28 սեպտեմբերի 2019թ., Գյումրի: «Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում գումարեց իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը:

Հնչեցին տարբեր զեկուցումներ, քննարկվեց կուսակցության գործադիր մարմնի ընդհանուր հաշվետվությունը, որը ներկայացրին վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Քաղաքական խորհուրդը հանգամանալից  քննարկեց Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը՝ նախանշելով դրանց զարգացման հնարավոր սցենարները:

Նաև քվեարկությամբ ընտրեց քաղաքական խորհրդի ղեկավարին: Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր գործունեությունը որպես քաղաքական խորհրդի նախագահ:

Գյումրիի նորաբաց մշակութային-երիտասարդական «Գարաժ Ակումբում» խորհրդակցության ավարտից հետո տեղի ունեցավ հատուկ ընդունելություն, որին մասնակցեցին կառավարության բարձրաստիճան անձինք, քաղաքական ու մշակութային գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, կուսակցության անդամներ և բարեկամներ: Ընդունելությունը նվիրված էր  «Ժառանգության» հիմնադրման 17-ամյակին: