«Ժառանգություն» կուսակցություն

 

Թշնամին արդեն մտել է մեր պետական տարածք՝ վաղուց և դարձյալ այսօր:

Ամբողջական չենք՝ ոչ տարածքով, ոչ ժողովրդով, ոչ էլ հոգով:

Թշնամին մտել է նաև մեր նիստ ու կաց, դարձել ներքին՝ թափանցելով հանրային կյանքի ամեն մի շերտ ու ծալք: Մեզ դարձրել է սև ու սպիտակ, ներկա ու նախկին, այսինչ-ցի և այնինչ-ցի, ողջ ու մեռյալ:

Կասեք՝ ժամանակը չէ: Առաջինը ես՝ միասնության պահն է:

Այո՛, բայց չկա միասնություն այս մեկով՝ նա ոչ առաջնորդ է, ոչ գերագույն հրամանատար, ոչ միավորող է, ոչ էլ իրավունքի սպասավոր:

Նա է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության բազմակի  խախտման-զիջման, ինքնիշխանության նվազեցման, Արցախի մեծ մասի և, ըստ էության, Հայաստանի հետ սահմանակցության կորստի, մեր ոսկեսերնդի նահատակների՝  ներառյալ այսօրվա կյանք-տղաներից յուրաքանչյուրի զոհաբերության, հիմնական և անվանական պատասխանատուն, հանցավորը, մեղավորը:

Մինչ Իլհամ Ալիևը կկանգնի միջազգային դատարանի առջև՝ որպես ռազմական հանցագործ, հարկավոր է, որ նախ Նիկոլ Փաշինյանը, հետո մնացածը պատասխան տան արդարադատության ազգային ատյանի առջեւ:

Նոր Սարդարապատ՝ Հայկյան իր անհավանականությամբ, կարող է կայանալ միմիայն ի հեճուկս նրա, ոչ երբեք՝ նրա առկայությամբ:

Սգում եմ ու ընդվզում, որ այս արձանագրումը ստիպված կատարում եմ հենց այսօր, բայց միասնության, հույսի, արժանապատվության և համապետական պատմական  փրկության միակ ուղին սա՛ է:

Վասն հավատո և հայրենյաց՝ որոշենք, պաշտպանենք և՝ ապրենք:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
13 սեպտեմբեր 2022
Երևան