11 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում շարունակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ակցիան: Հովհաննիսյանին Ազատության հրապարակում այցելեցին եւ զորակցություն հայտնեցին ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, այլ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ:
Օրվա ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմից տարածված տեղեկության առնչությամբ, թե գործող նախագահի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպման առաջարկ է արվել եւ չի ընդունվել, Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա ապատեղեկատվություն է: Մինչեւ հացադուլ հայտարարելը Հովհաննիսյանը պատրաստակամ է եղել Սերժ Սարգսյանին հանդիպել ժողովրդին պատկանող ցանկացած գրասենյակում, այժմ` հացադուլի մեջ գտնվելով Հովհաննիսյանը իր հյուրերին հանդիպում է միայն Ազատության հրապարակում, որտեղ պատրաստ է հանդիպել նաեւ գործող նախագահին` վերջինիս հարմար ժամանակ:
Այսօր սկսվեց նաեւ ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրեաս Ղուկասյանի հայցադիմումներով դատական գործի քննությունը ՀՀ սահմանադրական դատարանում: ԿԸՀ հայտարարած նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատավարությունը կշարունակվի վաղը:
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի