«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն է:
Բանախոսը նշել է.
- Սա Նիկոլին սիրել-չսիրելու հարց չէ, սա հայրենիքի հարց է:
- Մի մարդը չի կարող հաղթել հայրենիքը:
- Մեր պետականությունը դրված է զոհասեղանի վրա. պետք է համախմբվենք ու գործի անցնենք:
- Սա նախկինների կամ ներկաների հարց չէ. Հայրենիքի գոյության հարցն է դրված:
- Ես պատրանք չեմ տածում, որ Նիկոլը ազգային շահից բխող քայլ կարող է անել: Նա դա կարող էր անել նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո:
- Այս մարդն իր քաղաքական կարիերան սկսեց ազգային զարթոնքի, համաժողովրդական ալիքի վրա: Այն, ինչ եղավ 4 տարի առաջ կուտակված էներգիայի՝ նախորդ սխալներից դրդված պոռթկում էր. 4 տարի առաջ ազգային զարթոնքը շատ շուտ սեփականաշնորհվեց և կուսակցականացվեց. հիմա տեսնում ենք՝ ինչ հանգրվանի հասցրեց մեր հայրենիքն ու ժողովրդին:
- Ես որևէ ակնկալիք չունեմ այս մարդուց, հույս էլ չունեմ, թե ինչ-որ հոդվածի, հարցազրույցի ազդեցության ներքո կարող է ներողություն հայցել ժողովրդից: Էս մարդը բարոյականություն, խիղճ, էթիկա չունի, ինքը շարունակում է իր գիծը:
- Անգամ ինքնախոստովանական հայտարարությունից հետո պարզ էր, որ այս մարդը չի գործում ի շահ հայրենիքի:
- Հանուն արդարության պետք է ասել, որ օտար երկրներն ու արևմտյան դիվանագիտական կառույցները, իրենց շահերից ելնելով, միշտ էլ աշխատել են Հայաստանի իշխանությունների հետ՝ ընտրական, մարդու իրավունքների խախտումներ են եղել, նրանք երբևէ իրերն իրենց անուններով չեն կոչել, որովհետև աշխարհաքաղաքական ակնկալիքներ են ունեցել: Երկակի չափանիշները նոր բան չեն, միայն այսօր չէ, որ կիրառում են, պարզապես այսօր նման երևույթներն ավելի խտացված, ավելի համակարգային են՝ քաղբանտարկյալներ, խոսքի ազատության սահմանափակումներ…
- Միջազգային հանրության մի մասն ակնկալիքներ ունի այս իշխանություններից: Այս իշխանության ժողովրդավարական հանձնառությունն այլ է եղել. արևմտյան դեսպաններն ու կառույցներն իրենց օրակարգն ունեն մեր երկրում, ինչը հայկական շահի հետ որևէ առնչություն չունի: Եվրոպան այսօր էներգետիկ ռեսուրսի խնդիր ունի և դա պետք է լուծի Ադրբեջանի միջոցով. Եվրոպայի նպատակները մեր տարածաշրջանում հեռահար են:
- ԵՄ գովազդած 2.6 մլրդ օգնության մի մասը, ինչպես երևում է, հատկացվելու է Ադրբեջանին:
- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ այդ նախադասությունը («Առաջնորդները պայմանավորվել են առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ Առաջիկա շաբաթների ընթացքում աշխատանքային խմբերը ԱԳ նախարարների առաջնորդությամբ խթան կհաղորդեն այս գործընթացին։ Ի հավելումն այս ուղու, ես ընդգծեցի երկու առաջնորդների համար, որ անհրաժեշտ է անդրադարձ կատարել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»,- խմբ.) չէր կարող ընդգրկվել առանց կողմերի համաձայնության, առանց կողմերի հետ քննարկելու: Իսկ եթե անգամ դա Միշելի մտքի փայլատակումն էր, ապա պաշտոնական Հայաստանի՝ վարչապետի արտգործնախարարի ներկայացուցիչները պետք է հստակ հերքեին և ոչ թե ԱԺ-ում լղոզված ու ընդհանրական ձևակերպումներով մեղադրանքներ հնչեցնեին: Դա մեր դիվանագիտության 30 տարվա աշխատանքի զրոյացում էր և դա արտացոլվում է գործող բանակցողի թույլ տված սխալներում:
- ԵՄ ներկայացուցիչը նոյեմբերի 9-ի հայտարարությունից 10 օր անց հայտարարեց, որ Արցախի հարցը լուծված չի, կարգավիճակի լուծումը պետք է գտնել ԵԱՀԿ շրջանակներում: Ի՞նչ փոխվեց հիմա. Հայաստանը չներկայացնող իշխանավորը մեղսակից է, որ այս հարցի վերաբերյալ ԵՄ հայտարարություններում անորոշություն է:
- ԵՄ-ն մանդատ չունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու:
- Սողացող մեթոդաբանությամբ զիջումները, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո նոր՝ հնարավոր պայմանավորվածություններով զիջումները, Հայաստանի ինքնիշխան պետության տարածքների հանձնումը, ինքնախոստովանությունների շարքը վկայում են, որ ինքը չի ներկայացնում Հայաստանի շահը, նա, ըստ էության, դե յուրե վարչապետ չէ, թեև դե ֆակտո շարունակում է աշխատել: Ինքը կարծում է, որ ունի առաքելություն, որը պետք է տանի ցմահ: Մեկ մարդը չի կարող հաղթել հայրենիքին:
- Ստեղծված վիճակից լուծումը մեկն է՝ համազգային գործողություն, տրանսֆորմացիոն շարժում, որը պետք է լինի վերկուսակցական:
- Առաջիկա ամիսներին մենք կորցնելու ենք Բերձորի ճանապարհը, Աղավնո գյուղը, այն ճանապարհը, որը ողջ հայությունը հայոց հիմնադրամի միջոցներով է կերտել, հանձնեց Դադիվանքի ճանապարհը, չի բացառվում, որ էս մարդիկ հետո մեզ որպես հաղթանակ, հաջողություն՝ ներկայացնեն այն, որ իրենք կարողացան Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ…
- Մենք հերթով պիտի կորցնենք հայրենիքի տարածքները՝ զուգահեռաբար կորցնելով արժանապատվությունը: Այս իշխանությունների մոտ չկա արժանապատիվ մնալու սկզբունքը:
- Այս իշխանությունն ու իր խմբագիր-ղեկավարն ունակ չեն ինքնակամ գնալու որոշում կայացնել, ժողովուրդն այս տարի պետք է կողմնորոշվի:
- Թուրքիան շարունակում է լարախաղացություն անել Արևմուտքի և Ռուսաստանի միջև:
- Նոր հավասարակշռություն գտնելու անհրաժեշտություն կա. այսպիսի հլու-հնազանդ իշխանությունը դուրեկան է բոլորի համար, խաղաղության պայմանագիրն էլ անհրաժեշտ է բոլորի համար, պարզապես յուրաքանչյուրն ուզում է ինքը տնօրինել գործընթացը, ինքը տիրապետի բոլոր լծակներին:
- Հիմա, ցավոք սրտի, շատ բան անձնավորված է, և սփյուռքն այդ տեսանկյունից է նայում հայ-թուրքական հարաբերություններին, մինչդեռ Թուրքիան միջամտում է մեր ներքին գործերին, Թուրքիան ուզում է, որ այս իշխանությունների օրոք ամեն ինչ ավարտվի, և օրինականացվեն պատերազմի արդյունքները, և Հայաստանը բերել վերջնական կապիտուլյացիայի: