«Վաղը «ժառանգություն» կուսակցությունը նիստ կգումարի և կքննարկի իրավիճակը։ Առանց կուսակցականացնելու կդառնանք Հայաստանի հանրապետության փրկության համաժողովրդական շարժման մի մասնիկը։ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն է նժարի վրա դրված։ Շատ նուրբ, փխրուն իրավիճակ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա գտնում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին պետք է շատ զգուշորեն մոտենալ, և չպետք է շտապել։ Ասում է, նաև չպետք է ընդունել Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը։ «Եվ երկրորդը՝ Արցախի հարցը պետք է տարանջատված լինի Հայաստան-Ադրբեջան բանակցություններից ու լուծվի առանձին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին, որտեղ նա իրեն մեղավոր է համարում Արցախին վերաբերող որոշ հարցերում, ասում է՝ վարչապետը «ֆռացրեց, չվերցրեց իրական պատասխանատվությունն իր վրա»։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցություններին, «Ժառանգության» ղեկավարը գտնում է, որ այդ գործընթացն առանց նախապայմանների չէ։ «Առանց նախապայմանների կարգավորումը, եթե պիտի տեղի ունենար, արդեն, մինչև հիմա տեղի ունեցած կլիներ։ Պարզ է, որ հիմա ինչ-որ պայման կա՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ, Արցախի հարց։ Ինչ-որ պայման մտել է։ Եվ եթե պայման կա, պետք է մենք էլ մերը դնենք»,- հավելեց Ր․Հովհաննիսյանը։
Ր․Հովհաննիսյանը խոսեց նաև իշխանությունների տված խոստումներին ու դրանց չիրականացմանը․ «Իշխանությունն ավելի թանկ դարձավ, քան, թե արդարությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։