10. ՀԱՅԱՍՏԱՆ - ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանն իր բոլոր քաղաքացիների, ինչպես նաեւ համայն հայության Հայրենիքն է։
Սփյուռքահայությունը հայ ազգի անտրոհելի մասն է։
Ազգային միասնության խնդիրն առաջնայիններից է։
ՀՀ ազգային անվտանգության շրջանակներում են նաեւ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցների կենսապահովմանն ու գործունեությանն առնչվող խնդիրները։
Սփյուռքը, լինելով 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության եւ դրան հետեւած պատմական հայրենիքի հայաթափման ողբերգական հետեւանքը, իր բուն էությամբ բացասական երեւույթի արգասիք է։ Բայց ի հեճուկս չարակամների՝ այսօր Սփյուռքը դժբախտությունից վերաճել է բարեբախտության՝ անկախություն վերստացած Հայաստանի համար դառնալով նյութական ու հոգեւոր նեցուկ։ Այլեւս երկվություն չկա այն հարցում, որ հայության հատվածական բաժանումները հիմնավորապես սխալ են։ Աշխարհի բոլոր հայերը՝ անկախ բնակության վայրից, դավանանքից ու սոցիալական դրությունից, մեկ հայրենիք գիտեն՝ Հայաստանը, մեկ նպատակ ունեն՝ Հայաստանի անպարտելիությունը։
Համաշխարհային հայահավաքը նախնյաց հողում՝ Հայկական բարձրավանդակում՝ մնում է յուրաքանչյուրիս երազանքը։ Մինչ այդ երանելի պահը՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են օժանդակել Սփյուռքում հայապահպանությանը, պաշտպանել Սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքներն ու շահերը, ինչպեսեւ անել կարելին՝ գործնական քայլերով համախմբելու համար սփյուռքյան ողջ կարողականությունը, ընդգրկելով նաեւ սփյուռքահայ անհատներին, գիտնականներին, մտավորականներին, արհեստավարժներին (թեեւ հասկանալի է, որ այնտեղ գոյություն ունեցող ցանկացած կառույց ունի եւ դեռ երկար ժամանակ ունենալու է ազգային իղձերի իրականացման գործում իր անուրանալի դերը)։
Հայ ազգային օրգանիզմի մեջ Սփյուռքի մասնաբաժինը թե քանակական, թե որակական առումներով հսկայական է։
Հայաստանի Հանրապետությունը պետք է նպաստի յուրաքանչյուր սփյուռքահայի՝ Հայաստանի եւ իրար հետ հաղորդակցման հնարավորությունների դյուրացմանը, օժանդակի Սփյուռքում հայապահպանությանը։ Հայաստանը պետք է դառնա սփյուռքահայ տարբեր համայնքներին կապող օղակը, շփման գլխավոր կենտրոնը։ Սփյուռքն իր հերթին Հայաստանի եւ աշխարհի միջեւ մշակութային, տնտեսական, քաղաքական կապի եւ համագործակցության լավագույն կամուրջն է։
Ցանկացած երկիր, ուր գոյություն ունի հայկական հոծ գաղթօջախ, պետք է համարվի Հայաստանի Հանրապետության ազգային շահերի գործողության գոտի։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը ներառում է նաեւ սփյուռքահայության անվտանգությունը։
Համաշխարհային հայկական հզոր կազմակերպության ստեղծումը օրախնդիր է, սակայն այն կարող է իրապես միավորիչ դեր կատարել եւ արդյունավետ գործել միայն Հայաստանի ժողովրդի կողմից ազատորեն եւ օրինական ճանապարհով ընտրված, համաշխարհային հանրության հարգանքը վայելող օրինավոր, հեղինակավոր իշխանությունների աջակցությամբ եւ հովանավորությամբ։
Սփյուռքահայությունը ժողովրդական դիվանագիտության ընձեռած հնարավորությունների միջոցով պետք է դրսեւորի ավելի աշխույժ քաղաքական դիրքորոշում եւ գործուն աջակցություն ցուցաբերի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը։
Հայաստանում օրինական իշխանությունների առկայությունը վստահություն կներշնչի նաեւ սփյուռքահայ ներդրողներին։ Հայաստանը ոչ այնքան սփյուռքահայության նյութական աջակցության կարիքն ունի, որքան նրա փոխշահավետ գործակցության, տեխնոլոգիական եւ խորհրդատվական աջակցության։
Հայաստանը պետք է աջակցի հատկապես Սփյուռքի հայկական կրթական օջախներին, երիտասարդական, ուսումնա-հայրենասիրական, մշակութային կազմակերպություններին, ամրապնդի կապերը Հայաստանի եւ Սփյուռքի հայ երիտասարդների միջեւ: Սփյուռքահայության եւ հատկապես երիտասարդության մեջ ազգային ինքնագիտակցության պահպանումն ու զարգացումը համայն հայության կարեւորագույն խնդիրներից մեկն է:
Սփյուռքը չպետք է տարրալուծվի այլոց մշակույթներում, այլ Հայաստանի հետ համաշխարհային քաղաքակրթության բեմահարթակում հանդես գա որպես ինքնուրույն եւ ինքնատիպ դերակատար՝ սեփական դիմագծով, արժեքավոր ասելիքով եւ արժանապատիվ կեցվածքով։
Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի համար երբեմն կարող է տարբեր լինել ազգային նպատակներին հասնելու մարտավարությունը, բայց ոչ երբեք՝ ռազմավարությունը։
Անհրաժեշտ է հաշվի նստել այն իրողության հետ, որ հայ ազգը կարծես վեր է ածվում սփռված կենսակերպ ունեցող մի գոյացության։ Պատմական Մեծ Հայքին, Փոքր Հայքին, Բարձր Հայքին, Պարսկահայքին ավելացել է Սփյուռքը՝ տարածքային եւ կազմակերպական իր ուրույն կառուցվածքով։ Այդուհանդերձ, Սփյուռքի քանակական աճը՝ ի հաշիվ Հայաստանի բնակչության շարունակվող արտահոսքի, անցանկալի գործընթաց է, սակայն՝ ցավալի իրողություն։ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում կարեւոր է առաջնորդվել միջազգային նորմերով, մասնավորապես՝ պետությունների կողմից միմյանց ներքին գործերին չխառնվելու պայմանով։ Սակայն անհրաժեշտ է նաեւ մշակել ու կիրառության մեջ դնել այդ հարաբերությունների սպասարկման այնպիսի տիպօրինակներ, որոնք եթե ոչ Հայաստանի Հանրապետությանը, ապա գոնե նորաստեղծ համաշխարհային հայկական կառույցներին հնարավորություն կտան արդյունավետորեն մասնակցել որեւէ երկրում համայնքների, ցանկալի է՝ հայկական ծագում ունեցող, եւ դա պահպանած յուրաքանչյուր քաղաքացու ինքնակազմակերպման եւ ինքնակառավարման գործին՝ այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
Այս համատեքստում ազգային համաշխարհային կառույցի ստեղծման գլխավոր նպատակը պետք է լինի ամբողջ Սփյուռքի արդի կառավարմանը նպաստելը՝ Սփյուռքի իսկ հաշվետու վերնախավի կողմից։ Հայաստանի Հանրապետությունը պետք է անի ամեն հնարավորը՝ այս գործին աջակցելու համար։
Վերոհիշյալի հետ մեկտեղ պետք է վերաիմաստավորվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործառույթները. այն պետք է վերածվի Հայրենիք-Սփյուռք համագործակցությանը նպաստող, այդ ոլորտի գործունեությունը համակարգող կառույցի, որի աշխատանքը վերահսկելի լինի Հայաստանի հասարակության ու Սփյուռքի համար։
Երկքաղաքացիության հարցը բազմակողմանի եւ ընդգրկուն է, որի լուծումը պետք է գտնվի անմիջապես։ Իրական կյանքում նրա կիրառումը պետք է լինի աստիճանական՝ նկատի առնելով իրավունքների եւ պարտականությունների ողջ համալիրը։
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում ազգային անվտանգության տեսանկյունից խիստ կարեւոր են հայրենադարձության խթանումն ու գործընթացի կանոնակարգումը: Այդ նպատակով հրատապ է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ պետության կողմից հստակ պարտավորությունների ստանձնմամբ, այդ թվում՝ վերադարձողների քաղաքացիական, բնակարանային, սոցիալական մյուս հիմնահարցերի լուծման, հասարակությանը նրանց սերտաճման համար տարբերակված մեխանիզմների ամրագրմամբ։
Մենք հավատում ենք մեր ծրագրերի կենսունակությանը։
Մենք հավաքաբար ի զորու ենք իրականացնելու այս ծրագրերը։
Մենք միասին կկառուցենք մեր երազանքների Նոր Հայաստանը: