Րաֆֆու Բարեւի հեղափոխությունը շարունակում է իր հաղթարշավը մարզերում

26 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջինը այցելեց Արմավիր: Նրա հետ էին շատ կողմնակիցներ, «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ, լրագրողներ: Ելույթ ունենալով բազմաթիվ արմավիրցիների առջեւ նա ասաց, որ ողջունում է Արմավիրի քաղաքապետի քայլը, ով տղամարդկություն ունեցավ եւ հրաժարական տվեց: Սակայն նրան պետք է հետեւեն նաեւ ավագանին եւ Արմավիրի մարզի մարզպետը:

Էջմիածնում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը ընթացավ խաղաղ հունով` չհանդիպելով որեւէ խոչընդոտի: Ելույթ ունենալով վաղարշապատցիների առջեւ ՀՀ նորընտիր նախագահն ասաց. «Ես, որպես հարության հավատացյալ ասում եմ, որ այդ հարությունը մեր երկրին եւ Էջմիածնին դուք եք բերել եւ ես ընդամենը ձեր մի մասնիկն եմ»:

«Կեղծիքների կենտրոն» Մասիսում նա նախ շփվեց խմբված մասիսցիների հետ, ապա շրջեց քաղաքի կենտրոնում, բարեւեց համաքաղաքացիներին: Ապա Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց «պատժի կենտրոն» Արտաշատ, ուր հավաքված բազմաթիվ քաղաքացիներ իրեն ողջունեցին «բարեւ, նախագահ» վանկարկումներով, ում հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ ցուցակներին չի հավատում եւ որ Արտաշատը իրականում հաղթել է: «Մարտին ես նորից կգամ այստեղ եւ կտեսնեմ, թե ինչպես Արտաշատը, ինչպես Արարատի մարզը, ամբողջ Հայաստանը հաղթել են չար ոգուն»: Արտաշատից հետո նա այցելեց Սուրենավան, Արենի, Եղեգնաձոր եւ Վայք:

Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր շրջագայությունը Հայաստանի հարավային շրջաններով` այցելելով Սյունիքի բնակավայրեր:

լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի