Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է պարզվի միայն մեկ դրոշ` ՀՀ եռագույնը»

Երևան: «Ժառանգության» նախընտրական ցուցակի ներկայացուցիչների մարզային այցերը շարունակվում են: Այսօր Վայոց ձորի մարզում ընտրողների հետ արդեն իսկ հանդիպումներ են կայացել Եղեգնաձորում, Մալիշկայում, Վայքում, Ջերմուկում: Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների, ինչպես նաեւ հանրային սեկտորի ներկայացուցիչներ՝ «Ժառանգութան» շտաբի պետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը և թիմի այլ անդամներ, հանդիպում է նախատեսել նաև Սիսիանում և Շինուհայրում:

Եղեգնաձորում կայացած բազմամարդ հանդիպմանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ընտրողների շրջանում առկա վախի մթնոլորտին, որը զգացնել է տալիս քարոզարշավի, մասնավորապես, մարզային հանդիպումների ընթացքում: Նա նշեց, որ «որևէ կուսակցության դրոշ չի կարող գերադասվել ՀՀ եռագույնին» և որ դրանք բոլորը ուշ թե շուտ պետք է իջեցվեն: «Պետք է պարզվի միայն մեկ դրոշ` ՀՀ եռագույնը», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: ՀՀ քաղաքացուն, հայ մարդուն հռչակելով «ամենագլխավոր արժեք»` «Ժառանգության» առաջնորդը շեշտեց այդ արժեքը պահելու համար պայքարի անհրաժեշտությունը և պատրաստակամությունը:

Անդրադառնալով մայիսի 6-ին սպասվող ընտրություններին` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե գործընթացն իրականացվի խախտումներով, իսկ արդյունքները հավատ չներշնչեն, «դրա համար պատասխան են տալու բոլորը»:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է պարզվի միայն մեկ դրոշ` ՀՀ եռագույնը»Սիսիանում «Ժառանգության» հանրահավաքը խաչվեց Հանրապետական կուսակցության հանրահավաքի հետ: «Ժառանգության» հանդիպումը ընտրողների հետ նշանակված էր ժ. 17.00-ին, սակայն մինչ այդ այստեղ տեղի ունեցած Հանրապետական կուսակցության հանրահավաքի ավարտից հետո համերգային միջոցառումը դեռ շարունակվում էր: Ու քանի որ «Ժառանգության» համակիրները եւս արդեն հավաքվել էին հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարճ ելույթով ողջունեց բոլոր սիսիանցիներին:

Նշենք, որ վաղը` ապրիլի 18-ին, «Ժառանգության» թիմը քարոզարշավի շրջանակներում այցեր կկատարի հետևյալ ուղղությամբ և ժամանակացույցով. Գորիս` ժ. 11:00 –ին, Կապան՝ ժ. 13:30, Քաջարան՝ ժ. 15:00, Մեղրի՝ ժ. 17:30, Ագարակ՝ ժ. 18:30: Նույն օրը երեկոյան պատվիրակությունը կվերադառնա Երևան: