Հոդվածների ցուցակագիր

ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ազատ ու պետության կողմից պաշտպանված քաղաքացի

Մեր առաջնահերթ նպատակներն են`

  • ժողովրդի կողմից ընտրված եւ նրա առջեւ պատասխանատու իշխանության ձեւավորում` կիրառելով հաշվետվության, գործունեության թափանցիկության եւ պատժելիության սկզբունքները,
  • առանց խտրականության բոլոր քաղաքացիների ընտրելու սահմանադրական իրավունքի համալիր կիրառում` անկախ բնակության վայրից,
  • օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների իրական տարանջատում,
  • օրենքի առջեւ քաղաքացիների հավասարության ապահովում,
  • մարդու իրավունքների ու ազատությունների լիակատար հարգում եւ պաշտպանություն,
  • սեփականության իրավունքի պաշտպանվածություն եւ դրա անձեռնմխելիության ամրապնդում,
  • խոսքի ազատության եւ գաղափարների մրցակցության ապահովում, բազմակարծության ու տեղեկատվության մատչելիություն եւ լրատվական դաշտում ազատ մրցակցության երաշխավորում,
  • անձի անվտանգության ու անձեռնմխելիության անվերապահ ապահովում, իրավապահ եւ դատական համակարգերի պատվիրովի, նպատակային օգտագործման, բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների ու խոշտանգումների բացառման երաշխիքների ապահովում,
  • արդարացի եւ արդյունավետ ընտրական համակարգի ձեւավորում, ընտրակեղծարարության համար քրեական պատասխանատվության հստակեցում եւ մանրամասնում,
  • քաղաքացիական հասարակության ազատագրում եւ կայացում, դրա զարգացմանը խոչընդոտող` վերջին տարիներին հաստատված բոլոր սահմանափակումների վերացում, քաղաքացիական ոչ առեւտրային կազմակերպությունների, ազատ արհմիությունների զարգացման օրենսդրական արգելքների վերացում, քաղաքացիների` հավաքների, ցույցերի, երթերի, գործադուլների ու բողոքի այլ միջոցառումների ազատության սահմանադրական իրավունքի իրագործում,
  • քաղաքական կուսակցությունների կայացում, այդ թվում` պետության կողմից դրա սատարում նյութապես եւ քաղաքականապես,
  • խորհրդարանի փոխակերպում քաղաքական մարմնի, որն օպերատիվ կարձագանքի երկրի ու հասարակության հրատապ խնդիրներին,
  • կառավարության կողմից ինքնուրույն եւ կոլեգիալ պատասխանատվության ստանձնում երկրի ղեկավարման համար,
  • նախագահի լիազորությունների կրճատում,
  • արդարադատության մատչելիություն, դատական իշխանության անկախություն եւ անաչառություն, այդ թվում` դատաիրավական համակարգի համալիր բարեփոխում, որը կառնչվի թե դատարաններին, թե դատապարտյալներին,
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերի բարձրացում, նրա անկախ եւ ինքնուրույն գործունեության համար համալիր պայմանների ստեղծում:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Իրականացնել սահմանադրական փոփոխություններ եւ որդեգրել պետական կառավարման խորհրդարանական տիպօրինակ, որն, ի թիվս այլոց, կապահովի կառավարության անդամների նշանակման այնպիսի համակարգ, որով կբացառվի պատահական, ոչ արհեստավարժ մարդկանց մուտքը պետական բարձրագույն ծառայության օղակներ, կամրագրվեն կարգազանց, Սահմանադրության եւ օրենքների պահանջները ոտնահարող պատգամավորների, կառավարության անդամների լիազորությունների դադարեցման հստակ ընթացակարգեր, կձեւավորվի նախագահից ու գործադիր իշխանությունից անկախ դատական իշխանություն, կապահովվի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերի կայուն զարգացումը:
  • Ձեւավորել գործադիրից եւ օրենսդիրից իրապես անկախ Արդարադատության խորհուրդ, սահմանել դատավորների ու դատախազների նշանակման, առաջխաղացման առավել թափանցիկ ընթացակարգ, ընդունել նոր քրեական, քրեա-դատավարական, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության եւ այլ օրենսգրքեր, որոնք կամրագրեն քաղաքացու սահմանադրական իրավունքների խախտումների բողոքարկման կամ դրանց պաշտպանության շոշափելի ընթացակարգեր:
  • Բարելավել ընտրական համակարգը, այդ թվում` ապահովելով բացառապես համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը, քվեարկած ընտրողների ընտրացուցակների հրապարակայնությունը, քաղաքականապես հավասարակշռված ընտրական հանձնաժողովների ձեւավորումը, ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների համար խստագույն պատժամիջոցների կիրառումը, քաղաքացիների ընտրական մշակույթի զարգացման համապետական նպատակային ծրագրի ընդունումն ու իրականացումը, ընտրական միավորումների միջեւ իրական հավասարություն ենթադրող մեխանիզմների ամրագրումը, իշխանության կողմից ընտրությունների արդյունքների վրա ազդելու հնարավորության բացառումը, ընտրական հանձնաժողովների գործունեության նկատմամբ իրական հասարակական վերահսկողության սահմանումը, ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունը, արդյունքների բողոքարկման իրական հնարավորությունների ընձեռումը:
  • Իրականացնել ոստիկանության արմատական բարեփոխումներ` ապահովելով արհեստավարժ եւ օրինապահ ծառայողների նյութական ու աստիճանակարգային խրախուսումը, համակարգի արդիականացումը եւ վերապատրաստումը ժողովրդավարական երկրների չափանիշներով:
  • ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից կարգուկանոնի պահպանումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումը իրականացնել միմիայն պետական-պաշտոնական գործառույթների շրջանակներում` բացառելով այդ կառույցի ներուժի օգտագործումը քաղաքական, կուսակցական նեղ շահախնդրությունների, ինչպես նաեւ քաղաքացիների հետապնդումների, գաղտնալսումների եւ ոչ վայելուչ այլ միջամտությունների համար:
  • Արդիականացնել քաղաքացիական ու համայնքային ծառայությունը, բարձրացնել ապակուսակցականացումն ու արդյունավետությունը, վերացնել ստվերային կառավարումը, հետեւողականորեն արմատավորել պետական իշխանության իրականացման ժողովրդավարական եղանակները: Պետական իշխանության մարմինների գործունեությունն ավելի բաց եւ թափանցիկ դարձնել քաղաքացիների, ոչ կառավարական կազմակերպությունների համար: Զարգացած երկրների օրինակով ընդունել ակտ Տեղեկատվական ազատության մասին:
  • Վերանայել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքները` բարձրացնելով սպառողի պաշտպանվածությունը, պետական վերահսկողությունը ապրանքների եւ ծառայությունների մատուցման շուկաներում:
  • Ընդունել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների իրավունքների եւ պարտականությունների մասին օրենք` առավել պաշտպանված դարձնելով այդ ծառայություններից օգտվող բնակչին ու քաղաքացուն:
  • Փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում` բացառելով «հանրային շահի» անվան տակ կառավարության միջնորդությամբ քաղաքացիների ունեզրկումը եւ սեփականազրկումը հանուն մասնավոր բիզնես շահերի, նախկինում նման որոշումներից տուժած բնակիչների համարժեք փոխհատուցում կատարել պատասխանատու պաշտոնյաների ու նրանց հետ հանցավոր գործարքի մեջ մտած կառուցապատողների միջոցներից, հարուցել վերջիններիս պատասխանատվության հարցը:
  • Փոփոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքները` դրանք համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին ու հեռարձակման ոլորտի բարելավմանը ներկայացվող պահանջներին` մասնավորապես լուծումներ տալով հետեւյալ սկզբունքային խնդիրներին. պետական հեռարձակման իրական փոխարինում հանրայինով, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմի հասարակական-քաղաքական բազմազանություն եւ դրա կողմից ընդունվող որոշումների թափանցիկություն, հեռուստառադիոընկերությունների աշխատանքը կարգավորող մարմինների անկախություն պետական կամ քաղաքական որեւէ կառույցից, հանրային հեռուստատեսությամբ առեւտրային գովազդի բացառում, օրենքով սահմանված պատժամիջոցների աստիճանական տարբերակում, հեռուստառադիոհեռարձակման կապուղիների համար մրցույթների թափանցիկություն եւ արտոնագրման չափանիշների հստակեցում:
  • Բարձրացնել լրագրողների սոցիալական եւ իրավական պաշտպանվածության մակարդակը, կանխել եւ բացահայտել նրանց դեմ կատարվող ոտնձգություններն ու հետապնդումները, այդ թվում` քրեական, վերացնել գրաքննությունն ու ինքնագրաքննությունը` տեղեկատվական դաշտում ազատ, արհեստավարժ մրցակցության պայմաններ ստեղծելու ճանապարհով:
  • Բարձրացնել քաղաքական կուսակցությունների դերը եւ կայացնել քաղաքական համակարգը՝ պետության կողմից կուսակցությունների աջակցության ավելացման, կուսակցությունների ու բիզնեսի (գործարարության) տարանջատման, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության եւ վերահսկողության բարելավման միջոցներով: Սահմանափակել իրավաբանական անձանց կողմից կուսակցությունների ֆինանսավորման վերին շեմը` բացառելով վերջիններիս կախվածությունը բիզնեսից, միաժամանակ չպաշտպանված գործարարներին ազատել հարկադրաբար կամ կիսահարկադրաբար կուսակցություններին նվիրատվություններ անելու արատավոր գործելակերպից։ Սակավաթիվ խոշոր նվիրատուներից կուսակցության կախվածությունը բացառելու նպատակով սահմանափակել տարվա ընթացքում կուսակցությանը մեկ անձի նվիրատվության չափը` այն հավասարեցնելով նախընտրական հիմնադրամ մեկ ֆիզիկական անձի կողմից կատարվող մուծման չափին: Ավելացնել կուսակցություններին տրամադրվող ֆինանսավորումը` համամասնական ընտրակարգով քվեների 3 եւ ավելի տոկոս ստացած կուսակցությունների համար: Ազգային ժողով անցած կուսակցություններին կամ դրանց դաշինքների պետական ֆինանսավորման համար կիրառել ռեգրեսիվ կումուլյատիվ/կուտակային սանդղակ, երբ 5 տոկոսից պակաս յուրաքանչյուր քվե ֆինանսավորվում է նվազագույն հաշվարկային աշխատավարձի չափով, այնուհետեւ այդ գործակիցը նվազում է 10, 15 եւ այլ հավելյալ տոկոս քվեների համար: Արդյունքում կատարվում է որոշակի համահարթեցում քիչ ձայներ եւ առավել ձայներ ստացած կուսակցությունների ֆինանսավորման մակարդակների միջեւ:
  • Փոփոխություններ կատարել «Բարեգործության մասին» օրենքում` արգելելով քաղաքական նպատակներով իրականացվող բարեգործությունը կամ քաղաքական կազմակերպությունների կողմից բարեգործությունը:
  • Ընդունել «Խորհրդարանական ընդդիմության մասին» օրենք` ԵԽԽՎ համապատասխան բանաձեւերի ուղենիշերի համաձայն ամրագրելով ընդդիմության երաշխավորված իրավունքները:
  • Փոփոխություն կատարել հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում` ամրագրելով պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հստակ մեխանիզմներ: Նպաստավոր ենթահող պատրաստել մասնավորի կողմից քաղաքացիական հատվածի զարգացման նպատակով հիմնադրամներ ու դրամաշնորհներ նախաձեռնելու համար` վախի մթնոլորտից ձերբազատելով գործարարներին եւ բարեգործներին:

Փոփոխություն կատարել փաստաբանական գործունեության մասին օրենքում` այն հաշվով, որպեսզի քաղաքացուն պետության միջոցներով փաստաբանական անվճար ծառայություն մատուցվի նաեւ քաղաքացու` մարդու իրավունքների հետ կապված պետական կառույցի գործունեությունը կամ անգործությունը վիճարկելիս: