28 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր առավոտյան ՀՀ ընտրված նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցությանԿենտրոնական գրասենյակում ընդունեց Գերմանիայի դեսպան պրն Ռեյներ Մորելլին: Քննարկվեցին հետընտրական Հայաստանի փոփոխվող քաղաքական դաշտին առնչվող հրատապ հարցեր: Այնուհետեւ Հովհաննիսյանը մեկնեց Կոտայքի մարզ, որտեղ փետրվարի 18-ին մարդիկ տոնել էին աննախադեպ հաղթանակ ընդդեմ վախի, ընտրակաշառքի եւ կեղծարարության:
Երեկոյան ժամը 5-ին Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ Ազատության հրապարակում էր, որտեղ տասնյակ հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ վերահաստատելու իրենց նվիրումը ժողովրդական շարժմանը: Այն բանից հետո, երբ շարժմանը միացան ուսանողական երիտասարդական շարժման ակտիվիստները, «Ազգային միասնության ուխտ» կազմակերպության նախագահ, պատմաբան եւ հասարակական գործիչ Ռաֆայել Համբարձումյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, դերասան Վարդան Պետրոսյանը, Հովհաննիսյանը եւս մեկ անգամ վերահաստատեց համաժողովրդական պայքարը հաղթական ավարտին հասցնելու իր վճռականությունը:
«Փետրվարի 18-ին Հայաստանի ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ քվեարկեց հօգուտ փոփոխությունների», - հայտարարեց նա՝ հավելելով. «Դուք քվեարկեցիք նոր սկզբի օգտին: Վերջին մի քանի օրերին ես վերստին այցելեցի բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր եւ այժմ կարող եմ հպարտությամբ զեկուցել Ձեզ, որ մի նոր հավատ է բոցավառվել մեր հանրապետությունում: Հավատ մեր իրավունքի, մեր հայրենիքի, մեր երեխաների ապագայի հանդեպ: Այս շարժումն այլեւս ոչ ոք չի կարող արգելակել»: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ երկու կարեւոր հարցերի շուրջ հայցեց հանրահավաքին մասնակցող ժողովրդի կարծիքը՝ եւս մեկ անգամ ցուցաբերելով հավատարմություն ուղիղ ժողովրդավարությանը: Առաջինը վերաբերում էր Ընտրությունների արդյունքների վիճարկմանը ՍԴ-ում, մյուսը՝ ստվերային կառավարություն ձեւավորելու գաղափարին: Հրապարակում հավաքված ՀՀ քաղաքացիները իրենց դիրքորոշումն արտահայտեցին բաց քվեարկությամբ:
Վաղը ժամը 12:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանրային ասուլիս կտա Ազատության հրապարակում: Այնուհետեւ նա կառաջնորդի մարտի 1-ի ողբերգության զոհերի հիշատակի ոգեկոչման երթը դեպի Մյասնիկյանի հուշարձան: Հաջորդ օրը՝ մարտի 2-ին, պայքարը կվերսկսի նոր ուժով, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում նախատեսվող հանրահավաքով:
լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի