Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է առաջադրման մասին, «Ժառանգությունը» սատարում է

Երեւան: Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում հրավիրված Քաղաքացիական ժողովում հայտարարվեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի՝ 2013-ի ՀՀ նախագահի ընտրությանը ինքնաառաջադրմամբ մասնակցելու մասին:

Քաղաքացիական ժողովը մեկնարկեց Հայաստանի օրհներգի կատարմամբ, որին հետեւեցին քաղաքացիական հասարակության եւ «Ժառանգության» ներկայացուցիչների ելույթներ, երաժշտական կատարումներ, ապա խոսք վերցրեց «Ժառանգության» նախագահը: Հովհաննիսյանը ներկայացրեց ապագա Հայաստանի իր պատկերացումները եւ դրանց իրականացման ծրագրերը, որ իբրեւ շարքային քաղաքացի ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելով՝ կցանկանար կյանքի կոչել  Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ:

«Մենք բոլորս պետք է դառնանք ավելի քաղաքացի, քան քաղաքացիական, ավելի ազգային, քան ազգայնական, ավելի ազատ, քան ազատական, ավելի հոգեղեն, քան հոգեւորական եւ ավելի հանրապետություն, քան հանրապետական: Որովհետեւ Հայաստանը ազատ է, անկախ է, միացյալ է մե՛ր միջոցով, մե՛ր կամքով, մե´ր ճամփով: Հայաստանը, եւ ուրիշ ոչինչ: Փետրվարի 18-ին մեր ժողովուրդը պետք է վերջապես գործի՝ մեկ անգամ եւ միասին»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքին հետեւեց նախօրեին «Ժառանգության» կուսակցության վարչության կայացրած որոշման ընթերցումը, որը հավանության արժանացավ Քաղաքացիական ժողովի մասնակիցների եւ «Ժառանգության»  համագումարի պատվիրակների կողմից:

«Հարգելով «Ժառանգության» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի որոշումը` 2013թ. նախագահական ընտրությանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ինքնառաջադրման ընթացակարգով, վարչությունը, որոշում է. 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում պաշտպանել «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի թեկնածությունը»:

Ժողովը եզրափակվեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի՝ Հովհաննիսյանին եւ «Ժառանգությանը» ուղղված ողջույնի տեսաերիզով:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն ամբողջությամբ

 

{slide=Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ամբողջական տեքստը}

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը

Քաղաքացիական բաց ժողովում

22 դեկտեմբերի 2012թ.
Երեւան 

 

«Եթե չկա պայքար` չկա առաջընթաց: Նրանք, ովքեր դավանում են ազատությունը, սակայն թերագնահատում են ագիտացիան, այն մարդիկն են, ովքեր ցանկանում են բերք` առանց հողը հերկելու: Նրանք ցանկանում են անձրեւ` առանց ամպրոպի եւ կայծակի: Նրանք ցանկանում են օվկիանոս` առանց նրա ալիքների ամեհի մռնչյունի: Այս պայքարը կարող է լինել բարոյական, կարող է լինել եւ ֆիզիկական, կամ` միաժամանակ թե բարոյական, թե ֆիզիկական: Բայց այն պետք է լինի պայքար»: 

Այս խոսքերը կարող էին պատկանել հայ հեղափոխական շարժման որեւէ ղեկավարի, սակայն դրանք արտասանել է Ֆրեդերիկ Դուգլասը`ամերիկացի հայտնի մի գործիչ: Դրանք վերաբերում են ահա այս շրջանին, որի մեջ բոլորս գտնվում ենք: 

Այսօր մենք կարիք չունենք շատ մեծ, ծավալված ծրագրային ելույթի, քանի որ գործող նախագահի հարգելի ճառագիրները վերջին շրջանում (անգամ անցած շաբաթ) այնպիսի գեղեցիկ բաներ են գրում, այնպիսի ընդհանուր եզրույթներ օգտագործում, որը գրեթե կիրառելի է բոլորիս համար: Արդեն վերցրել են այդ կարեւոր եզրերը, դարձվածքները, արժեքները (մի փոքր թույլ է արտաքին քաղաքական մասը` Արցախի ճանաչման կապակցությամբ, Ցեղասպանություն, Ջավախքի մասին որեւէ բան չկա, Չինաստանը չի նշմարվում, բայց ընդհանուր եզրաբանությունը տեղին է), եւ դա ողջունելի է: 

Հայրենազրկում եւ հայրենատիրություն, նոր, արդար Հայաստան, քաղաքացու իշխանություն, իրավունքի գերակայություն, կոռուպցիայի սանձում, եվրոպական ապագային միտված ժայթքումներ: 

Թող նաեւ մի եզր հիշեն եւ օգտագործեն՝ դա «շահակիրն» է, մենք ոչ միայն ջահակիրն ենք Գուրգեն Մարգարյանի եւ մեր բոլոր կռված ու ընկած տղաների, հերոսների՝ Լեոնիդի, Մոնթեի, Սպարապետից մինչեւ շարքային, այլեւ շահակիրները Հայաստանի Հանրապետության: 

Բայց տածելով հարգանք գործող նախագահի պետական փորձին (ինչպեսեւ բոլոր նախագահներին՝ որպես հանրակարգի), դրանով հանդերձ եւ հենց դրա պատճառով նա ունակ չէ սեփական ելույթը, սեփական ուղենիշները, սեփական քաղաքականությունը խոսքից գործի վերածելու, որովհետեւ միեւնույն իշխանակարգն է: Միայն մենք՝ Հայաստանի ժողովուրդը, հայ մարդը, շարքային քաղաքացին, եթե ցանկանանք, կարող ենք վերածել կուսակցապետությունը, միապետությունը Հայաստանի Հանրապետության, որտեղ իշխում է քաղաքացին, որտեղ օրենքը պաշտպանում է բոլորին, հային եւ հայաստանցուն՝ սեփական երկրում եւ մեր սահմաններից դուրս, որտեղ յուրաքանչյուրն ունի մասնակցելու, քվեարկելու, իր ձայնն ի կատար ածելու հնարավորություն: Եվ ոչ թե օրենքն ընտրովի կիրառվում է նույն օրենքի անվամբ այս կամ այն քաղաքացուն պատժելու համար: 

Նախագահությունը պիտի ծառայի՝ նախագահով, վարչակարգով, պիտի ծառայի եւ ոչ հարստանա: Թոշակի անցնելուց հետո, խնդրեմ, ինչքան ուզենան, բայց այդ հինգ տարիների ընթացքում ոչ մի հարստացում: Հայաստանի հաջորդ նախագահությունը պիտի լինի ճարպազերծված, մկանուտ, փոքր վարչակարգով՝ նվազեցնելով նաեւ իր ծախսերը՝ ինքնաթիռի, պահպանման, հազար ու մեկ շռայլությունները, որ իրավունք չունի նախագահն անելու, քանի դեռ մեր երկիրն այս վիճակում է: 

Եթե պետք է՝ նախագահը նաեւ մի քանի տարի «էկոնոմ-կլաս» կարգով թող ճամփորդի, որեւէ ամոթ չկա Հայաստանի համար, որ համեստ ապրի նախագահությունը, մինչեւ շարքային քաղաքացին արժանավայել, հայաստանավայել կյանքով ապրի: 

«Ստվերը» պիտի «բերման ենթարկվի», եւ առանց խտրականության, առանց կապերի, առանց մականունների, առանց որեւէ թույլտվությունների կամ արտոնությունների: Ստվերը պիտի մտնի պետական բյուջե, եւ մենք կտեսնենք, թե մեկ-երկու տարվա ընթացքում ինչպես կվերանան կուսակցապետությունը, ժողովրդի փողը կուսակցությանը, «երիտասարդությանն» ուղղված հատկացումներ անելու սովորությունը, ինչպես շատ կարճ ժամանակահատվածում հարկերը կիջեցվեն, յուրաքանչյուրի գրպանում փողը կավելանա՝ ոչ որպես ողորմություն մինչընտրական կամ հետընտրական, այլ որպես հասանելիք աշխատավարձ, նպաստ եւ կենսաթոշակ: Եվ որ պետական պարտք հանդիսացող ներկա եւ նախկին ավանդները կվերադարձվեն թե՛ իրենց տերերին, թե՛ նրանց ժառանգորդներին: Այսպես կնվազեցնենք մեր աններելի, անթույլատրելի կախվածությունը միջազգային՝ օտար նյութական հոսքերից, կբարձրացնենք բոլոր աշխատավարձերը եւ դրանից հետո նաեւ զորակցելով մանր ու միջին բիզնեսին, ընտանեկան ձեռներեցությանը, կունենանք այն ամբողջական բյուջեն, այն կենարար տնտեսությունը, որտեղ բոլորը հավասար հնարավորություն ունեն, եւ նախագահից սկսած մինչեւ վարչապետ, նախարար, դատավորներ, պատգամավորներ ու ոստիկաններ կենթարկվեն միեւնույն օրենքի ուժին: 

Նոր նախագահության շրջանում Հայաստանը պիտի ունենա Սահմանադիր ժողով եւ նոր Սահմանադրություն, որի միջոցով մենք անցում կկատարենք հավաքական պատասխանատվության հանրակարգի, խորհրդարանական կառավարման պետության: Դրանից հետո մենք կունենանք հատուկ դատախազի ինստիտուտ, որը նախագահությունից մինչեւ ամենաշարքային քաղաքացին՝ բոլորին հավասար կենթարկի միեւնույն չափանիշներին, կունենանք ժողովրդին վերադարձված հանրաքվեի իրավունք, հանրաքվե նախաձեռնելու, օրենք ստեղծելու, օրենք կիրառելու արտոնություն: 

Եվ վերջում Հայաստանը կմիանա Միջազգային քրեական դատարանի ստատուտին՝ մեր Սահմանադրությանը հաղորդելով նաեւ միջազգային «ստանդարտ», մարդու իրավունքների համաշխարհային կիրառում: 

Սեփականության ինստիտուտի հարգողն եմ ես, եւ բոլորս հարգում ենք թե պետական, թե հանրային թե մասնավոր սեփականության իրավունքը եւ պաշտպանվածությունը: Դա չի փոխվելու, բայց եղել են վերջին քսան տարիների ընթացքում ակնհայտորեն հակասահմանադրական, ապօրինի սեփականաշնորհումներ, հակաբնապահպանական գործողություններ` հանքահանության ասպարեզում, էներգետիկ եւ այլ սխեմաներ, որոնք հատ առ հատ օրենքի ողջ ուժով ու հավասարությամբ պետք է վերանայման ենթարկվեն: Եթե իրենք հարգեցին օրենքը եւ մեր շրջակա միջավայրն են հարգում ու նաեւ քաղաքացու փայատիրությունը, քաղաքացու սեփականության մասնաբաժինը, ուրեմն խնդիր չկա, բայց անհրաժեշտ է, որ այս խիստ հակամենաշնորհային, հակակոռուպցիոն, խիզախ, ժողովրդի վրա հիմնված քաղաքականության մեջ մենք նաեւ նորը գտնենք: Էներգետիկ առումով այլընտրանքային աղբյուրներ՝ արեւային, քամու եւ այլ տեսակի այլընտրանքներ, որոնք մեր գիտնականները, մեր տնտեսագետները մեր երիտասարդները կարող են կյանքի կոչել եւ իրականություն դարձնել: 

Թեւակոխում ենք մի շրջան, երբ բոլորս պիտի խոսենք ներդրումների մասին: Առաջին հերթին դա ժողովրդի ներդրումն է: Մեր ժողովուրդը, շարքային քաղաքացին, հայն ու հայաստանցին ի՞նչ ներդրում են ուզում անել սեփական երկրում եւ մեր երեխաների ապագայի համար: Ո՞րն է լինելու մեր ներդրումը, մեր գործը, ոչ թե բողոքը, որ բոլորս գրանցում ենք մեր տների մեջ, աշխատավայրում, փողոցում, հրապարակում: Ո՞րն է մեր ներդրումը: 

Հայաստանը ներդրում է կատարելու նախեւառաջ կրթության, գիտության, արվեստների, առողջապահության մեջ: Պետք է առաջարկվի ժողովրդի ուղեղի, հնարավորությունների, մասնակցության վրա հիմնված այնպիսի տնտեսական ծրագիր, որով ինովացիոն քաղաքականությունը, տեղեկատվական գիտությունները նոր զարկ կստանան, եւ Հայաստանը կդառնա տարածաշրջանի համար մասնագիտացված բիզնես համալիրների ցանցային կենտրոն: Բայց սա կարող է տեղի ունենալ՝ արդյունաբերությունից մինչեւ գյուղատնտեսություն, միայն մի պայմանով՝ երբ պաշտպանված լինի հայ մարդը, քաղաքացին եւ ներդրողը՝ ոչ թե ինչ-որ մեկի երաշխիքով, ոչ թե նախագահական բարձր հովանու ներքո կամ առաջին տիկնոջ շատ գեղեցիկ նախաձեռնություններով, այլ Սահմանադրությամբ, իշխանության ճյուղերի բաժանմամբ, անկախ դատարանով պիտի պաշտպանված լինի: 

Սահմանադրությամբ, օրենքով եւ իրավունքով: Սրանք նոր լուծումներ չեն, ինքնատիպ մտքեր չեն, բայց սա դառնալու է մեր արժեքային մայրուղին դեպի ապագա: 

Բանակն ազգային հանրակարգ է, որ մեծագույն հպարտության աղբյուր է, ծառայության խարիսխ, եւ պետք է ուժեղացնենք մեր բանակն ու աննախընթաց ներդրում կատարենք այնտեղ, ժամանակակից ներդրում՝ թե քանակական, թե որակական առումներով: Բայց առաջին հերթին բանակը պիտի ուժեղ լինի իր չափանիշներով, իր արհեստավարժությամբ, հայրենասիրությամբ, իսկ քաղաքական հատվածապաշտությունը, հատվածականությունը, կողմնակալությունը որեւէ տեղ չունենան հայոց բանակում, որտեղ շարքային զինվորները պարբերաբար օգտագործվում են վերադասների կողմից այս կամ այն շահադիտության համար: Սպայի պատիվը պիտի վերականգնվի, աննախադեպ եւ բարձր հատուցում պիտի տրվի, ինչպես հանրային հատվածի բոլոր աշխատողների համար` բժիշկներից մինչեւ ուսուցիչներ, դատավորներ եւ այլն: Բայց բանակը, որտեղ մեր երեխաները հպարտության զգացումով մեկնում են ծառայելու եւ պաշտպանելու հայրենիքի սահմանները, չպետք է երբեք ուղղորդվի քաղաքականության հուն, օգտագործվի ստիպողական կամ բազմակի քվեարկության համար: Պիտի բացառենք այդ ախտալի մոտեցումը. բոլորս գիտենք, որ այն գոյություն ունի: Ախտորոշում եւ ախտահանում՝ սա է հրամայականը: 

Առաջիկայում հետեւելու են շատ ու շատ ծրագրային առաջարկներ: Դուք տեղյակ եք արտաքին քաղաքականության ասպարեզում մեր ընդհանուր մոտեցումներին. Արցախի պետականության եւ տարածքային ամբողջականության ճանաչում, Ջավախքի վարչական, մշակութային, լեզվական ինքնության լիարժեք իրավունքներ` որպես Վրաստանի եւ Հայաստանի ընդհանուր շահը, ազգային համատեղ անվտանգություններն ապահովող օղակ, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերակերտում, իրական ռազմավարական երկկողմ հարաբերությունների դարբնում, որը «ոչ» է ասում անցյալի ուղղահայացին եւ ասում է «այո» նորարար, ժամանակակից, արդիական ու փոխադա՛րձ հարգանքի, փոխադա՛րձ շահերի վրա հիմնված հարաբերությանը: 

Հաջորդ նախագահությունը նաեւ պիտի ծառայի Ցեղասպանության եւ Մեծ Հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի շրջանակում: Անհրաժեշտ է, որ մինչեւ այդ ջրբաժան թվականը` 2015թ. ապրիլի 24-ը, Հարցը հանգուցալուծում գտնի, եթե ոչ ընդհանուր լուծում Թուրքիայի պետության կողմից, ապա լուծում մեր մեջ, թե որն է լինելու Հայաստանի պետական ու ազգային քաղաքականությունը: Ճանաչում, կրթություն, մշակութային ժառանգության վերականգնում, բոլշեւիկա-քեմալական 1921թ. պայմանագրերի մերժում եւ նոր բանակցությունների միջոցով ընդհանուր խնդրի լուծում, բոլոր բաժանարար հարցերի հաղթահարում, որի հիմքը պիտի լինի հայ մարդու եւ իր հայրենիքի վերամիացումը. ելքը դեպի ծով. արժանիի մատուցումը քաջարի այն թուրքերին, քրդերին եւ այլոց, ովքեր դժնի 15-ին փրկեցին շատ հայերի` իրենց կյանքը վտանգելով: Բայց մի բան պարզ է այս կապակցությամբ՝ կամ ոչ մի նախապայման, ինչպես եղել է այս քսան տարիների ընթացքում, կամ բոլոր նախապայմանները՝ հիմա: Եվ եթե Հայաստանը 2015թ. ապրիլի 24-ին պիտի չունենա առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, ուրեմն արդեն Ծիծեռնակաբերդում պետք է դնի Հայաստանի եւ իր ժողովրդի նախապայմանները: 

Հայտնի արձանագրություններին նոր նախագահությամբ պետք է վերջ տանք, որովհետեւ այդտեղ ակնհայտորեն նախապայմաններ կան, եւ հստակ է, որ Հայաստանի իշխանության ձեռամբ 1921թ. ապօրինի պայմանագրերի կնիքն է: Մենք այդտեղ նոր նախագահությամբ պետք է չեղարկենք այդ հակազգային մոտեցումը: 

Հայաստան-Սփյուռք միությունը նույնպես այն ոլորտն է, որ պետք է լինի իսկական գործընկերություն, որը լիարժեք է, ինստիտուցիոնալ է, եւ որը թույլ է տալիս, որ Սփյուռքի մեր հայրենակիցները նաեւ էապես մասնակցեն Հայաստանի գործերին ու ապագային՝ թեկուզեւ երանգավորված պարտք ու պարտականությամբ: 

Բոլորս նաեւ գիտենք, սակայն, որ մեր հիմնական գործը տանն է՝ մեր տանը: Վերջին երկու տասնամյակի ընթացքում 1,5 միլիոն հայրենակիցներ ոչ թե օտարի կամ թշնամու սպանդով ու ցեղասպանությամբ են հեռացել երկրից, այլ մեր մեղքով, մեր անկախության տարիներին: Իսկ դրա համար ոչ մի ուրիշ պետություն մեղավոր չէ: Դա մեր պատասխանատվության տիրույթն է: Նրանց անհրաժեշտ վերադարձը չի կարող տեղի ունենալ ճառերով, ելույթներով, կենացներով, այլ իրական աշխատանքով, իրական ազատությամբ ու արդարությամբ, հաշվետու կառավարմամբ: Հույսը, հուսալիությունը, հեռանկարը գալիս են ապահովության միջոցով: Այո, ապահովություն` ներքին եւ արտաքին: Բայց այդ ապահովությունը պետք է լինի իսկական, մարդկային եւ ոչ երբեք բաժակաճառային: 

Սիրելի հայրենակիցներ, մենք միասին պիտի հաղթահարենք մի քանի բան այս ընթացքում: Մեր երկրում կա ահավոր օտարում: Շարքային հայ մարդը, հայաստանցին` քաղաքացին, թե գյուղացին, օտարվել է սեփական պետությունից, իր պատկանելության զգացումը կորցրել է, եւ առկա է համատարած անտարբերություն: Բոլորս տեսել ենք, գիտենք` անտարբերությունն ու ճակատագրապաշտությունն են ծնում այն վիհը, իմ կարծիքով՝ արհեստական վիհը, որ հիմա գոյացել է քաղաքացիական հասարակության եւ քաղաքական գործընթացի միջեւ: Սա մենք պիտի հաղթահարենք: 

Առաջին հերթին իմ յուրաքանչյուր քայլը եղել է միշտ քաղաքացո՛ւ քայլ: Ես հպարտ եմ «Ժառանգության» ներդրմամբ, մեր գործընկերներով, պայքարի մեր հետագծով, մեր հասարակական նորարար առաջարկներով: Բայց թող ոչ մեկը՝ ոչ քաղաքական գործիչ, ոչ էլ քաղաքացիական հասարակության ակտիվիստ իր անկյունում չնստի եւ մյուսի հավատաքննիչը չդառնա: Մենք դա պարտավոր ենք հաղթահարել, որովհետեւ ոչ մեկը բյուրեղյա չէ, տանը նստելով, իր աստեղային ժամին սպասելով, թվաբանական «մարգարեություններ» անելով՝ ոչ մեկը մեր երազած երկիրը չի կառուցի: 

Բոլորիս տեղը առաջին ճակատն է՝ հիմիկվանից մինչեւ փետրվարի 18-ը, որովհետեւ փետրվարի 19-ը չի բացվելու, եթե այդ պայքարը չգնա հենց այս պահից: Նա, ով կարծում է, որ կարող է տանը նստել եւ մեկնարկել պայքարը փետրվարի 19-ին, ի՛նքն է, որ ակամա, նույնիսկ մաքուր սրտով, անգամ ունենալով ամենանվիրական ցանկություն, ի՛նքն է, որ պայմաններ է ստեղծում այս իշխանության վերարտադրման համար: 

Իսկ մեզ համար, ինչպես վստահ եմ՝ շատ-շատերի համար, պայքարն ամենօրյա է եւ սոսկ անձնական կյանքի նպատակ չէ: Հաջորդ նախագահությունը ծառայելու է միայն մի շրջան՝ առավելագույնը հինգ տարի, եւ այդ ընթացքում մենք կունենանք նոր սերունդ, նոր Սահմանադրություն, նոր Հայաստան, նոր հայաստանցի: 

Բոլորս միասին, թանկագին համաքաղաքացիներ, փետրվարի 18-ին հանձնելու ենք ժամանակակից մեր ամենալուրջ քննությունը: Ոչ միայն ես՝ Րաֆֆին, կամ «Ժառանգությունը», բոլորս միասին պետք է հանձնենք այդ քննությունը: Փետրվարի 18-ն անցյալի տարբեր պատմական առիթների՝ ապստամբության, Արցախի ազատամարտի մեկնարկային խորհրդանիշն է: Բայց ա՛յս փետրվարի 18-ն ապագայի մասին է լինելու: 

Ես ձեզ ողջունում եմ, երախտագետ եմ, որ դուք եկել եք հանրային այս ժողովին, որեւէ մեկդ պաշտոնական հրավեր չստանալով, բայց դուք ներկա եք՝ որպես շարքային ռահակիցներ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել տեր Գրիգորին, Կարենին, Հովակիմին, Ստեփանին, Դավիթին, Անահիտին, Զարուհուն եւ բոլորիդ, ովքեր ներկա եղան ինձ համար ու իմ ընտանիքի եւ մեզ` բոլորիս համար կարեւոր այս ձեռնարկին: 

Հիշում եմ պապերիս, ջանում եմ միշտ հիշել՝ Երեւանում, Բաքվում, Անկարայում, որտեղ էլ լինեմ: Այսօր Խարբերդի Բազմաշեն գյուղում ծնված, Մեծ եղեռնը վերապրած, Անդրանիկի զինվորագրյալ Գասպար Հովհաննիսյանը՝ իմ պապը, կդառնար 111 տարեկան: Իրեն եւ Սիրունին, Հովակիմին եւ Խնկենիին, Ռիչարդին եւ Վարդիթերին, իմ ընտանիքին պարտավոր եմ անխոս, անհուն, անածական: Իրե՛նց եւ ոչ թե իմ զրկանքը, զոհողությունը եղել են իմ ներկայության, իմ մասնակցության գինը: Ես շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, «Ժառանգության» համակիրներին եւ անդամներին, ինձ արդարացի քննադատողներին, գնահատողներին, բոլոր մեր համաքաղաքացիներին՝ իրենց զորակցության համար: 

Բայց մենք դեռ շատ անելիքն ունենք, հենց այսպես չենք հանձնելու երկիրը: 

Առանց ավելորդ հուզմունքի, թեեւ շատ եմ պատրաստվել այս նախադասությանը, առանց հավելյալ խորք տալու այս որոշմանը, ես հայտարարում եմ, որ մասնակցելու եմ, որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի, նախագահական առաջիկա ընտրություններին: 

Ձեզ հետ միասին մաս եմ կազմելու այդ հավաքական թեկնածությանը, որի սահմանումը շատերը դեռ չեն հասկանում՝ միս ու արյունը դեռ առջեւում է, բայցեւ այդ թեկնածությանը, որը պիտի լրացնեն մեր շարքային քաղաքացիները, քաղաքական հոսանքները, քաղաքացիական հասարակությունը, մարդիկ, ովքեր ունեն այդ կամքը, այդ հավատը, այդ սերը եւ այդ հանձնառությունը սեփական երկրի ու մեր երեխաների հանդեպ: 

Մենք միասին պետք է դառնանք ավելի քաղաքացի, քան քաղաքացիական, ավելի ազգային, քան ազգայնական, ավելի ազատ, քան ազատական, ավելի հոգեղեն, քան հոգեւորական եւ ավելի Հանրապետություն, քան հանրապետական: Որովհետեւ Հայաստանն ազատ է, անկախ է, միացյալ է մե՛ր միջոցով, մե՛ր կամքով, մե՛ր ջանքով: 

Հայաստանը, եւ ուրիշ ոչինչ: 

Դուք գիտեք, որ անցած մայիսին Աստվածաշնչից քաղված կարգախոս ունեինք, կամ այսպես ոգեշնչող մի տող. «Սարեր պիտի շարժենք»: Նա, ով հասկացավ «սարերի»` ոչ միայն Արագածի կամ Արարատի, այլեւ մեր միջի սարը՝ վախի, սպառնալիքի, ստրկամտության սարը շարժելու հավատամքը՝ ինքը հասկացավ. ով հեգնեց, ով չարախնդաց՝ ինքը նույնպես այդ իրավունքն ունի: 

Բայց հիմա, այդ ընտրությունից յոթ ամիս անց, սերտելով նաեւ Աստվածաշունչը, ունեմ լավ ուսուցիչներ, հասկացա, որ սարեր շարժելու համար սոսկ հավատքը բավական չէ՝ պիտի ունենաս սերը: Եվ ահա եկել է սիրո ժամանակը՝ սեր մեկս մյուսի նկատմամբ, մեր ընտանիքների, մեր բարեկամների, մարդկության եւ, առաջին հերթին, մեր Հայրենիքի նկատմամբ, որովհետեւ՝ ուրիշը չկա: 

Եկել է սարեր շարժելու մեր սիրո ժամանակը: 

Մարթին Լյութեր Քինգը հետեւյալն ասաց. «Մթությունը չի կարող ցրվել մթությամբ. միայն լույսն է դրան ունակ: Ատելությունը չի կարող ոչնչացվել ատելությամբ. միայն սերն է դրան ունակ»:

Ուրեմն արթնանա´նք, որովհետեւ հնարավո՛ր է, որովհետեւ սա մե՛ր Հայրենիքն է: 

Փետրվարի 18-ին, թեկուզ իմ կյանքի գնով, մեր միասնական սիրով եւ հավատամքով մե՛րը դառնալու է բարի լույսի, սիրո, հարության, մեր սեփական վախը հաղթահարելու ու վերստին պատկանելու երկիր: 

Փետրվարի 18-ին մենք մեր պատասխանը տալու ենք ոչ թե միայն խոսելու, այլ վերջապես գործ անելու մարտակոչին: 

Լրագրողներից շատերը հարցրին, թե որն է լինելու ժողովրդական մեր պայքարի կարգախոսը: Պաշտոնական քարոզարշավը դեռ առջեւում է: Կլինի, անշուշտ, պաշտոնական կարգախոս՝ արդեն կան օրացույցներ, շրջաբերականներ, որոնք մի քանի առաջարկներ ունեն՝ ինձ համար սրտամոտ: Դրանք վերաբերում են մեր պետությանը` մեր երազանքների երկրին, որը պիտի կերտվի հավատքով, պայքարով, սիրով: 

Ազատ, անկախ, միացյալ այն երկրին, որը փետրվարի 18-ին՝ հավատանք այսօր, թե ոչ, ստեղծելու ենք` մեկ անգամ եւ միասին: 

Եվ դա լինելու է` ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

{/slide}

 

Լուսանկարներ