24 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր, ի հեճուկս Ոստիկանության` երեկ տարածած հաղորդագրության` հանրահավաքի չարտոնված լինելու վերաբերյալ տասնյակ հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ բազմվել էին Ազատության հրապարակում լսելու համար ՀՀ ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը:
Դիմելով ներկաներին Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ պայքարը շարունակվելու է եւ ծավալվելու է նաեւ մարզերում: Ծրագրվում է մինչեւ փետրվարի 28-ը, երբ տեղի կունենա արտոնված համահանրապետական հանրահավաք, շրջել Հայաստանի մարզերով` հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք: Հավաքված ժողովուրդը վանկարկումներով իր հավանությունը եւ պատրաստակամությունը արտահայտեց սպասվելիք հետեւողական եւ սահմանադրական պայքարի վերաբերյալ: Րաֆֆի Հովհաննիսյանը, ակնարկելով, որ 25 տարի առաջ այս նույն օրերին մեկնարկեց 88-ի շարժումը, որի շունչը այժմ վերածնվում է` նշեց. «Մի նոր ջրհեղեղ է գալիս դեպի Հայոց աշխարհ` բարու եւ ոգու ջրհեղեղը, որը սրբելու է վախը, կեղծիքը, նախանձը եւ ստրկամտությունը, որոնք հայկական արժեքներ չեն: Հայ ժողովուրդը վերատիրացել է իր հայրենիքին եւ այլեւս ոչ ոք չի կարողանալու խլել նրանից իր հաղթանակը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց, որ երեկ` փետրվարի 23-ին սովետական զինվորի օրն էր, որի կապակցությամբ ասեց, որ հանրահավաքից անմիջապես հետո ընտանիքի հետ միասին քայլելու է եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած բոլոր ժամանակների հայ զինվորներին: Նա առաջարկեց, որ ցանկացողները միանան իր այդ քայլարշավին, որից հետո հազարավոր քաղաքացիներ հետեւեցին նրան:
Իսկ վաղը, Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի կողմից նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից անմիջապես մեկ ժամ հետո «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսը: