Դիտեք Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը pastinfo.am-ին՝ 24 ապրիլի 2026թ․-ին:

«Երբ ողջ պետական ապարատը աշխատում է մի հոգու շահն ապահովելու համար, զարմանալի չէ, որ նաև Հանրային հեռուստաընկերությունը ևս իր ենթարկվածությունն է ապահովում։ Նորություն չէ, բայց այս աստիճանի, այս տարողությամբ մենք երբեք չենք տեսել», - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ Փաստինֆո-ին ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խնդրին, որ Հ1-ը չի հեռարձակել վեհափառի աղոթքը սրբադասված նահատակների համար։

Նա հավելեց, որ դա մեծ հիվանդության արտահայտությունն է, որի մեջ գտնվում ենք։ «Ցավոք սրտի, 30 տարի մենք չենք կերտել ինստիտուտների ու արժեքների վրա հիմնված պետությունը, որ կբացառեր այս օրը։ Մենք ու ես չբացառեցինք այս օրը։ Բայց պետք է ասել, որ սրանք անցյալ խնդիրներն են, բուն խնդիրը գլուխն է, և այդ գլուխը ուղղակի մեր նահատակների, մեր ոսկե սերնդի համար, հանուն մեր ապագայի՝ այդ էջը պիտի փոխվի», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Փաշինյանի խաղաղությանը՝ Հովհաննիսյանն ասում է․ «Դա հեգնանք է իրական խաղաղության նկատմամբ։ Իրական խաղաղությունը լինում է, երբ լինում է հավասարություն, սիմետրիա կողմերի միջև և ոչ թե պարտադրանք պատերազմով։ Այսօր, բացի լոզունգներից, մենք չունենք հնարավորություն հասնելու իրական խաղաղության, քանի կա այս իշխանությունը, Թուրքիայի իշխանությունն ու Ադրբեջանի իշխանությունը։

Պետք է փոխվի ողջ գաղափարախոսությունը խաղաղության։ Ոչ թե մեկը մյուսին հրահանգում է խաղաղության դեպքում, այլ կա փոխադարձ հարգանք, և նույնիսկ դիվանագիտական կարգով 35 տարի մեր հանրապետությունը ցույց է տվել բոլոր իշխանությունների օրոք, որ ինքը կողմնակից է առանց նախապայմանների հարաբերությունների, իսկ թուրքական կողմն է, որ իջեցնում է նախապայմաններ։ Դա համար ուղղահայաց վիճակ է, անհավասար, սիմետրիա չկա, և չենք կարող իրական բարիդրացիության հասնել այս իրավիճակում։

Իրական խաղաղությունը գալիս է այն բանից հետո, երբ մենք չզիջենք մեր իրավունքը, ճանաչենք մեր իրավունքը, թույլ չտանք, որ մեր գերիներին պահեն Բաքվում և ասեն, որ սա իրենց Նյուրնբերգն է։ Նեոնացիստները նստած ասում են, որ մեր գերիները իրենք են մեղավորները։ Երևանը իրենց պետք է պատասխանի, որ Նյուրնբերգը դուք պետք է ստանաք համաշխարհային հանրության կողմից, երբ մեր աչքի առաջ ոչնչացնում եք մեր պատմական ժառանգությունը, մեր եկեղեցիները։

Մենք պետք է մեր խոսքով, գործով և ոչ թե նմանակված, այսպես իմիտացիոն սրտիկներով և խաղաղության կարգախոսով ներկայացնենք մեր իրավունքը։ Սա մեր ձեռքում է՝ կամ պիտի անենք, կամ ոչ, և հույս ունեմ, որ հաջորդ տարի, երբ այստեղ հավաքվենք, մենք կունենանք էապես նոր իրավիճակ»։

pastinfo.am