«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արդեն հինգերորդ ընտրությունների կայացման փաստը եւ ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության կերտման ճանապարհին այդ կարեւոր հանգրվանի կապակցությամբ:
Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ժողովրդին երկպառակտության չեն մատնել եւ չնայած որոշ թերությունների, անցել են ավելի ժողովրդավար ընթացքով, քան տարածաշրջանի այլ երկրներում, ինչը թույլ է տալիս բեղուն ու ազգաշահ գործունեություն մաղթել վերընտրված նախագահ Բակո Սահակյանին եւ արժանին մատուցել իր մասնակցությամբ նախագահական ընտրարշավը ազատ եւ ժողովրդավար մրցակցության վերածած եւ ծանրակշիռ ձայներ ստացած թեկնածու Վիտալի Բալասանյանին:
Կրկին անգամ շնորհավորում ենք եւ կոչ անում, որ ընտրությունների ավարտից հետո ե´ւ նախագահը, ե´ւ նրա մրցակիցը մեկտեղեն ջանքերը Արցախի անվտանգության եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ՝ հանուն երկրի ապագայի եւ անկախության ճանաչման: