«Ժառանգությունը» հանդիպեց ԺՀՄԻԳ փորձագետներին

Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը եւ խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազգային ժողովում հյուրընկալեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտի եւ ընտրությունների հարցերով ԺՀՄԻԳ խորհրդական Ռաուլ Մուրեշանի հետ:

Վերջիններս Հայաստան են այցելել եւ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումներ են ունենում ընտրությունների կազմակերպման, դիտորդական առաքելություն ուղարկելու եւ անցած տարի ընդունված Ընտրական օրենսգրքի կիրառման հետ կապված զեկույց պատրաստելու առաքելությամբ:

Հյուրերի խնդրանքով «Ժառանգության» անդամները ներկայացրեցին ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորմանը, թեկնածություների գրանցմանը, կուսակցությունների ֆինանսավորմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու կապակցությամբ «Ժառանգություն»-ՀՅԴ համատեղ օրենսդրական առաջարկությանը, կուսակցությունների եւ պետական ռեսուրսների տարանջատմանը վերաբերող հարցերը: