ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հայտարարությունները

Երեւան: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները 2012 թվականի մարտի 20-ի ԱԺ նիստում հնչեցրին հետեւյալ հայտարարությունները:

Անահիտ Բախշյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ դեղերի պետական գնումների ոլորտում պետական բյուջեի թալանին ու զանգվածային կոռուպցիային: «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է պետական գնումների գործընթացում եւ կոռուպցիայի դեմ պայքարում կիրառել արեւմտյան երկրների մոդելը ու տարեկան վիթխարի գումարներ խնայել:

Լարիսա Ալավերդյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ դատատիրավական համակարգում ծաղկող կոռուպցիային ու կաշառակերությանը, որը թույլատրված է եւ պաշտպանվում է օրենքով: Մասնավորապես ՀՀ Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետը իշխանություններին թույլ է տալիս դատավորներին մղել կազմակերպված հանցավոր խմբի անդամներ դառնալուն, կաշառք ստանալուն, անպատիժ ձեւով շահադիտական նպատակներով ակնհայտ անարդար դատավճիռներ կայացնելուն եւ դրա համար ոչ մի պատասխանատվություն չկրելուն:

Զարուհի Փոստանջյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ երրորդ Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ամփոփմանը, որոնք նշանավորվեցին հայ մանուկից մայրենի լեզվով ուսուցում ստանալու իրավունքի օտարման,  օտարալեզու դպրոցների արմատավորման, Թուրքիայի հետ ներկայիս գործող քեմալաբոլշեւիկյան սահմանի օրինականացման փորձերով, Արցախի հանրապետության ճանաչման մերժմամբ, մարտի մեկը պարտակելու, գործընկեր պատգամավորների նկատմամբ ապօրինի միջնորդագրերը բավարարելու վարքագծով: Այս խորհրդարանը նաեւ հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության նախագահական իշխանությունը ներկայացնող ապօրինի հրամանագրին, որով պաշտոնապես օգտագործվեցին ՀՀ զինված ուժերը:

Արմեն Մարտիրոսյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ գալիք ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող աննախադեպ այլակերպումներին ու կոալիցիոն իշխանությունների ներկայացուցիչների վերջին ելույթներին, որոնք սուր քննադատական խոսքի իսկական հատընտիրներ են` շփոթեցնելով անգամ ընդդիմադիրներին: Մարտիրոսյանն կոչ արեց` փոխվել, որ հավատանք:

Ստյոպա Սաֆարյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ Հայաստանի անցած տասնամյակներին եւ նրա ապագային, ընդգծելով, որ ի տարբերություն իշխանությունների` «Ժառանգությունն» ասում է. «Մեր կյանքում փոփոխությունները պետք է լինեն այսօր եւ ոչ թե վաղը, արագ եւ ոչ թե դանդաղ, տեսանելի գործով, այլ ոչ թե գեղեցիկ ելույթներով: Հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացու պետք է սարեր շարժենք ու միասին, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը բանաձեւեց աստվածաշնչյան իմաստությունը «Ժառանգություն» կուսակցության վերջին համագումարում: Մայիսի 6-ը մեր երկրի ու մեր կյանքում համակարգային փոփոխությունները բերելու կամ դրանք մերժելու օրն է: «Ժառանգությունը» վստահ է, վճռական ու համոզված, որ ազգովի ու մեր համաքաղաքացիների հետ միասին բացելու ենք փոփոխությունների ու փրկության դուռը: Բացելու ենք քաղաքացու, Հայաստան երկրի ու պետության ապագայի համար: Եւ մենք միասին սարեր ենք շարժելու»: