Որակյալ եւ մատչելի կրթության ապահովում
Սերունդների դաստիարակության ազգանվեր գործում դպրոցի եւ ուսուցչի նկատմամբ պետական քաղաքականության վերանայումը պետականության հիմքերի ամրապնդման առանցքային խնդիրն է: Բարոյական բարձր արժեհամակարգ ունեցող անհատի ու լիարժեք քաղաքացու ձեւավորման կարեւորագույն օջախներից մեկը դպրոցն է: Համաշխարհային կրթական ասպարեզում նվաճումներ ու հաղթանակներ գրանցելու գրավականը երրորդ հազարամյակի հրամայականներին հարիր կրթական համակարգի ձեւավորումն է, որում ցանկացած հաջողություն մեծապես կախված է ուսուցչի արհեստավարժությունից եւ բարեկեցությունից: Հայաստանն ունի միջնակարգ կրթության ուսանելի ավանդույթներ, սակայն դեռեւս անչափ թերի է կրթության ոլորտի ժամանակակից կառավարումը: Չնայած 2009-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման համար ներմուծված տնօրենի հավաստագրման ցենզին, պակասում է կրթության կառավարման ոլորտում արհեստավարժ ու բարոյական ընդգծված արժեքներ ունեցող այն անձանց անհրաժեշտ քանակը, ովքեր լիովին տիրապետում են ոլորտի պետական քաղաքականությանը:
Պետությունը պետք է ապահովի յուրաքանչյուր երեխայի միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը` անկախ ընտանիքի սոցիալական վիճակից եւ երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքից:
Ոլորտի առաջնահերթ խնդիրներն են`
- գիտության, գիտատար արտադրությանը սպասարկող ճյուղերի զարգացումը, կրթական համակարգի համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին,
- սահմանադրորեն միջնակարգ կրթության` որպես քաղաքացու պարտականության, ամրագրումը,
- կրթությունը հայերեն լեզվով իրականացնելու պահանջի խստագույնս կատարում,
- հանրապետության բոլոր քաղաքներում ու գյուղերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովումը` իր բնակավայրում եւ իր հասակակիցների հետ,
- հաշմանդամ եւ անապահով ընտանիքների երեխաների կրթական ծախսերի հատուցումը,
- դպրոցների կառավարման համակարգի շարունակական բարեփոխումը` այն դարձնելով առավել ժողովրդավար եւ զերծ արատավոր դրսեւորումներից,
- արդի պահանջները բավարարող մանկավարժական կազմի ձեւավորումը,
- կրթական մասնագիտությունների ցանկի եւ կրթության որակի մակարդակի համապատասխանեցումը շուկայական տնտեսության ժամանակակից պահանջներին,
- հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշմանը միտված կրթության նոր մեխանիզմների ներդրումը,
- բոլոր մակարդակներում կոռուպցիոն երեւույթներ ծնող պատճառների դեմ պայքարը:
Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր
- «Հանրակրթության մասին» օրենքում կատարել փոփոխություններ ու լրացումներ, որոնք կապահովեն պետության կողմից վավերացված «Կրթություն բոլորի համար» միջազգային կոնվենցիայով ստանձնած քաղաքականությունը:
- ՀՀ պետական բյուջեում կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 5,5%-ին:
- Հասարակական գիտակցության մեջ վերականգնել ուսուցչի երբեմնի պատիվն ու բարի համբավը` էապես վերանայելով նրա աշխատավարձը, որը կնպաստի հանրակրթության մեջ տղամարդ ուսուցիչների թվի ավելացմանը եւ նրանց զերծ կպահի իր կերպարին ոչ հարիր գործելակերպից:
- Ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության (դրույք) 18-ժամյա չափանիշը, որն ուսուցչին հնարավորություն կտա զբաղվել ինքնակրթությամբ:
- Ավագ դպրոցների լաբորատորիաները, արհեստանոցները վերազինել արդի սարքավորումներով, փորձանյութերով, ուսումնադիտողական պարագաներով, ընդլայնել դպրոցների նյութատեխնիկական բազան` բյուջետային հատկացումների միջոցով:
- Առանց բացառության ապահովել բոլոր ավագ դպրոցների ուսուցիչների պատշաճ կրթական մակարդակն ու աշխատավարձի 20% հավելավճարը:
- Պլանավորված ու ծրագրված եղանակով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում ավելացնել առավել վատթար վիճակում գտնվող դպրոցների ֆինանսավորումը եւ 5-ամյա ժամկետում լուծել բոլոր կրթական հաստատությունների, դպրոցների հիմնանորոգումը, այդ թվում մասնավոր ներդրումների խրախուսման ճանապարհով:
- Համալրել դպրոցական գրադարանային ֆոնդերը, ստեղծել էլեկտրոնային գրադարաններ` դրանք ապահովելով ժամանակակից տեխնիկական միջոցներով, տեղեկատվական ու համակարգչային սարքավորումներով, համացանցային կապով:
- Մանկավարժական բուհերում արմատապես բարեփոխել կրթության որակն ու մակարդակը` դպրոցը որակյալ ուսուցիչներով ապահովելու համար:
- Ապակուսակցականացնել ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներն ու բացառել բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ` ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի եւ այլոց, նշանակումը բուհերի խորհրդի նախագահի պաշտոնում:
- Գնահատման համակարգը բուհերում եւ հանրակրթական հաստատություններում դարձնել պատճառաբանված ու թափանցիկ:
- ՊՈԱԿ-ի մասին օրենքում առաջարկել փոփոխություն, որով ուսումնական հաստատությունների կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի նախագահի հետ, ինչպես սահմանված է ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքով:
- Վերանայել ներառական կրթության ֆինանսավորումը:
- Դպրոցների տնօրենների համար նախատեսել վարչական տույժեր օրենքով արգելվող քայլերի` մասնավորապես օրենքով արգելվող կրոնական ու քաղաքական քարոզչության իրականացման համար:
- Ուսումնական հաստատության կողմից մրցութային հիմունքներով պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման ապագա կարգում ապահովել մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Նախատեսել լրացուցիչ ֆինանսավորման արդյունավետությունը չափող գործիքակազմը:
- «Լեզվի մասին», «Հանրակրթության մասին» օրենքներում առավել հստակեցնել այլընտրանքային, հեղինակային, փորձարարական ծրագրերի սահմանումները` բացառելով օտարալեզու կրթական հաստատությունների հիմնումը, հանրակրթական, միջին մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանել օտար լեզուների որակյալ ուսուցանումը:
- «Հանրակրթության մասին» օրենքում վերականգնել դասագրքերի ստեղծման փորձաշրջանը. ծրագրի «Ծրագրամեթոդական ապահովումը եւ ուսումնանյութական բազան» վերնագրի տակ ափսոսանք է հայտնվում, որ դասագրքերը ստեղծվում են շատ կարճ ժամանակամիջոցում, ինչը հնարավորություն չի տալիս լրջորեն փորձարկելու, խմբագրելու դրանց բովանդակությունը:
- «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսել փոփոխություններ, որոնցով պետության կողմից կապահովվի երեխայի կրթության իրավունքը` անկախ հանրակրթական ուսումնական հաստատության կազմակերպական-իրավական ձեւից, եւ ոչ պետական ուսումնական հաստատություններն ազատել շահութահարկից:
- Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական հաստատություններում ուսանող կարիքավոր ուսանողների համար արտոնյալ կրթական վարկերի տրամադրման օրենսդրական մեխանիզմների ամրագրում, այդ նպատակով փոփոխություններ առաջարկել «Վարկային կազմակերպությունների մասին» եւ համապատասխան օրենքներում:
- Բուհերում վերականգնել ռազմական ամբիոնները` սպայական կազմի պատրաստման համար խիստ օգտակար մրցակցային դաշտ ստեղծելու հեռանկարով:
- Մշակել եւ ներդնել մեխանիզմներ, որոնք առավել շնորհալի ուսանողներին թույլ կտան իրենց ծառայությունը զինված ուժերում անցկացնել այնպիսի զորամիավորումներում կամ ռազմական արդյունաբերության գիտատար ոլորտներում, ուր հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել նրանց գիտելիքները` հայկական բանակն առավել հզորացնելու ուղղությամբ: Բարելավել բարձրագույն կրթություն ստացած անձանց պարտադիր զինվորական ծառայության արդյունավետությունը:
- Պակասեցնել կրթության ոլորտում հարկային բեռը` միաժամանակ խստացնելով բոլոր ԲՈՒՀ-երի հանդեպ կիրառվող այն չափորոշիչները, որոնք վերաբերում են արդիական նյութատեխնիկական բազայով ապահովվածությանը, նորագույն արտասահմանյան գիտակրթական մեթոդաբանության ձեռքբերմանն ու ներդրմանը, դասախոսների վերապատրաստմանը, կրթության որակի ապահովմանն ուղղված այլ ցուցանիշներին: Կրթության բնագավառում հարկային բեռի թեթեւացման արդյունքում ԲՈՒՀ-երում մնացող հավելյալ ֆինանսական միջոցներն ուղղել գիտակրթական գործընթացի զարգացմանը, կրթության որակի բարձրացմանը: