Րաֆֆի Հովհաննիսյան. «Շարունակել հինը, թե՞ ունենալ նորը»

Երեւան: Մարզերում ընտրողների հետ հանդիպման շրջանակներում «Ժառանգության» ցուցակի ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, այցելեցին Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Ծովակ, Մարտունի, Վարդենիկ, Ծովինար, Վարդենիս եւ Սեւան: Պատվիրագության կազմում էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը եւ ցուցակի այլ ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով Գավառ քաղաքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երկընտրանք առաջադրեց՝ շարունակել հինը, թե՞ ունենալ նորը՝ «Նոր Հայաստան, նոր Գավառ, նոր աշխատավարձ, նոր իրավունք, նոր արժանապատվություն»:

«Հնո՞ւմ պիտի մնանք, թե՞ միասին պիտի գանք»,- շեշտեց «Ժառանգության առաջնորդը: Նա նաեւ «Ժառանգության» միացյալ ցուցակի անունից հայտարարեց. «Մայիսի 6-ից, 7-ից հետո, մենք ձեր առջեւ հաշվետու ենք լինելու»:

Ծովակում Ալեքսանդր Արզումանյանը հայտարերել է, որ տեղեկություն է ստացել քարոզարշավը գյուղապետի կողմից խոչընդոտելու վերաբերյալ:

«Ինձ հենց նոր մի տեղեկություն հայտնեցին, որը շատ զայրացրեց: Ասում են, որ ավելի շատ մարդ էր հավաքված «Ժառանգության» հետ հանդիպման համար, բայց գյուղապետը վախեցրեց, եւ մարդկանց մի մասը գնացին իրենց տուն: Ես զարմանում եմ, գյուղապե՛տը պետք է վախենա ձեզանից, այլ ոչ թե դուք իրենից: Նա ձեր ծառան է, եթե լավ չծառայի, կարող եք այլեւս նրան չընտրել: Ինչի՞ց եք վախենում, չեմ հասկանում: Ես նստել եմ 1988, 2007, 2008 թվականներին ու պետք լինի էլի կնստեմ, որ իմ երեխաները կարգին երկրում ապրեն», - ասել է Արզումանյանը:

Օգտվելով հնարավորությունից, «Ժառանգության» ներկայացուցիչները նաեւ հրավիրեցին բոլորին ներկա գտնվել մայիսի 1-ին, ժ. 19:00-ին, Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք համերգին, որին ելույթ կունենան սիրված երգիչ եւ երգահան Ռուբեն Հաղվերդյանը եւ «Ժառանգությանը» սատարելու համար Հայաստան ժամանող հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը: