Հոդվածների ցուցակագիր

ԾՐԱԳԻՐ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

2005թ.

(2019թ. փոփոխություններով եւ լրացումներով)

 

«Ժառանգություն» կուսակցությունը (այսուհետ՝ «Ժառանգություն») ակունքներով ազգային, գաղափարախոսությամբ՝ ազատական, կառավարման ժողովրդավարական համակարգի ջատագով քաղաքական ուժ է, որն առաջնային խնդիր է համարում Հայաստանի Հանրապետության կայացումը՝ որպես ժողովրդավարական, իրավական, իր ներքին եւ արտաքին քաղաքականությունն ազգային-պետական շահերի վրա կառուցող, զարգացած պետություն։

«Ժառանգությունը» հեռանկարում Հայաստանը տեսնում է իբրեւ մի պետություն, որտեղ՝

  • բարձրագույն արժեքը մարդն է, նրա իրավունքներն ու ազատությունները.
  • պետական կառույցները ծառայում են ժողովրդին, միջոց են նրա ինքնակազմակերպման ու իղձերի իրականացման համար, եւ նրանց գլխավոր խնդիրը մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների իրականացման ապահովումն է.
  • քաղաքացին պետության հիմքն է, ժողովուրդը՝ իշխանության աղբյուրը, ազգը՝ պետականության խարիսխը, իսկ նրանց ազատությունը՝ ինքնիշխանության գրավականը.
  • ժողովրդավարությունը երաշխավորված է Սահմանադրությամբ, օրենքներով, քաղաքացիական հասարակությամբ, պետության կառավարման բյուրեղացած ժողովրդավարական եղանակներով.
  • յուրաքանչյուր ոք եւ քաղաքական ուժ գիտակցում է անցյալի, ներկայի եւ ապագայի համար իր պատասխանատվությունը։

«Ժառանգության» գաղափարական սկզբունքները

  1. Մարդու արժանապատվության, հոգեւոր եւ նյութական ազատության, բարեկեցության, մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման, կառավարման համակարգի առողջ եւ արդյունավետ գործունեության երաշխիքը ժողովրդավարությունն է։ Պետական եւ ազգային շահի կրողը ժողովուրդն է, որն ազատ ու արդար ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման միակ աղբյուրն է։
  2. Հայ ժողովուրդն առաջին հերթին պետք է ապավինի իր սեփական ուժերին։
  3. Ազգային իղձերի իրականացման նախապայմանը անկախ ու արդյունավետ պետությունն է եւ, հաշվի առնելով հայության աշխարհասփյուռ վիճակը, ազգի բոլոր հատվածների փոխգործակցությունն ապահովող համազգային կառույցների ձեւավորումը։
  4. Պետական իշխանությունն իր քաղաքացիների կյանքի, սոցիալական պաշտպանության եւ մարդկային իրավունքների ապահովության իրականացնողն է:
  5. Տնտեսության զարգացման, անհատի ընդունակությունների առավելագույն դրսեւորման աղբյուրը ազատականությունն է, ինչը պետությանը չի ազատում սոցիալական պարտավորություններից։
  6. Հայ մարդը, ով օտար ափերում տնտեսության զարգացման լուրջ գործոն է ու ապրում է բարեկեցիկ կյանքով, իր հայրենիքում չպետք է ապրի աղքատ:
  7. Հայաստանի Հանրապետության քաղաքացու հարստության աղբյուրը պետք է լինի իր բնատուր ստեղծագործական աշխատանքը, ինչի իրացման նպատակով անհրաժեշտ է ստեղծել գործարարության հավասար եւ ստեղծագործելու համար նպաստավոր պայմաններ:
  8. Յուրաքանչյուր մարդ Հայաստանում իր ողջ կյանքի ընթացքում պետք է ապրի արժանավայել, առանց նվաստացման եւ ստորացման:
  9. Ելակետային անհավասար ու խոցելի վիճակում հայտնված խմբերն իրենց տրված հավասար իրավունքները ազատորեն իրացնելու գործում պետք է զգան պետության անհրաժեշտ օժանդակությունը:

«Ժառանգության» մոտեցումները Հայաստանի հիմնախնդիրների լուծման նկատմամբ

Երկրում առկա խնդիրները լուծելու համար «Ժառանգությունը» ելնում է հայտնի պատճառահետեւանքային հիմնարար կապից։

  • Ինչպես սոցիալական (աղքատության բարձր մակարդակ, չքավորություն, եկամուտների ծայրահեղ բեւեռացում, արտագաղթ, գործազրկություն, բուժսպասարկման անմատչելիություն եւ ցածր որակ, մասնավոր սեփականության անպաշտպանվածություն եւ այլն), այնպես էլ հումանիտար (այդ թվում՝ կրթության մատչելիություն, գիտության զարգացում ու համաշխարհային առաջատար գիտական համակարգին սերտաճման անհրաժեշտություն, մշակույթի պահպանություն ու հարստացում) ոլորտների խնդիրների եւ տնտեսական ոլորտի (տնտեսության զարգացում, աշխատատեղերի ստեղծում ու արժանապատիվ աշխատանք եւ աշխատավարձ) խնդիրների լուծումները փոխկապակցված են․
  • իսկ տնտեսական ոլորտի հիմնահարցերի (սակավաբյուջե, կլանային եւ ստվերային տնտեսություն, ազատ եւ արդար մրցակցության բացակայություն, հարկային բեռի ծանրացում եւ կոռուպցիայի բացասական ազդեցություն փոքր ու միջին ձեռներեցության իրականացման վրա, գյուղացու անպաշտպանվածություն, բնական պաշարների անարդյունավետ օգտագործում եւ փոշիացում, ազգային հարստության մաս կազմող պետական գույքի անարդյունավետ, կեղեքիչ սեփականաշնորհում ու օտարում) կարգավորումը միարժեքորեն կախված է քաղաքական եւ հոգեւոր-մշակութային խնդիրների (ավտորիտար համակարգի մնացուկներից ձերբազատում եւ լիարժեք անցում դեպի ժողովրդավարական ու իրավական համակարգի, ներհասարակական համերաշխության, սոցիալական պատասխանատվության եւ փոխօգնության արժեքների տարածում եւ արմատավորում) լուծումներից։

Դրանով իսկ «Ժառանգության» ծրագրային բոլոր խնդիրներն ու առաջնահերթությունները փոխկապակցված են։ Ազգային-համամարդկային արժեքների վրա խարսխված ժողովրդավարական ու իրավական պետություն կառուցելու նպատակով կարեւորվում են՝

  • մարդու իրավունքների եւ ազատությունների ճանաչումը, հարգումը, պաշտպանությունն ու իրականացման ապահովումը.
  • մասնավոր սեփականության պաշտպանվածությունը,
  • տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը, անկախության ապահովումը եւ զարգացումը.
  • քաղաքացիական հասարակության ձեւավորումը.
  • խոսքի ազատության եւ լրատվական դաշտում մրցակցության ապահովումը.
  • հովանավորչության, կոռուպցիայի դեմ իրական եւ արդյունավետ պայքարը, կլանային ու ստվերային տնտեսությունից ձերբազատումը.
  • ազգային հարստության արդյունավետ ու նպատակային կառավարումն ու բազմապատկումը,
  • արդարացի ու արդյունավետ ընտրական համակարգի ձեւավորումը.
  • պետական վարչակազմի արդիականացումը եւ արդյունավետության բարձրացումը, ստվերային կառավարումից ձերբազատումը, պետական իշխանության իրականացման ժողովրդավարական եղանակների հետեւողական արմատավորումը.
  • Կարճաժամկետ կտրվածքում՝ ազատ մրցակցային, իսկ երկարաժամկետում՝ համագործակցային տնտեսական համակարգի ձեւավորումը, բնական մենաշնորհների արդար եւ արդյունավետ կարգավորումը, արհեստական մենաշնորհների դեմ պայքարը.
  • եկամուտների արդարացի վերաբաշխումը եւ սոցիալական բեւեռացման մեղմումը.
  • մշակույթի եւ ստեղծարարության առաջընթաց զարգացումը․
  • ազգային ժառանգության պահպանումը եւ զարգացումը.
  • գիտության, գիտատար արտադրության զարգացումը.
  • կրթական համակարգի համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին.
  • շրջակա միջավայրի պահպանությունը.
  • բնական պաշարների արդյունավետ ու նպատակային օգտագործումն ու կառավարումը.
  • մատչելի եւ որակյալ բուժսպասարկման ապահովումը, մարդու առողջությանը սպառնացող համաճարակների կանխարգելումը.
  • ժողովրդագրական վիճակի բարելավումը.
  • մայրության, մանկության եւ ընտանիքի պաշտպանությունը.
  • ներքին եւ արտաքին անվտանգության ապահովումը.
  • ազգային ու պետական շահի վրա հիմնված արտաքին ճկուն քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով բարիդրացիական հարաբերությունների հաստատման ոգով.
  • Արցախի անկախության միջազգային ճանաչման կամ Հայաստանի հետ նրա վերամիավորման ապահովումը.
  • Տարածաշրջանային զարգացումներում Հայաստանի գործուն ներգրավումը, համագործակցության ու անվտանգության նախաձեռնությունների կենսագործումը, քաղաքական, տնտեսական եւ հաղորդակցական ծրագրերին մասնակցությունը.
  • աշխատանքի միջազգային բաժանմանն ակտիվ ու արդյունավետ մասնակցությունը.
  • Հայաստանի միջազգային դերի ու վարկի բարձրացումը.
  • Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը.
  • Սփյուռքի հետ արդյունավետ եւ բազմակողմանի կապերի խորացումը, Սփյուռքում հայապահպանությանը նպաստելը.
  • Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի կտրուկ նվազեցումը.
  • հայրենադարձության խթանումը:

1. ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Իրավակարգի կատարելագործման հարցում կարեւորվում են՝

  1. սահմանադրական բարեփոխումները.
  2. անկախ եւ անաչառ դատական իշխանության ու դատախազական համակարգի կայացումը.
  3. տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերի զարգացումը.
  4. կուսակցությունների դերի բարձրացումը.
  5. ընտրական օրենսդրության արդիականացումը.
  6. պետական կառավարման համակարգի բարեփոխումները։

Սահմանադրական բարեփոխումներ

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի բազմաթիվ խնդիրներ պայմանավորված են նաեւ գործող եւ նախորդ երկու սահմանադրությունների անկատարությամբ, ինչը հրամայական է դարձնում սահմանադրական բարեփոխումները։ Մասնավորապես գործող Սահմանադրության մեջ են ավտորիտար այնպիսի դրսեւորումների արմատները, ինչպիսիք են իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ վարչապետի ձեռքում, սոցիալական ծայրահեղ բեւեռացումը, խորհրդարանի ու կուսակցությունների դերի ցածր մակարդակը, չկայացած տեղական ինքնակառավարումը եւ այլն։

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ գործող ՀՀ Սահմանադրությունը չի ընդունվել ՀՀ քաղաքացիների կողմից եւ ենթակա է լուրջ փոփոխությունների ու նոր համաժողովրդական քվեարկության:

Սահմանադրության տարբերակը, որը կներկայացնի «Ժառանգություն» կուսակցությունը, մասնավորապես կամրագրի՝

  • իշխանությունների տարանջատման, զսպումների եւ հակակշիռների հստակ մեխանիզմ, արդյունավետ կառավարման համակարգ, դատական անկախ իշխանություն, դատախազական անկախ համակարգ, իրական տեղական ինքնակառավարում եւ, ընդհանուր առմամբ, պետական կառավարման իշխանության հավասարազոր բաշխում պետական համակարգի երեք ճյուղերի միջեւ, իսկ տարածքային առումով՝ դրա ապակենտրոնացում ու խորհրդարանական կառավարման (պառլամենտարության) տարրերի աստիճանական ուժեղացում։ Այս տեսանկյունից սահմանադրական բարեփոխումների հիմնարար մոտեցումներից են՝
  • որպես նպատակակետ՝ խորհրդարանական ընտրությունների 100%-անոց համամասնական ընտրակարգ.
  • պետական ծառայողի կարգավիճակի օրենսդրական կարգավորում, ինչը կհստակեցնի նրա իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը.
  • քաղաքացիական ծառայողի համակարգի բարեփոխում, ինչի արդյունքում դրանք իրապես կերաշխավորեն քաղաքացիական ծառայողների ընտրության ազնիվ մեխանիզմներ, քաղաքացիական ծառայողին իրապես կպաշտպանի վերադասի կամայականություններից եւ կերաշխավորի նրա պաշտոնավարությունը՝ անկախ կառավարման վերին օղակում քաղաքական ուժերի փոփոխությունից, միաժամանակ կսահմանի համապատասխան պաշտոնին ներկայացվող մասնագիտական գիտելիքների ու փորձի պահանջները, ինչպեսեւ պատասխանատվությունը պաշտոնական դիրքի չարաշահումների եւ օրինազանցությունների համար.
  • անմիջական ժողովրդավարության ինստիտուտի ընդլայնում.
  • ՀՀ ազգային ժողովի բոլոր մշտական հանձնաժողովների փոխնախագահների պաշտոնների համամասնորեն վերապահում խորհրդարանական ընդդիմությանը.
  • Վերահսկիչ պալատի ղեկավար կազմի ձեւավորման իրավունքի վերապահում բացառապես քաղաքական ընդդիմությանը.
  • Մարդու իրավունքների պաշտպանի նշանակման իրավունքի վերապահում քաղաքական ընդդիմությանը.
  • ՀՀ Գլխավոր դատախազի երկու տեղակալների պաշտոններից մեկի վերապահում խորհրդարանական ընդդիմությանը, իսկ մյուսի` արտախորհրդարանական ընդդիմության՝ վերջին խորհրդարանական ընտրություններին առավել շատ ձայն ստացած երեք ուժերին.
  • տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ընդլայնում` ի հաշիվ իշխանության կենտրոնական մարմինների լիազորությունների.
  • մարզերում ներկայացուցչական մարմինների ինստիտուտների ամրագրում, մարզպետների ուղղակի կամ անուղղակի ընտրությունների սահմանում.
  • ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության դուրսբերում Վարչապետի ուղիղ ենթակայությունից, դրանց կարգավիճակի բարձրացում մինչեւ նախարարություններ եւ ենթակայեցում Ազգային ժողովին․
  • մունիցիպալ ոստիկանության ինստիտուտի սահմանում:

Սահմանադրական բարեփոխումների՝ այդ հիմքերի վրա պատրաստված տարբերակը, ինքնին չլինելով անհրաժեշտ ու բավարար երաշխիք, բարենպաստ հիմք կստեղծի առկա բացասական երեւույթները մեղմելու եւ աստիճանաբար վերացնելու համար։

Անկախ եւ անաչառ դատական իշխանության կայացում

Դատական իշխանության անկախության բացակայությունը մեծագույն վտանգներից է՝ հասարակության մեջ եւ ողջ երկրում օրինականության խաթարման, քաղաքացիական վարքաբանության խոտորման, հասարակության բարոյալքման, սեփական երկրի հեռանկարի ու զարգացման նկատմամբ հավատի կորստյան եւ, ի վերջո, սեփական երկրից օտարման առումով։ Ուստի դատական իշխանության բարեփոխումն առաջնային է, իսկ նրա անկախության ու անաչառության, միայն օրենքով առաջնորդվելու գրավականը իշխանական ու խմբային ցանկացած ազդեցությունից, պատվերից ու ներգործությունից դատավորների անկախության ապահովումն է։

Դատաիրավական բարեփոխումների նպատակը պետք է լինի արդարադատության մատչելիությունը, անկախ ու անաչառ դատական իշխանության ստեղծումը, որն ի զորու է ապահովելու ժողովրդավարության կայացումն ու տնտեսական բարեփոխումները։

Այդ նպատակով անհրաժեշտ է՝

  • խստացնել դատավորներին ներկայացվող պահանջները.
  • դատական իշխանությունն ազատել գործադիր իշխանության եւ դատախազության ազդեցությունից.
  • բացառությամբ Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի դատավորների, մյուս ատյանների դատավորներին ընտրել ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով` 3 տարի ժամկետով: Մշակել եւ ներդնել դատավորների ընտրության ու հետկանչի հստակ ընթացակարգերն ու հիմքերը.
  • ստեղծել դատական ակտերի տեղեկատվական բանկ.
  • մշակել դատավորների պաշտոնազրկման հստակ ընթացակարգերն ու հիմքերը.
  • սահմանել անձի՝ փաստաբան ունենալու իրավունքը քննչական բոլոր գործողությունների ժամանակ՝ ներառյալ խուզարկությունը եւ ձերբակալությունը, ցուցմունք կամ բացատրություն տալը.
  • փոփոխություն կատարել Փաստաբանական գործունեության մասին օրենքում. քաղաքացուն պետք է պետության միջոցներով փաստաբանական անվճար ծառայություն մատուցվի նաեւ այն դեպքերում, երբ քաղաքացին վիճարկում է պետական կառույցի գործունեությունը կամ անգործությունը՝ կապված մարդու իրավունքների հետ։

Դատախազության բարեփոխումներ

ՀՀ օրենսդրությունը փաստորեն դատախազությանը վերապահել է իշխանության չորրորդ ճյուղի լիազորություններ՝ այն քաղաքական իշխանությունների ձեռքին դարձնելով հակառակորդներին թուլացնելու կամ վերացնելու գործիք։ Դատախազության ընդհանուր հսկողության լիազորությունը, որը խորհրդային համակարգի վերապրուկ է, օրենքով նախատեսված չլինելու պարագայում եւս, իներցիայի ուժով շարունակում է մնալ եւ շպարվել դատախազության՝ «դատարաններում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու» լիազորության քողով, ինչը մասնավորապես դրսեւորվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին անհարկի միջամտությունների տեսքով։ Այս պատճառով կաթվածահար է լինում դատախազության գործունեությունը, խոչընդոտվում է ձեռներեցությունը։ Նման աշխատաոճի պարագայում բնական են եւ հանցավորության ավելացումը, եւ չբացահայտված հանցագործությունների մեծ թիվը։

Դատախազության բարեփոխումները ենթադրում են՝

  • դատական իշխանության համակարգից դատախազության համակարգի դուրսբերում.
  • քննչական մարմինների վերադարձ դատախազության համակարգի ներքո․
  • անկախ դատախազական համակարգի ձեւավորում, որի իրավասությունների մեջ կմտնի պետական ու հասարակական շահի ոտնահարման դեպքերում քրեական գործերի հարուցումը.
  • դատախազության համակարգի ձեւավորմանը խորհրդարանի մասնակցություն.
  • արդարադատության խորհրդից դատախազության դուրսբերում.
  • դատախազների թեկնածուների առաջադրման, առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ օժտված անկախ մարմնի ստեղծում.
  • դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու լիազորության վերացում.
  • քրեական դատավարությունում պատժաչափի վերաբերյալ դատարանին միջնորդություն ներկայացնելու լիազորության բացառում.
  • դատաքննության ժամանակ դատախազի եւ փաստաբանի լիազորությունների միջեւ հավասարության ապահովում։

Տեղական ինքնակառավարում եւ տարածքային կառավարում

Պետության առաջնային բջիջը համայնքն է, առանց որի հնարավոր չէ խոսել բարեկարգ ու զարգացած երկրի մասին։ Տեղական ինքնակառավարման համակարգը ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության հիմնաքարն է։ Միայն այդ համակարգի զարգացմամբ է հնարավոր կառուցել-շենացնել մեր գյուղերն ու քաղաքները։ «Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ ինքնաբավ, ուժեղ համայնքը ուժեղ եւ ինքնիշխան պետության հիմքն է: Այդ ամենի համար մասնավորապես անհրաժեշտ է՝

  • ապահովել համայնքների քաղաքական ու ֆինանսատնտեսական անկախությունը. այն է՝ բացառել ինչպես կառավարության, այնպես էլ ցանկացած այլ մարմնի կողմից համայնքի ղեկավարին եւ ավագանու անդամներին պաշտոնանկ անելու իրավունքը եւ հետեւողականորեն իրականացնել ապակենտրոնացման գործընթացը, այսինքն՝ համայնքներին փոխանցել համայնքներին առնչվող հիմնական լիազորությունները եւ դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Ընդունել Տեղական ինքնակառավարման մասին նոր օրենք, որով հնարավոր կլինի համայնքների բյուջե ուղղվող գումարները հասցնել պետական բյուջեի 30-40 տոկոսին, դրանով աշխուժացնել գյուղական եւ քաղաքային համայնքների կյանքը.
  • տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումն ապահովելու նպատակով վերամշակել «Տեղական տուրքերի ու վճարների մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքները.
  • բարեփոխել տարածքային կառավարման համակարգը:

Քաղաքական կայունություն

«Ժառանգության» համար քաղաքական կայունությունը նախեւառաջ ժողովրդավարական հանրակարգերի կայունությունն է` նրանց աշխույժ գործունեության պայմաններում։ Ճահճացումը, տեղում դոփելը չեն կարող ցանկալի կայունություն համարվել։

Հասարակական համաձայնության վրա հիմնված իրական քաղաքական կայունության ապահովման համար անհրաժեշտ է.

  • ապահովել իշխանությունների պատասխանատվությունը հասարակության առջեւ, ինչը դրսեւորվում է նրա փոփոխելիության մեջ.
  • բացառել ընտրակեղծիքներով, ընտրողների փոքրամասնության քվեն ստացած ցանկացած իշխանության ձեւավորում.
  • ապահովել ժողովրդավարական, բաց, հրապարակային ու արդար ընտրությունների անցկացում, որոնց արդյունքները կասկածի տակ չեն առնվի, ընտրություններից հետո հասարակության տարբեր շերտերի միջեւ առճակատման առիթ չեն դառնա.
  • հասարակության մեջ առկա հակասությունները լուծել փոխհամաձայնությունների եւ հանդուրժողականության հենքի վրա.
  • երաշխավորել քաղաքական ընդդիմության իրավունքները, մասնավորապես ԶԼՄ-ների մատչելիությունը.
  • սահմանել քաղաքացիական վերահսկողություն ուժային կառույցների նկատմամբ, օրենքով սահմանել նրանց գործառույթները, խնդիրները, կազմը.
  • ապահովել ԶԼՄ-ների իրական անկախություն.
  • արմատապես ու էապես վերամշակել ազգային անվտանգության ռազմավարությունը, պետական կառավարման հանրապետական, տարածքային, այդ թվում ուժային կառույցների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը կառուցել այդ ռազմավարության հիման վրա։

Քաղաքական համակարգում կուսակցությունների դերի բարձրացում

Ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում կարեւոր տեղ ունեն կուսակցությունները։

Ցանկացած պետություն, այդ թվում նաեւ Հայաստանը, կարող է հզորության եւ կայունության հավակնել, եթե ունենա քաղաքական հզոր եւ կայուն կուսակցություններ։ Միայն քաղաքական ուժեղ կուսակցությունների առկայությունը կարող է երկիրը զերծ պահել անակնկալներից ու քաղաքական տարերային ցնցումներից։ Պետությունը պետք է նպաստի ուժեղ կուսակցությունների կայացմանը։ Ուժեղ կուսակցությունները ուժեղ պետության նախապայմանն են։

Պետությունները հզոր կուսակցություններ ստեղծելու հարցում մեծ կարեւորություն են տալիս կառավարման եւ ընտրական համակարգերին։

  • Անհրաժեշտ է վերացնել խորհրդարանական ընտրությունների վարկանիշային համակարգը՝ անցում կատարելով լիակատար համամասնական ցուցակների։ Ապահովել ազատ, արդար ընտրություններ, որոնց շնորհիվ տեղի կունենան քաղաքական կուսակցությունների վերասերում ու խոշորացում։
  • Ընդդիմության կայացմանը նպաստելու, հետեւաբար՝ քաղաքական համակարգում կայունություն ու կանխատեսելիություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունների միջոցով ամրագրել դրան ներկայացվող երաշխիքները՝ խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի եւ գործադիր իշխանության ճնշումներից։
  • Կուսակցությունների կայացմանը նպաստելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություն կատարել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում, ինչով կնախատեսվի Ազգային ժողով անցած կուսակցություններին կամ դրանց դաշինքներին հատկացնել պետական ֆինանսավորում՝ յուրաքանչյուրին տարեկան 200 միլիոն դրամի չափով, իսկ 2%-ի շեմը հաղթահարած կուսակցություններին՝ 50 միլիոն դրամի չափով։ Օրենսդրությամբ ամրագրել առեւտրային դրամատների իրավունքը՝ գրավի դիմաց ֆինանսավորել կուսակցությունների նախընտրական քարոզարշավը։

Ընտրական համակարգի բարեփոխումներ

Իշխանության ցանկացած ճյուղի՝ օրինականության շրջանակներում գործելու երաշխիքը ժողովրդի կամքով կամ ժողովրդի ներկայացուցչի միջոցով նրա ձեւավորումն է։ Իշխանության որեւէ ճյուղի բռնազավթումը, խմբերի, անհատների կողմից դրա ձեւավորումը վտանգում են նաեւ իշխանության այլ ճյուղերի անկախ գործունեությունը։ Ուստի անհրաժեշտ են ժողովրդի հավաքական կամքի ամրագրումն ապահովող ու ժողովրդին իր իսկ իշխանության հաստատման հնարավորություն ընձեռող ընտրական համակարգի բարեփոխումներ՝ Ընտրական օրենսգրքի վերանայում ու բարելավում։ Դա հավասար պայմաններ կստեղծի ու հավասար պատասխանատվություն կապահովի ընտրական գործընթացին մասնակցող բոլոր սուբյեկտների համար՝ ընտրությունները դարձնելով ելակետային, վճռորոշ այն հանգրվանը, որից պետք է սկիզբ առնեն ժողովրդավարական մյուս բոլոր հանրակարգերը։

Այս ոլորտում առաջնահերթ քայլեր ենք համարում՝

  • ընտրական հանձնաժողովների գործունեության նկատմամբ իրական հասարակական վերահսկողության սահմանումը, ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունը.
  • Ազգային ժողովի ընտրությունների 100%-անոց համամասնական ընտրակարգի ներդրումը.
  • ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների համար պատժամիջոցների խստացումը.
  • պետական ֆինանսավորմամբ ԶԼՄ-ներում թեկնածուների միջեւ հավասար պայմանների ապահովումը.
  • Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների ձեւավորումը ԱԺ խմբակցությունների կողմից՝ հավասար համամասնությամբ, իսկ դրանց՝ երեք եւ պակաս լինելու դեպքում՝ նաեւ 2 տոկոս շեմը հաղթահարած կուսակցությունների/դաշինքների թվից ամենաշատ ձայներ հավաքած ուժի/ուժերի կողմից, այնպես, որ ընտրական հանձնաժողովները ձեւավորող ուժերի թիվը լինի նվազագույնը 4.
  • քաղաքացիների ընտրական մշակույթի զարգացման համապետական նպատակային ծրագրի ընդունումը եւ իրականացումը։

Պետական կառավարման համակարգի բարեփոխումներ

Երկրի զարգացման հարցում կարեւորում ենք նաեւ պետական արդյունավետ ու նպատակաուղղված համակարգի գոյությունը։ Ուռճացված, ոչ արդյունավետ պետական վարչակազմը չի կարող նպաստել երկրի զարգացմանը։ Պետական վարչակազմը պետք է լինի փոքրակազմ, ճկուն ու արագ արձագանքող, վարչարարությամբ՝ թեթեւ։

Ի սկզբանե պետք է հստակեցնել սոցիալ-տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքում պետության գործառույթներն ու խնդիրները եւ միայն դրանից հետո ձեւավորել պետական այնպիսի վարչակազմ, որն ի զորու է լուծել այդ խնդիրները։ Պետք է վերջ տալ հատուկ այս կամ այն իշխանահաճո անձի համար պաշտոն հիմնելու արատավոր գործելակերպին։

Այս ոլորտում անհրաժեշտ է՝

  • կրճատել ուռճացված պետական վարչակազմը.
  • օրենքով սահմանել կառավարության գործունեության կարգը.
  • օրենքով արգելել ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ԱԺ պատգամավորներին, պետական, քաղաքացիական, մաքսային, հարկային, համայնքային ծառայողներին տնտեսական գործունեությամբ զբաղվելը եւ տնտեսական հարաբերությունների վրա որեւէ կերպ ազդեցություն ունենալը: Սահմանել այդ դեպքերի համար պատասխանատվության (ընդհուպ մինչեւ քրեական) հստակ նորմերն ու մեխանիզմները.
  • հստակորեն որոշարկել տնտեսության եւ հասարակության մեջ պետական վարչակազմի գործառույթները.
  • վերացնել պետական տարբեր մարմինների լիազորությունների կրկնությունները.
  • պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը դարձնել հրապարակային, ամրագրել քաղաքացիական ու համայնքային ծառայողների պատասխանատվության հստակ մեխանիզմները.
  • պետական իշխանության մարմինների գործունեությունն ավելի բաց եւ թափանցիկ դարձնել քաղաքացիների, ոչ կառավարական կազմակերպությունների համար.
  • ամեն տարի ԶԼՄ-ներում հրապարակել տեղեկատվություն՝ պետական կառավարման յուրաքանչյուր մարմնի կատարած աշխատանքների, ծախսած միջոցների եւ ծրագրերի մասին.
  • սահմանել բարձրաստիճան պաշտոնյաների, պետական ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների իրական եկամուտները ստուգող գործուն համակարգ։

Արդյունավետ պետական վարչակազմ

«Ժառանգություն» կուսակցության համար պետական վարչակազմի արդյունավետության չափանիշը անցյալի բարեբեր ժառանգությանը տեր կանգնելու, ժամանակի խնդիրներն արագ ու արդյունավետ լուծելու, հասարակությունն ու երկիրը բարեկեցության մայրուղի դուրս բերելու, ապագայի հարստության հիմքերն այսօր դնելու՝ պետական քաղաքականաստեղծ մեքենայի ունակությունն ու կարողականությունն է։

Հայաստանի քաղաքականաստեղծ պետական մեքենան պետք է մեկընդմիշտ՝

  • հրաժարվի պետական վարչակազմը անհատի, խմբի շահերին ծառայեցնելու արատավոր փորձից.
  • կողմնորոշվի դեպի ժողովրդաիշխանության ու ժողովրդավարության ուղի.
  • որդեգրի հանրության շահով առաջնորդվելու եւ այդ շահն իրականացնելու կենսակերպ.
  • գործի թափանցիկ ու հրապարակային՝ բաց բոլորի համար ու բոլորի տեսադաշտում՝ հաշվետու լինելով եւ հանրությանն իրազեկելով իր ձեռքբերումների ու բացթողումների, արածների, չարածների ու անելիքների մասին։

Պետական արդյունավետ վարչակազմն ու լավ կառավարումը հենվում են բանիմաց, իրավասու, արհեստավարժ, օրինական գործունեության ազատության ու պաշտպանվածության աստիճան ունեցող պետական ծառայողների վրա։ Մեր կարգախոսն է՝ ոչ թե «կադրերն են որոշում ամեն ինչ», այլ՝ «լավ կադրերը շատ բան են որոշում»։ Ինչպես պետության մեջ հիմնական արժեքը մարդն է, պետական վարչակազմում եւս մարդն է՝ մասնագիտական պատրաստվածություն, արժանապատվություն ու դիմագիծ ունեցող պետական ծառայողը։

Հայաստանի համար շռայլություն է ամենատարբեր մասնագիտություններով կադրեր պատրաստող բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթօջախները բարձր որակավորմամբ հավանական արտագաղթողների հաստատության վերածելը։ Պետությունն իր պետծառայողների ընտրությունը պետք է առաջին հերթին կատարի այդտեղից։

Պետական կառավարման համակարգի համալրումը կադրերով պետք է լինի բաց, թափանցիկ ու ոչ ձեւական մրցույթներով՝ անկախ սուբյեկտիվ, մարդկային կամ քաղաքական կամայականություններից, քմահաճություններից, համակրանքից կամ հակակրանքից։

Պետական վարչակազմի արդյունավետության անհրաժեշտ ու բավարար ցուցանիշ չի կարող լինել ընդունված որոշումների, անցկացված միջոցառումների, կատարված այցելությունների սոսկ քանակը։ Պետական վարչակազմի արդյունավետության ցուցանիշը պետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության ու իրավունքի վիճակն է՝ ածանցված երկրի բարոյահոգեբանական մթնոլորտից, տնտեսական զարգացածության մակարդակից, գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներից։

Պետական ապարատի մշակած՝ երկրի զարգացման ծրագրերի թելադրողը պետք է լինի հայ իրականությունը՝ իր լուծված ու չլուծված խնդիրներով, որոնք փորձագիտական գնահատականի են արժանացել իրավասու հաստատությունների, ակադեմիական ու ոչ ակադեմիական հետազոտական կենտրոնների կողմից։

«Ժառանգություն» կուսակցությունը պետական վարչակազմի գործունեության փիլիսոփայությունը համարում է «հնարավորինս քիչ չլուծված խնդիրներ թողնել ապագա սերունդների ուսերին» կարգախոսը։ Պետական վարչակազմը ոչ թե անհատի կամ խմբի, այլ համընդհանուրի բարեկեցության ապահովման ամենաարդյունավետ գործիքներից մեկը պետք է լինի։


2. ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ

Մենք ցանկանում ենք այնպես անել, որ Հայաստանում գողանալը, կաշառք ստանալն ու տալը լինեն ամոթալի ու վտանգավոր, ոչ թե հեշտ ու պատվաբեր, ինչպես որ եղել է մինչեւ 2018թ. թավշյա հեղափոխությունը։ Մենք ձգտելու ենք մեր երկրում կոռուպցիայի ծավալները հնարավորիս մոտեցնել զրոյականի։

Կոռումպացվածը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, իսկ նրան սերտաճածը չի կարող ունենալ այդ երեւույթի դեմ պայքարելու իրական ցանկություն ու ազնիվ մղում։

Օրինականության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ է հասնել հետեւյալ պահանջների կատարմանը.

  • օրենքների անվերապահ կիրառում եւ օրենքի առջեւ բոլորի հավասարություն,
  • պատժելիության սկզբունքի կիրառում՝ վերից վար,
  • բարձր իրավագիտակցություն եւ իրազեկվածություն։

Այդ պահանջների կատարման նպատակով անհրաժեշտ է՝

  1. ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, ինչի շնորհիվ քաղաքացիների ընտրած իշխանությունը վերահսկելի կդառնա հասարակության, այլ ոչ թե կլանների կողմից, իրականացնել բիզնեսի եւ իշխանության բաժանում, չինովնիկների գործունեությունում ապահովել հրապարակայնություն, թափանցիկություն, հասարակական վերահսկողություն.
  2. օրենսդրությամբ հստակորեն սահմանազատել պետական կառավարման հանրապետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներն ու խնդիրները` բացառելով դրանց կրկնորդումը.
  3. սահմանափակել հանրային ծառայողների հայեցողական լիազորությունները. հանրային ծառայողը պետք է կատարի օրենքները, ոչ թե այն մեկնաբանի իր հայեցողությամբ.
  4. իրականացնել իրավական ակտերի գույքագրում, վերացնել տարակարծիք մեկնաբանությունների տեղիք տվող ու սողանցքներ պարունակող դրույթները.
  5. կրճատել նախարարությունների ու գերատեսչությունների նորմաստեղծ գործունեությունը, վերացնել տասնյակ ենթաօրենսդրական ակտերով ղեկավարվելու՝ մեզանում արմատավորված գործելաոճը.
  6. դատաիրավական բարեփոխումների շնորհիվ առավել մատչելի դարձնել պետական մարմինների գործողությունների, անգործության բողոքարկման ընթացակարգերը.
  7. կանոնակարգել եւ պարզեցնել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում որոշումներ ընդունելու ընթացակարգերը.
  8. օրենսդրորեն ամրագրել տնտեսության մեջ մենաշնորհ եւ գերիշխող դիրք ունեցող գործարարներին օրենսդիր եւ գործադիր պետական պաշտոններում ընտրվելու եւ/կամ աշխատելու բացառումն ու այդ նորմը խախտելու համար քրեական պատասխանատվությունը.
  9. ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի համապետական անկախ կառույց, որի կառավարման խորհուրդը բաղկացած կլինի հանրապետության առաջադեմ անկախ մտավորականներից, քաղաքական ընդդիմության, հասարակական կազմակերպությունների, հայկական Սփյուռքի, Հայ Առաքելական եկեղեցու, դոնոր երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ կֆինանսավորվի ՀՀ պետական բյուջեից.
  10. ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկել երկրում արմատացած քաղաքական, համակարգային եւ վարչատնտեսական կոռուպցիայի ու անօրինականությունների գլխավոր պատասխանատուներին, ովքեր խախտել են երկրի Սահմանադրությունը եւ օրենքները.
  11. հանցավոր ճանապարհով եւ անաշխատ եկամուտներով կուտակված հարստության նկատմամբ կիրառել օրինականության վերականգնմանն ուղղված օրենքով սահմանված միջոցներ՝ այն վերադարձնելով պետության տնօրինությանը, որպեսզի հետագայում մասնավորեցվի ազատ, օրինական, մրցակցային եղանակով.
  12. վերանայել ՀՀ գործող օրենսդրությունը՝ կոռուպցիոն ռիսկերին վերաբերող դրույթների վերացման եւ պատասխանատվության հստակ նորմերի սահմանման, ինչպես նաեւ՝ ԳՐԵԿՈ-ի (Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբ) պահանջների կատարման լույսի ներքո.
  13. ընդունել օրենք 2 միլիարդ դրամը գերազանցող սեփականության հանդեպ միանվագ նվազագույն հարկ սահմանելու մասին։ Այնուհետեւ մինչ այդ կատարված տնտեսական հանցագործությունների մասով հայտարարել մասնակի համաներում, իսկ քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր կփորձեն նոր հարկի դիմաց վճարելու փոխարեն արտահանել ազգային կապիտալը.
  14. ստեղծել պարզ, կայուն ու կանխատեսելի հարկային դաշտ՝ բարեխիղճ հարկատուներին ապահովագրելով հարկային մարմինների կամայականություններից, ինչպես նաեւ կրկնակի հարկումից, որը գանձվում է անբարեխիղճ հարկատուների փոխարեն.
  15. արմատապես բարելավել մաքսային օրենսդրությունն ու վարչարարությունը` այն հաշվով, որ խթանվի արտահանող-ներմուծող կատարյալ մրցակցությունը, հայրենական արտադրությունը, չոտնահարվեն փոքր ու միջին ներկրող գործարարների օրինական իրավունքները, խստորեն վերահսկվեն հատկապես տնտեսության մեջ մենաշնորհ եւ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների արտահանում-ներմուծում գործարքների ֆինանսական հոսքերը, իսկ ներմուծման դեպքում՝ ներմուծվող ապրանքների հայտարարվող ծավալներն ու մաքսային արժեքները.
  16. արմատապես բարելավել պետական գնումների մասին օրենսդրությունը՝ այն հաշվով, որպեսզի բացառվեն պետական բյուջեի միջոցների փոշիացումն ու հատկացումը տնտեսության մեջ մենաշնորհ եւ գերիշխող դիրք ունեցող գործարարներին.
  17. ներմուծել ՀՀ բոլոր քաղաքացիների գույքի եւ եկամուտների հայտարարագրման համակարգ
  18. ստվերային տնտեսությունն ամբողջությամբ բերել օրինական հարկման դաշտ:

3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ

Պետության եւ հասարակության հավասարակշիռ ու ներդաշնակ փոխազդեցությունը պահանջում է շարունակել պետությունից քաղաքացիական հասարակության տարանջատմանն ուղղված բարեփոխումները՝ հանուն այդպիսի հասարակության ձեւավորման եւ իշխանության գործունեության նկատմամբ նրա վերահսկողության սահմանման։ Ժամանակակից ժողովրդավարությունն անբաժանելի է քաղաքացիական ազդեցիկ ու կազմակերպված հասարակությունից։ Նման պետության գործունեությունը ենթադրում է իրենց իրավունքները պաշտպանելու եւ քաղաքական որոշումների կայացման ընթացքի վրա անմիջական ազդեցություն գործելու՝ քաղաքացիների համապարփակ հնարավորություն։

Քաղաքացիական հասարակության ինքնավարության ու ինքնակազմակերպման բարձր աստիճանը կարող է հասունացած խնդիրների արագ լուծման գրավականը լինել։ Միաժամանակ այն հասարակությանն ու անհատին պետության սահմանազանցումներից ու իրավազանցումներից պաշտպանելու լիարժեք երաշխիք է։

Այս առումով վերանայման ու բարեփոխումների կարիք ունեն՝

  1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկման արդյունքը պետք է լինի այդ մարմինների ամրապնդումը.
  2. «ԶԼՄ-ների մասին» օրենքը.
  3. «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը։

Օրենքով ԶԼՄ-ների՝ գործելու ազատությունը ոչ թե պետք է սահմանափակվի, այլ կանոնակարգվի։ Իսկ կանոնակարգմամբ չեն կարող սահմանափակվել ԶԼՄ-ների, լրագրողի՝ տեղեկատվություն ստանալու ու տարածելու, խոսքի ազատության եւ այլ հիմնարար իրավունքները։ Իրավական կամ այլ պատժամիջոցներով ԶԼՄ-ների կողմնակալությունը հաղթահարելն ու անաչառություն ապահովելն անհնար է։ Խնդիրն ավելի ընդգրկուն է եւ կապված է քաղաքական մշակույթի, քաղաքացիական գիտակցության, երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետ։

Անհրաժեշտ է՝

  • բարենպաստ պայմաններ ստեղծել մասնավոր ԶԼՄ-ների զարգացման համար. պարզեցնել արտոնագրման գործընթացը, հստակորեն սահմանել առաջադրվող պահանջները.
  • բարձրացնել լրագրողի սոցիալական եւ իրավական պաշտպանվածության աստիճանը.
  • Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ ձեւավորել ԶԼՄ-ների գործունեությունը կանոնակարգող եւ վերահսկող անկախ հանձնաժողով.
  • փոփոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքները՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին ու հեռարձակման ոլորտի բարելավմանը վերաբերող պահանջներին՝ մասնավորապես լուծումներ տալով հետեւյալ սկզբունքային խնդիրներին.
    • պետական հեռարձակման իրական փոխարինում հանրայինով,
    • հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմի հասարակական-քաղաքական բազմազանություն եւ դրա կողմից ընդունվող որոշումների թափանցիկություն,
    • հեռուստառադիոընկերությունների աշխատանքը կարգավորող մարմինների անկախություն պետական կամ քաղաքական որեւէ կառույցից,
    • հանրային հեռուստատեսությամբ առեւտրային գովազդի խիստ սահմանափակում` ժամանակի եւ բովանդակության առումով,
    • օրենքով սահմանված պատժամիջոցների աստիճանական տարբերակում,
    • հեռուստատեսային եւ ռադիոհաճախությունների լիցենզավորման մրցույթի թափանցիկություն եւ արտոնագրման չափանիշների հստակեցում։

Հրամայաբար լուծում պահանջող հարցեր են լրագրողների սոցիալական եւ իրավական պաշտպանվածության աստիճանի բարձրացումը, նրանց դեմ կատարվող ոտնձգությունների, հետապնդումների (այդ թվում՝ քրեական) կանխումն ու բացահայտումը, գրաքննության եւ ինքնագրաքննության վերացումը՝ տեղեկատվական դաշտում ազատ, արհեստավարժ մրցակցության պայմաններ ստեղծելու ճանապարհով։

Ժողովրդի կամքի հետ չհաղորդակցվող ու այն հաշվի չառնող կառավարումն արատավոր ոգի ու որակ է փոխանցում կամ պարտադրում նաեւ տարբեր խավերի շահերի վերհանմանն ու լուծմանը կոչված հասարակական կազմակերպություններին։ Վերջիններիս գործունեությունը կարգավորող օրենսդրությունը պետք է՝

  • ապահովի նրանց շահեկան տեղը հասարակական ու քաղաքական դաշտում.
  • թույլ տա իրացնել նրանց առաքելությունը հանրային, այլ ոչ թե պետական իշխանության սանդղահարթակում.
  • ստեղծի նրանց գործունեության համար անկախության, ազատության եւ ինքնուրույնության առավելագույն պայմաններ.
  • ոչ շահեկան ու անցանկալի դարձնի իշխանության խամաճիկի կարգավիճակը եւ հակառակը՝ շահեկան դարձնի հասարակությանը ծառայելու կոչումը.
  • մեծացնի դրանց մասնակցությունը հանրային վերահսկողության ու հսկողության ոլորտներում.
  • նպաստավոր ենթահող պատրաստի մասնավորի կողմից քաղաքացիական հատվածի զարգացման նպատակով հիմնադրամներ ու դրամաշնորհներ նախաձեռնելու համար՝ վախի մթնոլորտից ձերբազատելով գործարարներին եւ բարեգործներին։

Անհրաժեշտ է վերականգնել արհեստակցական միությունների երբեմնի դերը գործատու-աշխատող եւ հանրային այլ հարաբերություններում: Արհեստակցական միությունները պետք է դառնան քաղաքացիական հասարակության իրական եւ կարեւոր բաղկացուցիչ կենսունակ մասը: Նրանք պետք է բավարար լիազորություններ եւ կարողություններ ունենան աշխատավորների իրավունքները լիարժեքորեն պաշտպանելու համար։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ անել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում եւ Արհմիությունների մասին ՀՀ օրենքում:

Ինքնություն ապահովողը ժամանակակից եւ ազգային մշակույթն ու հոգեւոր արժեքներն են՝ որպես ոգեշնչման ու արարման ամենազորեղ աղբյուր։ Այդ արժեքների նկատմամբ հոգածությունը, դրանց ամրապնդումը մեր ոգեղեն հարատեւության հիմնական գրավականն են։ Օրենսդիրը պետք է ոչ միայն կարգավորի այդ բնագավառում քաղաքականություն իրականացնելու նորմատիվ հիմքը, այլեւ խթանի այդ ոլորտին պետության ամենօրյա աջակցությունը։

Պետությունը պետք է վստահելի գործընկեր լինի հասարակության, մասնավոր հատվածի համար։ Պետության ու հասարակության համագործակցության «պայմանագրի» հիմքում պետք է լինեն փոխշահավետությունն ու փոխլրացումը։ Պետության պատվավոր պարտականությունն է՝ տարբեր ոլորտներում հասարակության կենսագործունեության համար ապահովել անարգել ու հավասար մրցակցային պայմաններ ընձեռող օրենսդրական դաշտ։

Պետությունը՝ ներառյալ թե՛ կենտրոնական իշխանությունները եւ թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները, պետք է ըստ հնարավարության առավելագույնս պատվիրակի իր մարմինների գործառույթները հասարակական կազմակերպություններին։

ՀՀ սահմանադրությամբ նախատեսված իրավունքներից եւ ազատություններից օգտվելու հնարավորությունը պետք է ապահովված լինի բոլորի համար՝ առանց խտրականության ըստ ազգային, ռասայական, կրոնական, սեռային պատկանելության կամ սեռական ինքնության, քաղաքական կամ այլ համոզմունքների, սոցիալական ծագման, ունեցվածքային դիրքի, ծննդավայրի կամ այլ հատկանիշների։

Հայաստանի Հանրապետությունը պետք է երաշխավորի իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթների պահպանությունն ու աջակցի դրա զարգացմանը:

Ինչպես բազմակարծությունը, այնպես էլ ազգային եւ մշակութային բազմազանությունը Հայաստանի Հանրապետության ազգային-պետական արժեքներ են:


4. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական վիճակի շուտափույթ բարեփոխումը երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկն է։ Հայաստանի տնտեսության զարգացումն անհրաժեշտ է գնահատել վիճակագրական այնպիսի արժանահավատ տվյալներով, որոնք իրատեսորեն կներկայացնեն, թե ինչ չափով է հզորացել մեր պետությունը եւ ամրապնդվել նրա անկախությունը, որքանով են բարեկեցիկ դարձել անհատն ու հասարակությունը։

Տնտեսությունը պետք է զարգանա շուկայական ազատ հարաբերությունների սկզբունքով, որպեսզի առավելագույնս սերտաճի համաշխարհային գործընթացներին։ Միայն այդպես կարմատավորվեն արդիական արտադրակարգերը, կընդարձակվեն շուկաները, կհեշտանա ապրանքափոխանակությունը։

Տարածաշրջանում առաջատար դիրքի վաստակն ու նվաճումը Հայաստանի համար հեռավոր ապագա չեն։ Բարձր եւ ստեղծարար արտադրաեղանակների ասպարեզում իրատեսական է հասնել լուրջ հաջողությունների. դրա հիմնական երաշխիքը նորի ու արդիականի հանդեպ հայ ժողովրդի բնածին հակումն է։

Բարեկեցության բարձր ցուցանիշներ եւ նոր աշխատատեղեր չապահովելու դեպքում Հայաստանը կկանգնի լուրջ արտահոսքի առջեւ, հաշվի առնելով մեր աշխատուժի մրցունակությունն արտերկրում: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ մեր երկիրը տնտեսական փոքր ու բաց համակարգ ունի, ինչը թելադրում է արտաքին աշխարհի հետ առեւտրատնտեսական առնչություններ հաստատելիս նշանառության կետ դարձնել փոխադարձ ըմբռնումը, բարիդրացիական հարաբերությունները։ Այդ առնչություններն անմիջականորեն շաղկապված են տարածաշրջան հասկացությանը, որը պետք է ընդունել ոչ միայն իբրեւ աշխարհագրական, այլեւ տնտեսական ու քաղաքական միավոր։ Լինել տարածաշրջանային գործընթացների կենտրոնում՝ միտվելով դեպի համաշխարհային զարգացումները. այս է մեր տնտեսական համադրույթի հիմքն ու միջուկը։

Տնտեսության զարգացման առաջին նախապայմանը պետության հանդեպ մարդկանց եւ բիզնեսի վստահությունն է։ Վստահությունը նախաձեռնություն է, ներդրումներ, վարկեր, մակրոտնտեսական իրական կայունացում։ Դա ներդրողների հետ արդար ու բաց բանակցությունն է, օրենսդրական կայունությունը, կանխատեսելիությունը եւ այս ամբողջով հանդերձ՝ պետության զարգացման գրավականը։

Անհրաժեշտ է պետական ողջ համակարգը դարձնել կանխատեսելի ու պարկեշտ գործընկեր բոլոր ձեռներեցների եւ քաղաքացիների համար։ Երկիրը փոքր է, եւ ժողովրդի զորակցությունը վայելող իշխանությունների վճռական գործողությունները կարող են կարճ ժամանակում հաստատել զարգացման հավասար ու արարիչ պայմաններ՝ հանրային գանձարանին վերադարձնելով ապօրինաբար տարվող միլիարդները։

Պետությունը նաեւ պետք է հանդես գա իբրեւ զարգացման գործընթացների կարեւորագույն եւ կայուն գործընկեր, քանի որ իր տրամադրության տակ ունի անհրաժեշտ պաշարներ եւ լծակներ, որոնք հատկապես զարգացման սկզբնական ժամանակաշրջանում անհասանելի են մասնավոր հատվածի` հատկապես փոքր եւ միջին բիզնեսի համար:

«Ժառանգություն» կուսակցությունը տնտեսության զարգացման եւ ժողովրդի բարեկեցության ապահովման անկյունաքարն է համարում մասնավոր հատվածի տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը համագործակցության եւ ազատ մրցակցության պայմաններում։

«Ժառանգությունը» միաժամանակ գտնում է, որ առանց տնտեսության մեջ պետության կարգավորիչ եւ նպաստող դերի, անհնարին են դառնում՝

  1. բարձր տեմպերով եւ առողջ տնտեսական աճը.
  2. արտաքին եւ ներքին տնտեսական ռիսկերի կառավարումը.
  3. անապահով խավերի սոցիալական խնդիրների լուծումը.
  4. առողջապահության ու կրթության զարգացումն ու մատչելիությունը.
  5. գիտության առաջնային զարգացումը.
  6. արդյունաբերության առաջանցիկ զարգացումը եւ ՀՆԱ-ում դրա մասնաբաժնի էական մեծացումը.
  7. գյուղատնտեսության առաջընթացը.
  8. սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի առաջնային զարգացումը.
  9. տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, պարենային եւ տեղեկատվական անվտանգությունների երաշխավորումը:

Պետության համար ներկայում առաջնահերթ խնդիր է տնտեսական քաղաքականության նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը։ Պետության կողմից վարվող տնտեսական քաղաքականության հստակ ուղղվածության բացակայությունը հանգեցնում է նրան, որ իշխանության տարբեր օղակներում տնտեսական բարեփոխումների ընթացքում տեղ են գտնում հակասական եւ իրարամերժ քայլեր՝ նպաստելով անկայունության մթնոլորտին եւ այդ բարեփոխումների հանդեպ միջազգային տնտեսական հանրության անվստահությանը: Մեզանում վարվող տնտեսական քաղաքականության նկատմամբ անվստահություն է ցուցաբերում նաեւ երկրի գործարար շրջանակների մի ստվար զանգված՝ մանր եւ միջին ձեռնարկատերերը։

Անվստահության մթնոլորտի ձեւավորման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ պետական իշխանության մարմինների ձեռնարկած քայլերը գերակշռող մեծամասնությամբ ուղղված են իրավիճակային եւ երկարաժամկետ զարգացման առումով ոչ այնքան կարեւոր խնդիրների լուծմանը, ինչպիսիք են պետական բյուջեի հարկային մուտքերի ապահովումը եւ պետական բյուջեից ծախսերի իրականացումը։

Պատճառը երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության ռազմավարության բացակայությունն է։ Տնտեսական բարեփոխումների բնագավառում մեր կողմից իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքը լինելու է քայլերի փոխհամաձայնեցումը եւ դրանց համահունչ տրամաբանությունը՝ երկրի տնտեսության կայուն զարգացման հասնելու նպատակով։ Նման ռազմավարական մոտեցման կիրառումը թե՛ ներքին եւ թե՛ արտաքին գործարար շրջանակների համար կձեւավորի տնտեսական բարեփոխումների կանխատեսելիության անհրաժեշտ մթնոլորտ, ինչն էլ իր հերթին անվերապահորեն կստեղծի վստահություն՝ պետության տնտեսական քաղաքականության նկատմամբ։

Պետական քաղաքականությունը պետք է բխի երկրի եւ տնտեսության երակարաժամկետ շահերից, այլ ոչ թե ուղղված լինի կարճաժամկետ հարցերի լուծմանը:

Գլոբալացման արդի պայմաններում տնտեսության առաջանցիկ զարգացման համար օրախնդիր են գերակա ոլորտ ճանաչված տեղեկատվական, ստեղծարար եւ բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ու համաշխարհային շուկայում ՀՀ մրցակցային դիրքերի ամրապնդմանը միտված արմատական քայլերի իրականացումը, տեղական հումքի վրա հիմնված ռեսուրսախնայողական եւ գիտատար արդյունաբերության զարգացման խթանումը, պետության ինքնիշխանության ու անվտանգության լուրջ գրավական հանդիսացող գյուղական համայնքների կայուն զարգացումը։

Նշված դրույթները, ըստ էության, ենթադրում են երկրի տնտեսության մրցունակության բարձրացում, ինչը հնարավոր է կարեւորագույն հետեւյալ սկզբունքների ապահովման պարագայում՝

  • անկախ սեփականության ձեւից՝ սեփականության իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ստեղծում.
  • ներքին շուկայում մենաշնորհային գործունեության սահմանափակում, բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար հավասար պայմանների ապահովում.
  • կոռուպցիայի, հովանավորչության եւ որպես դրանց հետեւանք՝ ստվերայնության կրճատման համար գործուն ու վճռական քայլերի իրագործում.
  • ընկերությունների գործունեության թափանցիկության ապահովում, հասարակության եւ պետության առջեւ նրանց պատասխանատվության բարձրացում.
  • երկրի էներգետիկ անվտանգության ապահովում, ինչը նոր իրողությունների պարագայում նշանակում է նախեւառաջ էներգախնայողություն, փոքր գազի այրման հենքով նոր ՋԷԿ-երի, ՀԷԿ-երի, արեւային, քամու եւ այլընտրանքային այլ էլեկտրակայանների ստեղծման խթանում.
  • Ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործում, քաղցրահամ ջրի նոր ամբարների կառուցում, Սեւանա լճի՝ որպես ջրային ռեսուրսների խոշորագույն կենտրոնացում, մակարդակի հետեւողական բարձրացում.
  • ֆինանսաարդյունաբերական միավորումների կազմավորման խրախուսում.
  • բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում սակագների օպտիմալացում՝ ելնելով տնտեսական նպատակահարմարության եւ սոցիալական արդարության սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից.
  • գրանցման եւ արտոնագրման գործընթացների պարզեցում, տնտեսավարման բյուրոկրատական խոչընդոտների վերացում.
  • ֆինանսավարկային ինստիտուտների ընդլայնում, հիպոթեքային, լիզինգային, ֆակտորինգային եւ տնտեսական գործունեության այլ տեսակների կարգավորման օրենսդրական մեխանիզմների ստեղծում։

Այս ամենի իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ եւ նպատակային տնտեսական քաղաքականության գերակա խնդիրներն են՝

  • տնտեսական հարաբերություններում օրենքի գերակայության ընդունումը, օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի ապահովումը.
  • կայուն մակրոտնտեսական միջավայրի ապահովումը.
  • տնտեսության ոլորտներում բոլոր գործարարների համար մեկնարկային հավասար դաշտի ստեղծումը.
  • երկրի տնտեսական ու սոցիալական կարիքների, ներքին պաշարամիջոցների հաշվին դրանց բավարարման պարզումը.
  • Հայաստանի թե՛ բացարձակ, թե՛ համեմատական մրցակցային առավելությունների հիման վրա արդյունաբերական եւ այլ առաջնահերթությունների նախանշումը, տնտեսության գերակա ոլորտների ճշգրտումը.
  • հանրապետության խոշոր քաղաքներում արդյունաբերական ներուժի նորովի վերականգնումը, Երեւանում եւ դրա շուրջ արդյունաբերության ապակենտրոնացումը՝ փոքր ու միջին ձեռնարկությունները սահմանային, լեռնային շրջաններում կազմակերպելու եւ զարգացնելու միջոցով.
  • գիտատեխնիկական եւ արտադրական համալիրների կազմավորման ու զարգացման միջոցով գիտության եւ տեխնիկայի նորագույն նվաճումների արագ ներդրումը.
  • միջազգային չափորոշիչներին համապատասխան արտադրանքի թողարկման խթանումը.
  • արտահանման խրախուսման քաղաքականության արմատավորումը.
  • ներքին եւ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը.
  • տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացումը.
  • տնտեսության ներհանրապետական կոոպերացիայի մակարդակի բարձրացումը.
  • բնական մենաշնորհների կարգավորումը, սոցիալապես արդարացի եւ տնտեսապես արդյունավետ սակագնային քաղաքականության իրականացումը: Բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում գործող ընկերությունների վերակազմավորում` դրանցից առանձնացնելով գործունեության այն տեսակները, որոնց իրականացումը ընդհանուր մրցակցային դաշտում կլինի արդյունավետ.
  • տնտեսության մեջ կատարյալ մրցակցության ապահովումն ու արհեստական մենաշնորհի իսպառ վերացումը.
  • զարգացման հեռանկար ունեցող արտահանման ուղղվածությամբ տնտեսության առանցքային ճյուղերի արտադրանքի մրցունակության բարձրացման եւ ընդլայնման համար համալիր ծրագրերի իրագործումը.
  • հարկային քաղաքականության ճկունացումը եւ անընդհատ փոփոխություններից զերծ պահելը.
  • Հայաստանի եւ մեզանից դուրս գտնվող մասնագիտական ու գործարար ներուժի միավորումը՝ ապահովելու համար ազգային տնտեսության աստիճանական եւ տեւական վերելքը, ներտնտեսական գործընթացները տարածաշրջանային համագործակցության եւ համաշխարհային տնտեսության կարեւորագույն զարգացումների հետ ներդաշնակեցումը.
  • աշխատավորի շահերի եւ իրավունքների պաշտպանությունը, արհմիությունների կազմավորման օժանդակությունը, տնտեսական հարաբերություններում դրանց դերի բարձրացումը.
  • օրենսդրորեն ամրագրված նվազագույն աշխատավարձի աճը՝ այն հավասարեցնելով «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվարկված ու պաշտոնապես հրապարակված կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքին.
  • տնտեսության գիտատար, բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող ճյուղերի առաջանցիկ զարգացումը` պետական բյուջեից գիտությանն ուղղվող հատկացումների որակական աճի շնորհիվ.
  • հեռանկարային գիտական նախագծերի իրագործմանը պետական երաշխիքների տրամադրումը.
  • զբոսաշրջության զարգացումը եւ դրա համար միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների ստեղծումը.
  • բանկային համակարգի զարգացումը, արժեթղթերի եւ կապիտալի շուկայի կայացմանը ցուցաբերվող աջակցությունը.
  • փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

Ներդրումային քաղաքականություն

Երկրի տնտեսական զարգացման համար մեծ նշանակություն ունի ճիշտ մշակված ներդրումային քաղաքականությունը։ Պետության կարեւորագույն խնդիրը ոչ թե ներդրումների իրականացումն ու երկրի համար ներդրումային միջոցների հայթայթումն է, այլ բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովումը, կատարված ներդրումների պաշտպանությունը։

Ներդրումները՝ լինեն դրանք մասնավոր, պետական, օտարերկրյա կամ համատեղ, հանգեցնում են արտադրական դրամագլխի կուտակման, որն էլ ապահովում է երկրի տնտեսական աճը։

Ներդրումներն ուղղվում են պետական ծրագրերի իրականացմանը, ձեռնարկությունների գործունեության ընդլայնմանը, արտադրական ծախսերի նվազեցմանը, բիզնեսի նոր ոլորտների յուրացմանը եւ այլն։

Հայաստանի պարագայում կան գրավիչ հանգամանքներ, որոնք կարող են բարենպաստ մթնոլորտ ստեղծել ներդրումների համար։ Դրանցից են բնական որոշ պաշարներով հարուստ լինելը, որակյալ աշխատուժը եւ բարձր գիտական ներուժը։

Հավանական ներդրողներին վանում են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են քաղաքական անկայունությունը, անկատար օրենսդրությունը, արտադրական կառույցների թերզարգացածությունը, կոռուպցիան, բյուրոկրատական քաշքշուկները, սոցիալական լարվածությունը, կառավարման ցածր որակը, միկրո եւ մակրոտնտեսական ռիսկերի ապահովագրության հնարավորությունների բացակայությունը, բնական եւ տարերային աղետների հաճախականությունը եւ նման այլ գործոններ։

Բարենպաստ ներդրումային մթնոլորտ ապահովելու համար կարեւոր նշանակություն ունի ընդհանուր ներդրումային քաղաքականության համատեքստում պետության, ձեռնարկությունների եւ առեւտրային դրամատների աշխատանքների համատեղումը, որոնք ուղղակիորեն կապված են ներդրումների հետ։ Պետության ներդրումային քաղաքականության կարեւորագույն գործիքներն են լրավճարային, հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունը, հակամենաշնորհային քաղաքականությունը, կառուցվածքային բարեփոխումները։

Ներդրումների խթանման համար կարեւոր է, որ պետությունը պատասխանատվություն կրի իր պարտականությունների կատարման նկատմամբ, ապահովի արդար հարկահավաքություն, խելամտորեն օգտագործի իր արտադրական ներուժը:

Պետությունը իր ներդրումային քաղաքականությունն իրականացնելիս պետք է հենվի հետեւյալ սկզբունքների վրա՝

  • ներքին շուկայում հնարավոր խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ աջակցություն կատարված ներդրումներին.
  • մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն.
  • ներդրումները խթանող նորմատիվային-օրենսդրական հիմքի բարելավում.
  • ներդրումային մթնոլորտի գնահատման մոնիթորինգային համակարգի ստեղծում.
  • արտասահմանյան եւ տեղական ներդրողների նկատմամբ լրիվ կամ մասնակի հարկային եւ մաքսային արտոնությունների կիրառում.
  • դրամագլխի ոչ օրինական արտահոսքի նկատմամբ խստիվ հսկողության սահմանում.
  • բնակչության ձեռքին գտնվող ազատ միջոցների ներգրավում՝ պետական պարտատոմսերի տեսքով.
  • պետական սեփականություն հանդիսացող վնասաբեր ձեռնարկությունների նկատմամբ առողջացման մեխանիզմների մշակում եւ կատարելագործում:

Ներդրումների խթանման համար շատ կարեւոր է նաեւ որոշ օրենքներում փոփոխությունների իրականացումը, մասնավորապես՝ սնանկացման, ներքին շուկայի պաշտպանվածության, տնտեսական մրցակցության, արտասահմանյան ներդրումների, կոնցեսիաների, հողի մասին օրենքներում։

Վերը նշված գործոնների հետազոտումը, վերլուծությունը եւ ներդրումներին խոչընդոտող հանգամանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներն էլ պայմանավորում են ներդրումային քաղաքականության հիմնական դրույթները։

Այսպիսի քայլերը կնպաստեն ներդրումային բնականոն մթնոլորտի ստեղծմանը, դրամական հոսքի խթանմանը, ներքին ներդրումների ծավալների մեծացմանը, ձեռնարկությունների հզորությունների ընդլայնմանը, հետեւաբար՝ երկրի տնտեսական աճին։

Արդյունաբերության ոլորտը

Կուսակցությունն առաջնային է համարում բարձր տեխնոլոգիաների (այդ թվում՝ տեղեկատվական), հայրենական հումքի, ստեղծարար ձեռնարկումների, ազգային մտավոր պաշարների օգտագործման վրա հիմնված աշխատատար եւ գիտատար ազգային արդյունաբերության ձեւավորումը:

Ազգային արդյունաբերության ձեւավորման հիմնական նպատակները պետք է լինեն.

  • միջազգային չափորոշիչներին համապատասխան արտադրանքի թողարկման կազմակերպումն ու իրացումը ներքին եւ արտաքին շուկաներում,
  • հանրապետության բնակչության պահանջմունքների առավել բավարարումը:

Այդ նպատակների իրականացման ուղղությամբ անհրաժեշտ է մշակել եւ կենսակոչել ազգային արդյունաբերության հենասյուն հանդիսացող ուղղությունների զարգացման պետական նպատակային հեռանկարային ծրագիրը, որի անկյունաքարային կողմնորոշիչները պետք է լինեն.

  • հանրապետությունում առկա վառելիքաէներգետիկ, բնական եւ արդյունաբերական այլ նշանակություն ունեցող պաշարների արդյունավետ եւ նպատակային օգտագործումը,
  • արդյունաբերության սակավ նյութատար, էներգատար, սակայն առավել աշխատատար եւ գիտատար ճյուղերի զարգացումը,
  • ստեղծարար ճարտարվեստների խթանումը եւ զարգացումը,
  • արդյունաբերական արտադրության ներհանրապետական եւ ԱՀ տնտեսության հետ կոոպերացման մակարդակի էական բարձրացումը,
  • արդյունաբերության մեջ գիտության եւ տեխնիկայի նորագույն նվաճումների արագ ներդրումը` գիտատեխնիկական համալիրների կազմավորման ու զարգացման միջոցով,
  • Երեւանում եւ դրա շուրջ արդյունաբերության համակենտրոնացման մակարդակի իջեցումը` փոքր եւ միջին արդյունաբերական բիզնեսի ձեռնարկությունները հանրապետության սահմանային, լեռնային շրջաններում կազմակերպելու ու զարգացնելու միջոցով,
  • արտադրատեսակների փակ պարբերաշրջանների ձեւավորման, ինչպես նաեւ կլաստերների կազմակերպման խրախուսումը,
  • արտասահմանյան եւ, առաջին հերթին, Սփյուռքի կապիտալի` մտավոր, արդյունաբերության կազմակերպման մշակույթի, դրամական եւ աշխատանքային պաշարամիջոցների շրջահայաց ու լրջմիտ օգտագործումը,
  • արտահանելի արտադրանքի արտադրության զարգացման խթանումը,
  • տարածաշրջանային երկրների հետ աշխույժ համագործակցությունը:

Վերոհիշյալի ենթատեքստում խիստ կարեւորվում է պետության գործուն աջակցությունը առկա բարձրորակ կադրային ներուժի օգտագործման վրա հիմնված եւ, հատկապես, արտահանման լայն հնարավորություններ ունեցող, սակայն վերջին տարիների ընթացքում պարապուրդի մատնված արտադրությունների, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտի զարգացմանը։

Հանքարդյունաբերության ոլորտում մենք կարեւորում ենք հանքանյութի խորքային կորզումը, դրա հենքով փակ արտադրական պարբերաշրջանների ձեւավորումը՝ առավելագույն ավելացված արժեքով վերջնական արտադրանքը Հայաստանում ստանալու հեռանկարով:

Նոր տեխնոլոգիաների զարգացումը

Այստեղ հարկ է ընդլայնել ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական ուղղվածություն ունեցող հետազոտական աշխատանքների շրջանակները։ Առաջին հերթին անհրաժեշտ է կազմավորել ժամանակակից պահանջներին համապատասխան կրթական համակարգ՝ լուրջ ուշադրություն դարձնելով հատկապես բուհական եւ հետբուհական կրթության ոլորտներում զարգացման ծրագրերի իրագործմանը։ Հարկավոր է պետպատվերները ձեւավորել՝ ելնելով տնտեսության զարգացման գերակայություններից, որակապես ավելացնել բուհական եւ հետբուհական մասնագիտական կրթությանը, ինչպես նաեւ գիտությանը բյուջեից արվող հատկացումները։

Անհրաժեշտ է ընդլայնել եւ հանրապետությունով մեկ տարածել ԹՈՒՄՈ-ների ցանցը։

Կիրառական հետազոտությունների ոլորտում հիմնական ուղղությունը պետք է լինեն արդյունաբերության նշված ճյուղերի արդյունավետության աճին նպաստելը, հիմնարար հետազոտությունների արդյունքները կիրառական հարթություն բերելն ու դրանց որոշակի ապրանքային տեսք տալը։ Այս տեսանկյունից սկզբնական շրջանում խիստ կարեւոր են պետության օժանդակությունն անհրաժեշտ ենթակառուցվածքային համալիրի ձեւավորման, ներդրումների ներգրավման, տեղեկատվական ապահովման, օտարերկրյա նորարարական ֆիրմաների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ երաշխիքների հարցերում։ Առաջնահերթ նշանակություն ունի նաեւ նոր տեխնոլոգիաների եւ ռիսկային (վենչուրային) դրամագլխի ներդրման խթանման ռազմավարական ծրագրի ընդունումը, որից հետո պետք է ընդունել համապատասխան օրենսդրական փաթեթ, որտեղ առանցքային օրենսդրական ակտը կլինի «Նորարարական գործունեության մասին» օրենքը։

Ներհայաստանյան տարածաշրջանային քաղաքականություն

Ներհայաստանյան տարածաշրջանային քաղաքականությունը պետք է դիտարկվի որպես միասնական եւ ամբողջական զարգացող համակարգ, որի կարեւորագույն բաղադրիչներն են՝

  1. սոցիալ-տնտեսական,
  2. գիտակրթական,
  3. հոգեւոր-մշակութային,
  4. ինքնակառավարման,
  5. իրավաքաղաքական

ենթահամակարգերը, դրանց զարգացումն ու փոխկապակցվածությունը։

Հանրապետության գիտական, տնտեսական, մշակութային եւ քաղաքական ողջ պաշարամիջոցները կենտրոնացած են Երեւանում։ Տեղի են ունենում միջոցների անհավասար եւ անարդյունավետ բաշխում ու վերաբաշխում, ինչը խոչընդոտում է ոչ միայն երկրի հավասարաչափ զարգացմանն ու առաջընթացին, այլեւ հանգեցնում է շրջանների մշտական աղքատացմանը, բնակչության արտահոսքին եւ Երեւանում պաշարամիջոցների գերկենտրոնացմանը։ Մայրաքաղաքում մարդկային եւ ֆինանսական միջոցների գերկենտրոնացումը եւ շրջանների թուլացումը ազգային անվտանգության խնդիր են։

Դրա պատճառը նախեւառաջ կառավարման եւ վարչական լծակների կենտրոնացումն է Երեւանում, որի արդյունքում շրջաններն ունեն կառավարման եւ մշակութային իրավունքների ու գործունեության նվազագույն աստիճան։ Միջմարզային կապերը շատ թույլ են կամ իսպառ բացակայում են. զավեշտը հասել է այնտեղ, որ նույնիսկ երկու հարեւան մարզերի միջեւ մշակութային եւ տնտեսական պարզագույն կապեր ստեղծելու համար անհրաժեշտ է կառավարման համապատասխան մարմինների թույլտվությունը Երեւանից։ Կարեւոր է Հայաստանում կառավարման ուղղահայաց համակարգից աստիճանաբար հրաժարվելը եւ կառավարման հորիզոնական համակարգի անցնելը, այսինքն՝ կառավարման միջին եւ ստորին մակարդակների գործունեության ու իրավունքների մեծացումը։

Քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի Երեւանին զուգահեռ տնտեսական, գիտակրթական եւ մշակութային այլընտրանքային շրջանային կենտրոնների ձեւավորումն ու դրանց կայուն զարգացումը։

Շրջանների համալիր սոցիալ-տնտեսական զարգացումը պետք է ունենա երկարաժամկետ բնույթ եւ կապված լինի պետության ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության հետ։ Շրջանը սոցիալ-տնտեսական տարածական ամբողջականություն է, որը բնութագրում է արտադրության կառուցվածքի, սեփականության բոլոր ձեւերի, բնական պայմանների, աշխատատեղերի, հոգեւոր եւ մշակութային կյանքի, կառավարման առանձնահատկությունների համադրումը։ Շրջանների համալիր զարգացումը ենթադրում է մի կողմից բնակչության կենսամակարդակի որակի եւ պայմանների բարելավում, մյուս կողմից՝ կառավարման ու ինքնակառավարման ինքնուրույնության մեծացում եւ կառավարման որակի բարելավում։

Հարկավոր է գնահատել սոցիալ-տնտեսական իրավիճակը յուրաքանչյուր մարզում եւ մշակել համապատասխան ծրագիր յուրաքանչյուրի զարգացման համար։

Ներհայաստանյան տարածաշրջանային քաղաքականություն իրականացնելիս հարկավոր է հենվել հետեւյալ սկզբունքների վրա՝

  • տեղական ինքնակառավարման (մարզային եւ համայնքային) կարգավիճակի բարձրացում եւ որակի բարելավում.
  • փոքր եւ միջին ձեռներեցության աջակցություն, ներդրումների խրախուսումը խթանող օրենսդրական փոփոխություններ.
  • պետական լուրջ ներդրումային ծրագրերի իրականացում.
  • հարկային տարբերակված մոտեցում շրջանային, հատկապես սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական եւ արդյունաբերական ձեռնարկությունների, տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, պետության երաշխավորությամբ դրամատների կողմից ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ, արտոնյալ վարկերի տրամադրում բնակարանային շինարարության եւ ձեռներեցության զարգացման համար.
  • սոցիալական արտոնությունների ավելացում սահմանամերձ շրջանների եւ բարձրլեռնային բնակավայրերի բնակիչների համար.
  • տարածաշրջաններում մշակութային աճի կենտրոնների՝ մշակույթի տների, երաժշտական դպրոցների, թատերական ստուդիաների, համերգասրահների ստեղծում եւ դրանցում բնակչության, հատկապես՝ երիտասարդության եւ տարեցների ներգրավվածության խրախուսում.
  • կոռուպցիայի շեշտակի նվազեցում:

Ներհայաստանյան տարածաշրջանային քաղաքականության վերոհիշյալ սկզբունքներին համահունչ անհրաժեշտ է իրականացնել հետեւյալ ռազմավարություններն ու միջոցառումները.

  • սոցիալ-տնտեսական արդյունավետ քաղաքականություն մշակելու համար` շրջանների զարգացման բոլոր բարենպաստ գործոնների ու պայմանների վերագնահատում.
  • շրջանների տնտեսական համակարգերի վերակազմավորում՝ ըստ դրանց բնական պայմանների, առկա բնապաշարների, բնապահպանական, աշխարհագրական, սոցիալական, ժողովրդագրական, մշակութային եւ տնտեսական առանձնահատկությունների.
  • բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված քաղաքականություն բոլոր շրջաններում, տարբեր շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների տարբերությունների կրճատում.
  • միջշրջանային առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության կառույցների վերականգնում եւ ձեւավորում.
  • բոլոր մարզերում ֆինանսական միջոցների, սոցիալական կամ վստահության հիմնադրամների ձեւավորում, որոնք ի վիճակի կլինեն բավարարելու մարզի սոցիալ-տնտեսական ամենակարեւոր խնդիրները.
  • մարզերում պետական ծրագրերի, դրամաշնորհների, ներդրումային նախագծերի իրականացում՝ ուղղված աշխատատեղերի ու սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպեսեւ մարզերում պետական ծախսերի ավելացում.
  • մարզերում սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների (ճանապարհներ, ինժեներական կառույցներ, համացանցային եւ հեռախոսային կապ, հիվանդանոցներ, համաբուժարաններ, հյուրանոցային համալիրներ եւ այլն) ձեւավորման խթանում.
  • համայնքների զարգացման եւ կլոր տարվա կտրվածքով զբաղվածության ապահովման նպատակով զբոսաշրջության զարգացման միջոցով տարածաշրջանային առողջարանային ու զբոսաշրջության կենտրոնների ստեղծում.
  • մարզային քաղաքներում գործազրկության մակարդակի նվազեցում.
  • գործազրկության բարձր մակարդակ ունեցող նախկին արդյունաբերական 2-3 քաղաքներում ազատ տնտեսական գոտիների ձեւավորում.
  • պետական աջակցություն խոշոր մարզային քաղաքներում համալսարանական օջախների հզորացմանը, որը լրջորեն կխթանի տվյալ քաղաքում մշակութային, գիտական եւ քաղաքական կյանքի աշխուժացումը՝ ստեղծելով մայրաքաղաքի համեմատ այլընտրանքային կենտրոններ.
  • մարզային կենտրոնների եւ քաղաքների ճարտարապետական ու քաղաքաշինական զարգացումների գլխավոր ուղղությունների հստակեցում՝ հաշվի առնելով գյուղերի զարգացման, շրջակա միջավայրի, բնական պաշարների եւ բնակլիմայական առանձնահատկությունները.
  • բնական աղետների կանխատեսմանը, չեզոքացմանը եւ հաղթահարմանն ուղղված միջոցառումների համապետական ու շրջանային համակարգերի ձեւավորում։

Այսպիսով՝ ներհայաստանյան տարածաշրջանային քաղաքականությունը գործողությունների եւ ծրագրերի համակարգ է, որն իրականացնում է պետությունը՝ իր եւ շրջանների շահերին համապատասխան։ Այդ քաղաքականությունն արդյունավետ է այնքանով, որքանով հաշվի է առնվում բոլոր կողմերի շահերի ներդաշնակությունը։ Պետական քաղաքականության խնդիրն է՝ նպաստել նաեւ ներշրջանային ներուժի բացահայտմանն ու ինքնազարգացմանը, շրջանների միջեւ կապերի ձեւավորմանն ու որոշակի սահմաններում կառավարման ապակենտրոնացմանը։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական նպատակը երկրի պարենային անվտանգության ապահովումն է՝ գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսի եւ բերքատվության ավելացման ճանապարհով։

Այս առումով պետությունը պետք է կարեւորի՝

  • գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ արտահանման օժանդակությունը.
  • գյուղատնտեսական մթերքների ներքին շուկայի պաշտպանությունը, ինչը պետք է ներառի գյուղատնտեսության սուբսիդավորման, երաշխավորված գնումների, սպառողների համար մատչելի մանրածախ գների սահմանման միջոցառումները.
  • ֆերմերային տնտեսությունների զարգացումը, ագարակատերերի եւ նրանց ընտանիքների կենսամակարդակի անընդհատ բարձրացումը.
  • գյուղացիական տնտեսություններում ներդրումային եւ վարկավորման ծրագրերի իրականացման համար նպաստավոր պայմանների, այդ թվում նաեւ վարկավորման արդյունավետ համակարգի ստեղծումը: Անհրաժեշտ է արտոնյալ վարկավորման պայմաններ կիրառել նաեւ բարձրլեռնային եւ սահմանամերձ գոտիներում գործող գյուղացիական տնտեսությունների համար.
  • գյուղատնտեսության մեջ կամավորության սկզբունքով կոոպերացիայի տարբեր ձեւերի կազմավորման համար նպաստավոր պայմանների ու մեխանիզմների ստեղծումը.
  • գյուղատնտեսության ապահովագրական ճկուն համակարգի ստեղծումը եւ դրանում պետության փութաջան մասնակցությունը՝ առաջին հերթին ապահովագրական վճարների մի մասի փոխհատուցումն ստանձնելու ճանապարհով.
  • հողի շուկայի ձեւավորումը եւ հողօգտագործման արդյունավետության մեծացումը` հողակտորների խոշորացման, հողերի հաշվառման եւ գնահատման գործուն համակարգի ներդրման միջոցով.
  • գյուղմթերքներ արտադրողների, վերամշակողների եւ սպառողների շահերը պաշտպանող արդյունավետ համակարգի ներդրումը, ինչը նրանց զերծ կպահի տարաբնույթ մենատերերի եւ միջնորդների անօրինական գործողություններից.
  • պետական աջակցությունը հողերի բերրիության վերականգնմանն ուղղված միջոցառումներին.
  • գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ տեխնիկայով, վառելիքով, պարարտանյութերով եւ սերմացուով ապահովելու նպատակով լիզինգային եւ ապրանքային վարկերի մեխանիզմների կիրառումը.
  • գյուղմթերքների՝ պետական պատվերների արդյունավետ եւ հայրենական արտադրողի շահերից բխող համակարգի ներդրումը.
  • ոռոգման համակարգի բարելավումը, ոռոգման ջրի սակագնի մատչելիության ապահովումն ըստ տեղանքի եւ գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետության.
  • գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած հողերը մշակության տակ դնելու համար գործուն ծրագրերի իրականացումը.
  • Գյուղատնտեսական ապահովագրման ճկուն եւ արդիական համակարգի ներդրումը.
  • գենետիկորեն ձեւափոխված գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ ներմուծման արգելումը։

Հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները

Հանրապետությունում վերջին տարիներին իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը, շրջանցելով երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրները, առավելապես կենտրոնանում է ընթացիկ եւ երկրորդական հիմնահարցերի լուծման վրա, այն էլ՝ ոչ լիարժեք կերպով։

Հիմնական պատճառն այն է, որ երկրում պետական եկամուտներն ու ծախսերը համարժեք չեն տնտեսական ներուժին, չեն արտացոլում տնտեսության իրական վիճակը եւ չեն համապատասխանում տնտեսության զարգացման գերակայություններին։ Ընդհանուր առմամբ, պետության հարկային եկամուտները չափազանց ցածր են միջազգային չափանիշներից:

Ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է՝

  • անողոք եւ վճռական պայքար ծավալել ստվերային տնտեսության դեմ, արմատախիլ անել պետական պաշտոնյաների կողմից բիզնեսի շահութաբեր ոլորտները հովանավորելու հանցավոր երեւույթը, վերահսկողություն սահմանել պաշտոնյաների կողմից իրականացվող դրամական խոշոր ծախսումների նկատմամբ, խստացնել իրականությանը չհամապատասխանող եկամտային հայտարարագրերի ներկայացման համար պատասխանատվությունը.
  • հարկային եկամուտների կառուցվածքում ավելացնել ուղղակի հարկերից, առաջին հերթին՝ շահութահարկի եւ եկամտահարկի գծով ստացվող մուտքերը.
  • տնտեսավարող սուբյեկտների կողմից կեղծ վնասներ ցույց տալու արատավոր երեւույթի դեմ պայքարելու նպատակով ծախսային որոշ հոդվածների (գովազդային, ներկայացուցչական, խորհրդատվական, իրավաբանական եւ այլն) համար կիրառել նորմավորման սկզբունքը.
  • բացառել պետական բյուջեի միջոցներով իրականացված հանրային ծառայությունների դիմաց պարտքի կուտակումը, իսկ այդպիսի դեպքերում սահմանել փոխհատուցման արդարացի մեխանիզմ, ինչը հաշվի կառնի գործարարի շահերն ու կորցրած վնասները.
  • նվազեցնել հիմնական հարկատեսակների դրույքաչափերը. ավելացված արժեքի հարկինը` մինչեւ 16%, շահութահարկինը՝ մինչեւ 15%, եկամտահարկի դեպքում ավելացնել չհարկման նվազագույն շեմը եւ կիրառել մեկ միասնական՝ 15%-ոց դրույքաչափ.
  • փոփոխություններ կատարել «Պարզեցված հարկի» մասին ՀՀ օրենքում` այն հաշվով, որպեսզի երաշխավորվեն փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող գործարարների իրավունքները կատարյալ մրցակցություն եւ օրինական հարկահանություն իրականացնելու ուղղությամբ, բացառվեն խոշոր, մենաշնորհային եւ գերիշխող դիրք գրավող ձեռներեցների կողմից այդ հարկատեսակի կիրառումն ու չարաշահման հնարավորությունը.
  • օրենսդրորեն սահմանել լայն սպառման առաջին անհրաժեշտության ապրանքների ու բնական մենաշնորհ հանդիսացող այն ծառայությունների սակագների սահմանման, ինդեքսավորման, անհրաժեշտության դեպքում` հարկային արտոնությունների սկզբունքները, որոնցով ձեւավորվում է սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը,
  • փոփոխություններ կատարել մաքսային օրենսդրությունում` այն հաշվով, որպեսզի պաշտպանվեն ներքին արտադրողի շահերը, հստակեցվի ներմուծվող ապրանքների մաքսային արժեքների որոշման կարգը.
  • հարկային եւ մաքսային համակարգերը դարձնել ավելի թափանցիկ ու կանխատեսելի.
  • նվազագույնի հասցնել օրենսդրական փոփոխությունների քանակը, դրանք ընդունել բյուջետային տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ, մեծացնել հարկային եւ մաքսային օրենսդրության փոփոխությունների մասին հասարակության տեղեկացվածության աստիճանը, դրանց մշակման գործընթացում ներգրավել տնտեսավարող սուբյեկտների շահերը ներկայացնող միություններին եւ հասարակական կազմակերպություններին.
  • ընդունել հարկային օրենսգիրքը, ինչի մեջ ամբողջությամբ կմեկտեղվեն հարկային բոլոր օրենքները եւ ենթաօրենսդրական ակտերը։

Բյուջետային քաղաքականության մասով հարկավոր է՝

  • բյուջետային գործընթացները դարձնել ավելի բաց ու թափանցիկ.
  • անցում կատարել դեպի զարգացման բյուջեներ՝ հստակորեն սահմանազատելով ծախսերի այն մասը, որը նպատակաուղղվելու է զարգացման հեռանկարային ծրագրերի իրագործմանը.
  • պետական եւ համայնքային բյուջեների բոլոր միջոցների բաշխումն իրականացնել արդյունքների վրա հիմնված ծրագրային բյուջետավորման սկզբունքով.
  • կատարելագործել գանձապետական համակարգը, պետական ֆինանսների հաշվառումն ու վիճակագրությունը.
  • էապես կատարելագործել պետական գնումների համակարգը, որպեսզի բացառվեն կոռուպցիոն երեւույթներն ու պետական բյուջեի միջոցների անարդարացի բաշխումը.
  • մեծացնել բյուջետային ծախսումների արդյունավետությունը.
  • նվազեցնել պետական վարչակազմի պահպանման ծախսերը.
  • որակապես ավելացնել գիտության, կրթության եւ առողջապահության ոլորտներին արվող հատկացումները.
  • ապահովել տնտեսության զարգացման գերակայություններին համապատասխանող ներդրումային ծրագրերում պետության մասնակցությունը։

Բանկային համակարգի բարեփոխումներ

Հայաստանի տնտեսությունում դրամատնային համակարգը չունի այն դերակատարությունը, որն առկա է շուկայական հարաբերությունների քաղաքականություն որդեգրած ժողովրդավարական մյուս երկրներում։ Հայաստանյան դրամատների միջոցները չափազանց սահմանափակ են թե՛ ՀՆԱ-ի եւ թե՛ վարկերի ու ավանդների անվանական չափի նկատմամբ։ Դրամատների տրամադրած վարկերի հիմնական մասը կարճաժամկետ է եւ տրվում է չափազանց բարձր տոկոսադրույքով։ Նման պայմաններում դրամատնային համակարգը չի կարող լինել տնտեսության զարգացմանը նպաստող իրական գործոն։

Ստեղծված իրավիճակում առաջնահերթ մի շարք քայլերի իրագործման անհրաժեշտություն է առաջացել, որոնցից հարկ է ընդգծել՝

  • ՀՀ կենտրոնական դրամատան նկատմամբ ԱԺ վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը.
  • մակրոտնտեսական ռիսկերի հնարավոր նվազեցումը.
  • ավանդների ապահովագրման գործուն համակարգի մշակումն ու ներդրումը, ինչը կարեւոր քայլ է դրամատնային ողջ համակարգի հանդեպ հասարակության վստահության ամրապնդման համար.
  • ապահովագրական եւ կենսաթոշակային մասնավոր հիմնադրամների ձեւավորման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.
  • ժամանակակից կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը.
  • ազատ մրցակցությունը խափանող ցանկացած խոչընդոտի վերացումը.
  • հիպոթեքային վարկավորման ծավալների ընդլայնումը.
  • դրամատների կողմից տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալների ավելացումը՝ վարկերի օգտագործման նկատմամբ սահմանելով օպերատիվ վերահսկողություն.
  • դրամատների սնանկացման գործընթացի օրենսդրական կատարելագործումը, դրամատնային հանցագործությունների եւ հատկապես դրամատան կանխամտածված սնանկացման համար գործող օրենսդրությամբ նախատեսված պատժի խստացումը, այս գործընթացներում դատարանների դերի կարեւորումը.
  • տնտեսության մեջ կանխիկ դրամով իրականացվող գործարքների սահմանափակման համար համապատասխան օրենսդրական մեխանիզմների կիրառումը, մուրհակների եւ չեկերի շրջանառության կարգավորումը.
  • ֆինանսավարկային հաստատությունների գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացումը.
  • նախկին «Հայխնայբանկում» ավանդադրած գումարների վերադարձման իրատեսական ծրագրի իրագործումը՝ հետեւյալ հիմնական սկզբունքների կիրառմամբ.
    • բոլոր ավանդները պետք է ձեւակերպվեն որպես կառավարության պարտք իր քաղաքացիներին,
    • ավանդների վերադարձման միջոցների աղբյուր պետք է լինեն անցած տարիներին պետական պաշտոնյաների կողմից հասարակությունից յուրացված հարստության բռնագանձումից ստացվող գումարները։

Արժեթղթերի եւ ապահովագրական շուկայի ամրապնդում

Զարգացած տնտեսություններում ներդրումային գործընթացների գերակշռող ծավալները իրականացվում են արժեթղթերի շուկայի միջոցով։ Մեր երկրում արժեթղթերի շուկան տակավին սաղմնային փուլում է, իսկ պետությունը չի իրականացնում դրա խթանման եւ զարգացման համարժեք միջոցառումներ։ Արժեթղթերի շուկան ՀՀ-ում, ըստ էության, սահմանափակված է բրոքերային եւ դիլերային տարբեր գործակալությունների կողմից պետական արժեթղթերի առքուվաճառքի գործարքներով։ Գրեթե զրոյական մակարդակում են բաժնետիրական ընկերությունների թողարկած բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքները։

Արժեթղթերի շուկայի զարգացման նպատակով հարկավոր է ՀՀ-ում ներդնել միջազգային արժեթղթերի շուկաներին բնորոշ մեխանիզմներ` դրանք հարմարեցնելով Հայաստանի առկա պայմաններին, որոնք անհրաժեշտ նախադրյալներ կստեղծեն արժեթղթերի շուկայի արդյունավետ զարգացման համար։

Ցանկացած երկրի տնտեսության զարգացման եւ կայունության ապահովման գործում անվիճելի դեր ունի ապահովագրական շուկան։ Այն իրեն բնորոշ կայունացնող լծակներով նվազեցնում է տնտեսության տարբեր ճյուղերում առկա բնական եւ տեխնածին տարաբնույթ ռիսկերը՝ դրանով իսկ գործարար հանրության համար ստեղծելով առավել նպաստավոր մթնոլորտ։ Արդյունավետ գործող ապահովագրական շուկան միաժամանակ համապատասխան պաշտպանություն է տրամադրում բնակչության լայն զանգվածներին՝ ապահովելով սոցիալական պաշտպանվածության առավել բարձր մակարդակ։

ՀՀ ապահովագրական շուկայի զարգացման ներկայիս ընթացքը չի կարելի գոհացուցիչ համարել, ուստիեւ անհրաժեշտ է իրականացնել շուկայի զարգացումը խթանող պետական բազմակողմանի միջոցառումներ։

Այդ շուկայի զարգացման միջոցառումների շարքում՝

  • կիրականացվի սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող տեսակների՝ բժշկական ապահովագրության եւ կենսաթոշակային մասնավոր ապահովագրության ներդրում.
  • տնտեսության մեջ առկա ռիսկերի նվազեցման նպատակով կստեղծվի արտահանման վարկերի եւ ներդրումների ապահովագրության պետական գործակալություն, որը համագործակցելով այլ երկրների նմանատիպ կառույցների հետ, կապահովի ՀՀ-ում իրականացվող արտասահմանյան ներդրումների ապահովագրությունը՝ դրանով իսկ խթանելով ներդրումները.
  • կիրականացվի ՀՀ-ից արտահանում իրականացնող կազմակերպությունների կողմից արտասահմանյան գործընկերներին տրամադրվող ապրանքային վարկերի ապահովագրությունը։

Հակամենաշնորհային քաղաքականություն. տնտեսավարող սուբյեկտների համար մրցակցային պայմանների ապահովում

ՀՀ տնտեսության մի շարք գերակա ճյուղեր տասնյակ տարիներ գործել են որոշ տնտեսավարող սուբյեկտների կամ «կլանների» մենաշնորհային գործունեության պայմաններում։ Այս իրավիճակը մենաշնորհին տիրապետող անձանց հնարավորություն է ընձեռել չարաշահելով շուկայում իրենց միանձնյա գերակա դիրքը՝ սպառողներին թելադրել անշահավետ պայմաններ եւ արհեստականորեն բարձր գներ։ Այս իրավիճակը պետք է անհապաղ փոխվի։

Այդ նպատակով անհրաժեշտ է՝

  • ընդունել համապատասխան օրենքներ ու օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված շուկայում տարբեր սուբյեկտների մենաշնորհային եւ գերիշխող դիրքերը կանխելուն, բնական մենաշնորհի պետական կարգավորմանը.
  • որակապես նոր մակարդակի բարձրացնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը, որի հիմնական նպատակներից առաջինը պետք է լինի տնտեսության մեջ հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը.
  • տնտեսավարող սուբյեկտների համար մրցակցային պայմանների ապահովման նպատակով բարեփոխումներ իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումների համատեքստում, որպեսզի իսպառ բացառվեն պետական իշխանության մարմինների կողմից իշխանական լծակների ոչ օրինական եւ ոչ համարժեք կիրառմամբ մրցակցության հավասար պայմանների խաթարումը եւ հովանավորչության արատավոր երեւույթները։

Արդյունավետ սեփականատեր

ՀՀ տնտեսական ներուժի գերակշռող մասը մնում է չիրացված։ Անարդյունավետ սեփականաշնորհման հետեւանքով արտադրության միջոցները եւս սեփականաշնորհվեցին որպես գույք՝ դուրս մնալով ապրանքային շրջանառությունից, իսկ լավագույն դեպքում արտահանվեցին իբրեւ հումք։ Առկա ներուժի լիարժեք գործարկումը պետք է համարել գերխնդիր, հնարավոր բոլոր միջոցներով այն մտցնել ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ։ Արտադրության միջոցների սեփականատիրոջ համար պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպեսզի վերջինս կամ գործարկի այդ միջոցները, կամ վաճառի։ Արտադրական միջոցի տիրապետումը զուտ որպես գույք՝ չպետք է ձեռնտու լինի սեփականատիրոջը։

Սեփականությունը պետք է օգտագործվի ի բարօրություն հանրության։

Կուսակցությունն առաջարկում է՝

  • հարկային ճկուն քաղաքականություն իրականացնելու միջոցով օժանդակել արտադրության միջոցների շրջանառությանը.
  • օրենսդրորեն խրախուսել հիպոթեքը.
  • փոխել սեփականաշնորհման նպատակը, գերապատվությունը տալ ոչ թե սեփականաշնորհումից առաջացած բյուջետային եկամուտներին, այլ արդյունավետ կառավարմանը, ներդրումներին, աշխատատեղերի բացմանը.
  • կատարելագործել ձեռնարկություններն առողջացնելու մեխանիզմները՝ նպատակ ունենալով առողջացնել, կոնվերսիայի ենթարկել ու վերագործարկել անվճարունակ եւ անմրցունակ ձեռնարկությունները.
  • նպաստել ժամանակակից արտադրության ու բիզնեսի կառավարմանը տիրապետող որակյալ մենեջերների պատրաստմանը։

5. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ներկա իրավիճակում շատ ոլորտներում օրենսդրորեն ապահովված են քաղաքացիների հավասար իրավունքները, սակայն այդ իրավունքներից օգտվելու հնարավորություններն էապես տարբեր են։

Հայաստանի Հանրապետությունում չպե՛տք է լինեն աղքատության շեմից ցածր գտնվող մարդիկ:

Հայաստանի Հանրապետությունում չպե՛տք է լինեն անօթեւան մարդիկ։

Հայաստանի Հանրապետությունում չպե՛տք է լինեն սոված կամ թերսնվող մարդիկ։

Հայաստանի Հանրապետությունում չպե՛տք է լինեն իրենց տարրական առողջական խնդիրները լուծելու համար բուժօգնություն ստանալու ֆինանսապես անկարող մարդիկ։

Աշխատանքային օրենսգիրքը պետք է վերանայվի, ինչը հնարավորություն կտա այսուհետ կարգավորել հատկապես գործատու-աշխատող հարաբերությունները եւ հնարավորինս պաշտպանել երկու կողմերի շահերը։ Այս ոլորտում առկա իրավիճակը չի կարելի բնութագրել այլ կերպ, քան վարձու աշխատանքի միջոցով բնակչության նկատելի շերտի աշխատանքային գերշահագործում՝ աշխատավարձերի, աշխատաժամանակի եւ աշխատանքային վատ պայմանների միջոցով։ Աշխատանքային օրենսգրքի կիրառության որոշակի ժամանակահատվածը կհուշի, թե ինչ խնդիրներ այն չի լուծում, հատկապես երբ դրա բարերար ազդեցությունը դեռեւս չի զգացվում։

Առաջարկվող սոցիալական քաղաքականության հիմքում մասնավորապես բեւեռներից մեկի՝ բնակչության չքավոր հատվածի շահերի ձեւակերպումն է, դրանց օրենսդրական ամրագրումը եւ հատկապես կենսագործումը։

Այս փուլում սոցիալական քաղաքականությունը՝ որպես նպատակ, սահմանում է հասարակության չքավոր խավի համար լրացուցիչ պայմանների ստեղծում՝ սահմանադրորեն հռչակված եւ օրենսդրորեն ամրագրված իրենց իրավունքներից օգտվելու համար, ինչպես նաեւ հրատապ օրենքների մշակում, ընդունում եւ դրանց կիրարկման վերահսկում։

Այդ կարգի «լրացուցիչ պայմանները» ենթադրում են մարդկանց իրավական եւ տնտեսական նվազագույն գիտելիքների ապահովում, այդ իմացությունների կիրառում, սոցիալական վարքի ակտիվացում, տեղեկացվածության մեծացում, ինչպես նաեւ կիրարկման ընթացքի վերահսկում։

Սոցիալական բեւեռացման ցուցանիշներով հետխորհրդային երկրների ցանկում ներկայում Հայաստանը զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը։ Նման վիճակն աղքատ խավերին ավելի է խորթացնում հասարակությունից, խորացնում ներհասարակական անկայունությունը, ուժգնացնում արտագաղթը՝ սպառնալով պետության անվտանգությանը։ Անհամեմատ ավելի ծանր է հասարակության խոցելի խմբերի՝ հաշմանդամների, պատերազմում զոհված, անհայտ կորած կամ խեղանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների անդամների, ինչպեսեւ թոշակառուների, այդ թվում՝ միայնակ եւ անօգնական տարեցների, հայրենական պատերազմի մասնակիցների, բռնադատվածների, փախստականների եւ բռնի տեղահանվածների վիճակը։ Հանրային ծառայությունների ոլորտը կարիք ունի ժողովրդանպաստ կառավարման՝ ի շահ բնակչության կենսապայմանների բարելավման եւ սպառողների իրավունքների պաշտպանության։

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի արժանավայել, որի համար անհրաժեշտ է.

  • ապահովել բնակչության եկամուտների իրական աճ, ամրապնդել սոցիալական պաշտպանության համակարգը,
  • վերականգնել սոցիալական արդարությունն ու սոցիալական խախտված իրավունքները,
  • իրապես պաշտպանել անապահով խավերի աշխատանքային իրավունքը,
  • կրճատել գործազրկությունը, իրականացնել զբաղվածության արդյունավետ քաղաքականություն,
  • հետամուտ լինել հարեւան եւ այլ երկրներից տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատած փախստականների ինտեգրմանը հասարակության մեջ,
  • հատուկ ուշադրություն դարձնել աղետի ենթարկված գոտու վերականգնմանը եւ սահմանամերձ գյուղերի զարգացմանը։

Սոցիալական խնդիրների իրագործումը պետք է ենթադրի՝

  1. մատչելի եւ որակյալ առողջապահություն.
  2. գործազրկության կրճատում եւ զբաղվածության արդյունավետ քաղաքականություն.
  3. եկամուտների եւ սոցիալական պաշտպանության նպատակամետ ու արդյունավետ քաղաքականություն.
  4. բնակչության եկամուտների իրական աճ, սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդում.
  5. որակյալ կոմունալ ծառայություններ.
  6. որակյալ եւ անվտանգ բնակարանային պայմաններ.
  7. որակյալ տրանսպորտային ծառայություններ.
  8. ընտանիքի, մայրության եւ մանկության պաշտպանություն։

Հանուն Հայաստանի եւ Արցախի ազատության իրենց առողջությունը նվիրաբերածները եւ նրանց ընտանիքների անդամները, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները պետք է դառնան պետության հատուկ հոգածության օբյեկտ, ապահովվեն բարձր կենսաթոշակներով եւ արտոնություններով: Ներկայում ծառայության մեջ գտնվող զինվորների ընտանիքները եւս պետք է օժտվեն որոշակի արտոնություններով:

Այս ամենի իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ճկուն եւ նպատակային սոցիալական քաղաքականության գերակա խնդիրներն են՝ սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումների իրագործումը, մասնավոր կենսաթոշակային համակարգի ձեւավորումը, տնտեսությունում առկա ներուժի ողջամիտ օգտագործման, ստվերային տնտեսության կրճատման հաշվին կենսաթոշակների ու նպաստների բարձրացումը՝ հասցնելով «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվարկված ու պաշտոնապես հրապարակված կենսապահովման նվազագույն բյուջեի արժեքին:

Գյուղացիություն

Երբեմնի կայուն, ավանդականորեն անփոխարինելի ու ընդօրինակելի գյուղական ընտանիքները հայտնվել են պառակտման եզրին, քանի որ տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնել մոտիկ ու հեռու արտասահմաններ։ Սահմանամերձ գյուղերում պատկերը լրացնում են անմշակ հողատարածքները, կիսավեր կառույցները, դավադիր կրակոցներն ու անասնագողության դեպքերը։ Այս ամենի պատճառով կայուն թվացող շատ ընտանիքներ քայքայվում են, իսկ նորերը չեն կազմվում։ Հետեւապես՝ նորընտիր իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ գյուղական ընտանիքներին վարկեր ու նյութական աջակցություն տրամադրելու համար, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն գործ սկսել։ Առանձին հոգածության առարկա պետք է լինի սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի զարգացումը։

Գյուղական բնակչությունը զրկված է ազատ եւ մատչելի տեղեկատվություն ստանալու իրավունքից, ինչի արդյունքում դարձել է հասարակական-քաղաքական հարաբերություններին անհաղորդ ու իներտ` ենթարկվելով համապետական ու տեղական իշխանավորների բռի կամքին:

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ հարուստ ու ապահով գյուղը պետության անվտանգության գրավականն է:

Մատչելի եւ որակյալ առողջապահություն

Առողջ մարդը, նրա ստեղծագործ եւ արտադրողական աշխատանքը իր (հետեւաբար՝ իր ընտանիքի) եւ հասարակության (հետեւաբար՝ պետության) հարստության ամենակարեւոր աղբյուրն է։ Առողջության պահպանման մեջ ներդրումները կարող են բազմապատիկ փոխհատուցվել, եթե առողջ ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ կենսագործվի արգասավոր ու նպատակամետ քաղաքականություն։ Առողջապահությունը յուրաքանչյուր պետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչներից է։ Առողջ ապրելու՝ բնակչության իրավունքն իրացնելու եւ ՄԱԿ-ի Հազարամյակի Հռչակագրի նպատակները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է հանրապետությունում վարվող քաղաքականությունը համալրել հետեւյալ ծրագրային խնդիրներով.

  • բժշկական օգնության եւ ծառայությունների ֆիզիկական ու ֆինանսական մատչելիության մակարդակի բարձրացում,
  • բժշկական օգնության եւ ծառայությունների որակի բարձրացում,
  • առողջապահության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում,
  • բնակչության դեղորայքային ապահովվածությանն ու մատչելիությանն ուղղված նպատակային ծրագրի մշակում եւ իրականացում,
  • անվտանգ ֆիզիկական միջավայրի ապահովում,
  • առողջ ապրելակերպի արմատավորում։

Նշված ծրագրային խնդիրներն իրագործելու համար անհրաժեշտ է.

  • օրենքով սահմանել հիվանդների իրավունքները,
  • ընդունել «Բժշկական ապահովագրության մասին» ՀՀ օրենքը։ Առողջության ապահովագրումը խրախուսելու նպատակով օրենքով պետք է թույլատրել ՀՀ տնտեսավարող սուբյեկտներին՝ սեփական միջոցներով իրենց աշխատողների առողջության ապահովագրման 30%-ը ֆինանսավորելու դեպքում այդ մասով նվազեցնել շահույթը՝ հաշվարկելով այն որպես ծախս,
  • «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել առողջապահությունը տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորություն ճանաչելու մասով,
  • իրականացնել պետական լուրջ քաղաքականություն դեղային ու սննդային ահաբեկչությունը կանխարգելելու ուղղությամբ,
  • փոփոխություններ կատարել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում՝ այն հաշվով, որպեսզի ապահովվեն դեղերի մատչելիությունը, արդյունավետությունը, անվտանգությունն ու որակը,
  • փոփոխություններ կատարել «Սննդի անվտանգության մասին» ՀՀ օրենքում՝ այն հաշվով, որպեսզի ապահովվեն սննդի պատշաճ որակն ու անվտանգությունը,
  • պետական բյուջեում կազմավորել առողջապահական հատուկ բյուջե՝ ի հաշիվ մարդկանց առողջությանը վնասող ապրանքների ակցիզային եւ ավելացված արժեքի հարկերից, բնապահպանական վճարներից, կանաչ տարածքների հատման համար տույժերից եւ տուգանքներից հաստատագրված չափերով մասհանումների,
  • պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բժշկական օգնության ու ծառայությունների համար սահմանել իրատեսական գներ,
  • պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող պետական առողջապահական նպատակային ծրագրի շրջանակներում տեղադրել պետական պատվեր՝ մրցութային կարգով,
  • բոլոր համայնքներում կամ դրանցից 3 կմ շառավղով ոչ հեռու վայրերում ստեղծել եւ պահպանել դեղատների կամ դեղեր բաշխող կազմակերպություններ,
  • համայնքների բոլոր առողջապահական կազմակերպություններն ապահովել կադրերով։ Այդ նպատակով առողջապահական կազմակերպությունների՝ հատկապես Երեւանում, օպտիմալացման արդյունքում առաջացած բժշկական կադրերի ավելցուկը գործուղել համապատասխան մասնագետի կարիք ունեցող համայնքներ՝ նրանց վերամասնագիտացնելու, վերապատրաստելու եւ սոցիալական անհրաժեշտ երաշխիքներով ապահովելու պայմանով,
  • կատարելագործել առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական անձնակազմի եւ ընտանեկան բժիշկների վարձատրության մեխանիզմը,
  • մարդասիրական օգնության կարգով Հայաստան առաքված բուժտեխնիկան եւ դեղորայքային միջոցներն օգտագործել նպատակային եւ արդյունավետ,
  • խրախուսել բնակչության առողջության պահպանման գործում ավանդական բժշկության մեթոդների ու առողջ ապրելակերպի արմատավորմանն ուղղված ծրագրերը,
  • հետեւողական պայքար մղել արտադրվող ու ներկրվող դեղերի եւ սննդի որակը, արդյունավետությունն ու անվտանգությունը ապահովելու ուղղությամբ:

Գործազրկության կրճատում եւ զբաղվածության քաղաքականություն

Գործազրկության կրճատման եւ բնակչության զբաղվածության աստիճանի ավելացման համար անհրաժեշտ է՝

  1. աշխատանքային օրենսգրքի անհապաղ վերանայում.
  2. զբաղվածության ծառայությունների աշխուժացում՝ աշխատատեղերի ստեղծման, վերամասնագիտացման, վերաորակավորման ծառայությունների մատուցման եւ ինքնազբաղվածության շուկայի ձեւավորման նպատակով.
  3. գյուղական աշխատուժի հանդեպ քաղաքականության մշակում եւ կիրարկում.
  4. աշխատանքային գերշահագործման վերացում, գործատու-աշխատող հարաբերությունների օրենսդրական վերահսկում, ոչ ֆորմալ հարաբերությունների իրավական վավերացում.
  5. անապահով խավերի աշխատանքային իրավունքի իրական պաշտպանություն.
  6. ստվերային զբաղվածության օրինականացում եւ դրանցում զբաղվածների սոցիալական երաշխիքների ապահովում։

Եկամուտների եւ սոցիալական պաշտպանության քաղաքականություն

Այս ոլորտի կարեւորագույն խնդիրներից են՝

  • նվազագույն աշխատավարձի սահմանումը՝ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվարկված ու պաշտոնապես հրապարակված կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով.
  • նպաստների, կենսաթոշակների բարձրացումը՝ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվարկված ու պաշտոնապես հրապարակված կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով.
  • սոցիալական ծառայությունների զարգացումը, հատկապես դրանցում հասարակական կազմակերպությունների ներգրավման խթանումը.
  • եկամուտների պարբերաբար ինդեքսավորումը` սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությանն ու հայկական դրամի գնողունակությանը համապատասխան.
  • սոցիալական պաշտպանության մեխանիզմների եւ վարչարարության բարոյականացումը, դրանց վերահսկումը` այդ թվում հասարակական վերահսկողության լայնորեն օգտագործմամբ։

Որակյալ կոմունալ ծառայություններ

Որակյալ կոմունալ ծառայությունների ոլորտում կարեւորվում են՝

  • խմելու ջրի, կապի միջոցների անխափան աշխատանքի ապահովումը, բնակչության կարիքավոր խավերի համար դրանց մատչելիությունը.
  • բնակարանային պայմանների բարելավումը.
  • ընդհանուր բաժնային սեփականություն ունեցող բազմաբնակարան շենքերի կառավարման գործում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության ու դրանց կողմից օրենքով սահմանված գործառույթների իրականացման մակարդակի բարձրացումը.
  • կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքների վերահսկողությունը, այդ թվում` հասարակական վերահսկողության լայնորեն կիրառումը։

Պատշաճ կենսաթոշակի իրավունքի ապահովում, կենսաթոշակառուների կյանքի որակի բարձրացում

Կենսաթոշակների ավելացման հնարավորությունը թաքնված է գոյություն ունեցող եւ ստորեւ ներկայացվող երեւույթների վերացման մեջ՝

  1. սոցիալական վճարումներից խուսափելու միտում.
  2. վարչական թերհաշվառում, սոցիալական վճարների հավաքագրման արդյունավետ հարկադրական մեխանիզմի բացակայություն.
  3. սոցիալական ծառայությունների կողմից ֆինանսավորվող չափազանց մեծ թվով «արտոնյալ» կենսաթոշակներ.
  4. կենսաթոշակների ինդեքսավորման երաշխիքների բացակայություն.
  5. Մասնագիտական թաշակային արդյունավետ համակարգի բացակայություն:

Անհրաժեշտ է նաեւ սահմանել կենսաթոշակի չափը՝ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվարկված ու պաշտոնապես հրապարակված կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով։

Խիստ կարեւորում ենք կենսաթոշակառու քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը՝ նրանց ինտեգրումը երկրի մշակութային, հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքին:

Այդ նպատակով անհրաժեշտ ենք գտնում ձեւավորել թոշակառուների համար նախատեսված մշակութային, հանգստի եւ ժամանցի կենտրոններ, ըստ հետաքրքրությունների ակումբներ, տնտեսական գործունեությամբ զբաղվելու հմտությունների/կարողությունների զարգացման, վերապատրաստման կենտրոններ:

Ընտանիքի , մայրության եւ մանկության պաշտպանություն

Երկրին սպառնացող ժողովրդագրական մարտահրավերներին դիմակայելու, ընտանիքի, մայրության եւ մանկության պաշտպանությունն արդյունավետ դարձնելու, ինչպես նաեւ բնակչության բնական աճը խթանելու նպատակով անհրաժեշտ է՝

  1. Ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացում.
  2. երիտասարդ ընտանիքների աշխատանքային եւ բնակարանային իրավունքների իրականացման լրացուցիչ մեխանիզմների ձեւավորում, վարկային հատուկ ծրագրերի իրականացում.
  3. պետական բնակարանաշինական ծրագրերով երիտասարդ ընտանիքներին ապահովել բնակարաններով՝ կիրառելով մասնակի փոխհատուցվող հիպոթեքային վարկավորման համակարգը.
  4. գործատու-հղի կին հարաբերությունների կարգավորում եւ բարելավում.
  5. երեխաների թափառաշրջության եւ մուրացկանության վերացում, դպրոց չհաճախելու դեպքերի բացառում.
  6. ծնելիության խթանում.
  7. մինչեւ երեք տարեկան երեխաների խնամքի համար մայրերին հատկացվող ամսական նպաստների չափը սահմանել կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով.
  8. յուրաքանչյուր նորածնի համար միանվագ նպաստի չափը սահմանել առնվազն օրենքով սահմանված նվազագույն կենսապահովման զամբյուղի արժեքի 10-ապատիկի չափով.
  9. շեշտակիորեն ավելացնել ընտանիքում յուրաքանչյուր երկրորդ եւ հաջորդ ծնված երեխաների համար հատկացվող նպաստները։

Սոցիալական արդարության հաստատում եւ աղքատության հաղթահարում

Երկրում սոցիալական արդարություն հաստատելու նպատակով անհրաժեշտ է.

  • միջոցներ ձեռնարկել ԽՍՀՄ փլուզման արդյունքում արժեզրկված ավանդների (ներառյալ 1990-ականների խաբված ավանդատուների կորցրած գումարները) համարժեք եւ հնարավորինս շուտ փոխհատուցման ուղղությամբ: Ընդ որում, այդ նպատակով հարկ կլինի ընդունել օրենք նախկին ԽՍՀՄ խնայբանկերում ավանդները պետական ներքին պարտք ճանաչելու եւ դրա փոխհատուցման կարգի մասին, հաստատել ավանդների փոխհատուցման առավել արդար մեխանիզմ եւ կրկնապատկել փոխհատուցման գործակիցները, սահմանել փոխհատուցման ժամկետների հստակ ժամանակացույցեր, հայկական դրամի արժեզրկման գործընթացից խուսափելու նպատակով փոխհատուցել պետական ներքին պարտք ճանաչված ավանդները՝ երկրի տնտեսական զարգացման կարեւորագույն ուղղությունների համար կատարվող ներդրումներում բնակչության ավանդների չափով բաժնեմասեր տրամադրելու միջոցով։ Այդ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է օգտագործել ապօրինի սեփականաշնորհված եւ անարդյունավետ օգտագործված գույքը, որի մեջ բնակչությունն իր ավանդների արժեքի չափով կարող է ունենալ բաժնեմասի իրավունք։ Սա լուրջ խթան կհանդիսանա տնտեսության, հատկապես արժեթղթերի շուկայի զարգացման համար,
  • ընդունել օրենքներ սոցիալապես խոցելի խմբերի պաշտպանության մասին եւ սոցիալական ապահովագրության մասին,
  • փոփոխություններ կատարել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում», «Աշխատանքի վարձատրության մասին», «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմինների մասին» ՀՀ օրենքներում,
  • արմատապես վերանայել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) սկզբունքները, խնդիրները եւ քաղաքականությունը` այն հաշվով, որպեսզի մինչեւ 2015 թվականը աղքատությունը երկրում իսպառ հաղթահարվի,
  • մշակել եւ իրագործել «Բնակչության կենսամակարդակի բարձրացման ռազմավարական ծրագիր»,
  • հարեւան եւ այլ երկրներից տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատած փախստականների բնակարանային խնդիրները լուծել էժան, հիպոթեքային վարկեր տրամադրելու միջոցով։ Բնակարանաշինության ընթացքում կիրառել փախստականների «աշխատանքի մասնակի փոխհատուցման» սկզբունքը,
  • բարձրացնել հանրային ծառայությունների մատչելիությունն ու որակը եւ համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։

6. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊՈՐՏ, ԵԿԵՂԵՑԻ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գիտություն

Հայաստանի Հանրապետությունը բոլոր ժամանակներում աչքի է ընկել գիտական ներուժով, նույնիսկ որոշ ճյուղերում ձեռք բերած համաշխարհային հռչակով։

Հայաստանում գիտության զարգացումը ոչ միայն ազգային հպարտության խնդիր է, այլեւ տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման, նոր աշխատատեղերի ստեղծման, ազգային անվտանգության ամրապնդման, երկրի մրցունակության եւ միջազգային վարկի բարձրացման գրավական։ Գիտության եւ կրթության արդի զարգացմանը համընթաց գնալու համար կրթական տեղեկատվության ժամանակին ու տեղին օգտագործումն այլընտրանք չունի: Գիտակիրառական հիմնավորում չունեցող ձեռնարկներն ու ծրագրերը շարունակում են լուրջ փորձությունների մատնել երկիրը` հանգեցնելով գիտական ներուժի արտահոսքի եւ ինովացիոն հնարավորությունների նվազման, պրոֆեսորադասախոսական, ուսուցչական անձնակազմի ծերացման: Անկախության տարիների ընթացքում Հայաստանի գիտական ներուժը կրճատվել է ավելի քան երեք անգամ: Միայն մտավոր ներուժի արտահոսքից Հայաստանը կորցրել է եւ շարունակում է կորցնել յուրաքանչյուր տարի ավելի քան պետական բյուջեի չափ կապիտալ: Գիտակրթական բարեփոխումների ռազմավարական հայեցակարգի մշակումը պետք է որպես հիմք ունենա եվրոպական կառույցների հետ ինտեգրումն ու միջազգային պայմանագրերի ընդունումը` միաժամանակ պահպանելով գոյություն ունեցող գիտակրթական բարձր արժեքներն ու չափանիշները:

Հրամայական է դարձել գիտության մի շարք ճյուղերի զարգացումը՝ հայագիտություն, իրավագիտություն, պետականագիտություն, բարոյագիտություն, սոցիոլոգիա, որոնք հայտնի պատճառներով խորհրդային տարիներին անտեսվել էին կամ էլ զարգանում էին հայտնի «իզմերի» ազդեցության ներքո։ Գիտության կարեւոր ճյուղերի աջակցումն ու զարգացումը պետք է լինեն պետության առաջնային հոգածության առարկան։

Անընդունելի, նույնիսկ վիրավորական են գիտնականին ու մանկավարժին այսօր վճարվող աշխատավարձերի չափերը։ Որոշ ժամանակ անց մենք չենք ունենալու նրանց փոխարինող կադրեր։ Գիտության առանձին ճյուղերում արդեն նկատվում է միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում տպագրությունների սակավություն կամ ուղղակի բացակայություն։

Գիտական աշխատողների վարձատրության բարձրացման, գիտական թեմաների ֆինանսավորման ծավալների մեծացման նպատակով անհրաժեշտ է աստիճանաբար ավելացնել հատկացվող միջոցները: Ընդհանուր առմամբ գիտության ֆինանսավորումը անհրաժեշտ է հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսին, ինչպես նաեւ գտնել դրանց ֆինանսավորման այլընտրանքային եղանակներ եւ աղբյուրներ։ Անհրաժեշտ է նաեւ բյուջետային հատկացումներ նախատեսել գիտական սարքավորումներ, համակարգչային նորագույն տեխնիկա, այլ պարագաներ ձեռք բերելու, ԲՈՒՀ-երը դասավանդման ժամանակակից տեխնիկական միջոցներով արդիականացնելու, գիտահետազոտական հաստատությունները տեխնիկապես վերազինելու համար։ Այս ուղղությամբ հարկավոր է առանձնակի ուշադրության արժանացնել այնպիսի հեռանկարային ուղղություններին, ինչպիսիք են բարձր տեխոլոգիաները` տեղեկատվական, նանո, կենսաբանական, ինչպեսեւ գենետիկան ու գենային ճարտարագիտությունը, միջուկային եւ մոլեկուլյար ֆիզիկան եւս:

Գլոբալ եւ լոկալ հիմնախնդիրներ ունեցող Հայաստանը պարտավոր է ունենալ նաեւ այդ խնդիրների հետազոտման, վերլուծման եւ հաղթահարման գիտահետազոտական կենտրոններ։ Ցանկացած հիմնախնդիր առանց խոր հետազոտությունների դատապարտված է ձախողման, ինչը պետականության առաջին աղյուսները դրած Հայաստանի համար անչափ վտանգավոր է։

Հաշվի առնելով հանրապետության աշխարհաքաղաքական դիրքը, պաշարամիջոցների սակավությունը, հայ մարդու նկարագիրը, կարելի է ասել, որ առաջիկա տարիներին Հայաստանի զարգացումն անհնարին է՝ առանց գիտության զարգացման։

Տիրող վիճակն այս է՝ գիտահետազոտական ինստիտուտների մեծ մասի պարապուրդ, գիտական թեմաների անբավարար ֆինանսավորում, բարձրագույն կրթությանն առաջադրվող մեղմ պահանջներ, գիտության տարբեր ճյուղերի նպատակային զարգացման ծրագրերի ֆինանսավորման բացակայություն։ Վերջապես՝ բյուջեից ամբողջ գիտությանն ու կրթությանը հատկացվող միջոցները չեն կարող բավարար լինել գիտական մեծ ներուժ ունեցող Հայաստանի համար։ Սրա հետեւանքով տեղի է ունենում «ուղեղների արտահոսք», պակասում է գիտության նկատմամբ հետաքրքրությունը եւ ընդհանրապես՝ հասարակական գիտակցության մեջ աղավաղվում է մանկավարժի, գիտնականի կերպարը։

Անհրաժեշտ են՝

  1. գիտական ենթակառուցվածքների գործունեության նկատմամբ պետական հոգածություն ու աջակցություն.
  2. կարեւորագույն միջազգային եւ ազգային գիտական մշակումների, նախագծերի կառավարման համակարգի կատարելագործում ու վարչարարական անհարկի միջամտությունների վերացում.
  3. տարբերակված մոտեցում գիտական հայտնագործությունների խթանման նկատմամբ. գիտնականի աշխատավարձը պետք է կախված լինի նրա գիտական արդյունքի որակից.
  4. գիտական եւ բուհական համակարգերի բարեփոխում՝ մասնավորապես ինքնավարության եւ ստեղծագործական ազատության երաշխիքների ապահովում եւ ինտեգրում համաշխարհային համակարգերին.
  5. գիտություն-կրթություն կապի ստեղծում՝ լավագույն գիտնականները պետք է դասավանդեն բուհերում, իսկ բուհերը դառնան ժամանակակից գիտական կենտրոններ.
  6. գիտական եւ տեխնոլոգիական հեռանկարային ուղղությունների զարգացումը խթանող համալիր ծրագրերի մշակում՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղեկատվական աշխատակարգերին ու կենսաաշխատակարգերին.
  7. հանրակրթական ուսուցման ծրագրերի եւ մեթոդների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին. նոր սերնդի հայեցի դաստիարակություն՝ հիմնված ազգային եւ համամարդկային արժեքների վրա.
  8. «Գիտակրթական համակարգի զարգացման մասին» օրենքի ընդունում` դրա շրջանակներում նախատեսելով մշտական գործող գիտակրթական հանձնաժողով՝ բաղկացած Հայաստանի լավագույն մանկավարժներից ու համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներից։ Հանձնաժողովի կողմից գիտատեխնիկական ռազմավարության նոր հայեցակարգի մշակում ու կառավարության հաստատում.
  9. ՀՀ հիմնարար գրադարանների հագեցում ուսումնական, գիտական եւ գիտամեթոդական անհրաժեշտ գրականությամբ, գրադարանների տեղեկատվական զինանոցի համացանցի ձեւավորում.
  10. մասնագիտական հիմնարկներից եւ ԲՈՒՀ-երից երիտասարդ, տաղանդավոր կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական, գիտական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար լրացուցիչ հաստիքների ստեղծում՝ բարձր աշխատավարձով եւ պակաս ծանրաբեռնվածությամբ, ասպիրանտուրայի տեղերի կրկնապատկում, դրանց հնարավորինս համաչափ բաշխում ըստ մասնագիտությունների.
  11. համացանցային կապի ոլորտի ազատականացման միջոցով որակյալ ինտերնետ կապի ծառայություններ մատչելիությն ապահովում, ԲՈՒՀ-երի համացանցային որակյալ կայքէջերի ստեղծում.
  12. գիտություն-արտադրություն կապի խթանում՝ պետական եւ մասնավոր ֆինանսական ու նյութական միջոցների ներգրավմամբ, տեխնոպարկերի եւ տեխնոպոլիսների ձեւավորում՝ նրանց նկատմամբ կիրառելով արտոնյալ հարկային համակարգ եւ վերացնելով ներմուծվող տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ կիրառվող ավելացված արժեքի հարկը։

Կրթություն

Անհատի ու նրա խղճի, բարոյականության եւ հայրենասիրության ձեւավորման, համաշխարհային ու ազգային մնայուն արժեքների եւ կենսափորձի փոխանցման, երկրի տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման, լիարժեք քաղաքացու ձեւավորման կարեւորագույն օջախներից մեկը դպրոցն է։ Համաշխարհային կրթական ասպարեզում նվաճումներ եւ հաղթանակներ գրանցելու գրավականը 21-րդ դարի հրամայականներին հարիր կրթական համակարգի ձեւավորումն է, որում ցանկացած հաջողություն մեծապես կախված է ուսուցչի արհեստավարժությունից։ Անհրաժեշտ է արմատական բարեփոխումներ կատարել հանրակրթության ոլորտում, որոնք կնպաստեն ապագա ժողովրդավար, հայրենասեր, քաղաքակիրթ քաղաքացիների կերպարի ձեւավորմանը։ Դպրոցը պետք է դադարի լինել լոկ գիտելիքների ներարկման օջախ․ այն պետք է դառնա աշակերտների ինքնուրույն մտածելու կարողությունների, տեղեկատվության հայթայթման հմտությունների զարգացման, անհատի ստեղծագործ ներուժի բացահայտման եւ զարգացման օջախի, որտեղ երեխաները կսովորեն առողջ եւ ճիշտ ապրելակերպի, հարաբերությունների, երջանիկ լինելու արվեստի։ Դպրոցում պետք է ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որում երեխան կսովորի հաճույքով, իսկ գնահատականների տեսքով կիրառվող պատիժ-խրախուսանք համակարգի կարիքը իսպառ կվերանա։

Պետությունը պետք է ապահովի յուրաքանչյուր երեխայի միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը՝ անկախ ընտանիքի սոցիալական վիճակից եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքից։

Անհրաժեշտ է բարեփոխել դպրոցների կառավարման համակարգը՝ դարձնելով այն առավել ժողովրդավար, որպեսզի դպրոցը կարողանա նպաստել յուրաքանչյուր սովորողի ուղու գիտակցված ընտրությանը, նպատակին հասնելու վարքագծի մշակմանը եւ պատասխանատվության բարձրացմանը։

Ուստի Հայաստանի համար առաջնահերթ խնդիր ենք համարում՝

  1. սահմանադրական մակարդակով միջնակարգ կրթությունը որպես քաղաքացու պարտականություն ամրագրելը, Կրթության մասին օրենքով կրթությունից դուրս մնալն անօրինական դիտելը, հանրապետության բոլոր քաղաքներում եւ գյուղերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի ու հնարավորության ապահովելը, անապահով ընտանիքների երեխաների կրթական ծախսերը հոգալը.
  2. Ժամանակակից առաջատար միջազգային չափորոշիչներին համապատասխան ուսուցիչների վերապատրաստումն ապահովվելը՝ արտասահմանյան լավագույն եւ փորձառու մասնագետների ներգրավմամբ Հայաստանի ներսում եւ արտասահմանում․
  3. հասարակական գիտակցության մեջ ուսուցչի երբեմնի բարձր պատիվն ու համբավը վերականգնելը, պատշաճ աշխատավարձ վճարելով՝ ուսուցչի կերպարին ոչ հարիր դրսեւորումներից նրանց զերծ պահելը.
  4. բարձրագույն կրթության ոլորտում նպատակային մասնագետներ պատրաստելու համար բարձրագույն կրթության եւ նրա առանձին ուղղությունների զարգացման երկարաժամկետ ու նպատակային ծրագրերի կազմումը․
  5. պետական աջակցություն աշխարհի առաջատար բուհերում, գիտական ու կրթական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացիներին եւ սփյուռքահայերին.
  6. բարձրագույն կրթությանը ներկայացվող պահանջների խստացումը, որը կվերացնի կամ կմեղմի միջակության դրսեւորումներն ու պարզապես բարձրագույն կրթության վկայական ունենալու մղումները.
  7. ՀՀ պետական բյուջեում կրթության ֆինանսավորումը ՀՆԱ-ի 6%-ին հասցնելը, բյուջետային հատկացումների միջոցով դպրոցական լաբորատորիաների, արհեստանոցների, մասնագիտական դասարանների վերազինումը արդի սարքավորումներով, փորձանյութերով, ուսումնադիտողական պարագաներով, դպրոցների նյութատեխնիկական բազայի ընդլայնումը.
  8. դպրոցական գրադարանային ֆոնդերի համալրումը, էլեկտրոնային գրադարանների ստեղծումը՝ դրանք ապահովելով ժամանակակից տեխնիկական միջոցներով, տեղեկատվական ու համակարգչային սարքավորումներով, համացանցային կապով.
  9. միջին մասնագիտական կրթության խթանումը՝ իբրեւ հանրապետության տնտեսության զարգացման կարեւոր գրավական։ 

Կրթության ոլորտում վերը շարադրված հեռանկարին հասնելու համար անհրաժեշտ է՝

  1. ներդնել մանկավարժների ատեստավորման այնպիսի համակարգ, որը կխթանի ուսուցիչների վերապատրաստումը, կշահագրգռի ունենալ ավելի բարձր կրթակարգ.
  2. սահմանել մանկավարժական կրթակարգի որակավորման չափորոշիչներին համապատասխան տարբերակված աշխատավարձեր՝ ըստ ատեստավորման արդյունքների, որտեղ հաշվի կառնվեն աշխատանքային փորձը, որակավորման աստիճանը, կրթության բնագավառի ձեռքբերումները.
  3. սահմանել մանկավարժին խրախուսող կոչումների (վաստակավոր մանկավարժ, տարվա լավագույն ուսուցիչ, լավագույն դպրոց)՝ հասարակության կողմից վստահելի եւ ընդունելի չափորոշիչներ.
  4. Տալ դպրոցներին ստեղծագործական ինքնութույնություն՝ մանկավարժա-ուսումնական պրակտիկան կիրառելու գործում։
  5. ներդնել մանկավարժների ծանրաբեռնվածության այնպիսի չափորոշիչ, որն ուսուցչին հնարավորություն կտա զբաղվել ինքնակրթությամբ.
  6. ընդլայնել ուսուցիչների վերապատրաստման ցանցը՝ ապահովելով այն որակյալ, այդ թվում՝ արտասահմանից ներգրավված մասնագետներով.
  7. արմատապես բարեփոխել մանկավարժական բուհերի մակարդակը՝ դպրոցը որակյալ ուսուցիչներով ապահովելու համար.
  8. հանրակրթական դպրոցներում հասնել տղամարդ ուսուցիչների թվի ավելացմանը.
  9. մանկավարժական, իրավաբանական, բժշկական կրթության համակարգի պետպատվերով սովորող ուսանողներին պարտավորեցնել 2-3 տարի աշխատել գյուղում, կիրառելով սոցիալական եւ նյութական խրախուսման ճկուն համակարգ.
  10. բարձրացնել անհրաժեշտ որակյալ վերապատրաստում անցած եւ համապատասխան կարգ ստացած մանկավարժների աշխատավարձը՝ այն հասցնելով երկրում սահմանված միջին աշխատավարձի կրկնակի չափին, ինչը մանկավարժների վարկանիշը բարձրացնող հատուկ քաղաքականության հիմնաքարը պետք է լինի.
  11. հանրակրթական դպրոցներում ներդնել մասնագիտական կողմնորոշմանը միտված կրթության սաղմեր։

Մասնագիտական եւ միջին մասնագիտական  կրթություն

Մասնագիտական կրթության ոլորտում անհրաժեշտ է՝

  1. արդի պահանջները բավարարող մանկավարժական եւ դասախոսական կազմի ձեւավորում.
  2. կրթական մասնագիտությունների ցանկի եւ մակարդակի համապատասխանեցում ժամանակակից շուկայական տնտեսության պահանջներին.
  3. մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության մեջ ընդգրկվելու նպատակով անապահով բնակչության եւ զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների ներկայացուցիչների համար որոշ արտոնյալ պայմանների ստեղծում (կրթաթոշակների, պետպատվերի համակարգում ընդգրկվածություն, անվճար վերաորակավորման մեծացում).
  4. վերամասնագիտացնող կրթական ծառայությունների համակարգի վճարովի եւ անվճար ցանցի ընդլայնում.
  5. աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների պատրաստման մեջ ընդգրկված պրոֆեսորադասախոսական կազմի որակավորում՝ միջազգային չափանիշներով.
  6. միջին մասնագիտական կրթության վճարովի մասի վերանայում՝ այն համապատասխանեցնելով բնակչության սոցիալական կարգավիճակի սկզբունքներին.
  7. մանկավարժական, իրավաբանական, բժշկական կրթության համակարգի պետպատվերով սովորող ուսանողներին պարտավորեցնել 2-3 տարի աշխատել գյուղում.
  8. կազմակերպել ագրոտեխնիկական նվազագույն գիտելիքների ուսուցում՝ գյուղական բնակչության համար։

Երիտասարդություն եւ սպորտ

Հայաստանի երիտասարդությունը կոչված է ավագ սերնդից ավելի ազատ, ստեղծարար եւ քաղաքակիրթ լինելու։

Հայաստանի երիտասարդությունը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ստանձնելու արտաքին սպառնալիքներից երկրի պաշտպանության առաքելությունը, ինչպես 1991-ից ի վեր արեց ավագ սերունդը։

Հայաստանի երիտասարդությունը պետք է լինի նաեւ մշակույթի զարգացման եւ տնտեսական հզորացման առաջատարը։

Հայաստանի Հանրապետության ապագան կախված է նոր սերնդից։ Երիտասարդությունը պետք է դաստիարակվի մեր երազած պետության ու հասարակության ոգով։ Հայաստանի երիտասարդության վարքագծում եւ հոգու մեջ պետք է հետեւողականորեն սերմանվեն՝

  • ոգու արժեքի գերակայություն՝ նյութապաշտության հանդեպ.
  • ազատության արժեքի գերակայություն՝ հետադիմության եւ կարծրատիպերի հանդեպ.
  • իրավունքի արժեքի գերակայություն՝ կամայականության հանդեպ.
  • ժողովրդավարության արժեքի գերակայություն՝ մենիշխանության հանդեպ։

Վերը նշված նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է իր երիտասարդ քաղաքացիների համար ապահովի ներհասարակական համերաշխության եւ համագործակցության լայն դաշտ, այդ թվում՝

  • անվճար եւ որակյալ հանրակրթություն.
  • անվճար եւ որակյալ մասնագիտական ու բարձրագույն կրթություն լավագույնների համար՝ հիմնված արդար մրցույթի վրա.
  • բուհերի եւ դպրոցների լաբորատորիաների, արհեստանոցների, մասնագիտական լսարանների ու դասարանների վերազինում ժամանակակից սարքավորումներով, փորձանյութերով, ուսումնադիտողական պարագաներով, գրադարանային ֆոնդերի համալրում, էլեկտրոնային գրադարանների ստեղծում եւ ապահովում ժամանակակից տեխնիկական միջոցներով, տեղեկատվական ու համակարգչային սարքավորումներով, համացանցային կապով.
  • ուսման եւ գիտական գործունեության մեջ հաջողությունների համար խրախուսման միջոցների եւ անվանական կրթաթոշակների համակարգի ընդլայնում, ուսման վարձավճարների չափի հստակ սահմանում, դրանց օգտագործման ուղղությունների թափանցիկության ապահովում, սոցիալապես անապահով եւ գերազանցիկ ուսանողների համար էական զեղչերի կիրառում, կրթություն ստանալու համար պետական վարկավորման համակարգերի ներդրում.
  • խթանել հայ երիտասարդների` արտասահմանյան հայտնի ուսումնական կենտրոններում կրթություն ստանալն ու Հայաստան վերադառնալը.
  • պետության լայն աջակցությամբ գյուղաբնակ եւ առաջին հերթին սահմանամերձ ու բարձրլեռնային գյուղերի երիտասարդության զբաղվածության հարցի կարգավորում, գյուղերում երիտասարդական, մշակույթի շինությունների եւ մարզական հրապարակների վերանորոգում, նորերի կառուցում.
  • գյուղական երիտասարդների համար ԲՈՒՀ-եր ընդունվելու արտոնյալ պայմանների ստեղծում՝ ավարտելուց հետո գյուղ վերադառնալու պայմանագրային երաշխիքներով.
  • ուսանողների կյանքի եւ առողջության պահպանման ծրագրի մշակում, իրագործում, ուսանողական հանրակացարանների վերանորոգում, դրանց բնակկենցաղային պայմանների բարելավում.
  • բավարար օժանդակություն երիտասարդ ընտանիքներին՝ ներառյալ արտոնյալ բնակարանային հիպոթեքային վարկերի տրամադրումը.
  • բարենպաստ պայմաններ երիտասարդ ձեռներեցների ու գիտնականների աշխատանքային, ստեղծագործական ունակությունների զարգացման եւ դրսեւորման հնարավորությունների ընդլայնման համար.
  • պետական եւ մասնավոր մարզական ակումբների ցանցի ընդլայնում՝ նրանց հարկային արտոնություններ շնորհելու միջոցով.
  • մարզական քաղաքականությունը խթանելու համար բյուջետային հատկացումների ավելացում.
  • դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում մարզական, ֆիզկուլտուրային գործունեությանը նպաստող ծրագրերի իրականացում.
  • մարզական գույք ներկրող եւ արտադրող ընկերություններին հարկային արտոնությունների շնորհում.
  • բարձրակարգ եւ հեռանկարային մարզիկների ու նրանց մարզիչների՝ օրենքով երաշխավորված աշխատավարձերի ապահովում եւ բարձրացում բյուջետային միջոցների հաշվին.
  • պետական գերատեսչությունների հսկողության ուժեղացում նախադպրոցական, դպրոցական եւ բուհական ֆիզիկական կուլտուրայի ծրագրերի մշակման եւ կատարման նկատմամբ.
  • առողջ ապրելակերպը հանապազօրյա կենսաձեւ դարձնելուն ուղղված ծրագրերի մշակում եւ իրականացում.
  • սպորտը զարգացնելու նպատակով մարզական գիտական ներուժի օգտագործում.
  • պետական մարզադպրոցներ հաճախող նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների անվճար սպասարկում։

Ասվածի համատեքստում «Ժառանգությունը» նաեւ կարեւորում է՝

  • սպորտի՝ որպես Հայաստանի երիտասարդության ներուժի դրսեւորման, բնակչության առողջության պահպանման ու երկրի մարտունակության ապահովման կարեւորագույն ոլորտներից մեկի, ախտազերծումը կոռուպցիայից, դրա զարգացմանը միտված պետական համալիր քաղաքականության մշակումը.
  • Հայաստանում եւ Արցախում զբոսաշրջության երիտասարդական կենտրոնների ստեղծումը։

Կարեւոր է Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ազգային-հոգեւոր արժեքների վերարժեվորումը, դրանց նորովի մեկնաբանումը, դրանցում շեշտադրումների փոփոխումը, նոր սերնդի՝ որպես համաշխարհային գլոբալացման անմիջական ազդեցության տակ ձեւավորվող հայի նոր տեսակի, պահանջմունքների հաշվի առնմամբ։

Ժառանգությունը հայ նոր երիտասարդությանը տեսնում է տարածաշրջանում եւ աշխարհում արժեքավոր դիրք գրավելու հայտով՝ ինքնաճանաչման եւ ինքնահաստատման մաքառումներում, հոգեւոր գործունեության, գիտության եւ սոցիալ-մշակութային ոլորտներում, մարզաշխարհում, հայրենի սահմանների պաշտպանության դիրքերում (ՀՀ պաշտպանողական-հարձակողական համադրույթին համահունչ), համացանցում։

Համաշխարհային զարգացման քայլքին համապատասխան անհատին ներկայացվող նոր պահանջներից ելնելով՝ հարկավոր է նպաստել երիտասարդների շրջանում բնավորության այնպիսի գծերի ձեւավորմանը, որոք կձեւավորեն քաղաքակրթության վաղվա օրը, եւ որոնք կդառնան հասարակության հոգեւոր-մշակութային, տնտեսական ու սոցիալական զարգացման հիմքը։ Այս առումով երիտասարդությանը պետք է դիտել որպես տեղեկատվական եւ հետ-տեղեկատվական՝ ստեղծարար հասարակարգի ձեւավորմանը զուգընթաց նոր քաղաքակրթություն ձեւավորող հիմնական ուժ։

Մշակույթ

Մշակույթը ցանկացած ազգի ոգին է եւ առաջնակարգ դեր ունի հայ ժողովրդի կյանքում՝ ոչ միայն ընդհանուր քաղաքակրթական մակարդակի, այլեւ ազգապահպանության առումով։ Հետեւաբար՝ պետության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի օրենսդրական համապատասխան դաշտի ձեւավորման եւ գործնական քայլերի միջոցով ազգային մշակույթի դերի արժեւորման եւ դրա զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը։

Անհրաժեշտ է՝

  1. նախագծել եւ իրագործել մշակութային քաղաքականության հստակ ռազմավարություն՝ առանձնացնելով առաջնահերթություններն ու հեռանկարային ծրագրերը եւ ձեռնամուխ լինելով դրանց իրականացմանը.
  2. մեծացնել մշակութային հաստատությունների նկատմամբ պետական հոգածությունը, բարձրացնել ոլորտի աշխատողների աշխատավարձերը.
  3. հատուկ ուշադրության արժանացնել թանգարաններն ու գրադարանները՝ որպես նոր սերնդի դաստիարակության եւ մշակութային արժեքների պահպանության կենտրոններ, պայմաններ ստեղծել երաժշտական եւ թատերական արվեստի զարգացման, ինչպես նաեւ կինոարտադրության համար, քանի որ մշակույթի այս բնագավառներն արագ զարգացող ու հաղորդակցական են.
  4. վերականգնել եւ արդիականացնել շրջանային ու գյուղական բնակավայրերի մշակույթի տների համակարգը՝ դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող կենտրոններ եւ ապահովել դրանց լիարժեք գործունեությունը.
  5. հարկային արտոնություններ սահմանել մշակույթի ոլորտի հովանավորությամբ զբաղվող անհատների եւ կազմակերպությունների համար.
  6. նկատի ունենալով Հայաստանի պարբերական մամուլի եւ գրահրատարակչության փոքր տպաքանակներն ու ոչ շահութաբերությունը, նաեւ հայերեն գրի ու գրականության զարգացման գործում նրանց դերը, պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ամբողջովին ազատել ավելացված արժեքի հարկից.
  7. Հայաստանի պետական թանգարաններին ու մշակութային կազմակերպություններին նվիրելու նպատակով արտասահմանից բերվող արժեքների ներմուծման գործընթացն առավելագույնս պարզեցնել, քանի որ այժմյան կարգը ոչ միայն բարդ է, այլեւ՝ ժամանակատար.
  8. պետական համապատասխան կառույցի միջոցով խորացնել Հայաստան-Սփյուռք մշակութային առնչությունները, միաժամանակ ընդարձակել եւ ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը։ Քանի որ մշակույթը մեր երկիրն օտարներին ներկայացնող լավագույն միջոցներից է, ինչպեսեւ Սփյուռքում հայապահպանման կարեւորագույն կռվաններից մեկը, Հայաստանի բոլոր դեսպանատներում պարտադիր կերպով ունենալ եռանդագին գործունեություն ծավալող մշակութային կցորդներ.
  9. պետական եւ հասարակական ուշադրության կենտրոնում պահել հայկական պատմաճարտարապետական հուշարձանների եւ մշակութային այլ արժեքների պահպանումն ու վերականգնումը.
  10. գործուն միջոցներ ձեռնարկել արտերկրում եւ պատմական Հայաստանում գտնվող հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրության, հաշվառման, չափագրման, վերականգնման եւ այլ հարթություններում, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա.
  11. ապահովել մշակութային, կրթական եւ գիտական կյանքի ապակենտրոնացումը մայրաքաղաքից դուրս գտնվող օջախներում, խրախուսել նորերի ստեղծման նախաձեռնությունները, մեծացնել մշակութային հաստատությունների նկատմամբ պետական հոգածությունը:

Մեր կողմից կարեւորվում են՝

  • մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը եւ արտերկրում քարոզմանը, այդ թվում՝ համացանցով, ուղղված համալիր ծրագրերի մշակումը.
  • մշակութային, կրթական եւ գիտական կյանքի ապակենտրոնացումը՝ մայրաքաղաքից դուրս գտնվող մշակութային, կրթական եւ գիտական օջախների պահպանումն ու զարգացումը, նորերի ստեղծման խրախուսումը.
  • հայագիտության զարգացման նկատմամբ պետական հոգատարությունը, հայոց լեզվի ուսուցման եւ, որպես պետական լեզվի, կիրառման մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ համակարգչային ցանցում տեղադրումը։ Հայ ազգի արմատների ճանաչում եւ ազգային արմատական արժեքների գիտակցում՝ այս է ռազմավարությունը, որը կնպաստի հոգեպես վերածնված ու գիտելիքներով զինված, սեփական ինքնությունները ներդաշնակեցրած մարդու ասպարեզ գալուն․
  • նույն նպատակով՝ նաեւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների՝ սեփական մշակույթների, ինքնության եւ լեզվի ուսումնասիրության խրախուսումը։

Եկեղեցի - պետություն փոխհարաբերություններ

Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվեց 301 թվականին։

Հայաստանյայց առաքելական եկեղեցին անցած 17 դարերի ընթացքում մեր ժողովրդի հոգեւոր ու քաղաքական կյանքում նշանակալի դերակատարություն է ունեցել։ Իսկ վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում Հայաստանում հայրենանվեր գործունեություն են ծավալել նաեւ Հայ կաթողիկե եւ ավետարանչական եկեղեցիները։ Հայոց ընդհանրական հայրապետները եղել են նաեւ ազգային երեւելի գործիչներ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում մարդիկ ավելի լայն հնարավորություն են ստացել ծանոթանալու զանազան կրոնական ուսմունքներին։ Մենք ճանաչում ենք յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը՝ ընտրել իրեն առավել հոգեհարազատ կրոնական դավանանքը, ինչպես նաեւ փոխել այն, կամ չունենալ որեւէ դավանանք։ Միեւնույն ժամանակ այդ ընտրությունը պետք է կատարվի գիտակցաբար եւ կամավոր, այն չպետք է մղի քաղաքացուն ՀՀ օրենքների խախտման, ՀՀ սահմանադրությամբ սահմանված իր պարտականություններից հրաժարման, դրա արդյունքում չպետք է վտանգվեն այլ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, արժանապատվությունը, կյանքն ու առողջությունը։

Հայ առաքելական եկեղեցին պետք է անհրաժեշտ հետեւություններ անի իր գործունեության մեջ բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ՝ դառնալու համար հասարակությանը եւ քաղաքացուն առավել հարազատ ու անմիջական, նրանց կյանքում՝ մշտաներկա։

Սրանով հանդերձ՝ պետությունից եկեղեցու անջատման սահմանադրական սկզբունքը պետք է անշեղորեն պահպանվի։ Կրոնական կառույցների տնտեսական գործունեությունը ենթակա է հարկման՝ այլ տնտեսվարող սուբյեկտների հետ նույն դաշտում։ Դպրոցներում, բանակում, պետական այլ հաստատություններում կրոնական քարոզչությունը ու պարտադիր ուսուցումը, կրոնական հենքով հովանավորչությունը չպետք է տեղ ունենան։ Կրոնական սպասավորների արտոնությունները զինվորական ծառայության պարագայում պետք է վերանայվեն։ Իսկ այն դեպքերում, երբ ՀՀ որեւէ քաղաքացու դավանանքը իրեն թույլ չի տալիս իրականացնել զենքով ծառայություն՝ նրա համար պետք է ստեղծվեն հնարավորություններ ոչ-շարային ծառայության համար։


7. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրներում բնապաշարների շահագործման եւ արդյունաբերության գործունեության հետեւանքով առաջացած բնապահպանական խնդիրները պայմանավորված են մի շարք գործոններով, մասնավորապես՝

  1. սոցիալական՝ աղքատությամբ, չքավորությամբ եւ կոռուպցիայով, որոնք արտահայտվում են անօրինական ծառահատումների, ձկնագողության, որսագողության, ջրային եւ հողային պաշարամիջոցների անարդյունավետ յուրացմամբ.
  2. իրավական՝ օրենսդրական անկատար դաշտով, ոչ հստակ ձեւավորված տուգանքների եւ բնօգտագործման վճարների համակարգով, արգելքներով, որոնք պատճառ են դառնում մթնոլորտի, ջրի, հողի աղտոտման, հանքապաշարների անարդյունավետ յուրացման.
  3. կրթական՝ բնապահպանական դաստիարակության ցածր մակարդակով, գոյապահպանական արժեքներին հասարակության վատ տեղեկացվածությամբ եւ շրջակա միջավայրի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի ցածր մշակույթով.
  4. քաղաքական՝ քաղաքական գործիչների եւ կուսակցությունների կողմից շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ երկրորդական վերաբերմունքով եւ ամենակարեւորը՝ բնապահպանական անվտանգության հայեցակարգի բացակայությամբ։ Եվրախորհրդին անդամակցելուց տարիներ հետո Հայաստանը դեռ պետք է բնապահպանման եւ բնօգտագործման ոլորտներին առնչվող իր իրավական-օրենսդրական դաշտը համապատասխանեցնի Եվրախորհրդի ընդունած շրջակա միջավայրի պահպանման հիմնադրույթներին։

Բնական պաշարամիջոցների անխնա շահագործման միտումները, ինչպես նաեւ շրջակա միջավայրին հասցվող վնասները տարածաշրջանում եւ Հայաստանում աճի միտումներ են դրսեւորում, ինչի պատճառով դրանք աստիճանաբար տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական հարցերից վերաճում են քաղաքական եւ ազգային անվտանգության հիմնախնդիրների։

Հայկական բնաշխարհը եւ բնական պաշարներն ազգային հարստություն են։ Նրա անկրկնելի բուսական ու կենդանական աշխարհը, մթնոլորտը, հողային, ջրային եւ ընդերքի պաշարամիջոցները կորուստներից փրկելու ու պահպանելու համար անհրաժեշտ է ներդնել հայրենի բնությանն անդառնալի վնաս չպատճառող, միջազգայնորեն ընդունված բնապահպանական չափանիշներին համապատասխանող, բնական պաշարների ողջամիտ օգտագործումն ապահովող արտադրություններ, նախագծեր, չափօրինակներ, սակավաթափոն արտադրաեղանակներ եւ թափոնների վերամշակման հոսքագծեր։

Բնապահպանական քաղաքականության իրականացման հիմնական քայլերն են՝

  • տնտեսավարման նոր պայմաններին համապատասխանող եւ կայուն զարգացման սկզբունքներին համահունչ բնապահպանական քաղաքականության մշակում.
  • երկրի սոցիալ-տնտեսական եւ մարդկային զարգացման ապահովում, բնապահպանական առումով մաքուր արտադրաեղանակների ստեղծում, գոյություն ունեցող արտադրական գործընթացների վերազինում եւ կատարելագործում.
  • համազգային եւ տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի ու ձեռնարկների իրականացման նպատակների ներդաշնակեցում.
  • համալիր էկոլոգիական գնահատման համակարգի, էկոլոգիական մոնիթորինգի ներդրում ու զարգացում.
  • քաղաքաշինության իրականացման պատասխանատուների միջեւ հանրակարգային հարաբերությունների կարգավորում.
  • շրջակա միջավայրի պահպանման, խախտված էկոլոգիական հավասարակշռության վերականգման, բնապահպանական ոլորտի վերաբերյալ կարեւորագույն որոշումների կայացման գործում հասարակության լայն շերտերի եւ բնապահպանական կազմակերպությունների մասնակցության ապահովում.
  • բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգերի զարգացում.
  • բնական պաշարամիջոցների ողջամիտ յուրացում, կայուն զարգացման եւ բնապահպանական անվտանգության ապահովում.
  • քաղաքական, իրավական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների իրականացում, որոնք ուղղված են գլոբալ եւ տարածաշրջանային գործընթացներում երկրի բնապահպանական շահերի ու գերակայությունների պահպանմանը.
  • շրջակա միջավայրի պաշտպանության, բնօգտագործման եւ տարերային աղետների դեմ համատեղ գործունեության միջազգային ծրագրի իրականացում.
  • խեղված տարածությունների, էկոհամակարգերի ժամանակին բացահայտման ու վերականգնման մեխանիզմների ստեղծում.
  • երկրի բնապահպանական անվտանգության դերի եւ տեղի հստակեցում եւ դրա կայուն զարգացման ապահովում.
  • շրջակա միջավայրի վիճակի դիտարկման միասնական համակարգի ստեղծում.
  • բնական միջավայրի վիճակի գնահատման համակարգերի ստեղծում.
  • բնապահպանական հսկողության եւ նորմավորման համակարգերի կատարելագործում.
  • բնօգտագործման նախագծում, բնապահպանական ծրագրերի մշակում, շրջակա միջավայրի պահպանության գծապատկերների մշակում.
  • շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնօգտագործման տնտեսական մեխանիզմների ստեղծում.
  • քաղաքացիներին բնապահպանական վտանգների վերաբերյալ արժանահավատ տեղեկատվությամբ լրիվ եւ ժամանակին ապահովում.
  • միջազգային իրավունքի նորմերի պահպանում.
  • ստորագրված միջազգային հայտարարագրերի մասին բնակչության շրջանում մատչելի մեկնաբանությունների եւ պարզաբանումների կազմակերպում.
  • բնապահպանական ահաբեկչությանը դիմակայելուն ուղղված քաղաքական միջոցառումների մշակում։

Կուսակցությունը գտնում է, որ՝

  1. շրջակա միջավայրի պահպանման լավագույն քաղաքականությունը սկզբից եւեթ լարվածության օջախներից հնարավորինս խուսափելն է, քան դրանց դեմ հետագայում պայքարելը.
  2. ՀՀ-ում օրենսդրորեն պետք է ձեւավորվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք բնապահպանական միջոցառումների կիրառումը տնտեսապես ձեռնտու եւ շահութաբեր դարձնեն արդյունաբերական ձեռնարկությունների համար.
  3. հարկային, ներդրումային, վարկային քաղաքականությունների ոլորտում պետությունը պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերի բնապահպանությանը նպաստող ձեռնարկությունների հանդեպ։ Առաջարկվում է բնապահպանությանը նպաստող ապրանքների արտադրության, բնապահպանական տեսակետից մաքուր ապրանքների արտադրության մեջ մասնագիտացված ձեռնարկություններին տալ հարկային արտոնություններ՝ ի տարբերություն վնասակար արտադրություն ունեցող ձեռնարկությունների։ Տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերել նաեւ բնօգտագործման վճարների գանձման ժամանակ.
  4. արդյունաբերական թափոնների կառավարումը (թափոնների առաջացումից հնարավորինս խուսափում, թափոնների օգտահանում եւ վերամշակում, թափոնների վնասի չեզոքացում), բնական պաշարամիջոցների պաշտպանությունն ու լավագույնս օգտագործումը, օգտագործված եւ խախտված հողերի ու տարածությունների վերականգնումը եւ բարելավումը, շրջակա միջավայրին հասցվող վնասներից խուսափումը կամ վնասի նվազեցումը հենց այն հիմնական պահանջներն են, որոնք պետք է դրված լինեն բնապաշարների յուրացման իրավական օրենքների հիմքում.
  5. հարկավոր է գիտականորեն դասակարգել բնապահպանական բոլոր հիմնախնդիրները, ստեղծել դրանց ռիսկայնության, վտանգների, բացասական հետեւանքների չեզոքացման եւ պաշարամիջոցների հետագա օգտագործման նպատակահարմարությունը գնահատող համակարգեր ու տիպօրինակներ.
  6. ՀՀ-ն պարտավոր է բնապահպանական իր քաղաքականությամբ արագ եւ արդյունավետ սերտաճել միջազգային եւ եվրասիական տարածաշրջանի երկրների կողմից իրականացվող՝ շրջակա միջավայրի պահպանման քաղաքական կառույցներին.
  7. բնական պաշարամիջոցներով հասարակության պահանջմունքների բավարարումը պետք է իրականացվի ոչ միայն տվյալ պահի դիրքերից, այլեւ ապագա սերունդների, նրանց առողջ ապրելու իրավունքի եւ երկարատեւ հեռանկարների հաշվառմամբ, ըստ քաղաքակրթությունների եւ հասարակությունների կայուն զարգացման սկզբունքների։

Այսպիսով՝ նշված միջոցառումները մասամբ կնպաստեն Հայաստանում եւ տարածաշրջանում հասունացող բնապահպանական ճգնաժամերի նվազեցմանը, դրանով կկատարվի շրջակա միջավայրի պահպանման եւ արդյունաբերական աշխատանքների միջեւ առկա լարվածությունը մեղմելու փորձ։ Ի շահ ներկա եւ ապագա սերունդների։


8. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԿ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային անվտանգությունը պետության, քաղաքացիների համար ցանկացած տեսակի սպառնալիքներից ու վտանգներից զերծ երկրի ներքին ու արտաքին միջավայրերում լիարժեք գործելու ազատությունն է, որի ապահովման նպատակով անհրաժեշտ է ձեւավորել անվտանգության գործուն ու ճկուն համակարգ։ Ազգային անվտանգության խնդիրները պետք է համահունչ լինեն «պետությանը՝ լիարժեք ինքնիշխանություն, հասարակությանը եւ քաղաքացուն՝ ազատության բարձրագույն աստիճան ու իրավունքների ապահովվածություն» սկզբունքին։

ՀՀ ազգային անվտանգության հոգածության շրջանակներում պետք է լինեն նաեւ իր պետական կազմավորման տարածքներից դուրս սփռված հայություն վտանգազերծ կենսագործունեության խնդիրները։

Նշվածների առումով կենսական են ազգային անվտանգության ապահովմանն առնչվող ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձնահատուկ՝ մասնագիտական նորմեր ներառող օրենսդրության ընդունումը, ազգային անվտանգության ռազմավարության արմատապես վերամշակումը բոլոր բաղադրամասերով՝ ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, սոցիալական եւ այլն, համապատասխանաբար՝ ՀՀ ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալ-ժողովրդագրական, տեղեկատվական անվտանգության մասին օրենքների ընդունումը եւ գոյություն ունեցող համապատասխան օրենքների բարելավվումը։

Փոխկախվածության բարձր աստիճանով բնութագրվող արդի աշխարհում ազգային անվտանգությունը սոսկ երկրի ներքին միջավայրին ու տարածքին առնչվող խնդիր չէ եւ ենթադրում է պետության, հասարակության տարբեր միավորների անվտանգ գործառություն, կենսական շահերի հետամտում՝ նաեւ արտաքին միջավայրում։ Այս առումով անհրաժեշտ է տարբեր ոլորտներում այնպիսի օրենսդրության ընդունումը, որը կապահովի ինչպես այդ խնդիրների լուծման, այնպես էլ արտաքին միջավայրի հետ փոխշահավետ համագործակցության անհրաժեշտ երաշխիքներ ու մեխանիզմներ, կնպաստի տարածաշրջանում ու աշխարհում Հայաստանի դիրքի ամրապնդմանը։

Բանակի մարտունակության եւ մասնագիտական պատրաստվածության բարձրացում, քաղաքացիական պաշտպանության համակարգի կարեւորում

Իր անվտանգության ապահովման գործում Հայաստանի Հանրապետությունը պետք է ապավինի սեփական ուժերին, նախեւառաջ՝ սեփական զինված ուժերին։

Այդ տեսակետից կարեւորագույն գործոններ են՝

  • կանոնավոր, մարտունակ, ուժեղ եւ ծավալվելու կարողունակությամբ օժտված բանակը, որը պետության անկախության, երկրի սահմանների պաշտպանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է։ Ոչ թե պատերազմ հրահրող, այլ այն կանխարգելող բանակ, որը հիմնված է բացառապես կանոնադրական հարաբերությունների վրա, զերծ է կոռուպցիայից, որտեղ զինվորների իրավունքները պաշտպանված են օրենքով, անկախ դատական իշխանությամբ, եւ որի հավաքագրումն ու համալրումը չեն վտանգված ժողովրդագրական նվազման, սոցիալական ու քաղաքական անվստահության, բարոյալքության հիմնախնդիրներով։ Մարտական ու հայրենասիրական բարձր ոգին, հանրային լայն վստահությունը, քաղաքացիական ու ժողովրդավարական վերահսկողությունը, միջազգային խաղապահ ու խաղաղարար առաքելություններում պատվավոր դերակատարությունն ու փորձառության անընդհատ ավելացումը, հանրության համար թափանցիկ բյուջետային պլանավորումը, բարձր տեխնիկական ու տեխնոլոգիական զինվածությունը պետք է դառնան մերօրյա բանակի բնութագրիչները,
  • ՀՀ արտաքին ու ներքին անվտանգությունը լիարժեք ապահովող, հնարավոր ու առկա վտանգները ժամանակին չեզոքացնող, հասարակական ու պետական շահերին հետամուտ, քաղաքական ու քաղաքացիական գործընթացներին չմիջամտող ազգային անվտանգության ու իրավապահ մարմինները, որոնք համալրված են հայրենասեր, արհեստավարժ, փորձառու, հմուտ, պատրաստված մասնագետներով՝ ունակ չեզոքացնելու կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, մարդկային առեւտրի, անօրինական ներգաղթի ու արտագաղթի, լրտեսության ու խափանարար գործողությունների հնարավոր սպառնալիքները։

Հայաստանի Հանրապետության կանոնավոր բանակը կոչված է արտաքին ոտնձգություններից պաշտպանելու երկրի սահմանները, այն երաշխավորն է պետության անկախության եւ տարածքային ամբողջականության։ Անհրաժեշտության դեպքում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանողական-հարձակողական համադրույթի, բանակը Հայաստանի կենսական շահերի երաշխավորը կարող է լինել նաեւ նրա սահմաններից դուրս։

Հայաստանի Հանրապետության ազգային բանակը հասարակության եւ իշխանությունների կողմից առայժմ չի արժանանում այն ուշադրությանը, որն անհրաժեշտաբար բխում է այս կառույցի վրա դրված խնդիրների կարեւորությունից։ Ասվածը վերաբերում է թե՛ բանակի նյութական եւ ռազմատեխնիկական սպասարկման ծավալներին ու որակին, եւ թե՛ առավելեւս բանակում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին, որը համատարած կոռուպցիայի եւ անարդարության հետեւանք է։ Ու քանի որ բանակը հասարակության խտացված արտացոլումն է՝ այս ամենի պատճառով ստվեր է գցված հասարակության մեջ բանակի հանդեպ ակնածանքի, վստահության եւ հեղինակության վրա, ավելին՝ Հայաստանի երիտասարդության մեջ մեծ չափերի է հասել բանակից խուսափելու ձգտումը։ Չպետք է խուսափել ԶԼՄ-ներին բանակում տեղ գտած բացասական երեւույթները լուսաբանելու հնարավորություն տալուց՝ դրանք դարձնելով հասարակական քննարկման առարկա։ Անհրաժեշտ է հասկանալ, որ զինծառայողների իրավունքների ու արժանապատվության՝ բանակում երբեմն տեղ գտնող ոտնահարումները, որոշ ապօրինությունները, այդ թվում առանձին հրամանատարների՝ բանակի մարտունակության հաշվին դիզած հարստությունը եւ կառուցած դղյակները կարող են անդառնալի կորստյան հասցնել հազարավոր լավագույն հայորդիների արյան գնով ձեռք բերված նվաճումներն ու երկրի անվտանգությունը։

Համապատասխան կամքի առկայության պարագայում հայ հասարակության առողջացումը կարող է սկսվել բանակից։ Բանակի հիմնախնդիրները պետք է մշտապես գտնվեն պետության, այդ թվում՝ օրենսդիր մարմնի աչալուրջ հոգածության ներքո։ Անհրաժեշտ է մշակել ոչ կանոնադրական հարաբերությունների բացառման գործուն մեխանիզմներ։ Խաղաղ պայմաններում բանակում զինծառայողների սպանության, մահվան կամ հաշմման ցանկացած դեպք պետք է լինի հասարակության եւ իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ որպես ազգային անվտանգությանը սպառնացող արատավոր նախադեպ։ Մեղավորները պետք է բացահայտվեն եւ պատժվեն ամենայն խստությամբ՝ հանրային բաց դատավարություններով։

Հայկական բանակի ներքին կենսակերպն ու բարոյահոգեբանական դրվածքը պետք է լինեն գրավիչ, իսկ այնտեղ ծառայելը՝ պատվաբեր։ Նման պայմաններում այլընտրանքային զինծառայություն անցնելու համար կդիմեն միայն նրանք, ովքեր իսկապես ի վիճակի չեն ծառայել բանակային դասական կանոնակարգով։

Հայաստանում եւ նրա ազգային բանակում օրինականության, արդարության հաստատումից եւ հայրենասիրության արմատավորումից հետո անհրաժեշտ եւ հնարավոր է հասնել նրան, որպեսզի հայկական բանակը համալրվի կամավոր հիմունքներով։ Այս ուղով հնարավոր է նաեւ կանանց եւ աղջիկների կամավոր հիմունքներով ավելի լայն ներգրավումը ՀՀ ԶՈՒ հատուկ ստորաբաժանումներում։ Սա քանակական գերակշռություն ունեցող արտաքին՝ առկա եւ հավանական հակառակորդների ռազմական ոտնձգություններին հաջողությամբ դիմակայելու կարեւոր ուղիներից մեկն է։ Հայաստանը դատապարտված է թշնամու քանակին հակադրել որակ եւ ոգեղենություն։

Կամավորականին զուգահեռ պետք է գործեն արհեստավարժ զորամիավորումները։

Բանակի նյութական եւ ռազմատեխնիկական սպասարկման ծավալները մեծացնելու եւ որակը բարելավելու նպատակով անհրաժեշտ է պահպանել ռազմական համագործակցությունն ավանդական դաշնակից Ռուսաստանի, ինչպեսեւ զարգացնել այն նոր գործընկերների՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների, հատկապես ԱՄՆ-ի հետ։ Դա բխում է Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության ապահովման հրամայականից:

Անհրաժեշտ է վերականգնել եւ առավել գործուն դարձնել քաղաքացիական պաշտպանության համակարգը։ Միայն արդյունավետ քաղպաշտպանություն ունենալու դեպքում երկիրն ունակ կլինի արտաքին լուրջ սպառնալիքներին հակադրել կազմակերպված դիմադրություն եւ ինքնապաշտպանություն՝ մեծածավալ մոբիլիզացիայի իրականացմամբ։

Արտաքին հարաբերություններ

Տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահերի ներդաշնակման նորօրյա բովանդակություն ունի աշխարհին քաղաքական ուղեծրով հարաբերվելու մեր դիրքորոշումը։ Արդեն երկար ժամանակ է, ինչ հանրապետության արտաքին քաղաքական հենքը փոխլրացման սկզբունքն է։ Միջնաժամկետ հեռանկարում այդ մոտեցմամբ առաջնորդվելը միգուցե ապահովեց Հայաստանի համար որոշակի առավելություններ, քանզի ուղեգծի կտրուկ փոփոխությունը հղի էր դժվարկանխատեսելի եւ դժվարդիմագրավելիք հետեւանքներով։ Սակայն հեռանկարային իմաստով այդ ուղղությունը չի կարող միակը լինել, քանզի այն սոսկ խուսանավումների ձեւ է, այն էլ՝ ոչ միշտ հաջող։

Արտաքին քաղաքականության ուժագծի համար «Ժառանգությունը» տեսնում է երեք բաղադրիչների պարտադիր, համաժամանակյա կիրառությունը.

  1. Տարածքային բաղադրիչ, երբ Հայաստանն իր տարածքում կայանում է որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, ինքնաբավության նվազագույն աստիճանն ապահովելու ունակ պետություն։ Այս բաղադրիչը գերազանցապես ուղղված է դեպի ներքին միջավայր եւ ենթադրում է արտաքին ու ներքին քաղաքականությունների շարժընթաց, ճկուն կապ եւ համագործառնություն։ Արտաքին քաղաքական ամենալավ հայեցակետն անգամ դատապարտված է ձախողման, եթե աջակցություն չի ստանում հասարակություն եւ ազգ միավորների յուրաքանչյուր բջջի կողմից, եթե ներքին քաղաքականությունը հետադարձ կապով չի ուժեղացնում արտաքինին։
  2. Համագործակցային բաղադրիչ, որն ուղղված է արտաքին միջավայրին եւ ենթադրում է տարածաշրջանում Հայաստանի գործառական «դերի»՝ առաքելության հստակեցում ու «մասնագիտացում»։ «Ժառանգությունը» Հայաստանի համար այդպիսի առաքելություն է դիտում ժողովրդավարությանկայունության, մարդասիրական արժեքների էպիկենտրոնի դերը, որտեղից այդ արժեքները կտարածվեն ամբողջ տարածաշրջանի վրա, որի շնարհիվ հնարավոր կլինի ձեւավորել միասնական, անվտանգ եւ խաղաղ կովկասյան-մեծմերձավորարեւելյան տարածաշրջան։ Քաղաքակրթական, աշխարհագրական, պատմական ու մշակութային իրողությունները նման հեռանկարի օգտին են։ Մնացյալը՝ այդ գործոնները վարպետորեն համադրելու ու ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու, պետական ճիշտ քաղաքականություն վարելու ոլորտին է պատկանում։ Բոլոր առումներով այդ բաղադրիչը պետք է առաջնահերթաբար խարսխվի Հայոց պետության համար՝ ինքնիշխանության, ազգի համար՝ միասնության, քաղաքացու համար՝ ազատության ու իրավունքի գերիշխանության ուղենիշների վրա։ Հետեւաբար՝ առանց նախորդ բաղադրիչի լիակատար ապահովման, համագործակցայինի մասին խոսելն ավելորդ է, իսկ արտաքին քաղաքականության մեջ այն միայնակ չնչին արդյունքներ կարող է բերել։
  3. Ցանցային բաղադրիչ, որի համար ելակետը պետք է լինի «չկան հավերժ թշնամիներ» դրույթը։ Այս բաղադրիչի գերագույն նպատակը պետք է լինի տարածաշրջանի եւ աշխարհի բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերությունների ձեւավորումը եւ թշնամական հարաբերությունների բացառումը։ Միայն տարածքային ու համագործակցային բաղադրիչներով լիակատար ապահովվածության դեպքում է արդարացված ցանցայինի մասին խոսելը։ Այլապես, լինելով թույլ ու ցանցավորման մեջ մտնելով բոլորի հետ, Հայաստանը կարող է վերածվել այս կամ այն բեւեռի կողմից խաղարկվող օբյեկտի։ Իսկ սեփական պաշարամիջոցների փոխլրացումն այդ ցանցում ողջ պետությանն ու հասարակությանը, ազգին կխոստանա անավարտ ու անվերջ խոտորումների մղձավանջ։ Երբեմնի ողբերգությունից այսօր որոշ առումներով բարեբախտության վերածված աշխարհասփյուռ հայությունը լավագույն հնարավորություններն է ստեղծում ցանցավորվելու համար, սակայն՝ վերը թվարկված երկու բաղադրիչների ապահովվածության դեպքում։

Արտաքին քաղաքականության ուժագծում այս բոլոր բաղադրիչների բավարարումը ընդամենը թույլ է տալիս Հայաստանի լիարժեք անվտանգության նպատակով հայթայթել անհրաժեշտ միջոցներ՝ տարածաշրջանային, միջազգային ու գլոբալ խնդիրները լուծելու եւ մրցահրավերներին դիմակայելու համար։

Հասունացել է արտաքին քաղաքականության երկարաժամկետ հայեցակարգ մշակելու անհրաժեշտությունը՝ աշխարհաքաղաքական վերջին ուրվագծումների հենքին ճիշտ կողմնորոշվելու եւ հանուն Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության, կայությունյան եւ խաղաղության քայլեր ձեռնարկելու համար։ Վարվող արտաքին քաղաքականությունը ոչ մի իրավիճակում եւ ոչ մի գնով չպետք է հարցականի տակ դնի Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Արտաքին գործընկերների, ինչպես նաեւ կազմակերպությունների հետ մեր բոլոր հարաբերությունները պետք է բխեցվեն բացառապես Հայաստանի պետական շահերի անխախտելի հիմնադրույթից, որն իր հերթին խարսխված է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության վրա։

Ճակատագիրը կանխորոշել է խաչմերուկում լինել, իսկ մեր հավաքական իմաստնությունը պետք է վճռի խոհեմաբար ճկուն իրացնել այդ առաքելությունը։

ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն են՝

  • տարբեր պետությունների հետ հարաբերություններում հեռատեսությունը, արտաքին քաղաքական քայլերում հավասարակշռվածությունը՝ որպես արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներ, ինչը կբացառի որեւէ պետության կցորդ դառնալու վտանգը.
  • Մեծմերձավորարեւելյան-կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատմանը նպաստելը․
  • սերտաճում եվրոպական կառույցներին (Եվրախորհուրդ, ԵԱՀԿ), եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների հաստատում, Եվրամիությանը Հայաստանի անդամակցություն՝ որպես արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ուղղություն.
  • սերտ համագործակցություն ավանդական դաշնակից Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՊՀ այլ երկրների հետ.
  • արգասավոր համագործակցություն ժամանակակից գործընկեր ԱՄՆ-ի հետ.
  • բազմաբնույթ հարաբերություններ Արեւելքի մեր հարեւանների՝ հատկապես Իրանի եւ արաբական երկրների, Վրաստանի եւ Իսրայելի հետ.
  • տարբեր ոլորտներում համագործակցություն խոշոր երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Կանադայի եւ այլոց, հատկապես՝ հայկական սփյուռք ունեցող պետությունների հետ։

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման անկյունաքարային սկզբունք է համարում բարիդրացիությունն ու համագործակցությունը.

  • բարիդրացիություն՝ Հայաստանի խաղաղարար, մարդասեր, ինչպես նաեւ իր անմիջական հարեւանների ու գործընկերների հետ ազգային, տարածաշրջանային ու գլոբալ խնդիրները բացառապես համագործակցությամբ լուծելու նախաձեռնություններով.
  • հարեւան ու ոչ հարեւան երկրների հետ հարաբերությունների հիմքում կարեւորել բարի կամքն ու փոխադարձ վստահությունը՝ բաժանարար բոլոր խնդիրների վերհանմամբ եւ լուծմամբ։

Եվրասերտաճում

Հայաստանի համար ինտեգրումը վերջնանպատակ չէ։ Այն առավել բարեկեցության, մարդկային զարգացման ու անվտանգության հասնելու միջոց է։ Ինտեգրում ասելով՝ «Ժառանգություն» կուսակցությունը հասկանում է փոխշահավետ համագործակցության, փոխըմբռնման ու փոխօգնության բարձր աստիճանի ձեռքբերում։

Ի թիվս հարաբերությունների սերտացման այլ առանցքների, Հայաստանի համար առաջնայինը եվրոպական ուղղությունն է։ Դարեր շարունակ Հայաստանը եղել է եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչներից մեկը՝ անկախ Եվրոպայի համար գծագրված աշխարհագրական սահմաններից։ «Ժառանգությունը» համոզված է, որ եվրոպական ինքնության տարատեսակը համարվող այլ մշակույթների ինքնադրսեւորման համար բաց Մեծ Եվրոպան այն մակրոքաղաքակրթությունն ու քաղաքակրթական ժառանգությունն է, որը կարող է ավելի հարստացնել Հայաստանն իր մշակույթով ու միաժամանակ օգտվել հայկական մշակույթից։ Եվրոպական մակրոքաղաքակրթությունը ոչ թե արժեքային համահարթություն է, այլ փոխադարձաբար միմյանց տեսակը հարգող ու փոխլրացնող բազմազանություն, որտեղ բոլորը ենթարկվում են ժողովրդավարության նույն կանոններին՝ անկախ ինքնության բազմազանություններից։

Հետեւաբար, Հայաստանը պետք է նախանշի ժողովրդավարական միջազգային չափանիշներին հնարավորինս արագ եւ լիովին համապատասխանելու ու ժողովրդավար միջազգային հանրույթի լիիրավ անդամը դառնալու նպատակը եւ իրական, այլ ոչ ձեւական քայլեր իրականացնի այդ ուղղությամբ։ Արժանվույնս գնահատելով ժամանակի նշանակությունը արդի աշխարհում ու նաեւ պատմության մեջ, մենք դեմ ենք անհարկի հապաղմանն ու սպասողական կեցվածքին։ Դեպի լիակատար ժողովրդավարություն տանող ցանկացած որոշում ու քայլ կուսակցության համար ժամանակավրեպ չեն կարող համարվել։

Թուրքիան ՀՀ արտաքին քաղաքականության մեջ

Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները պահանջում են որակապես նոր մակարդակ ու դրա անհրաժեշտության գիտակցում։ Պատմությունը երկու երկրների ժողովուրդներին ծանր խնդիրների ցավագին, բայցեւ՝ սթափեցնող ժառանգություն է թողել։ Այդպիսի ժառանգության իմաստավորմամբ, բայց ոչ երբեք նրանով հանդերձ մուտքը բաց, համագործակցային ապագա՝ անպատկերացնելի է։ Այդ խնդիրների բեռը պահպանելու դեպքում սերունդներին հարաբերությունների նոր՝ անվտանգ ժառանգության փոխանցումն անհնար է։

Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները ենթադրում են բաց, անկեղծ երկխոսություն մշակույթի, տնտեսության, սոցիալական համագործակցության միջոցով։ Երկու ժողովուրդները պետք է աստիճանաբար փոխակերպեն առայսօր իրենց կառավարող կարծրատիպերը։ Երկխոսությունն ու բանակցությունը ունակ են երկու երկրների համար ապագայում ապահովել հաղթանակի հեռանկարը. երկուստեք հաղթանակ՝ ի դեմս կարգավորված հարաբերությունների, ի դեմս կաղապարող հավաքական ու անհատական կարծրատիպերից ազատագրված գիտակցության եւ ի դեմս մարդասիրական ու ժողովրդավարական իրողությունների՝ հանուն հաղթանակած արդարության, անվտանգ փոխազդեցության ու գործընկերության։ Այս նպատակով անհրաժեշտ է՝

  • ընդունել համամարդկային ու համաեվրոպական արժեքները.
  • ճանաչել սեփական պատմությունն ու լուծում տալ Ցեղասպանության ու նրա ժառանգության` Հայոց մեծ հայրենազրկման հիմնախնդրին.
  • համապարփակ ու համալիր ձեւով կարգավորել բաժանարար բոլոր հարցերն ու հարաբերությունները։

Համաշխարհային փորձն ու պատմությունը ցույց են տալիս, որ խնդիրները լուծվում են, երբ երկուստեք ու հանդիպակաց քայլ է արվում։ Էականը երկուստեք քայլն է համագործակցությանն ընդառաջ։ Կարեւորը երկխոսության ձեւաչափի ու անխափան մեխանիզմի ձեւավորման առաջին քայլն է՝ թող որ դա լինի դիվանագիտական պարզ հարաբերությունների հաստատման տեսքով։ Իսկ հաջորդող քայլերի առաքելությունը պետք է լինի մեկ քայլ առաջ անելը՝ ուղղված միմյանց ավելի լավ հասկանալուն եւ նախկինում ձեռք բերածը պահպանելուն ու ամրապնդելուն։

Հաճախ է նշվում, որ ամենազոր ժամանակը եւ նրա քաղաքական ոգին են հուշում ու պայմանավորում հաջորդ քայլերը։ Սակայն ամեն ինչ ժամանակի հույսին թողնելը դատապարտված մոտեցում է։ Այն, ինչը կարելի է անել երկու երկրների հարաբերությունների թնջուկը լուծելու առումով, կախված է յուրաքանչյուրից։ Ժամանակի ընթացքն ընդամենը նպաստավոր կարող է լինել դրա համար։

Այսօր երկու երկրներն էլ՝ Հայաստանն ու Թուրքիան, դեմքով շրջվել են դեպի ժողովրդավարություն, դեպի ժողովրդավար միջազգային հանրություն, Մեծ Եվրոպա։ Երկուսն էլ ճամբարականության, կայսերականության, ծավալապաշտության տարատեսակ բեռի ու լծի թոթափման փուլում են՝ ժողովրդավարության ուղու վրա։ Անկախ ժամանակի ընթացքում այդ ուղղությամբ դիտվող տեղատվություններից՝ «Ժառանգություն» կուսակցությունը եվրոպական ընտանիքին երկու երկրների լիիրավ անդամակցությունը տեսնում է միաժամանակ՝ դեպի անշրջելի ու համերկրային ժողովրդավարություն նրանց համընթաց, ինքնաբուխ, շահախնդիր, ներքին պահանջմունքով եւ հանրային շահով թելադրված բարենորոգչական նախաձեռնություններով։ Սա պետք է լինի փոխընդունելի, միակ ու ժամանակի կողմից թելադրված նախապայմանը։ Երկու ժողովուրդները՝

  • ի զորու են հաղթահարել ցանկացած խոչընդոտ.
  • պահանջատերը պետք է լինեն իրավունքի, արդարության, շտկված ու ժողովրդավարական ապագայի.
  • շահախնդիրը պետք է լինեն փոխադարձ անվտանգության ու կանխատեսելիության.
  • նախանձախնդիրը պետք է լինեն իրականությանը իմաստնաբար ու համընդգրկուն նայելու, փոխադարձ զարգացման.
  • դատապարտված են կողք կողքի ապրելու պատմական ճակատագրին ու ժառանգությանը.
  • պատեհ առիթ ունեն դառնալու դեպի ժողովրդավար եվրոպական ընտանիք այլոց Մուտքի Դարպասն ու ժողովրդավարական եվրոպական ընտանիքի Ելից Դուռը դեպի Արեւելք, Հյուսիս եւ Հարավ.
  • իրենց համադրված ու ինքնատիպ մշակույթներով ի զորու են լինել քաղաքակրթական միջնորդ տարբեր աշխարհների ու քաղաքակրթությունների միջեւ.
  • ունակ են հարստացնել եվրոպական մշակութային ժառանգությունը։

«Ժառանգությունը» համոզված է այս աշխարհընկալման հաղթանակի մեջ։ Վստահ է, որ մշակութային ժառանգության լիցքաթափումը ապագայի անվտանգության, ինքնատիպ մշակույթների փոխազդեցությունը՝ փոխշահավետ հարաբերության, իսկ նրանց կամրջումը՝ ինչպես փոխադարձ, այնպես էլ այլոց հետ հարաբերությունների ու արդյունավետ գործընկերության ամենազորեղ գրավականն է։

Տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանի դիրքի ամրապնդումը

Տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանի դիրքի ամրապնդումը բխում է տարածաշրջանի եւ աշխարհի բոլոր երկրների իրական շահերից եւ նպաստելու է դրանց անվտանգությանն ու կայունությանը, դրանցում խաղաղության հաստատմանը։

Տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանի դիրքի ամրապնդման նպատակով անհրաժեշտ է օրակարգում ներառել արտաքին ռազմաքաղաքական այնպիսի խնդիրներ, որոնք Հայաստանն ի վիճակի է լուծել սեփական ուժերով։ Դա չի բացառում Սփյուռքի զորակցությունը, ինչպեսեւ դաշնակիցների առկայությունը, երկրի անվտանգությանը սպառնացող պահերին նրանցից օժանդակություն ակնկալելը։ Սակայն անհրաժեշտ է բացառել այնպիսի արտաքին քաղաքականությունը, որը կարող է Հայաստանի Հանրապետությանը էական կախվածության մեջ դնել մեկ այլ երկրից՝ վտանգելով ազգային անկախությունը։ Այս համատեքստում «Ժառանգությունը» կարեւորում է՝

  • ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը սեփական ուժերով.
  • ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքերի արտադրության, սպառազինությունների մրցավազքի, մարդկային առեւտրի, թմրաբիզնեսի, կազմակերպված հանցավորության եւ գլոբալ այլ սպառնալիքների դեմ պայքարին միացումը։

Անհրաժեշտ է բոլոր հարեւանների հետ հաստատել կանոնավոր, բարիդրացիական հարաբերություններ՝ երբեք չվտանգելով ազգային-պետական շահերը։ Ավելի լայն՝ մեծ միջինարեւելյան տարածաշրջանային կտրվածքով, կարեւոր է սերտացնել բարեկամական կապերը իսլամական երկրների, այդ թվում՝ արաբական աշխարհի, ինչպեսեւ Իսրայելի հետ։

Պետական-ազգային անվտանգությունն ու արտաքին հարաբերությունները փոխշաղկապված հայեցակետեր են՝ երկուսն էլ ոչ ինքնանպատակ, այլ միջոց՝ քաղաքացիական ազատություններ եւ հանրային իղձեր իրականացնելու համար։ ՀՀ արտաքին քաղաքականության ելակետերի՝ ազգային-պետական շահերի հետամտման ու ազգային անվտանգության խնդիրների լուծման սկզբունքները պետք է ամրագրված լինեն օրենսդրորեն։ Այդ սկզբունքներն իրենց հիմքում պետք է ունենան բոլոր ռիսկերի ճշգրիտ հաշվառումը, սպառնալիքների ու վտանգների գնահատումն ամբողջության մեջ եւ դրանք կառավարելու հնարավորություններ ընձեռեն։

ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող օրենսդրության հիմնական տրամաբանությունը պետք է բխի ազգային անվտանգության խնդիրներից, հանուն այդ նպատակի կոչված լինի ապահովելու հասարակության ու պետության համար անվտանգության միջոցների հայթայթման հնարավորությունը, այլընտրանքայնությունը եւ դրանցից ընտրություն կատարելու մեխանիզմները։

Արտաքին քաղաքականության օրենսդրությունը պետք է նպաստի այլ երկրների հետ փոխշահավետ համագործակցության հաստատմանը, երկկողմ ու բազմակողմ կապերի ամրապնդմանը։ Ինչպես նաեւ թույլ տա լուծել պատմական արդարության եւ ժամանակակից վիճահարույց խնդիրները՝ բաց, անկեղծ ու նպատակամատույց եղանակով, հնարավորություն ընձեռի լինելու մեկի հետ առանձին եւ բոլորի հետ՝ միասին։

Այսօրվա աշխարհաքաղաքական իրականությունը պահանջում է ճիշտ գործադրել քարոզչական մեքենան։ Աշխարհը շարունակում է քիչ ճանաչել հային, ինչով էլ բացատրվում է վստահության ու աջակցության պակասը։ Մեր տեսլականն ու նպատակները պետք է միջազգային հանրության համար դարձնենք ընկալելի, եթե ուզում ենք նրա հավասարազոր բաղադրիչը դառնալ։ Սակայն լավագույն քարոզչությունն էլ չի օգնի, եթե ազգովին չապավինենք մեր արարչագործ էությանը՝ մայր Հայրենիքի տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը, առողջապահությունն ու սպորտը արժանի բարձունքի հասցնելու կարողականությանը։

Էական հորիզոն է նաեւ հայկական գործոնի կարեւորումը բոլոր այն երկրներում, ուր բախտը նետել է մեր հայրենակիցներին։ Հայկական գործոն՝ իր դրական ու փորձարկված հատկանիշներով, ինչը չեն ժխտում նաեւ օտարները՝ աչքի առաջ ունենալով հայ համայնքների նպաստամատույց ջանադրությունը։


9. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ

Այսօր Արցախը պետք է գոյատեւի որպես ինքնիշխան պետություն՝ բարեպատեհ ժամանակներում մայր հայրենիքին մաս դառնալու հեռանկարով։ Ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքում բացառում ենք թե որակական, թե տարածքային միակողմանի զիջումներն ու անհամարժեք փոխանակումները։

Սեփական անվտանգությանն ուղղված մարտահրավերների, ազգային ու քաղաքակրթական ինքնաճանաչողության եւ սեփական ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու վերագիտակցումից արթնացած այս հիմնախնդիրը կարգավորման հեռանկարում չի կարող կտրվել իր այդ ակունքներից։

Խնդրի կարգավորման գործում վճռորոշը այդ կարգավորումը մարմնավորող համաժողովրդական կամքն է՝ ինքնուրույնաբար ու սեփական շահերից բխող որոշման ընդունման իրավունքով։ Այն պետք է ապահովի Արցախի հարցի այնպիսի լուծում, որը՝

  • բացառում է ԱՀ-ի հանձնումը Ադրբեջանի կազմ.
  • ապահովում է հուսալի ցամաքային կապ ԱՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ.
  • չի խախտում ՀՀ ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ։

Հաշվի առնելով, որ ԱՀ-ի՝ որպես անկախ պետության, կայացումն իրականացվել է ե՛ւ միջազգային իրավունքի նորմերին, ե՛ւ նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, ԱՀ-ն ինքնիշխան, իրավական երկիր է, նա պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ, Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ճանաչված հանրապետություն:

«Ժառանգությունը» անհրաժեշտ է համարում պատերազմական եւ ետպատերազմական վիճակով պարտադրված կենտրոնաձիգ, ռազմականացված իշխանության համակարգից ԱՀ-ի աստիճանական անցումը ժողովրդավարական համակարգի։

«Ժառանգությունը» նպատակահարմար է գտնում մոտակա տարիների համար ԱՀ-ի ինքնիշխանության եւ քաղաքական անկախության ամրապնդումը եւ միաժամանակ ՀՀ-ի հետ տնտեսական, մշակութային, գիտական ու կրթական սերտաճումը եւ օրենսդրական դաշտերի համապատասխանեցումը։ Հայաստանը պետք է նպաստի Արցախում քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի զարգացման այնպիսի մակարդակի ապահովմանը, որն անհրաժեշտ հիմք կստեղծի 20-րդ դարում Արցախից եւ հարակից շրջաններից հեռացած շուրջ կես միլիոն հայության վերադարձի համար։

Բռնության կամ հարկադրանքի որեւէ ձեւի կիրառում պետք է բացառվի ու կանխվի։ Բռնությունն ու հակամարտությունների լուծման ժողովրդավարական ուղիներն աղերսներ չունեն, հետեւաբար խնդրի կարգավորմանն ուղղված ցանկացած հակաժողովրդավարական գործընթաց, ցանկացած քայլ պետք է չեզոքացվեն։

Խնդրի խաղաղ կարգավորումն իրավունքի եւ վստահության հաստատման լավագույն ուղին է։ Խաթարված արդարության ու կայուն խաղաղության հաստատումը ոչ միայն համահունչ է միջազգային իրավունքի պահանջներին, այլեւ բացառում է Արցախի ժողովրդին ուղղված բոլոր կարգի սպառնալիքների կենսակոչման հնարավորությունը։

Հայաստանը ղարաբաղյան խնդրում շահագրգիռ կողմ է՝ խաղաղ ճանապարհով եւ հասարակայնորեն ընդունելի տարբերակով խնդրի կարգավորմանը հասնելու, շահախնդիր՝ Արցախի բնակչության անվտանգության ու ինքնության ապահովման հարցում եւ աջակից՝ ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը։

Տարածաշրջանային միասնականության, անվտանգության համատեղ համակարգի ձեւավորման շրջանակներում առաձնապես կարեւոր են Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների փոխհարաբերությունները։ Ուստի հրամայական են երկու երկրների օրենսդրությունը համասեռ ու ներդաշնակ դարձնելը, ինչպես նաեւ իշխանության մարմինների ու քաղաքացիական հասարակության հանրակարգերի միջեւ համընդգրկուն, բազմոլորտ ու բազմամակարդակ համագործակցությանը նպաստող, այն կանոնակարգող օրենսդրության ընդունումը։


10. ՀԱՅԱՍՏԱՆ - ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանն իր բոլոր քաղաքացիների, ինչպես նաեւ համայն հայության Հայրենիքն է։

Սփյուռքահայությունը հայ ազգի անտրոհելի մասն է։

Ազգային միասնության խնդիրն առաջնայիններից է։

ՀՀ ազգային անվտանգության շրջանակներում են նաեւ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցների կենսապահովմանն ու գործունեությանն առնչվող խնդիրները։

Սփյուռքը, լինելով 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության եւ դրան հետեւած պատմական հայրենիքի հայաթափման ողբերգական հետեւանքը, իր բուն էությամբ բացասական երեւույթի արգասիք է։ Բայց ի հեճուկս չարակամների՝ այսօր Սփյուռքը դժբախտությունից վերաճել է բարեբախտության՝ անկախություն վերստացած Հայաստանի համար դառնալով նյութական ու հոգեւոր նեցուկ։ Այլեւս երկվություն չկա այն հարցում, որ հայության հատվածական բաժանումները հիմնավորապես սխալ են։ Աշխարհի բոլոր հայերը՝ անկախ բնակության վայրից, դավանանքից ու սոցիալական դրությունից, մեկ հայրենիք գիտեն՝ Հայաստանը, մեկ նպատակ ունեն՝ Հայաստանի անպարտելիությունը։

Համաշխարհային հայահավաքը նախնյաց հողում՝ Հայկական բարձրավանդակում՝ մնում է յուրաքանչյուրիս երազանքը։ Մինչ այդ երանելի պահը՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են օժանդակել Սփյուռքում հայապահպանությանը, պաշտպանել Սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքներն ու շահերը, ինչպեսեւ անել կարելին՝ գործնական քայլերով համախմբելու համար սփյուռքյան ողջ կարողականությունը, ընդգրկելով նաեւ սփյուռքահայ անհատներին, գիտնականներին, մտավորականներին, արհեստավարժներին (թեեւ հասկանալի է, որ այնտեղ գոյություն ունեցող ցանկացած կառույց ունի եւ դեռ երկար ժամանակ ունենալու է ազգային իղձերի իրականացման գործում իր անուրանալի դերը)։

Հայ ազգային օրգանիզմի մեջ Սփյուռքի մասնաբաժինը թե քանակական, թե որակական առումներով հսկայական է։

Հայաստանի Հանրապետությունը պետք է նպաստի յուրաքանչյուր սփյուռքահայի՝ Հայաստանի եւ իրար հետ հաղորդակցման հնարավորությունների դյուրացմանը, օժանդակի Սփյուռքում հայապահպանությանը։ Հայաստանը պետք է դառնա սփյուռքահայ տարբեր համայնքներին կապող օղակը, շփման գլխավոր կենտրոնը։ Սփյուռքն իր հերթին Հայաստանի եւ աշխարհի միջեւ մշակութային, տնտեսական, քաղաքական կապի եւ համագործակցության լավագույն կամուրջն է։

Ցանկացած երկիր, ուր գոյություն ունի հայկական հոծ գաղթօջախ, պետք է համարվի Հայաստանի Հանրապետության ազգային շահերի գործողության գոտի։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը ներառում է նաեւ սփյուռքահայության անվտանգությունը։

Համաշխարհային հայկական հզոր կազմակերպության ստեղծումը օրախնդիր է, սակայն այն կարող է իրապես միավորիչ դեր կատարել եւ արդյունավետ գործել միայն Հայաստանի ժողովրդի կողմից ազատորեն եւ օրինական ճանապարհով ընտրված, համաշխարհային հանրության հարգանքը վայելող օրինավոր, հեղինակավոր իշխանությունների աջակցությամբ եւ հովանավորությամբ։

Սփյուռքահայությունը ժողովրդական դիվանագիտության ընձեռած հնարավորությունների միջոցով պետք է դրսեւորի ավելի աշխույժ քաղաքական դիրքորոշում եւ գործուն աջակցություն ցուցաբերի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը։

Հայաստանում օրինական իշխանությունների առկայությունը վստահություն կներշնչի նաեւ սփյուռքահայ ներդրողներին։ Հայաստանը ոչ այնքան սփյուռքահայության նյութական աջակցության կարիքն ունի, որքան նրա փոխշահավետ գործակցության, տեխնոլոգիական եւ խորհրդատվական աջակցության։

Հայաստանը պետք է աջակցի հատկապես Սփյուռքի հայկական կրթական օջախներին, երիտասարդական, ուսումնա-հայրենասիրական, մշակութային կազմակերպություններին, ամրապնդի կապերը Հայաստանի եւ Սփյուռքի հայ երիտասարդների միջեւ: Սփյուռքահայության եւ հատկապես երիտասարդության մեջ ազգային ինքնագիտակցության պահպանումն ու զարգացումը համայն հայության կարեւորագույն խնդիրներից մեկն է:

Սփյուռքը չպետք է տարրալուծվի այլոց մշակույթներում, այլ Հայաստանի հետ համաշխարհային քաղաքակրթության բեմահարթակում հանդես գա որպես ինքնուրույն եւ ինքնատիպ դերակատար՝ սեփական դիմագծով, արժեքավոր ասելիքով եւ արժանապատիվ կեցվածքով։

Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի համար երբեմն կարող է տարբեր լինել ազգային նպատակներին հասնելու մարտավարությունը, բայց ոչ երբեք՝ ռազմավարությունը։

Անհրաժեշտ է հաշվի նստել այն իրողության հետ, որ հայ ազգը կարծես վեր է ածվում սփռված կենսակերպ ունեցող մի գոյացության։ Պատմական Մեծ Հայքին, Փոքր Հայքին, Բարձր Հայքին, Պարսկահայքին ավելացել է Սփյուռքը՝ տարածքային եւ կազմակերպական իր ուրույն կառուցվածքով։ Այդուհանդերձ, Սփյուռքի քանակական աճը՝ ի հաշիվ Հայաստանի բնակչության շարունակվող արտահոսքի, անցանկալի գործընթաց է, սակայն՝ ցավալի իրողություն։ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում կարեւոր է առաջնորդվել միջազգային նորմերով, մասնավորապես՝ պետությունների կողմից միմյանց ներքին գործերին չխառնվելու պայմանով։ Սակայն անհրաժեշտ է նաեւ մշակել ու կիրառության մեջ դնել այդ հարաբերությունների սպասարկման այնպիսի տիպօրինակներ, որոնք եթե ոչ Հայաստանի Հանրապետությանը, ապա գոնե նորաստեղծ համաշխարհային հայկական կառույցներին հնարավորություն կտան արդյունավետորեն մասնակցել որեւէ երկրում համայնքների, ցանկալի է՝ հայկական ծագում ունեցող, եւ դա պահպանած յուրաքանչյուր քաղաքացու ինքնակազմակերպման եւ ինքնակառավարման գործին՝ այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

Այս համատեքստում ազգային համաշխարհային կառույցի ստեղծման գլխավոր նպատակը պետք է լինի ամբողջ Սփյուռքի արդի կառավարմանը նպաստելը՝ Սփյուռքի իսկ հաշվետու վերնախավի կողմից։ Հայաստանի Հանրապետությունը պետք է անի ամեն հնարավորը՝ այս գործին աջակցելու համար։

Վերոհիշյալի հետ մեկտեղ պետք է վերաիմաստավորվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործառույթները. այն պետք է վերածվի Հայրենիք-Սփյուռք համագործակցությանը նպաստող, այդ ոլորտի գործունեությունը համակարգող կառույցի, որի աշխատանքը վերահսկելի լինի Հայաստանի հասարակության ու Սփյուռքի համար։

Երկքաղաքացիության հարցը բազմակողմանի եւ ընդգրկուն է, որի լուծումը պետք է գտնվի անմիջապես։ Իրական կյանքում նրա կիրառումը պետք է լինի աստիճանական՝ նկատի առնելով իրավունքների եւ պարտականությունների ողջ համալիրը։

Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում ազգային անվտանգության տեսանկյունից խիստ կարեւոր են հայրենադարձության խթանումն ու գործընթացի կանոնակարգումը: Այդ նպատակով հրատապ է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ պետության կողմից հստակ պարտավորությունների ստանձնմամբ, այդ թվում՝ վերադարձողների քաղաքացիական, բնակարանային, սոցիալական մյուս հիմնահարցերի լուծման, հասարակությանը նրանց սերտաճման համար տարբերակված մեխանիզմների ամրագրմամբ։

 

Մենք հավատում ենք մեր ծրագրերի կենսունակությանը։

Մենք հավաքաբար ի զորու ենք իրականացնելու այս ծրագրերը։

Մենք միասին կկառուցենք մեր երազանքների Նոր Հայաստանը: