Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Գեվորգ Կալենչյանը հյուրընկալեցին Ուկրաինայում Սլովենիայի դեսպանատան դիվանագետ Գաբի Մատկովիչին: Վերջինիս խնդրանքով «Ժառանգության» ներկայացուցիչները ուրվագծեցին թե' Հայաստանի նախընտրական իրավիճակը, թե' խորհրդարանական ընտրությունների հետ կապված կուսակցության ծրագրերն ու ակնկալիքները: Զրուցակիցները նաեւ քննարկեցին միջազգային դիտորդական առաքելության հետ «Ժառանգության» սերտ աշխատանքին ու համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նույն օրը «Ժառանգության» գրասենյակում խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ընդունեց հոլանդական «Բազմակուսակցական ժողովրդավարություն» ինստիտուտի գլխավոր քաղաքական խորհրդատու Յան Մարինուս Վիերսմային ու Վրաստանում այդ կազմակերպության ներկայացուցիչ Լեվան Ցուցկիրիձեին: Հյուրերը ներկայացրեցին աշխարհի տարբեր տարածաշրջաններում ու երկրներում իրենց կազմակերպության ծրագրերը եւ հայտնեցին, որ Հայաստանում են գտնվում քաղաքական կուսակցությունների, այդ թվում` ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցության հեռանկարները քննարկելու ու գնահատելու նպատակով: Ս.Սաֆարյանը ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության կարճ, բայց հարուստ կենսագրությունը, համագործակցության պատրաստակամություն հայտնեց ու ներկայացրեց դրա վերաբերյալ կուսակցության պատկերացումները:
Նախօրեին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար եւ կուսակցության միջազգային քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հանդիպել էր Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) արտաքին հարաբերությունների քարտուղար Նիկոլա Բրիեկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաեվրոպական ամենամեծ ու ազդեցիկ կուսակցական ընտանիքի` ԵԺԿ-ի ու նրա դիտորդ անդամ «Ժառանգության» սերտ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ս.Սաֆարյանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգության» նախապատրաստական աշխատանքները եւ կուսակցության ակնկալիքները: Իր հերթին ԵԺԿ արտաքին հարաբերությունների քարտուղար Ն.Բրիեկը նշել է. «Ես վերահաստատում եմ ԵԺԿ լիարժեք աջակցությունը մեր ընտանքին անդամակցող «Ժառանգություն» կուսակցությանը եւ մաղթում հաջող ընտրարշավ»: