կանխատեսելիություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունների միջոցով ամրագրել դրան ներկայացվող երաշխիքները՝ խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի եւ գործադիր իշխանության ճնշումներից։
- Կուսակցությունների կայացմանը նպաստելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություն կատարել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում, ինչով կնախատեսվի Ազգային ժողով անցած կուսակցություններին կամ դրանց դաշինքներին հատկացնել պետական ֆինանսավորում՝ յուրաքանչյուրին տարեկան 200 միլիոն դրամի չափով, իսկ 2%-ի շեմը հաղթահարած կուսակցություններին՝ 50 միլիոն դրամի չափով։ Օրենսդրությամբ ամրագրել առեւտրային դրամատների իրավունքը՝ գրավի դիմաց ֆինանսավորել կուսակցությունների նախընտրական քարոզարշավը։
Ընտրական համակարգի բարեփոխումներ
Իշխանության ցանկացած ճյուղի՝ օրինականության շրջանակներում գործելու երաշխիքը ժողովրդի կամքով կամ ժողովրդի ներկայացուցչի միջոցով նրա ձեւավորումն է։ Իշխանության որեւէ ճյուղի բռնազավթումը, խմբերի, անհատների կողմից դրա ձեւավորումը վտանգում են նաեւ իշխանության այլ ճյուղերի անկախ գործունեությունը։ Ուստի անհրաժեշտ են ժողովրդի հավաքական կամքի ամրագրումն ապահովող ու ժողովրդին իր իսկ իշխանության հաստատման հնարավորություն ընձեռող ընտրական համակարգի բարեփոխումներ՝ Ընտրական օրենսգրքի վերանայում ու բարելավում։ Դա հավասար պայմաններ կստեղծի ու հավասար պատասխանատվություն կապահովի ընտրական գործընթացին մասնակցող բոլոր սուբյեկտների համար՝ ընտրությունները դարձնելով ելակետային, վճռորոշ այն հանգրվանը, որից պետք է սկիզբ առնեն ժողովրդավարական մյուս բոլոր հանրակարգերը։
Այս ոլորտում առաջնահերթ քայլեր ենք համարում՝
- ընտրական հանձնաժողովների գործունեության նկատմամբ իրական հասարակական վերահսկողության սահմանումը, ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունը.
- Ազգային ժողովի ընտրությունների 100%-անոց համամասնական ընտրակարգի ներդրումը.
- ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների համար պատժամիջոցների խստացումը.
- պետական ֆինանսավորմամբ ԶԼՄ-ներում թեկնածուների միջեւ հավասար պայմանների ապահովումը.
- Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների ձեւավորումը ԱԺ խմբակցությունների կողմից՝ հավասար համամասնությամբ, իսկ դրանց՝ երեք եւ պակաս լինելու դեպքում՝ նաեւ 2 տոկոս շեմը հաղթահարած կուսակցությունների/դաշինքների թվից ամենաշատ ձայներ հավաքած ուժի/ուժերի կողմից, այնպես, որ ընտրական հանձնաժողովները ձեւավորող ուժերի թիվը լինի նվազագույնը 4.
- քաղաքացիների ընտրական մշակույթի զարգացման համապետական նպատակային ծրագրի ընդունումը եւ իրականացումը։
Պետական կառավարման համակարգի բարեփոխումներ
Երկրի զարգացման հարցում կարեւորում ենք նաեւ պետական արդյունավետ ու նպատակաուղղված համակարգի գոյությունը։ Ուռճացված, ոչ արդյունավետ պետական վարչակազմը չի կարող նպաստել երկրի զարգացմանը։ Պետական վարչակազմը պետք է լինի փոքրակազմ, ճկուն ու արագ արձագանքող, վարչարարությամբ՝ թեթեւ։
Ի սկզբանե պետք է հստակեցնել սոցիալ-տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքում պետության գործառույթներն ու խնդիրները եւ միայն դրանից հետո ձեւավորել պետական այնպիսի վարչակազմ, որն ի զորու է լուծել այդ խնդիրները։ Պետք է վերջ տալ հատուկ այս կամ այն իշխանահաճո անձի համար պաշտոն հիմնելու արատավոր գործելակերպին։
Այս ոլորտում անհրաժեշտ է՝
- կրճատել ուռճացված պետական վարչակազմը.
- օրենքով սահմանել կառավարության գործունեության կարգը.
- օրենքով արգելել ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ԱԺ պատգամավորներին, պետական, քաղաքացիական, մաքսային, հարկային, համայնքային ծառայողներին տնտեսական գործունեությամբ զբաղվելը եւ տնտեսական հարաբերությունների վրա որեւէ կերպ ազդեցություն ունենալը: Սահմանել այդ դեպքերի համար պատասխանատվության (ընդհուպ մինչեւ քրեական) հստակ նորմերն ու մեխանիզմները.
- հստակորեն որոշարկել տնտեսության եւ հասարակության մեջ պետական վարչակազմի գործառույթները.
- վերացնել պետական տարբեր մարմինների լիազորությունների կրկնությունները.
- պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը դարձնել հրապարակային, ամրագրել քաղաքացիական ու համայնքային ծառայողների պատասխանատվության հստակ մեխանիզմները.
- պետական իշխանության մարմինների գործունեությունն ավելի բաց եւ թափանցիկ դարձնել քաղաքացիների, ոչ կառավարական կազմակերպությունների համար.
- ամեն տարի ԶԼՄ-ներում հրապարակել տեղեկատվություն՝ պետական կառավարման յուրաքանչյուր մարմնի կատարած աշխատանքների, ծախսած միջոցների եւ ծրագրերի մասին.
- սահմանել բարձրաստիճան պաշտոնյաների, պետական ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների իրական եկամուտները ստուգող գործուն համակարգ։
Արդյունավետ պետական վարչակազմ
«Ժառանգություն» կուսակցության համար պետական վարչակազմի արդյունավետության չափանիշը անցյալի բարեբեր ժառանգությանը տեր կանգնելու, ժամանակի խնդիրներն արագ ու արդյունավետ լուծելու, հասարակությունն ու երկիրը բարեկեցության մայրուղի դուրս բերելու, ապագայի հարստության հիմքերն այսօր դնելու՝ պետական քաղաքականաստեղծ մեքենայի ունակությունն ու կարողականությունն է։
Հայաստանի քաղաքականաստեղծ պետական մեքենան պետք է մեկընդմիշտ՝
- հրաժարվի պետական վարչակազմը անհատի, խմբի շահերին ծառայեցնելու արատավոր փորձից.
- կողմնորոշվի դեպի ժողովրդաիշխանության ու ժողովրդավարության ուղի.
- որդեգրի հանրության շահով առաջնորդվելու եւ այդ շահն իրականացնելու կենսակերպ.
- գործի թափանցիկ ու հրապարակային՝ բաց բոլորի համար ու բոլորի տեսադաշտում՝ հաշվետու լինելով եւ հանրությանն իրազեկելով իր ձեռքբերումների ու բացթողումների, արածների, չարածների ու անելիքների մասին։
Պետական արդյունավետ վարչակազմն ու լավ կառավարումը հենվում են բանիմաց, իրավասու, արհեստավարժ, օրինական գործունեության ազատության ու պաշտպանվածության աստիճան ունեցող պետական ծառայողների վրա։ Մեր կարգախոսն է՝ ոչ թե «կադրերն են որոշում ամեն ինչ», այլ՝ «լավ կադրերը շատ բան են որոշում»։ Ինչպես պետության մեջ հիմնական արժեքը մարդն է, պետական վարչակազմում եւս մարդն է՝ մասնագիտական պատրաստվածություն, արժանապատվություն ու դիմագիծ ունեցող պետական ծառայողը։
Հայաստանի համար շռայլություն է ամենատարբեր մասնագիտություններով կադրեր պատրաստող բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթօջախները բարձր որակավորմամբ հավանական արտագաղթողների հաստատության վերածելը։ Պետությունն իր պետծառայողների ընտրությունը պետք է առաջին հերթին կատարի այդտեղից։
Պետական կառավարման համակարգի համալրումը կադրերով պետք է լինի բաց, թափանցիկ ու ոչ ձեւական մրցույթներով՝ անկախ սուբյեկտիվ, մարդկային կամ քաղաքական կամայականություններից, քմահաճություններից, համակրանքից կամ հակակրանքից։
Պետական վարչակազմի արդյունավետության անհրաժեշտ ու բավարար ցուցանիշ չի կարող լինել ընդունված որոշումների, անցկացված միջոցառումների, կատարված այցելությունների սոսկ քանակը։ Պետական վարչակազմի արդյունավետության ցուցանիշը պետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության ու իրավունքի վիճակն է՝ ածանցված երկրի բարոյահոգեբանական մթնոլորտից, տնտեսական զարգացածության մակարդակից, գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներից։
Պետական ապարատի մշակած՝ երկրի զարգացման ծրագրերի թելադրողը պետք է լինի հայ իրականությունը՝ իր լուծված ու չլուծված խնդիրներով, որոնք փորձագիտական գնահատականի են արժանացել իրավասու հաստատությունների, ակադեմիական ու ոչ ակադեմիական հետազոտական կենտրոնների կողմից։
«Ժառանգություն» կուսակցությունը պետական վարչակազմի գործունեության փիլիսոփայությունը համարում է «հնարավորինս քիչ չլուծված խնդիրներ թողնել ապագա սերունդների ուսերին» կարգախոսը։ Պետական վարչակազմը ոչ թե անհատի կամ խմբի, այլ համընդհանուրի բարեկեցության ապահովման ամենաարդյունավետ գործիքներից մեկը պետք է լինի։