Սույն թվականի մարտի 15-ին ՀՀ Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ Ռիչարդ Բարեթի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով ավագ խորհրդատու Ռիչարդ Լապինի գլխավորությամբ համատեղ պատվիրակության անդամների հետ` ընտրական գործընթացների քննարկումներ անցկացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը:
«Ժառանգությունը» ներկայացրեց իր դիրքորոշումը, ներկայացված օրենսգրքի անթույլատրելիության վերաբերյալ և մատնանշեց այն խնդիրները, որ առկա են այնտեղ, ինչպես նաև առաջարկներ, որոնք անհրաժեշտ է ներդնել արդյունավետ ընտրական գործընթացներ անցկացնելու համար: Մասնավորապես`
- Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակում
- Ընտրողների ցուցակների մաքրում
- Ընտրատեղամասերում մի քանի տեսախցիկներով տեսանկարահանում և համացանցով հեռարձակում
- Գրանցում մատնահետքերի միջոցով
- Պարզ համամասնական փակ ցուցակ
- Բողոքարկման իրական մեխանիզմների ներդրում
- ԶԼՄ-ների և դիտորդների մասնակցության խոչընդոտների վերացում
- Կուսակցությունների ֆինանսավորում (ընտրագրավ և այլն):
