Այսօր Հովիկ Աբրահամյանը, ով պատիվ էր արել գործող նախագահի փոխարեն իմ նամակին վերջապես, թեկուզ հռետորաբար, պատասխանել, հայտարարեց, թե պարոն Սարգսյանը չունի մրցունակ այլընտրանք:
Նրա այդ ցանկությունն ինքնին մատնում է, որ այս իշխանություններն իրենց նախորդների նման տապալվել են: Ցանկացած պետություն եւ իշխանություն պիտի ունենան այլընտրանք` երկրի ու նրա քաղաքացիների գերակա շահից ելնելով:
Իհարկե` եթե իշխող կուսակցապետերն ու շտաբի պետերը նախորդների օրինակով առաջիկա ընտրությունները «վարեն» իրենց հակասահմանադրական մեղսագործություններով` մեծ փողեր, նյութական այլ արժեքներ բաժանելով` որպես կաշառք, համայնքապետերին ստիպելով ու սպառնալով, հարյուրավոր պետական շենքեր օգտագործելով նեղ կուսակցական նպատակների համար, շահագործելով մեր դպրոցների, հիվանդանոցների, հանրային այլ հաստատությունների աշխատակազմերին (անգամ` աշակերտներին եւ ուսանողներին), մեր հպարտության ակունք հանդիսացող զինվորներին` սովորական մյուս իրավախախտ խմբերի հանգույն, ուղարկելով դեպի պարտադիր ու բազմակի քվեարկության եւ այլն, ապա, իհարկե, գործող անայլընտրանքը «լուրջ» մրցակից չի ունենա:
Իրապես ազատ եւ արդար ընտրության դեպքում, սակայն, իրականությունն այլ կլինի. Հայաստանը կունենա ժողովրդին պատկանող մրցակիցներ, կունենա ե´ւ նոր նախագահ, ե´ւ արժանապատիվ քաղաքացի, ե´ւ ամուր պետություն ու շենշող ապագա:
Թող սեփական մեղքերը չթաքցնեն: Իսկ եթե չեն վախենում իսկական մրցակցությունից` համապատասխան քայլեր անելու պահը հիմա է:
Մեր հայրենիքի վաղվա օրը մեր ժողովրդի ձեռքում է եւ նրա կամքի մեջ: Մենք, ի վերջո, ուզո՞ւմ ենք մեր խոսքն ու գործը մեկ անել:
Ուրիշ տեղ չնայենք:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
31 հոկտեմբերի 2012
Երեւան