Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցությունում հյուրընկալվեց «Ժողովրդավարության եւ համերաշխության եվրոպական ֆորումի» պատվիրակությունը, որի կազմում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Եվրոպական սոցիալիստական կուսակցությունից (PES) եւ Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադիմական ալյանսից (S&D Group):
10 անդամից բաղկացած պատվիրակությունը, որ ղեկավարում էին «Եվրոպական ֆորումի» փոխնախագահ Ժան Մարինուս Վիերսման եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոնեսթ ԽՎ համանախագահ Քրիստիան Վիգենինը, Հայաստան է ժամանել երկօրյա փաստահավաք առաքելությամբ՝ հանդիպելու քաղաքական կուսակցություններին եւ հնարավորինս լիարժեք ծանոթանալու երկրում տիրող իրադրությանը ԱԺ ընտրություններից հետո եւ նախագահական ընտրություններից առաջ:
Պատվիրակության առաջին հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության հետ էր: Հանդիպմանը մասնակցող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, վարչության անդամներ Լուսինե Պետրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեցին Եվրոպական ինտեգրման հաստատուն կողմնորոշման մասին, որ ունի կուսակցությունը: Անդրադարձ կատարվեց նաեւ իշխանությունների ձախողումներին, որ խոչընդոտում են այդ ինտեգրման ցանկալի ընթացքին:
Հյուրերի խնդրանքով ներկայացվեցին «Ժառանգության» մոտեցումները Վրաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունների, ՌԴ-ի նախաձեռնած Մաքսային միության, հայ-թուրքական արձանագրությունների եւ երկկողմ հարաբերություների կարգավորման վերաբերյալ: Ի պատասխան ԼՂ անվտանգության եւ Ռ. Սաֆարովի արտահանձնման շուրջ «Ժառանգության» բարձրաձայնած մտահոգությունների, պատվիրակության հունգարացի անդամ Էդիթ Հերցզոգը նշեց, որ ոչ միայն հունգար ժողովուրդն է դատապարտում Սաֆարովի արտահանձնումը, այլեւ, ինչպես վերջերս է հայտնի դարձել որոշ փաստաթղթերից, Հունգարիայի թե´ ՆԳ, թե´ ԱԳ նախարարները դեմ են եղել այդ քայլին:
Հանդիպման ավարտին եւս մեկ անգամ նշվեց, որ Եվրոպական ընտանիք վերադառնալը «Ժառանգության» միանշանակ ընտրությունն է, եւ այդ լույսի ներքո Եվրոպայի քաղաքական շրջանակների հետ շփումների ու համագործակցության յուրաքանչյուր հնարավորություն ողջունելի է «Ժառանգության» համար: