Երեւան : Այսօր Երեւանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը: Դիմելով հավաքված բազմությանը, «Նոր Հայաստանի» նվիրյալներին, Հովհաննիսյանը նշեց. «Մենք թեւակոխում ենք վճռական մի շրջափուլ, որը պայքար է այսօրվա եւ վաղվա Հայաստանների միջեւ, լույսի եւ խավարի, կեղծիքի եւ ճշմարտության միջեւ... Սա պայքար է, որը ես միայնակ չեմ մղելու, այլ՝ բոլորս միասին: Մեկ անգամ եւ միասին՝ հանուն մեր երազած Հայաստանի...»:
Հավաքից հետո Հովհաննիսյանի երիտասարդ թիմակիցները քարոզչական ձեւավորում ունեցող 20 միկրոավտոբուսներով ուղեւորվեցին Հայաստանի 10 մարզեր եւ Երեւանի 10 համայնքներ` սկիզբ դնելու 28-օրյա քարոզարշավին: Հովհաննիսյանը մի խումբ քաղաքացիների ուղեկցությամբ քայլեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից նրանք մետրոյով ցրվեցին Երեւանով մեկ: Բաղրամյան պողոտա եկած մի խումբ անձանց հետ Հովհաննիսյանն այցելեց այսօր հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:
Մինչեւ օրվա կենտրոնական իրադարձությունները, առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով դիմել էր ՀՀ գործող նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով ի կատարումն 2013թ. փետրվարի 18-ին օրինական, հավասար ու կեղծիքներից զերծ ընտրություններ անցկացնելու՝ հրապարակային հանձնառության. ա/ կուսակցական խորհրդանիշներից, պաստառներից եւ գրասենյակներից ազատել հանրային տիրույթներն ու շինությունները, բ/ իբրեւ ՀՀ Սահմանադրության երաշխավոր՝ անձնապես եւ հրապարակավ պարտավորություն ստանձնել Ընտրական օրենսգրքի պահանջների ցանկացած ոտնահարում ողջ խստությամբ պատժելու համար, գ/ դադարեցնել ԱԱԾ-ի եւ Ոստիկանության աշխատակիցների կողմից պետական միջոցների աննպատակ վատնմամբ մարզերում նախագահի թեկնածուին «ուղեկցելու» եւ ցուցադրաբար, հոգեբանական ճնշման հաշվարկով, հանդիպումների եկող քաղաքացիներին նկարահանելու գործելաոճը, եւ դ/ պրն Սարգսյանին պաշտոնապես հայտնվել է ուղիղ եթերում բանավիճելու հրավեր:
ԱԱԾ-ի եւ Ոստիկանության գործելակերպի առնչությամբ համապատասխան նամակներ են հղվել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանին ու ԱԱԾ պետ Գ.Հակոբյանին: