
26 մարտի 2013թ., Երեւան: Այսօր՝ իր հացադուլի տասնյոթերորդ օրը, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահեց քաղաքական գործիչների, մտավորականների եւ ակտիվիստների շարունակական երկխոսության հարթակ դարձած քաղաքացիական խորհուրդների շարքի հերթական հանդիպումը: Ելույթներով հանդես եկան Պետրոս Մակեյանը եւ Մանուել Գասպարյանը, որոնց գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները միացել են պատմական «Բարեւ, Երեւան» դաշինքին, որը մասնակցելու է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:
«Փետրվարի 18-ին ՀՀ քաղաքացիները գնացել են ընտրատեղամասեր եւ իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց Մակեյանը՝ հավելելով. «Այժմ այս հացադուլի միջոցով ազգի բեռն իր ուսերի վրա վերցնելով, Հովհաննիսյանը մարտահրավեր է նետում մեզ բոլորիս. եկեք Ազատության հրապարակ եւ տեր կանգնեք ձեր ձայներին»:
Երեկոյան լուրջ քննարկումները տեղը զիջեցին «Հա-յաս-տան» վանկարկումներին, երբ հարյուրավոր ֆուտբոլասերներ Ազատության հրապարակում շրջապատեցին Րաֆֆի Հովհաննիսյանին՝ մեծ էկրանի առջեւ ողջունելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին, որն այսօր Երեւանում հանդիպում էր անցկացնում Չեխիայի ընտրանու հետ:
Վաղը ժամը 12:00-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը կտա մամլո ասուլիս: Ժամը 17:00-ին կգումարվի քաղաքացիական հաջորդ խորհուրդը, որն այս անգամ նվիրված կլինի հայ երիտասարդությանը հուզող հարցերին: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան երիտասարդ մտավորականներ եւ ակտիվիստներ:
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի
