
3 ապրիլի 2015թ., Երեւան: Երեկ տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության եւ ԱԺ համանուն խմբակցության կողմից կազմակերպված` Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման հետեւանքների վերացման (տարածքային, նյութական, բարոյական վնասների հատուցման) խնդիրներին նվիրված հանրային քննարկում: Հիմնական օրակարգային նյութը Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած` «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր:
Ներկա էին ԱԺ պատգամավորներ, կառավարության, մարզպետարանների ու քաղաքապետարանների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, քաղաքական գործիչներ, գրողներ, իրավաբաններ, գիտնականներ, ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հասարակական կառույցների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ եւ շահագրգիռ այլ անձինք:
Համաժողովը բացեց եւ մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ողջույնի խոսքից հետո հանդես եկան օրվա բանախոսները` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, վերլուծաբան Դավիթ Դավիդյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը: Համաժողովին չէր ներկայացել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Բոլոր ելույթներում, ընդհանուր առմամբ, դրական գնահատվեց Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագիծը եւ հանգամանալից անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանությանն ու Հայրենազրկմանը, Հայաստանի, Թուրքիայի եւ հարեւան երկրների փոխհարաբերություններին, Արեւմտյան Հայաստանում հայերի հանդեպ թուրքական իշխանության վարած խտրական քաղաքականությանը, պետականորեն կազմակերպված ազգային ու կրոնական հալածանքներին: Բանախոսներն արծարծեցին Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման իրավական հիմքերի թեման, ինչպես նաեւ ցեղասպանության ու հայրենազրկման հետեւանքով հայ ժողովրդին պատճառված նյութական եւ բարոյական վիթխարի վնասների հատուցման խնդիրները:
Այնուհետեւ տեղի ունեցավ քննարկում եւ մտքերի փոխանակություն, հնչեցին հարցեր ու դիտարկումներ, որոնց բանախոսները տվեցին սպառիչ պատասխաններ:
