«Ժառանգություն» խմբակցությունը հայտարարում է, որ դատապարտելի են Երեւանի քաղաքային իշխանությունների կողմից փոքր եւ միջին բիզնեսին երկար տարիներ պատկանող ինքնակամ կառույցների ապամոնտաժման համար իրականացվող կոշտ գործողությունները:
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան քաղաքացիների ահազանգով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանն այցելել են Երեւան քաղաքի Ուլնեցի փողոցի 62 շենքի հարեւանությամբ տեղակայված Ռուզաննա Վերանյանին պատկանող հացաթխման արտադրամաս, եւ ականատես եղել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Կարեն Բաղոյանի եւ նրա աշխատակիցների կողմից վերոնշյալ հասցեում շուրջ 12 տարի գործող հացի արտադրամասի ապամոնտաժման վայրագ գործողություններին, որի հետևանքով գրեթե ամբողջությամբ վնասվել է արտադրամասի գույքը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին առաջադրված պահանջը՝ տրամադրել ապամոնտաժման աշխատանքերի իրականացման իրավական հիմքեր, մնաց անպատասխան, հորդորները՝ դադարեցնել ապամոնտաժման աշխտանքները մինչեւ իրավական հիմքեր տրամադրելը, հաշվի չառնվեցին:
«Ժառանգություն» խմբակցությունն իրավական հիմքերի տրամադրման համար պատգամավորական հարցումով դիմել է կառավարությանը: