Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում. օր տասնմեկերորդ

Ազատության հրապարակում քաղաքացիական խորհուրդները դարձել են ավանդական

20 մարտի 2013թ., Երեւան: Ազատության հրապարակում արդեն տասնմեկերորդ օրն է, ինչ շարունակվում է Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հացադուլը: Այսօր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ գումարվեց հերթական քաղաքացիական խորհուրդը՝ նվիրված Հայաստանում իրական եւ օրինական իշխանության հաստատման խնդրին: Խորհրդի հիմնական բանախոսն էր Շուշիի հատուկ գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ում ավելի ուշ միացավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը: Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լեւոն Բաղրամյանը:

«Մեր նպատակը սոսկ իշխանությունների նկատմամբ հաղթանակ տանելը չէ: Գերխնդիրն այսօր համակարգային փոփոխությունների իրականացումն է, ինչը թույլ կտա վերականգնել պետության հիմքերը»,- դիմելով հավաքվածներին ասաց Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ վաղը՝ ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը կտա մամլո ասուլիս: Ժամը 17:00-ին քաղաքացիական խորհրդում ելույթներով հանդես կգան Արմեն Մարտիրոսյանը եւ Դավիթ Սանասարյանը:

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի