Էջ 9, 16-ից
Պետությունը գյուղացու կողքին
Հարուստ եւ կայուն գյուղը, զարգացած գյուղական համայնքները պետության ինքնիշխանության ու անվտանգության լուրջ գրավականն են, իսկ ժամանակի պահանջների ոգուն համապատասխանող գյուղատնտեսությունը` երկրի պարենային անկախության եւ ապահովության աստիճանի էական բաղադրիչներից մեկը:
Այդ առումով հետապնդվող նպատակներն են.
- գյուղացիական տնտեսություններում ներդրումային եւ վարկավորման ծրագրերի իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծում,
- ֆերմերային տնտեսությունների զարգացում, ագարակատերերի եւ նրանց ընտանիքների կենսամակարդակի հարաճուն բարձրացում,
- գյուղատնտեսության մեջ կամավորության սկզբունքով կոոպերացիայի տարբեր ձեւերի կազմավորման համար նպաստավոր պայմանների ու մեխանիզմների ապահովում,
- ջրամատակարարման, պարարտանյութերի եւ գյուղատնտեսական տեխնիկայի մատչելիություն,
- արտոնյալ հարկային ու վարկային պայմաններ` գյուղատնտեսության ռիսկային գոտիների ու հատվածների համար:
Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր
- Ապահովել պետական օժանդակություն գյուղմթերքների արտադրությանն ու արտահանմանը` ներառյալ գյուղատնտեսության եւ, հատկապես, ֆերմերային փոքր տնտեսությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արտադրությունների սուբսիդավորումը:
- Ոլորտում ներդնել վարկավորման արդյունավետ համակարգ՝ վարկային միջոցների տրամադրման ժամանակահատվածը եւ տոկոսադրույքները սահմանելիս հաշվի առնելով տվյալ ճյուղի առանձնահատկությունները` որպես գրավի առարկա ընդունելով հողը, ինչպես նաեւ գյուղատնտեսության մեջ օգտագործվող հիմնական միջոցները։
- Կիրառել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում մինչեւ 50% չափով:
- Հատուկ արտոնյալ վարկավորման ու հարկային պայմաններ կիրառել բարձրլեռնային եւ սահմանամերձ գոտիներում գործող գյուղացիական տնտեսությունների համար: Փոփոխություններ ու լրացումներ կատարել «Հողի հարկի մասին», «Հողի հարկի արտոնությունների մասին», «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքներում` սահմանամերձ, բարձրլեռնային եւ խրախուսվող տարածքներում հողի հարկի արտոնություններ տրամադրելու նպատակով:
- Վարկային ու ներդրումային ծրագրերի շրջանակներում պետական լուրջ աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսական մեքենաների հավաքակայանների ստեղծմանը, գյուղացու եւ ագարակատիրոջ համար ողջամիտ գների առումով դրանց մատչելիության ապահովմանը:
- Ստեղծել գյուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսությունների ապահովագրական ճկուն համակարգ` պետության փութաջան մասնակցությամբ, առաջին հերթին` ապահովագրական վճարների մի մասի փոխհատուցումը ստանձնելու իմաստով:
- Գյուղատնտեսական մթերքների ներքին շուկայի պաշտպանության համակարգում, ի թիվս այլ ուղղությունների, ներառել գյուղատնտեսական մթերքների կայուն գների պահպանման, սուբսիդավորման, սպառողների համար երաշխավորված, մատչելի մանրածախ գների սահմանման միջոցառումները:
- Միասնական պետական ստանդարտներով ու պետական հսկողությամբ մթերող ձեռնարկություններում ներդնել որակի ստուգումներ իրականացնող այնպիսի համակարգ, որով կպաշտպանվեն գյուղացու շահերը եւ մթերող կազմակերպություններին թույլ չի տրվի ձեռնարկել կամայական գործողություններ:
- Փոփոխություններ ու լրացումներ կատարել ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենքներում` վերջիններիս պարտավորություններն ու պատասխանատվությունը սահմանելու, ոռոգման ջրով գյուղատնտեսական տարածքների մատակարարումը կարգավորելու նպատակով:
- Փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Երաշտի հետեւանքների վերացման մասին» օրենքում` երաշտից տուժած շրջանների պետական աջակցության մեխանիզմների ամրագրմամբ:
- Փոխհատուցման նույնպիսի սկզբունքներ կիրառել գյուղատնտեսության ու անասնապահության բնագավառներում` բնական աղետների, համաճարակների հետեւանքով կրած վնասների դեպքում:
- Ոչ գյուղատնտեսական նպատակներով պետական հողերի վարձակալության համար գանձվող վարձավճարներն ավելացնել 5 անգամ, ինչը հնարավորություն կտա խուսափել մեծ հողակտորների երկարաժամկետ վարձակալությունից ու անարդյունավետ օգտագործումից, ինչպեսեւ հսկայական տարածքները շարքային քաղաքացիների համար փակ գոտիների վերածելուց:
- Վերանայել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքը` աճուրդների, այդ թվում հողի աճուրդի հրապարակայնությունն ու օրինականությունը ապահովելու նպատակով, միաժամանակ ծրագրային քաղաքականություն վարել համայնքներում երիտասարդ ընտանիքներին հողատարածքներ հատկացնելու ուղղությամբ: