Զարուհի Փոստանջյան

08 մայիսի 2013թ., Երեւան: 2008 թվականից Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայ ժողովրդին պատմական հայրենիքից հայաթափելու փորձը, ցավոք, մտավ առավել ակտիվ փուլ:

Պաշտոնական տվյալների համաձայն` Սերժ Սարգսյանի հակահայկական, հակամարդկային և ապաշնորհ քաղաքականության գործադրման հետևանքով վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրվել է՝

  • Արտագաղթ ` 200 հազարից ավելի մարդ, ինչը նշանակում է դատարկ գյուղեր, փակ դռներ, առաջին դասարան գնացող երեխաների բացակայություն և այլն,
  • Նվազագույն աշխատավարձ, կենսաթոշակ` 35 հազար դրամ, ինչը նշանակում է արժանապատվության ստորացում,
  • Աղքատություն` 36 տոկոս, ինչը նշանակում է մեկ միլիոնից ավելի քաղցած մարդ,
  • Ստվերային տնտեսություն` 39 տոկոս, ինչը նշանակում է միլիարդների հասնող դոլարների գողություն հայ ժողովրդից:

Այս խայտառակ ցանկը շարունակելի է: Խայտառակ վիճակի գլխավոր կազմակերպիչներից մեկը գործում է բացահայտ՝ գործի դնելով հանցագործի և ահաբեկչի մտքին հասու բոլոր միջոցները: Այնուամենայնիվ՝ 2013 թվականին տեղի ունեցած ընտրությունները, որոնք, ըստ էության, մարտական գործողություն էին, անհանգստություն և վախի զգացում հարուցեցին Սերժ Սարգսյանի մոտ: Նրա կողմից կազմակերպված հանցավոր խմբի և համակարգի նկատմամբ հայ հասարակության հոծ բանակը ակնհայտ, առանց վախի դրսևորում է անհնազանդություն: Մերժում է գործող համակարգի առկայությունը և գործող համակարգի ղեկավարներին ճանաչում է որպես երկար տարիների փորձ ունեցող հանցագործների:

Սերժ Սարգսյանը, լինելով խորհրդային մտայնության և չեկիստական դպրոցի հետևորդ, չգիտակցելով ժամանակի զգացումը և ընդվզող հասարակության պահանջը, մնացել է Խորհրդային Միության փլատակների վրա ձեւավորված ավտորիտար ճահճում:

Ընդվզող հասարակության հսկայական բանակը իրեն պատկերացնում է լճացված ճահճից դուրս: Ըդվզող հասարակությունը ձևակերպել է իր թե´ հեռավոր, թե´ առաջնային նպատակը: Ճահճում գտնվողները ունեն մեկ ցանկություն՝ հնարավորինս երկարացնել իրենց կյանքը ճահճի մեջ, թույլ չտալ, որ հայ ժողովրդը չորացնի այդ գարշելի, նեխած ճահիճը:

Ընդվզող հասարակության ներկայացուցիչներս առավել սթափ ենք և զգոն, հիասթափությունը մեր կողմից մերժվում է:

Սիրելի հայրենակիցներ,

Մեր ճնշումները գործող արատավոր համակարգի վրա ակնհայտ փաստ են, Երևանի ավագանու ընտրությունների մարտական գործողությանը մասնակցած քաղաքական և քաղաքացիական ընդդիմադիր ուժերը ստացան ընդվզող քաղաքացիների պատկառելի ձայները:

«Բարև Երևան» վերկուսակցական դաշինքը, ներկայացված լինելով Երևանի ավագանիում, խոսափողն է լինելու բոլոր ընդվզող քաղաքացիների համար և, համագործակցելով նրանց հետ, կյանքի է կոչելու Նոր Հայաստան շարժման ծրագիրը:

Ընդվզող աբստամբ հայ ժողովուրդ մաղթում եմ մեզ բարի աշխատանք: