«Ժառանգություն» կուսակցություն

 

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Այսօր Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի օրն է հիշատակության 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի՝ 106-րդ տարելիցը: Պահը ծանրագույն է, հայության նետված են գոյության մարտահրավերներ: Ցեղասպան թուրքի և ադրբեջանցու սանձազերծած պատերազմի հետևանքները չհաղթահարած, մեր բոլոր զոհերին հողին չհանձնած, գերիներին ու պատանդներին չվերադարձրած, բռնազավթված հայրենիքի խնդիրները, Հայաստանին ու Արցախին պարտադրվող նոր սահմանների հարցը օրակարգում՝ Հայաստանը և Արցախը, աշխարհասփյուռ հայության աջակցությամբ վերստին պետք է պայքարի ամուր պետականության վերականգնման, ինքիշխանության հաստատման համար:

«Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է մեր համազգային հանձնառությունը՝ բոլոր ջանքները ներդնել ամուր և անվտանգ պետություն կառուցելու ճանապարհին՝ կանխելու նոր ցեղասպանությունները: Այս ճանապարհին մենք ակնկալում ենք քաղաքակիրթ ողջ աշխարհի զորակցությունը ԱՄՆ-ից եվրոպական պետություններ, Չինաստան, Հնդկաստան և, ամենակարևորը,  գործուն ջանքերը՝ պետականորեն ճանաչելու 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության փաստը և գործադրելու իրական ջանքեր դրանց անցյալ և ներկա հետևանքները վերացնելու համար:

«Ժառանգությունն» արձանագրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած և հակամարտությունների կարգավորման միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակասող 44-օրյա պատերազմը և դրան հետևած այս վերջին ամիսների բոլոր գործողությունները վկայում են, որ ցեղասպանություն թուրք-ադրբեջանական հակամարդկային քաղաքականությունը չի ավարտվել, քանզի օրենսդրորեն համախումբ չի ճանաչվել,  չի դատապարտվել ու չի կանխվել: Աշխարհի ու մեր  կարգախոսը պետք է դառնա. «Հիշում ե՛նք, պահանջում ե՛նք և հաղթահարելու ե՛նք»:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն
24.04.2021