«Ժառանգությունը» նշում է հիմնադրման 15-ամյակը եւ Հայաստանի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձը

Հովհաննիսյանը դիմում է կուսակցական ղեկավարներին, դեսպաններին, լրագրողներին

22 սեպտեմբերի 2017թ., Երեւան: Այսօր «Ժառանգության» գրասենյակում Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ ՀՀ արտաքին գործերի առաջին նախարարը եւ այդ կուսակցության նախագահը, կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված զույգ իրադարձությունների՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադրման 15-ամյակին եւ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին:

Ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը, ինչպես նաեւ Եվրամիության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրաքի դեսպանությունների պաշտոնական դեմքեր, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, մտավորականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հանրապետության բոլոր մարզերից եկած՝ «Ժառանգության» անդամներ եւ համակիրներ:

Տոնահանդեսը բացվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի պատվիրակ Տեր Հովել քահանա Գամաղելյանի օրհնությամբ եւ աշակերտուհի Մարինա Նահապետյանի կողմից «Մեր Հայրենիք» ազգային օրհներգի կատարմամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որից հետո ամբիոն հրավիրվեցին կուսակցության վարչության անդամ Լիգիա Մելքումյանը, որը խոսեց կուսակցության կանանց անունից, եւ երիտասարդ խոսնակ Գեւորգ Ղահրամանյանը, որն ընթերցեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դաուլի շնորհավորական նամակը, որում մասնավորապես ասված է.

«Շնորհավորում եմ «Ժառանգությանը»՝ 15-ամյա քաղաքական գործուեության, 2012 թվականից Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ) անդամակցելու, հայ ժողովրդի շահերին ծառայելու, քաղաքական ասպարեզում բազմակարծությանը նպաստելու համար։ Դուք միշտ հավատարիմ եք եղել հայ ժողովրդի ժառանգությանը եւ շահերի սպասարկմանը, ինչը Ձեր կուսակցության կարեւորագույն հայեցակարգն է եւ Ձեր իսկ անվանման էությունը։ Հարգելի պարոն Հովհաննիսյան, Ձեզ նույնպես շնորհավորում եմ, մասնավորապես, հունիսին կուսակցության առաջնորդ վերընտրվելու առթիվ»: /Դաուլի ամբողջական տեքստը՝ այստեղ http://heritage.am/hy/news/565-220917-1/

Այնուհետեւ հանրային իր ուղերձով հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջին ավելի քան քառորդ դարում Հայաստանի անցած ուղու մարտահրավերներին, ձախողումներին ու նվաճումներին, ինչպես նաեւ 15 տարիների ընթացքում նորանկախ Հայաստանի մի մասնիկը հանդիսացող «Ժառանգության» հանրային անձնվեր ծառայությանը:

«Հայոց հարատեւության, բարօր ներկայի ու ապագայի միակ հուսալի երաշխիքը իր ազգային կենսական շահերը գիտակցող, քաղաքացու իրավունքի գերակայությունն ընդունող ինքնիշխան պետականությունն է: Խոսքը, անշուշտ, ոչ թե իշխանությունների թեթեւ ձեռքով արժեզրկված այսօրվա անկախության մասին է, այլ` իրականի: Ուրեմն` ամեն ջանք գործադրենք` ունենալու իրական անկախություն եւ տեր կանգնելու նրան»,- նշեց Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ մենք ազգովի հասնելու ենք այդ նպատակին՝ ապավինելով մեր ժողովրդի իմաստնությանը, հավաքական ուժին, մտքի եւ բազկի զորությանը:

Նա միաժամանակ վերահաստատեց իր եւ «Ժառանգության» հանձնառությունը՝ «շարունակելու պայքարն ինքնիշխան, ժողովրդավար եւ իրավակարգ Հայրենիքի համար, որտեղ պաշտպանված կլինեն ժողովրդի իրավունքներն ու ազգային կենսական շահերը թե՛ ներսում, թե՛ դրսում»:

Հանդիսության ավարտին՝ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, աշխարհասփյուռ բարեկամների եւ կուսակցության ներկա ու նախկին քաղաքացի-զինվորների պատվին հնչեցրած խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր հյուրերին հրավիրեց «Ժառանգության» այգում երաժշտության հնչյունների ներքո մատուցվող հյուրասիրությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ամբողջական բնագիրը՝ ««Ժառանգությունը» Հայաստանի անկախության ծնունդն է» խորագրով, կարող եք ընթերցել այստեղ՝ http://heritage.am/hy/news/564-220917: