Երեւան: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առավոտյան հանդիպեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ազգային դաշինք» միության անդամների հետ, ծանոթացավ հաշմանդամների խնդիրներին եւ ծրագրային իր լուծումներն առաջարկեց՝ շեշտը դնելով ներառական սկզբունքի կիրառման, հասարակության մեջ նրանց ինտեգրման եւ ունակությունների լիարժեք օգտագործման հրամայականների վրա:
Այնուհետեւ թեկնածուի նախընտրական երթուղին Երեւանից ձգվեց դեպի Արմավիրի մարզ: Նա եղավ Մուսալեռ, Խորոնք, Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ գյուղական համայնքներում, զրուցեց ընտրողների հետ, ներկայացրեց տնտեսության ագրարային հատվածի համաչափ զարգացման իր տեսլականը, ինչպես նաեւ պատասխանեց մարդկանց հետաքրքրող հարցերին: «Գյուղի եւ գյուղացիության հոգսերի հանդեպ պետական աջակցությունն առաջընթացի կարեւոր նախապայման է, որովհետեւ մեր գյուղատնտեսությունն այսօր ենթակառուցվածքների արդիականացման, արտոնյալ վարկերի, սուբսիդավորման մեծ կարիք ունի: Պետությունը պետք է միշտ գյուղացու կողքին լինի, որպեսզի գյուղերը ծաղկեն, այլ ոչ թե դատարկվեն»,- համոզմունք հայտնեց Հովհաննիսյանը:
Արմավիրի մարզում քարոզարշավի վերջին կանգառը հայոց հոգեւոր մայրաքաղաքն էր, իսկ ընտրողների հետ գլխավոր հանդիպավայրը՝ Էջմիածնի երաժշտական դպրոցի բազմամարդ դահլիճը: Հանդես գալով ելույթով՝ նախագահի թեկնածուն մասնավորապես ասաց. «Այսօր տեղի է ունենում ժողովրդական զարթոնք եւ Հայաստանի քաղաքացին ցույց է տալիս, որ պատրաստ է փետրվարի 18-ին հետ բերել իրեն պատկանող իշխանությունը եւ տեր կանգնել սեփական երկրին»:
Երեկոյան վերադառնալով Երեւան, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ICES-ի նախագահ, Իսրայելի Կնեսետի 15-րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերի հետ: Կողմերը քննարկեցին փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին եւ, ի մասնավորի, արդեն իսկ նկատվող ընտրախախտումներին առնչվող հարցեր: