4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
4.1
Կուսակցության կառուցվածքը հետեւյալն է՝ համագումար, խորհուրդ, վարչություն, վարչության նախագահ, կանոնադրական հանձնաժողով, վերստուգիչ հանձնաժողով, տարածքային ստորաբաժանումներ։
4.2
Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։
4.3
Համագումարին է վերապահվում կուսակցության կառավարման եւ գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը։
4.4
Համագումարը կարող է լինել հերթական կամ արտահերթ։ Հերթական համագումարը հրավիրվում է ոչ ուշ քան երկու տարին մեկ անգամ։
4.5
Համագումարը գումարվում է կուսակցության անդամների կամ կուսակցության անդամներից ընտրված պատվիրակների համատեղ հավաքի ձեւով։ Համագումարի հրավիրման եւ անցկացման կարգը որոշում է վարչությունը։
4.6
Համագումարի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները ծանուցվում են վարչության կողմից՝ հերթական համագումարի անցկացումից առնվազն 14 օր առաջ, իսկ արտահերթ համագումարների դեպքում՝ առնվազն 7 օր առաջ։ Ծանուցման եղանակը որոշում է վարչությունը։
4.7
Կուսակցության արտահերթ համագումարը հրավիրվում է կուսակցության խորհրդի, վարչության, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի), կուսակցության անդամների առնվազն 1/3-ի գրավոր պահանջով, ոչ շուտ, քան 7-օրյա ժամկետում։ Հերթական եւ արտահերթ համագումարի մասնակիցները ծանուցվում են սույն Կանոնադրության 4.6 կետով սահմանված կարգով։
4.8
Համագումարի հրավիրման մասին որոշումն ընդունելուց հետո՝ մինչեւ համագումարի մասնակիցների ընտրությունը, կուսակցության շարքերի համալրումը ժամանակավորապես դադարեցվում է։
4.9
Կուսակցության համագումարի բացառիկ իրավասության հարցերն են՝
ա) կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի հաստատումը, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը, նոր Կանոնադրության եւ Ծրագրի ընդունումը.
բ) վարչության, կանոնադրական եւ վերստուգիչ հանձնաժողովների ընտրությունը.
գ) կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշման ընդունումը.
դ) կուսակցության վարչության նախագահի քաղաքական զեկուցման հաստատումը.
ե) կուսակցության գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը.
զ) Կուսակցության խորհրդի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածության հաստատումը,
է) համագումարն իրավազոր է համարվում պատվիրակների ընդհանուր թվի 2/3-ի մասնակցության դեպքում։ Սույն կետի ա), բ), գ), դ), ե) եւ զ) ենթակետերում որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Մյուս բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են համագումարին ներկա պատվիրակների ձայների մեծամասնությամբ։
4.10
Կուսակցության խորհուրդը՝
ա) մշտապես գործող մարմին է՝ կազմված 41 հոգուց, որից 30-ը կուսակցության ստորաբաժանումներից՝ վարչության կողմից սահմանվող թվաքանակով եւ կարգով ընտրված պատվիրակներ են, իսկ 11-ը՝ ի պաշտոնե խորհրդի անդամ հանդիսացող կուսակցության վարչության անդամները, այդ թվում` կուսակցության վարչության նախագահը.
բ) նախագահական հերթական եւ արտահերթ ընտրություններին առաջադրում է ՀՀ նախագահի թեկնածություն, ինչը հաստատում է կուսակցության Համագումարը,
գ) որոշում է ընդունում խորհրդարանական եւ ՀՀ ԱԺ թափուր տեղերի համար ընտրություններին կուսակցության մասնակցության մասին, հաստատում է կուսակցության վարչության ներկայացրած պատգամավորության թեկնածուների նախընտրական ցուցակը (այս նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են կուսակցության տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները).
դ) կուսակցության վարչության ներկայացմամբ որոշում է կայացնում կուսակցության՝ քաղաքական դաշինքներում ընդգրկվելու վերաբերյալ.
ե) ՀՀ օրենքների, այդ թվում ԱԺ Կանոնակարգ-օրենքի շրջանակներում որոշումներ է ընդունում ՀՀ ԱԺ-ում կուսակցության խմբակցության, ՀՀ այլ ընտրովի մարմինններում եւ նշանակովի պաշտոններում կուսակցության կողմից առաջադրված անձանց գործունեության մասին,
զ) հրավիրում է կուսակցության արտահերթ համագումար.
է) հաստատում է վարչության ներկայացրած՝ կուսակցությանն անդամագրելու եւ անդամությունից հեռացնելու կարգը, անդամավճարների չափերը եւ դրանց գանձման կարգը.
ը) վարչության առաջարկով հանդես է գալիս հայտարարությամբ՝ հասարակությանը հուզող առանցքային եւ հրատապ խնդիրների կապակցությամբ.
թ) կուսակցության խորհրդի նիստը իրավասու է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը։ Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում վարչության նախագահի ձայնը վճռական է.
ժ) կուսակցության խորհուրդն իր հերթական նիստերը հրավիրում է ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ։ Կուսակցության խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի կամ վարչության անդամների ընդհանուր թվի 1/3-ի, ինչպեսեւ կուսակցության վարչության նախագահի պահանջով.
ի) խորհրդի նիստերը նախագահում է կուսակցության վարչության նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը։
4.11.1
Կուսակցության վարչությունը`
ա) բաղկացած է 15 անդամից, որոնք ընտրվում են համագումարի կողմից գաղտնի քվեարկությամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով, ընդ որում՝ յուրաքանչյուրի համար քվեարկությունը կատարվում է առանձին.
բ) ընտրվելուց հետո իր առաջին նիստում իր կազմից ընտրում է վարչության նախագահին, վարչության նախագահի տեղակալին եւ վարչության քարտուղարներին, կուսակցության շարքերի կազմից նշանակում է կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրենին եւ կուսակցության մամլո խոսնակին.
գ) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինն է, որը համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում սույն Կանոնադրության եւ համագումարների որոշումների համաձայն, խորհրդի հետ միասին պատասխանատու է կուսակցության գործունեության համար.
դ) նախապատրաստում եւ հրավիրում է կուսակցության համագումարները եւ խորհրդի նիստերը, կազմում է օրակարգը, որոշում է համագումարի եւ խորհրդի նիստերի անցկացման աշխատակարգը, տեղը, օրը եւ ժամը, իրականացնում է մասնակիցների ծանուցումը.
ե) որոշում է կայացնում հերթական եւ արտահերթ համագումար հրավիրելու մասին, սահմանում է հերթական համագումարի պատվիրակներ ընտրելու կարգը, ստորաբաժանումներին տրվող չափաքանակները.
զ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցությանն անդամագրելու եւ հեռացնելու կարգը, անդամավճարների չափերը եւ գանձման կարգը, սահմանում է անդամավճարներից առաջացող գումարների եւ ֆինանսական այլ միջոցների տնօրինման կարգը.
է) որոշումներ է ընդունում ՀՀ ԱԺ-ում կուսակցության խմբակցության, ՀՀ այլ ընտրովի մարմինններում եւ նշանակովի պաշտոններում կուսակցության կողմից առաջադրված անձանց գործունեության մասին.
ը) ԱԺ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ խորհրդի որոշման դեպքում խորհրդի հաստատմանն է ներկայացնում պատգամավորության թեկնածուների նախընտրական ցուցակը.
թ) որոշում է կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը եւ դրույքաչափերը.
ժ) որոշումներ է ընդունում կուսակցության տարածքային ստորաբաժանումներ հիմնելու եւ լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնակարգերը.
ի) որոշումներ է ընդունում կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներ կամ հանձնախմբեր ստեղծելու եւ լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնակարգերը եւ աշխատակարգերը.
լ) որոշումներ է ընդունում կուսակցության անդամին կուսակցության շարքերից հեռացնելու վերաբերյալ. կուսակցության անդամի կամ ստորաբաժանման կողմից այդ որոշումը չընդունելու դեպքում նրանք իրավունք ունեն այն բողոքարկել կուսակցության կանոնադրական հանձնաժողովին, որն էլ կայացնում է վերջնական որոշումը.
խ) սահմանում է տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից գույքի կառավարման կարգը.
ծ) մինչեւ համագումարին ներկայացնելը քննարկում եւ հաստատում է վարչության նախագահի քաղաքական զեկուցումը.
կ) քննարկում եւ որոշումներ է կայացնում կուսակցության գործունեությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ, բացառությամբ նրանց, որոնք կուսակցության համագումարի, խորհրդի եւ վարչության նախագահի բացառիկ իրավասությունների շրջանակներում են։
4.11.2
ՀՀ ԱԺ-ում կուսակցության համամասնական ցուցակով եւ/կամ կուսակցության առաջադրմամբ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թիվը վարչության կազմում չի կարող գերազանցել վարչության կազմի ընդհանուր թվի 1/3-ը:
4.11.3
Կուսակցության վարչության անդամ չեն կարող լինել ՀՀ պետական գործադիր կառավարման մարմիններում կուսակցության առաջադրմամբ նշանակված անձինք:
4.12
Կուսակցության վարչության նիստը կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում է վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը։ Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում վարչության նախագահի ձայնը վճռորոշ է։
4.13
Կուսակցության վարչության նիստերը հրավիրվում են կուսակցության վարչության նախագահի կողմից՝ ոչ ուշ, քան երկու շաբաթը մեկ անգամ։ Նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են ՀՀ իշխանության ներկայացուցչական մարմիններում «Ժառանգություն» կուսակցության խմբակցությունների ղեկավարները, այն դեպքում, եթե վարչության ընտրված անդամներ չեն: Նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են ՀՀ իշխանության ներկայացուցչական մարմիններում «Ժառանգություն» կուսակցության խմբակցությունների ղեկավարները, այն դեպքում, եթե վարչության ընտրված անդամներ չեն: Արտահերթ նիստ կուսակցության վարչության նախագահը հրավիրում է իր նախաձեռնությամբ, կուսակցության ԱԺ պատգամավորական խմբակցության որոշմամբ, կուսակցության վարչության թվակազմի մեկ երրորդի, որեւէ տարածքային ստորաբաժանման, կուսակցության վերստուգիչ կամ կանոնադրական հանձնաժողովի գրավոր պահանջով։
Վարչության նախագահ ընտրելու, քաղաքական կարեւոր հայտարարություններով հանդես գալու, սեփական նախաձեռնությամբ կուսակցության արտահերթ համագումար հրավիրելու, զանգվածային միջոցառում անցկացնելու, տարածքային կամ կառուցվածքային ստորաբաժանումները լուծարելու (վերակազմակերպելու) վերաբերյալ որոշումներն ընդունվում են կուսակցության վարչության ընդհանուր թվակազմի ձայների մեծամասնությամբ։
4.14
Կուսակցության վարչության նախագահը՝
ա) ընտրվում է վարչության կողմից, վարչության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, առավելագույնը երկու տարի ժամկետով.
բ) ի պաշտոնե նաեւ խորհրդի նախագահն է, ղեկավարում է վարչության եւ խորհրդի աշխատանքները.
գ) ապահովում է համագումարի, խորհրդի եւ վարչության որոշումների կատարումը.
դ) ներկայացնում է կուսակցությունը, առանց լիազորագրի հանդես է գալիս կուսակցության անունից.
ե) ԱԺ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ խորհրդի որոշման դեպքում խորհրդի հաստատմանն է ներկայացնում վարչության կողմից հաստատված պատգամավորության թեկնածուների նախընտրական ցուցակը.
զ) վարչության հաստատմանն է ներկայացնում կուսակցության աշխատողների հաստիքացուցակը եւ դրույքաչափերը.
է) աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում է կուսակցության հաստիքային աշխատողներին.
ը) որոշում է կուսակցության կողմից անշարժ եւ շարժական գույքի ձեռքբերման ու օտարման նպատակահարմարության հարցը.
թ) օրենքով եւ սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կուսակցության գույքը եւ միջոցները.
ժ) համագումարին հաշվետվություն է ներկայացնում խորհրդի եւ վարչության գործունեության մասին.
ի) իր իրավասության սահմաններում որոշումներ է կայացնում կուսակցության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ եւ ստորագրում է հրամաններ, կարգադրություններ եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր, կուսակցության անունից կնքում է պայմանագրեր եւ համաձայնագրեր.
լ) համագումարին ներկայացնում է վարչության հաստատած քաղաքական զեկուցումը.
խ) իրավունք ունի հրավիրել խորհրդի եւ վարչության արտահերթ նիստեր.
ծ) իրականացնում է համագումարի, խորհրդի եւ վարչության կողմից իր վրա դրված այլ լիազորություններ։
4.15.1
Կուսակցության վարչության փոխնախագահը եւ վարչության քարտուղարները ընտրվում են վարչության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ նրանց գործառույթները, իրավունքները եւ պարտականությունները կանոնակարգվում է կուսակցության վարչության կողմից` սույն կանոնադրության շրջանակներում:
4.15.2
Կուսակցության վարչության նախագահի բացակայության ընթացքում` կուսակցության վարչության նախագահի պարտականությունները կատարում է վարչության փոխնախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ քարտուղարներից մեկը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ անդամներից մեկը։
4.16
Կուսակցության կանոնադրական հանձնաժողովը՝
ա) բաղկացած է հինգ անդամից, ընտրվում է համագումարի կողմից, առավելագույնս երկու տարի ժամկետով. իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ.
բ) քննության է առնում կուսակցության կառույցների ընդունած որոշումների համապատասխանությունը կուսակցության Ծրագրին կամ Կանոնադրությանը, կասեցնում է այն որոշումները, որոնք հակասում են կուսակցության Ծրագրին կամ Կանոնադրությանը.
գ) մեկնաբանություններ եւ պարզաբանումներ է տալիս Կանոնադրության եւ Ծրագրի առանձին դրույթների վերաբերյալ.
դ) քննության է առնում լրացումներ եւ/կամ փոփոխություններ անելու վերաբերյալ կուսակցության անդամների ծրագրային եւ կանոնադրական առաջարկությունները.
ե) կանոնադրական հանձնաժողովի կողմից որոշումներ կայացնելուց հետո կուսակցության համապատասխան մարմինը պարտավոր է իր ընդունած նախորդ որոշումը համապատասխանեցնել հանձնաժողովի որոշմանը.
զ) գործում է իր հաստատած աշխատակարգով. հանձնաժողովի նիստերը բաց են.
է) անդրանիկ նիստում ընտրում է նախագահ եւ քարտուղար.
ը) գործունեության տարեկան արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություն, որը քննարկվում եւ հաստատվում է համագումարում.
թ) կանոնադրական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կուսակցության վարչության, խորհրդի, տարածքային ստորաբաժանումների գործադիր խորհուրդների նիստերին, իսկ կանոնադրական հանձնաժողովի անդամները՝ կուսակցության խորհրդի եւ տարածքային ստորաբաժանումների գործադիր խորհուրդների նիստերին.
ժ) կանոնադրական հանձնաժողովը գործում է իր լիազորությունների շրջանակներում իր կողմից հաստատած կանոնակարգով, եթե այլ բան չի սահմանվել համագումարի կողմից։
4.17
Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը)՝
ա) բաղկացած է հինգ անդամից, ընտրվում է համագումարում առավելագույնը երկու տարի ժամկետով եւ կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինն է.
բ) կուսակցությունում ցանկացած ժամանակ կարող է անցկացնել ստուգում՝ իր լիազորությունների սահմաններում.
գ) կարող է ծանոթանալ կուսակցության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին.
դ) կարող է պարտադիր քննարկման ենթակա առաջարկներ ներկայացնել կուսակցության ղեկավար մարմիններին.
ե) կարող է կուսակցության վարչության նախագահից, վարչության անդամներից, շարքային անդամներից ու աշխատողներից պահանջել եւ ստանալ կուսակցության գործունեությանն առնչվող տեղեկություններ.
զ) եզրակացություն է տալիս կուսակցության գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվության վերաբերյալ.
է) հաշվետվություն է ներկայացնում համագումարին.
ը) չի կարող լինել կուսակցության ղեկավար որեւէ մարմնի անդամ.
թ) վերստուգիչ հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կուսակցության վարչության, խորհրդի եւ տարածքային ստորաբաժանումների գործադիր խորհուրդների նիստերին։
ժ) վերստուգիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը համակարգում է վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքները.
ի) վերստուգիչ հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել կուսակցության ընտրովի այլ մարմինների անդամ.
լ) վերստուգիչ հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ՝ հանձնաժողովի նախագահի կողմից.
խ) վերստուգիչ հանձնաժողովի նիստերը կայանում են նրա անդամների 2/3-ի մասնակցությամբ, որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ.
ծ) վերստուգիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է վերստուգիչ հանձնաժողովի ղեկավարը՝ իր նախաձեռնությամբ, վերստուգիչ հանձնաժողովի եւ վարչության որեւէ անդամի պահանջով.
կ) վերստուգիչ հանձնաժողովը գործում է իր լիազորությունների շրջանակներում իր կողմից հաստատած կանոնակարգով, եթե այլ բան չի սահմանվել համագումարի կողմից։
4.18
Կուսակցության տարածքային ստորաբաժանումները՝
ա) կուսակցության տարածքային ստորաբաժանում է համարվում կուսակցության առնվազն 11 անդամների՝ տարածքային սկզբունքով ձեւավորված եւ վարչության կողմից սահմանված կարգով համապատասխան կարգավիճակ ստացած միավորումը.
բ) տարածքային ստորաբաժանումները ստեղծվում եւ լուծարվում են վարչության որոշմամբ.
գ) տարածքային ստորաբաժանման ղեկավար մարմինը գործադիր խորհուրդն է, որը ընտրվում է կուսակցության՝ ստորաբաժանման մեջ ընդգրկված անդամների ընդհանուր ժողովի կողմից, ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, մեկ տարի ժամկետով, ոչ պակաս, քան հինգ եւ ոչ ավելի, քան տասնհինգ անդամից, վարչության կողմից սահմանված կարգով.
դ) տարածքային ստորաբաժանման նախագահն ընտրվում է կուսակցության՝ ստորաբաժանման մեջ ընդգրկված անդամների ընդհանուր ժողովի կողմից, ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, մեկ տարի ժամկետով, վարչության կողմից սահմանված կարգով.
ե) տարածքային ստորաբաժանման ընդհանուր ժողովը վարչության կողմից սահմանված կարգով եւ տվյալ ստորաբաժանմանը հասանելիք չափաքանակներով ընտրում է կուսակցության խորհրդի անդամ/ներ.
զ) տարածքային ստորաբաժանման անդամների ընդհանուր ժողովը վարչության կողմից սահմանված կարգով եւ տվյալ ստորաբաժանմանը հասանելիք չափաքանակներով ընտրում է կուսակցության համագումարի պատվիրակ/ներ.
է) տարածքային ստորաբաժանման վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) նշանակվում է անհրաժեշտության դեպքում, կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի կողմից՝ վեց ամիս ժամկետով։
4.19
Տարածքային ստորաբաժանման նախագահի լիազորություններն են՝
ա) ղեկավարում է գործադիր խորհրդի աշխատանքները.
բ) ապահովում է համագումարի, վարչության եւ տարածքային տվյալ ստորաբաժանման գործադիր խորհրդի որոշումների կատարումը.
գ) ներկայացնում է տարածքային ստորաբաժանումը, առանց լիազորագրի հանդես է գալիս տարածքային ստորաբաժանման անունից.
դ) կուսակցության վարչությանը հաշվետվություն է ներկայացնում իր եւ տարածքային ստորաբաժանման կամ գործադիր խորհրդի գործունեության մասին.
ե) բացառությամբ կուսակցության համագումարի, խորհրդի, վարչության եւ տվյալ տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի իրավասությանը ենթակա հարցերի, իր իրավասության սահմաններում որոշումներ է կայացնում տարածքային ստորաբաժանման գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ եւ ստորագրում է հրամաններ, կարգադրություններ ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր.
զ) հրավիրում է տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի արտահերթ նիստեր.
է) իրականացնում է կուսակցության համագումարի, խորհրդի եւ վարչության կողմից իր վրա դրված այլ լիազորություններ.
ը) իր գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդին։
4.20
Տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի լիազորություններն են՝
ա) քննարկում եւ որոշումներ է կայացնում տարածքային ստորաբաժանման գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ՝ բացառությամբ նրանցից, որոնք մտնում են կուսակցության համագումարի, խորհրդի, վարչության, վարչության նախագահի եւ տարածքային ստորաբաժանման նախագահի բացառիկ իրավասության մեջ.
բ) նախապատրաստում եւ հրավիրում է տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի նիստեր, կազմում է օրակարգը.
գ) սույն Կանոնադրության 3.1, 3.2 եւ 3.3 կետերում սահմանված կարգով որոշում է կայացնում տվյալ ստորաբաժանման շարքերում նոր անդամի ընդունման կամ գրանցված անդամի հեռացման վերաբերյալ։
4.21
Տարածքային ստորաբաժանման վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) լիազորություններն են՝
ա) կարող է տարածքային ստորաբաժանումում ցանկացած ժամանակ անցկացնել ստուգում՝ իր լիազորությունների սահմաններում.
բ) կարող է ծանոթանալ տարածքային ստորաբաժանման գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին.
գ) կարող է պարտադիր քննարկման ենթակա առաջարկներ ներկայացնել տարածքային ստորաբաժանման ղեկավար մարմիններին.
դ) կարող է տարածքային ստորաբաժանման նախագահից, գործադիր խորհրդի անդամներից, շարքային անդամներից ու աշխատողներից պահանջել եւ ստանալ տարածքային ստորաբաժանման գործունեությանն առնչվող տեղեկություններ.
ե) եզրակացություն է տալիս տարածքային ստորաբաժանման գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվության վերաբերյալ.
զ) հաշվետվություն է ներկայացնում կուսակցության վերստուգիչ հանձնաժողովին (վերստուգողին)։
4.22
Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումները՝ հանձնախմբերը ստեղծվում են վարչության կողմից, երկու տարի ժամանակով՝
ա) կուսակցության կառուցվածքային ստորաբաժանման (հանձնախմբի) ղեկավարը նշանակվում է կուսակցության վարչության կողմից, մեկ տարի ժամանակով.
բ) կառուցվածքային ստորաբաժանումները (հանձնախմբերը) կատարում են իրենց վերապահված ոլորտների ուսումնասիրություններ, կուսակցության ղեկավար մարմիններին են ներկայացնում ամփոփ տեղեկանքներ, եզրակացություններ, վերլուծություններ։
4.23
ՀՀ Ազգային Ժողովում կուսակցության խմբակցությունը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, հաշվետու է կուսակցության ղեկավար մարմիններին, չի ծավալում կուսակցության որոշումներին եւ նախընտրական ծրագրին հակասող որեւէ գործունեություն, կյանքի է կոչում կուսակցության որոշումներն ու ծրագրի (այդ թվում նախընտրական) դրույթները: