
27 մարտի 2013թ., Երեւան: Այսօր՝ իր հացադուլի տասնութերորդ օրը, ավելի քան երբեւէ ուժեղ եւ առողջ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը կեսօրին տվեց մամլո ասուլիս, իսկ երեկոյան մասնակցեց Ազատության հրապարակում ընթացող քաղաքացիական քննարկումներին:
Այսօրվա թվով իններորդ քաղաքացիական խորհրդի կիզակետում երիտասարդ քաղաքացիներն էին եւ Հայաստանի ապագային միտված նրանց ծրագրերը: Ելույթներով հանդես եկան բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, համալսարանական ակտիվիստ Դանիել Իոննիսյանը, բնապահպան Ապրես Զոհրաբյանը, երիտասարդների առաջնորդ Նարեկ Վարազդատյանը եւ երիտասարդ մասնագետ Շուշան Վարդանյանը: Քննարկումը վարում էր Լեւոն Բաղրամյանը:
«Մեր շարժումը նման է կրակի»,- ասաց Աբգարյանը՝ հավելելով. «եւ իշխանությունները նրա դեմ գործում են հրշեջ մեքենայի նման: Բայց նրանք կձախողվեն: Նրանք չեն կարող հանգցնել Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների հոգիներում բորբոքված հուրը»:
Վաղը տեղի կունենա տասնօրյա քաղաքացիական խորհուրդների շարքի վերջին հանդիպումը, որի հիմնական բանախոսը կլինի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ելույթով հանդես կգա նաեւ մտավորական Սուրեն Զոլյանը:
Մարտի 29-ին, ուրբաթ օրը, ժամը 18:00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը կամբողջացնի եւ կամփոփի քաղաքացիական խորհուրդների շարքը, ապաեւ Ազատության հրապարակում կայանալիք մեծ հաղթահավաքի ընթացքում հանդես կգա հատուկ ելույթով:
Այս շաբաթվա եզրափակիչ միջոցառումը կդառնա Բամբիռ խմբի համերգը, որը կկայանա Ազատության հրապարակում շաբաթ օրը, մարտի 30-ին ժամը 18:00-ին:
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի
