Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում. օր իններորդ

Քաղաքացիական խորհուրդը հարյուրավոր քաղաքացիների բերել էր Ազատության հրապարակ

18 մարտի 2013թ., Երեւան: Այսօր՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հացադուլի իններորդ օրը, Ազատության հրապարակում կայացավ երեկ մեկնարկած քաղաքացիական խորհրդի շարքի երկրորդ հանդիպումը: Այն նվիրված էր քաղաքացիական անհնազանդության խնդրին՝ որպես քաղաքական պայքարի ձեւի: Միջոցառման ընթացքում նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն աշխույժ բանավեճ նախաձեռնեց հավաքված հարյուրավոր քաղաքացիների շրջանում: Ելույթով հանդես եկավ նաեւ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը: Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լեւոն Բաղրամյանը:

«Ապրիլի 9-ին՝ ՀՀ ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողության օրը, քաղաքական բոլոր ուժերը ստիպված կլինեն կայացնել վերջնական որոշում», - դիմելով հավաքվածներին ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով հետեւյալ հարցադրումը. «Արդյոք նրանք կենթարկվեն ապօրինի իշխանությունների՞ն, թե՞ հայ ժողովրդի հավաքական որոշմանը»:

Հիշեցնենք, որ վաղը՝ ժամը 12:00-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա բացօթյա մամլո ասուլիսով:

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի