«Ժառանգությունը»  նշեց ԵԺԿ-ին անդամագրումը

Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության` դիտորդ-անդամի կարգավիճակով Եվրոպական ժողովրդական կուսակցությաննանդամակցելու առթիվ կուսակցության եւ նրա նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի անունից կազմակերպվեց ընդունելություն` մասնակցությամբ ԵՄ անդամ երկրների դեսպանների, հայաստանյան կրթական, մշակութային գործիչների, պետական պաշտոնյաների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների, կուսակցության ակտիվի եւ նորագիրների:

Բացման խոսքով դիմելով ներկաներին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես նշեց. «ԵԺԿ-ին անդամակցությունը «Ժառանգությունը» դիտում է ոչ միայն իր անցած ճանապարհի գնահատանք եւ պատիվ, այլեւ Հայաստանը Եվրոպայի հետ կամրջելու գործում պարտավորություն, որը պատրաստ է եւ ի զորու է ստանձնել` ստեղծագործաբար համագործակցելով տարբեր ասպարեզների անձանց հետ, ինչը հաստատեց ԵԺԿ դիտորդ-անդամի կարգավիճակում այս անդրանիկ միջոցառմամբ»:

Բացման հայտագրում կարճ խոսքով հանդես եկան նաեւ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը:  Միջոցառմանը հրավիրված էին եւ լուսաբանեցին երկու տասնյակից ավելի հայաստանյան եւ միջազգային լրատվամիջոցներ: