Հոդվածների ցուցակագիր

3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1
Կուսակցության անդամ կարող է դառնալ տասնութ տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր գործունակ քաղաքացի՝ կամավոր հիմունքներով, ով ընդունում է կուսակցության ծրագիրը եւ սույն Կանոնադրությունը։ Կուսակցության անդամը չի կարող միաժամանակ լինել որեւէ այլ կուսակցության անդամ։ Կուսակցության անդամ կարող են դառնալ նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունքով օժտված այլ անձինք՝ առանց նրա ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի։


3.2
Գրավոր դիմումի համաձայն՝ կուսակցության նոր անդամի ընդունելության մասին որոշումն ընդունվում է կուսակցության տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի կողմից, իսկ կուսակցության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ վարչության՝ տվյալ անդամին կուսակցության շարքերից հեռացնելու վերաբերյալ որոշման հիման վրա։ Կուսակցությանն անդամագրվելու եւ հեռացվելու կարգը վարչության ներկայացմամբ սահմանում է կուսակցության խորհուրդը։


3.3
Կուսակցության տարածքային ստորաբաժանումը մինչեւ քաղաքացիների՝ կուսակցությանն անդամակցելու մասին որոշում կայացնելը, նրանց դիմումների պատճենները տրամադրում է վարչությանը։ Վարչությունն իրավունք ունի առարկություն ներկայացնել այս կամ այն թեկնածության վերաբերյալ, որին տեղական ստորաբաժանման անհամաձայնության դեպքում անդամակցության հարցը վերապահվում է կուսակցության վարչության նախագահին։


3.4
Կուսակցության անդամը մուծում է անդամավճար, որի չափերը եւ գանձման կարգը վարչության ներկայացմամբ հաստատում է կուսակցության խորհուրդը։


3.5
Կուսակցության անդամը չի կարող միաժամանակ հաշվառման կանգնել կուսակցության մեկից ավելի տարածքային ստորաբաժանումներում։


3.6
Կուսակցության անդամն իրավունք ունի՝

ա) ընտրել եւ ընտրվել տվյալ կուuակցության ու նրա տարածքային եւ կառուցվածքային uտորաբաժանումների մշտական գործող ղեկավար եւ վերահuկողություն իրականացնող մարմիններում,

բ) սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել կուսակցության գործունեությանը.

գ) կուսակցության կողմից առաջադրվել տարբեր մակարդակի ընտրություններում.

դ) կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել կուսակցության գործունեության, Ծրագրի եւ Կանոնադրության վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ.

ե) ազատ արտահայտել սեփական տեսակետը.

զ) տեղեկատվություն uտանալ կուuակցության, նրա ղեկավար մարմինների, ՀՀ տարբեր ընտրովի մարմիններում եւ նշանակովի պաշտոններում կուսակցությունից առաջադրված անձանց գործունեության վերաբերյալ.

է) իրազեկ լինել կուսակցության գործունեությանը, ծանոթանալ կուսակցության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները.

ը) կուսակցության տարածքային ստորաբաժանման եւ ստորաբաժանման նախագահի որոշումները բողոքարկել կուսակցության վարչության նախագահին, վարչությանը եւ խորհրդին, իսկ վարչության եւ խորհրդի որոշումները՝ կանոնադրական հանձնաժողովին.

թ) իր դիմումի համաձայն անարգել կերպով դուրս գալ կուսակցության շարքերից.

ժ) օգտվել սույն Կանոնադրությամբ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։


3.7
Կուսակցության անդամը պարտավոր է՝

ա) ընդունել կուսակցության Ծրագիրն ու Կանոնադրությունը եւ իր գործունեությամբ ու վարքագծով հնարավորինս նպաստել դրանցում ամրագրված դրույթների կենսագործմանը.

բ) կուսակցության խորհրդի սահմանած չափով եւ կարգով մուծել անդամավճար.

գ) նպաստել կուսակցության նպատակների եւ խնդիրների իրականացմանը.

դ) աջակցել կուսակցության գործունեությանը.

ե) արժանապատվորեն կրել կուսակցության անդամի կոչումը, իր վարքագծով ու գործունեությամբ հնարավորինս նպաստել կուսակցության վարկանիշի բարձրացմանը, ձեռնպահ մնալ կուսակցությունը հեղինակազրկող հակաիրավական արարքներից.

զ) կատարել կուսակցության ղեկավար մարմինների որոշումները.

է) նպաստել շարքերի համալրմանն ու հզորացմանը.

ը) կատարել սույն Կանոնադրության պահանջները.

թ) կուսակցության կառույցներից դուրս պայքար չծավալել կուսակցության ղեկավար մարմինների որոշումների դեմ.

ժ) վերադասության կարգով բողոքարկել կուսակցության մարմինների որոշումները. վերադաս մարմիններն իրենց առաջիկա նիստի ժամանակ պարտավոր են քննարկել բողոքը եւ կայացնել համապատասխան որոշում.

ի) կուսակցության ղեկավար մարմիններում ընդգրկված անձինք պարտավոր են ակտիվորեն մասնակցել համապատասխան մարմինների աշխատանքներին, կատարել այդ, ինչպես նաեւ վերադաս մարմինների որոշումները։