ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

Րաֆֆի Հովհաննիսյանը` Երեւանի քաղաքապետի թեկնածու

10 սեպտեմբերի 2018թ., Երեւան: Ազնավուրի հրապարակում գտնվող հանրաճանաչ «Մոսկվա» կինոթատրոնի շենքի դիմաց «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հավաքեց իր թեկնածուներին, կամավորներին, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին` Երեւանի քաղաքապետի ու Ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տալու համար:

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

Քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը դիմեց հավաքվածներին եւ ի դեմս նրանց՝ բոլոր իր համաքաղաքացիներին, կոչ անելով քվեարկել՝ ազատ ու խղճի մտոք, հօգուտ արժանապատիվ, պարկեշտ եւ համաշխարհային մակարդակի հավակնող հայոց մայրաքաղաքի: «Ժպտա´, մենք հաղթել ենք միասին: Իսկ հիմա կերտելու ենք Նոր Հայաստանի մե´ր մայրաքաղաքը»: «Բարի գալուստ նոր  Երեւան, ուր իշխողը քաղաքացին է»,- ասաց նա հայերենով, ֆրանսերենով, ռուսերենով եւ անգլերենով:

Քաղաքի ավագանու առաջատար թեկնածուներ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Սեդա Աղբալյանը եւ Սոնա Մալխասյանը ոգեւորությամբ խոսեցին «Ժառանգություն» կուսակցության նախընտրական հարթակի, տեսլականի եւ հանրային ներառական մեթոդաբանության մասին: Այնուհետեւ նրանք գլխավորեցին «Ժառանգության» զորակիցների երթը դեպի Երեւանի կենտրոնական փողոցներ` սկսելով քարոզարշավը, որը կավարտվի սեպտեմբերի 23-ի համաքաղաքային ընտրությամբ:

Քարոզարշավի մեկնարկը կարող եք դիտել այստեղ.