1 մարտի 2013թ., Երեւան: Մայրաքաղաքի փողոցներում տեղի ունեցած ազգային ողբերգության հինգերորդ տարելիցի կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրել էր բացօթյա մամլո ասուլիս: Ելույթ ունենալով հավաքված քաղաքացիների եւ լրագրողների առջեւ, Հովհաննիսյանը խոսեց 2008թ. նախագահական հերթական ընտրություններից հետո տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերի մասին, որի ընթացքում զոհվեցին 8 քաղաքացիական անձինք եւ 2 ոստիկան:
«Այլեւս երբեք»,-ուխտեց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Այլեւս երբեք թույլ չենք տալու, որ հայի արյունը հեղվի իր երկրի փողոցներում: Մենք պայքարելու ենք հանուն ժողովրդավարության՝ խաղաղ նվիրումով եւ արիությամբ»:
Այնուհետ նա զոհերի հիշատակին նվիրված երթն առաջնորդեց դեպի Մյասնիկյանի արձան, ուր ծնկի իջավ՝ ծաղիկներ դնելու եւ հարգելու զոհերի խաղաղ հիշատակը: Հիշատակման այս օրը Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց Սբ. Սարգիս եկեղեցում, որտեղ մասնակցեց հոգեհանգստյան արարողությանը: