Մեկնարկեց «Ժառանգության» քարոզարշավը

Երեւան: Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկ տրվեց «Ժառանգության» նախընտրական քարոզարշավին: «Տիգրան Մեծ» սրահում հավաքված  կուսակցականներին, համակիրներին ու քաղաքացիներին դիմեցին «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միասնական ցուցակի անդամները: Ոգեւորությամբ ընդունվեցին ներկա ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավորների խոսքերը, ովքեր անցյալ հինգ տարիներին ժողովրդին ծառայել են արժանապատվորեն եւ պատրաստակամ են հաջորդ հինգ տարիներին եւս ավելի լայն թիմով լինել ժողովրդի պատգամաբերը: Խոսեցին նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները` վստահություն հայտնելով, որ միասնական այս թիմի հաղթանակն աներկբա է:

Իր ելույթում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մասնավորապես, ասաց. «Դեպի նոր Հայաստան տանող ճանապարհը կերտելու ենք միասին, եւ յուրաքանչյուր քաղաքացի մաս է կազմելու այդ մեծ պայքարին»:

Հանդիսության ընթացքում հնչեցին նաեւ երաժշտական համարներ: Մարիամ Հարությունյանը, Վահան Արծրունին, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը ներկաների ձայնակցությամբ ու պարերի ուղեկցությամբ կատարեցին մի քանի երգեր: Այնուհետեւ ներկայացվեց «Ժառանգության» քարոզարշավի հիմներգը. ընտրվել է Ռուբեն Հախվերդյանի «Սարերի քամի»-ն՝ հեղինակի եւ ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) համատեղ կատարմամբ: 

Հավարտ հանդիսության` ներկաները քայլքով ուղղվեցին Ազատության հրապարակ՝ լիցքավորվելու 88-ի շարժման անսպառ ավյունով եւ ոգեկոչելու Հայաստանի անկախության ու պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակը: