«Ժառանգության» ընտրարշավը մարզերում շարունակվում է

Երեւան: Այսօր «Ժառանգության» նախընտրական ցուցակի ներկայացուցիչները, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ եւ «Ժառանգություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարների, ԱԺ պատգամավորների, պատգամավորության թեկնածուների մասնակցությամբ նախընտրական հանդիպումներ ունեցան Արագածոտնի եւ Շիրակի մարզերում:

Բազմաբերդի, Կաթնաղբյուրի, Աշնակի, Թալինի բնակիչներին դիմեցին Րաֆֆի Հովհաննիսյանը, ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանը ու Զարուհի Փոստանջյանը, նախկին ԱԳ նախարար քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը, կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ այլոք:

«Ժառանգության» ընտրարշավը մարզերում շարունակվում էՄասնավորապես «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներում հավաստեց. «Հայաստանը որեւէ մեկի սեփականությունը չէ՛, իսկ այս ընտրապայքարն էլ խոստումների մրցույթ կամ աթոռակռիվ չէ, այլ նժարի վրա է դրված մեր երկրի ապագան»: Հովհաննիսյանը շեշտեց, որ «Ժառանգությունը» սոսկ կուսակցություն չէ, այլ գաղափարախոսություն, եւ նրանում պետք է փնտրել ուժ, միասնություն եւ հաղթանակ»:

Թալինում ելույթ ունեցողները կոչ արեցին համամասնական ընտրակարգով «Ժառանգությանը» ձայն տալուց բացի, մեծամասնական ընտրակարգով քվերակել ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանի օգտին, ով առաջադրված է Թալինն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում եւ իր համակիրների հետ միասին մասնակցեցւ «Ժառանգության» նախընտրական հանդիպումներին:

«Ժառանգության» ընտրարշավը մարզերում շարունակվում է

Հանդիպումները շարունակելով Արթիկ, Մարալիկ, Ախուրյան, Աշոցք բնակավայրերում եւ Գյումրիում, «Ժառանգության» ներկայացուցիչները ներկայացրեցին Նոր Հայաստանի իրենց տեսլականը, ծրագրերը եւ ապագան, որը ժողովրդի հետ միասնաբար կերտելու են: «Ժառանգության» միասնական ցուցակի անդամները նշեցին, որ սեփական օրինակով իրենք համագործակցության եւ միասնության աննախադեպ մշակույթ են ներդրել Հայաստանի քաղաքական կյանքում, որի արդյունքները տեսանելի կլինեն թե՛ խորհրդարանական ընտրություններում եւ դրանից հետո:


«91թ.-ից սկսած Հայաստանի ժողովուրդը երբեք սխալ ընտրություն չի կատարել, ժողովրդին խաբելը հեշտ չէ, այլ հարց, որ վստահության քվե ստացողներին չի հաջողվել այն պահել», - արձանագրելով այս իրողությունը Քոքոբելյանը հավաստիացրեց, որ «Ժառանգության միասնական ցուցակում հանդես եկող ուժերը ի զորու են եւ թույլ չեն տալու, որ մայիսի 6-ին էլ կեղծվի եւ փոշիացվի քաղաքացու քվեն: