
Սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 9-ն է՝ Հայոց փառապանծ Մայիսյան եռատոնը, մեկտեղումը Հայրենական մեծ պատերազմում մեր քաջորդիների հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման:
«Ժառանգություն» կուսակցությունը հպարտության եւ երախտագիտության խոր զգացումով շնորհավորում է հայ ժողովրդին Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս աշխարհի խնկարկելի հաղթանակների առիթով: Այս օրերին մենք մեր խոնարհումն ու հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր հերոսաբար զոհվեցին հանուն Հայոց պետության ինքնիշխանության, ազատության եւ հզոր ապագայի:
Փառապանծ հաղթանակները կերտած շատ հայորդիներ այսօր մեր կողքին են եւ նվիրումով շարունակում են իրենց ավանդը բերել հայրենիքի առաջընթացին եւ անվտանգության ապահովմանը: Մեր խորին հարգանքն ու երախտագիտությունը նրանց: Պետությունը եւ հասարակությունն իրենց պարտք ունեն հատուցելու Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի հերոսներին, նրանց ընտանիքներին՝ ըստ արժանվույն:
Մայիսյան հաղթանակները հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերումներն են, որոնք հնարավոր դարձան միմիայն միասնականության եւ մեկտեղ բռունցքվելու արդյունքում:
«Ժառանգություն» համոզված է, որ դեպի խաղաղություն տանող ճանապարհին նոր մարտահրավերներ կան, որոնց հաղթահարումը վերստին պահանջում է ազգային ներուժի վերամիավորում:
Մենք հզոր ենք եւ անպարտ միասին:
«Ժառանգություն» կուսակցություն
9 մայիսի 2019թ.
Երեւան
