Րաֆֆի Հովհաննիսյանը տարածում է «Բարեւի հեղափոխությունը»

23 փետրվարի 2013թ., Աշտարակ, Վանաձոր, Գյումրի: Այսօր Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթարշավով անցավ Հայաստանի մի շարք մարզերով եւ հանդիպեց քաղաքացիների հետ: Նախատեսված Աշտարակի, Վանաձորի եւ Գյումրու հանդիպումներից զատ, ինքնաբուխ հանրահավաքներ տեղի ունեցան նաեւ Ապարանում եւ Սպիտակում:

Առաջին հանդիպումն Աշտարակում էր: «Ես եկել եմ ձեզ մոտ որ ասեմ Բարեւ»,- սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա շարունակելով ասաց, որ հիշում է այն ոչ վաղ անցյալը, երբ Աշտարակի նույն այս հրապարակում իր հանդիպումը այսքան մարդաշատ չէր, երբ մարդկանց մոտ կար վախ եւ մտահոգություն: Սակայն այժմ վիճակը փոխվել է եւ այլեւս ոչ ոք չի համարձակվելու սպառնալ Հայաստանի քաղաքացուն: Խոսելով բռնության բացառման եւ սահմանադրական ճանապարհով խաղաղ իշխանափոխության անհրաժեշտության մասին, նա ասաց. «Եթե որեւէ հրամանատար իր զինվորին հրամայեց սահմանը պաշտպանելուց, մեր անվտանգությունը ապահովելուց բացի այլ գործառույթ իրականացնի` այդ հրամանատարը պատասխան է տալու»:

Ապարանում եւ Սպիտակում ժողովուրդը ինքնաբուխ հավաքվել էր` դիմավորելու այդ քաղաքներով անցնող Րաֆֆի Հովհաննիսյանին: Երկու տեղում էլ ոստիկանները փորձել են խոչընդոտել հանդիպմանը: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է չխախտել մարդկանց իրավունքները եւ բացատրել է, որ սրանք ոչ թե կազմակերպված, այլ ինքնաբուխ րահավաքներ են, որի իրավունքը մարդիկ ունեն: Իսկ Ապարանում ոստիկանները, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց մոտենալ նրանց` մեքենայով փախուստի դիմեցին եւ միայն որոշ ժամանակ անց վերադարձան եւ լսեցին ՀՀ ընտրված նախագահի խոսքը: Ապարանում դիմելով հավաքվածներին` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ապարանը, Բաշ Ապարանը, որը 1918թ.-ին փրկեց Հայաստանի Հանրապետությունը թուրքից, վախից դուրս է գալու, փրկվելու է եւ փրկելու է Հայաստանը»:

Վանաձորում հանրահավաքի եկած բազմահազար քաղաքացիների առջեւ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Հայաստանի քաղաքացին հաղթել է, ժողովուրդը հաղթել է, Վանաձորը հաղթել է եւ այլեւս ոչ ոք չի կարողանա խլել մեր այս հաղթանակը»: Քննադատելով Վանաձորի քաղաքապետին, ով ասել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել են անգիտակից մարդիկ, նա շեշտեց, որ նման բան ասողը իրավունք չունի մնալու այս քաղաքում: Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ այն տեղեկություններին, որ ոստիկանությունը խոչընդոտում է գյուղերից մարդկանց տեղաշարժը դեպի Վանաձոր` իր հետ հանդիպման: Այսպես, օրինակ, Դարպաս գյուղից շուրջ 50 մարդ ստիպված են եղել ոտքով հասնել Վանաձոր: Նա նախատեց ոստիկանությանը այլեւս չհամարձակվել խախտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ տեղաշարժի եւ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը:

Իր այսօրվա երթը Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց Գյումրիում, որտեղ նրան դիմավորեց տաս հազարից ավելի բազմություն: Դիմելով գյումրեցիներին եւ Շիրակի մարզի տարբեր համայնքներից հավաքված ժողովրդին, նա ընդգծեց. «Փետրվարի 18-ին Գյումրին առաջինը կերտեց ժողովրդի այս հաղթանակը, սակայն պատրաստ եղեք երկարատեւ պայքարի. կլինի դա մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս թե մեկ տարի: Մենք արդեն հաղթել ենք, իսկ շուտով նաեւ ամրագրելու ենք այդ հաղթանակը: Շիրակի մարզպետը հրաժարական տվեց, շուտով հրաժարական կտան նաեւ բոլոր մյուս մարզպետները: Շատ շուտով մենք ստեղծելու ենք հզոր պետություն ու նաեւ ետ ենք բերելու մեր հայրաքաղաքից, մեր մայրաքաղաքից, մեր Հայաստանից արտագաղթած զավակներին»: